meri panosyan

Տարբերվելու արվեստը

-Դուք էս աղջկան քիչ էրես տվեք:

Երևի ինձ ամենաշատը նկարագրող երկխոսությունը, որը ես լսում եմ գրեթե ամեն օր: Ինչպես հասկացաք, ես մեր տան «էրես տվածն» եմ: Միշտ նույն բանը. նստած եմ իմ սենյակում ու մեկ էլ քրոջս՝ Սերինեի ձայնը.

-Մերի՛, սենց չի լինի, օրը մի տեղդ ցավում ա, դու էս տնից չե՞ս, ես չեմ հասկանում:

Ու էստեղ հնչում է ամենասպասված պատասխանը.

-Սերինե, ինչպե՞ս ես խոսում մեծն դերասանուհու հետ:

Մտերիմներս միշտ ասում են, որ իմ սենյակից արվեստի «հոտ» է գալիս: Իրականում ես չգիտեմ դա ինչից է: Երևի նրանից, որ ես էլ եմ մի քիչ «արվեստոտ»: Մտնում եմ սենյակս ու կարծես ուրիշ աշխարհ եմ մտել: Տպավորություն  է, որ սենյակս մեր տան մեջ չի մտնում: Ես եմ, գրքերս, նկարներս, ներկերս, վրձիններս:

Չգիտեմ ինչու՝ ամեն մարդու չեմ թողնում մտնի իմ սենյակ: Միայն ամենամտերիմներին, երևի խանդում եմ: Հա, իմիջիայլոց, ես անգամ իմ իրերին եմ խանդում: Ընկերներիս հարցում՝ էլ չասեմ:

Մի շատ վատ սովորություն ունեմ. մի գիրքը դեռ չավարտած, մի ուրիշն եմ սկսում: Շատ հաճախ հենց էդպես կիսատ էլ թողնում եմ:

Ընկերներս ասում են, որ նկարներս լավ են ստացվում: Գլուխ գովել չլինի, բայց ես էլ մի քիչ հավանում եմ:
Միշտ ասում են, որ ուրիշի մասին խոսելը ավելի հեշտ է, քան ինքդ քո: Ես դրանում համոզվեցի: Չգիտեմ՝ ինչ ասեմ: Ես ամեն տեղ արկածներ փնտրող Մերին եմ: Ինձնից կարելի է սպասել ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ:

Հա ու մեկ էլ, դերասանուհի եմ դառնալու: Ամբողջ կյանքիս երազանքը, որը իրականացնելու ճանապարհին եմ:

Երևի այսքանը: Բայց ամենակարևորը չասացի: Ես անսահման ու անդադար երազող մեկն եմ: Իսկ երզելուց ավելի սիրում եմ մտածել:

Այ, հիմա մի ժամից ավելի նստած մտածում եմ, թե ինչն է ինձ հուզում: Իրականում ինձ հուզում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր հարցեր, բայց դե բոլորի մասին հո չեմ կարող միաժամանակ խոսել: Երկար մտորումներից հետո կանգ առա ներկայումս շատ արդիական մի հարցի շուրջ, որը վստահ եմ միայն ինձ չի հուզում:

Տարբերվելու արվեստ: Իսկ ո՞րն է էդ տարբերվելու արվեստը: Օրինակ, ես ամեն անգամ դասից տուն ընկած ճանապարհին շատ եմ ուշադրություն դարձնում կարմրականաչաոսկեգույն մազերով, ծխախոտը ձեռքներին, բազմաթիվ դաջվածքներով ողողված աղջիկների վրա: Այ, հենց սա ես չեմ համարում տարբերվել: Դա ավելի շատ ինքնահաստատման է նման:

Մարդը կարող է տարբերվել շրջապատից գեղեցիկ ժպիտով, սիրուն աչքերով կամ երկար կամ էլ ընդհակառակը, կարճ մազերով:
Իմ կարծիքով, ընդհանրապես պետք չէ ձգտել տարբերվել: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Իմացեք, որ այդ ժամանակ դուք կլինեք ավելի հետաքրքիր մեկը: Ընդամենը՝ միշտ ձգտեք լինել ավելին: