meri antonyan

Տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց

Երբ բոլորիս, ինչո՞ւ չէ՝ նաև իմ ներկայությամբ խոսում են ինժեներների, ծրագրավորողների, ֆիզիկ-մաթեմատիկոսների ու նման այլ մասնագիտությունների տեր մարդկանց մասին (շատերը, սրանք լսելով, ուզում են գլուխներն առնել, փախչել, որովհետև հիշում են իրենց մաթեմատիկայի ու ֆիզիկայի դասերը, թեորեմների ու օրենքների վրա գլուխ ջարդելն ու էլի արդյունքի չհասնելը), միանգամից ենթագիտակցության խորքերից դուրս է ցատկում գրքերի ու համակարգիչների մեջ թաղված, ամբողջ օրերով աշխատասենյակում փակված, դեմքի անկենդան արտահայտությամբ մի մարդու կերպար, որի ոչ մի ասած խոսքը թվում է, թե չենք հասկանալու։ Անկեղծանամ. փոքր տարիքում ես հենց այսպիսի պատկերացում ունեի:

Գիտե՞ք, վերոնշյալ մարդիկ էլ մեր նման ունեն երազանքներ, զգացմունքներ, նախասիրություններ, ու դրանք կարող են բնավ էլ կապված չլինել քիչ առաջ նշածս «գլուխ առնել – փախնելու» բաների հետ։ Իրենք էլ կարող են լինել ռոմանտիկ, երբեմն՝ շատ ավելի, քան մենք, դուք։ Իրենց սենյակի պատերն էլ կարող են ներկված լինել «աղջկական» վառ գույներով, մահճակալի վրա կարող է Թեդի դրված լինել, սեղանին էլ՝ ինքնուրույն պատրաստած սիրուն բաներ, իրենք էլ կարող են լինել արվեստասեր։

Տեսնես՝ քանի՞ հոգի հավատաց։ Բայց հավատացեք, ճիշտ եմ ասում, համենայն դեպս՝ որպես ապացույց իմ օրինակն ունեմ աչքիս առաջ։ Ես էլ եմ ստանում տեխնիկական կրթություն, երբեք չեմ բողոքել էն «վախենալու» առարկաներից, խնդիր լուծելն էլ շատ լավ է ստացվել, բայց ամբողջ կյանքումս երազել եմ արվեստի հետ կապված մարդ լինել։ Բառերով նկարագրելու չի, թե ինչքան եմ ուզեցել երգել թեկուզ մի երգ, նվագել որևէ երաժշտական գործիքի վրա. դաշնամուր, ջութակ, քանոն, լա՜վ, գոնե դհոլ… Երևի ամբողջ հոգով ուզելն էլ դա է. միշտ թվացել է, թե ահա հոգիս մեջիցս դուրս կգա ներքին մեծ ձգտումից։ Ծնողներս երկուսն էլ երաժշտական կրթություն ունեն. մայրս դաշնամուր է նվագում, հայրս՝ ջութակ, դաշնամուր ու էլի չգիտեմ ինչեր։ Երկուսն էլ իրենց կամքին հակառակ են գնացել երաժշտական դպրոց, դրա համար էլ ինձ ու քրոջս երաժշտական կրթության չեն տվել։ Երկուսն էլ լավ երաժշտական լսողություն ունեն, քիչ-միչ էլ երգում են։ Մեր տանն ունեցել ենք ջութակ, ակորդեոն, դհոլ, ԵՐԿՈՒ դաշնամուր, բայց ոչ մեկով նվագել չեմ իմացել, միայն կարողացել եմ տխրախառն հիանալ գործիքներով։ Միշտ ասել եմ. «Թող ես փոքր ժամանակ չուզեի նվագել, թող չեմուչում անեի, բայց ստիպեի՛ք, հիմա գոնե մի բան նվագել կիմանայի, մեջներիդ ամենաանտաղանդը ես չէի լինի, կմեծանայի, ձեզ էլ շնորհակալություն կասեի»։

Դեռ փոքր հասակից ուղեղումս տպվել է Բեթհովենի «Für Elise»-ի նվագը մայրիկիս կատարմամբ, որ իմ ամենա-ամենասիրածն է։ Մինչև հիմա էլ երազում եմ այն նվագել այնպես, ինչպես մայրս։ Լինում են, չէ՞, հեքիաթներ, որ երեխա ժամանակ շատ ենք հավանում ու ամեն անգամ քնելուց առաջ խնդրում ենք հենց դա պատմել։ Լինում են… Սա էլ իմ հեքիաթն էր, որ խնդրում էի մայրս նվագեր անընդհատ, որ չդադարեցներ։

Մեծացա, էլի բան չփոխվեց։ Երեկ նորից, մի քանի տարվա ընդմիջումից հետո, նույն երգը «պատվիրեցի»։ Երաժշտությունից բան չեմ հասկանում, երևի ակորդը, նոտան ու օկտավան, բեմոլն ու դիեզը իրարից չեմ տարբերում, չեմ էլ հասկանում՝ Բեթհովենն ինչ է ուզեցել երաժշտությամբ փոխանցել, բայց նվագը լսելիս երեկ զգացի, որ մեջս ոնց որ մի բան հալվեց, փորումս թիթեռնիկներ թռվռացին, հուզվեցի։ Ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի, որ ամեն գնով սովորելու եմ նվագել, գոնե միայն այս մեկը։ Այսօր առավոտյան առաջին անգամ նվագեցի դաշնամուրով։ Նվագեցի Բեթհովենի «Für Elise»-ը… Բայց առայժմ միայն աջ ձեռքով։

Մի քանի ժամ եմ տանջվել, որ երբեք-երբեք չնվագած մատներս հարմարացնեմ դաշնամուրի ստեղների վրա ու մի մատով չնվագեմ։ Տանջանքներիս թեժ պահին մեկ էլ հայրս թե.

-Ազիզ ջան, իսկ արժի՞, որ դրա վրա ժամանակ ծախսես։ Ավելի լավ չի՞ մասնագիտական ուղղությամբ պարապես։

Բան չպատասխանեցի, նորից անցա տանջանքներիս։ Ախր, «տանջանք» բառն էլ տեղին չի է՜, դա ուղղակի … Քա՛ղցր տանջանք էր։ Մի քիչ սովորեցի թե չէ, զանգեցի մայրիկիս (աշխատանքի էր).

-Մամ, մի հատ լսի։

Մոտեցրել էի հեռախոսը դաշնամուրին ու նվագո՜ւմ էի։

-Էդ դո՞ւ ես նվագում, կյանք ջան։

-Հա՜, բա էլ ո՞վ։

Գնացի տատիկիս տուն.

-Տա՜տ, նվագել եմ սովորել։

Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ, որ պատկերացնեք իրար խառնված ոգևորությունս, ուրախությունս ու խանդավառությունս։ Ներսումս տիրող հաճելի անհանգստությունը հասկացա՞ք։ Դեմս դուրս եկած ամեն մեկին ուզում եմ հրավիրել նվագելս լսելու։ Ա՜հ, երևի գժվել եմ կամ էլ շատ շուտով կգժվեմ։

Աբովյանական ոճով ասված՝ տասնութ տարվա անկատար երազանքս էսօր կատարվեց։