Տեսքդ պահենք սրտներիս մեջ

-Հաճախ մեզ համար ամենաթանկ, ամենահարազատ մարդկանց մենք մոռանում ենք ասել ամենակարևոր խոսքերը: Մոռանում ենք կամ էլ ուղղակի մտածում ենք, որ դրա կարիքը չկա, շուտ է, կամ էլ դեռ շատ ժամանակ կա, կհասցնենք: Բայց ցավոք, այդ ամենամոտ մարդիկ հեռանում են մեր կյանքից այնքան արագ ու հանկարծակի, որ նույնիսկ չենք էլ հասկանում, թե ինչ կատարվեց, ինչպես տեղի ունեցավ դա, և մեզ համար անտեղի ու ոչ կարևոր թվացող բառերը այնպես էլ չենք հասցնում ասել,-ասում է Արտյոմը` մեր թղթակից Արտյոմ Ավետիսյանը Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից։

-Գիտե՞ս, այսօր ընկերներիցս մեկն ինձ հարցրեց՝ ի՞նչ ես կարծում, ո՞րն է ավելի ցավոտ, ընկերոջդ ֆիզիկապես, թե՞ հոգեպես կորցնելը։ Ես առանց երկար մտածելու պարզապես պատասխանեցի այն, ինչ զգում էի. երբ ընկերդ հոգեպես քո մի մասն է, քո հոգու մի մասը, ու դու նրան ֆիզիկապես ես կորցնում, քո հոգուց մի կտոր իր հետ պոկվում-գնում է… Քո կյանքում պակասում է նրա ներկայությունը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես… Երբ միայն հոգեպես ես կորցնում ընկերոջդ, բայց գիտես, որ նա ինչ-որ մի տեղ երջանիկ է, և միգուցե երբևէ տեսնվեք, մի տեսակ մխիթարվում ես, չնայած այն դատարկությանը, որ ագահաբար լցրել է ներսդ,-պատասխանում եմ ես ու շարունակում,-Հիմա ես հասկանում եմ քո այդքա՜ն զրուցասեր էության գաղտնիքը. դու չասված բառեր չես թողել քո ներսում և մեզ էլ ամբողջ ժամանակ քո անմիջականությամբ հուշել ես այդ մասին։ Հասկացրել ես, որ միմյանց հանդեպ սերն արժի այնքան, որ արարքներից բացի արտահայտվի նաև բառերով…

Արտյոմն իր ուսուցիչների մասին ասում է.

-Ուզում եմ ամեն անգամ մտնել դպրոց, ու դուք միշտ լինեք այնտեղ, մատյանները ձեր ձեռքերին, ժպտաք և ձեր աշխատանքին նվիրված անցնեք գնաք…

-Դու էլ մեզ ուսուցիչ եղար՝ քո կերպարով, տեսքով, քո գեղեցիկ բարբառով համեմված զրույցներով,-պատասխանում եմ ես,- Մեզ ապրել սովորեցրիր՝ ապրելը սիրելով։

Քեզ ճանաչել ու սիրել են նույնիսկ անծանոթները. և ո՞վ կարող էր անտարբեր անցնել նյութերիդ վերնագրերի վերևում շողացող կենսախինդ ժպիտի ու քո տողերում թաքնված հուզական խորհրդավորության կողքով…  իսկ դու միշտ շռայլ էիր ժպիտի հարցում. ճամբարում մեզ՝ քո ընկերներին, ժպիտիկների վերածած էիր պատկերել, բոլորս ժպիտ էինք, բոլորս տարբեր, բոլորս նման…

Դու ժպտում էիր, որովհետև անմեղ էիր, որովհետև տալով ստանալ չէիր ակնկալում, որովհետև աշխարհն այլ գույներ ուներ քո պատկերացումներում՝ ապագա ռեժիսորի պատկերացումներում,  որովհետև ժպիտը կյանք էր, իսկ կյանքը սիրում էիր այնքան, որ կրծքով կասեցրիր մեզ ուղղված փամփուշտները, որ մենք նոր առավոտներ լուսացնենք…

-Այսօրվա պատուհանից այն կողմ՝ երկնքում, լողում էր կարմիր արևը և իր շողերը գցելով սենյակ՝ հիշեցնում էր, որ կա և գոյություն ունի իրական կյանքը: Արևը ժպտում էր և «լացող» պատուհանի հետ միասին այլ երանգ էր հաղորդում խորհրդավոր աշխարհին,-ասում է Արտյոմը։

-Ես գիտեմ, թե ով էի այս առավոտ, երբ արթնացա ու պատուհանից ժպտացող արևին նայեցի, բայց երեկոյան, երբ իմացա, որ էլ չես վերադառնա, ես այդ նույն պատուհանի վրա արցունքներ նկատեցի։ Ես արցունքներ տեսա հայելուց այն կողմ՝ այտերիս վրա, և կորցրեցի ինձ, ինձ մոռացա… Միայն հիշեցի այն չասված բառերը, որ գուցե շատերս ենք մոռացել քեզ ասել, վստահ լինելով, որ գիտես, ախր, գիտես…

Մենք սիրում ենք քեզ, սիրում ենք քեզ, սիրում ենք…

Մեկ անգամ էլ կարդացեք Արտյոմ Ավետիսյանի նյութերը, բացահայտեք նրա աշխարհը ու պահեք ձեր սրտի մեջ: Նա պիտի դառնար տաղանդավոր ռեժիսոր, եթե պատերազմը չընդհատեր թռիչքը…

http://www.17.am/author/edd81594f0d605b34c9761f1033617b41059a133/