Արտյոմ Ավետիսյանի բոլոր հրապարակումները

Artyom Avetisyan

Նրանք ուղղակի ուսուցիչներ չեն

Այսօր Ուսուցչի տոնն է: Այս տարի առաջին անգամ ես այդ տոնը իմ դպրոցում չեմ, հայրենի Լիճքից հեռու եմ: Ես ուսանող եմ արդեն: Հեռվից գուցե ավելի լավ է երևում, թե ինչ կարևոր ու մեծ գործ են կատարում ուսուցիչները: Այսօր ես հիշում եմ Ձեզ:

Ժպիտը դեմքին, դանդաղ քայլերով, մատյանը ձեռքին դասարանին է մոտենում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Ավետիսյան Նելլին: Դասարան մտնելուն պես նա մեզ բոլորիս է փոխանցում իր դրական էներգիան, հասկանում յուրաքանչյուրիս և բարի խոսքերով գնահատում ամեն մեկի կատարած աշխատանքը: Իր մասնագիտության մեջ չկա այնպիսի մի բան, որ նա չիմանա, և իր գիտելիքը նա փորձում է ամեն կերպ մեզ բացատրել ու հասկացնել։

Նա միշտ ասում էր. «Երեխաներ, այս ամենը ես գիտեմ, ինձ համար չեմ ասում ու կրկնում, ձեզ համար եմ ասում, ձեզ է վաղը պետք գալու, դուք եք քննություններ տալու ու ձեզ համար եք սովորում»: Ա՜յ, հիմա նոր հասկանում եմ ընկեր Ավետիսյանի ասած խոսքերի իմաստը և ափսոսում եմ, որ ժամանակին լուրջ չեմ ընդունել դրանք:

Ընկեր Ավետիսյանն այն մարդն է, ում շնորհիվ ես այսօր ուսանող եմ, նա այն անձնավորությունն է, ով իմ ընդունելության քննությունների ժամանակ ինձ ճիշտ հանձնարարություններ և ճիշտ խորհուրդներ տվեց: Շնորհակալություն, ընկեր Ավետիսյան։

Բացի գետեր, լճեր, պետություններ հայտնաբերելը, ես հայտնաբերեցի բարի, կամեցող ու բարեկիրթ ավագ քույր, ով ամեն կերպ ինձ դաստիարակել է իր խոսքերով ու գործունեությամբ՝ դեռևս 5-րդ դասարանից: Խոսքս աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Գևորգյան Սոֆիի մասին է: Չգիտեմ՝ ում համար՝ ոնց, բայց ինձ համար նա եղել և մնում է այն յուրահատուկ ուսուցիչներից, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի մեզ համար ամեն բան հասկանալի և դյուրին լինի: Սիրում էի նրա դասաժամերը, հատկապես այն պահերը, երբ նա մեզ հետ խոսում, ծիծաղում, բայց մեկ էլ հոպ՝ անցնում էր դասին ու սկսում մատյանով դաս հարցնել: Այդ պահերը հենց նոր աչքերիս առջևով անցան, ու վերապրեցի… Ափսոսում եմ, որ Ձեր դասաժամերը քիչ են եղել, բայց միևնույնն է, Դուք մեզ տվել եք այն գիտելիքը, որը անհրաժեշտ է եղել: Շնորհակալություն, ընկեր Գևորգյան։

Քառաբաժան մեթոդով դասեր, տեղից դաս պատմել, հոգատարություն, տվյալ մարդու դրության մեջ մտնել, այս ամենը բնութագրում է պատմության և հասարակագիտության ուսուցչուհի ընկեր Սարգսյան Ջուլիետային: Հիմա նոր հասկանում եմ, թե ինչ է «երկրորդ մայր» ասվածը: Դասարանում չկար այնպիսի մեկը, ով նրա դասին պատրաստ չլիներ ու չպատասխաներ դասը: 45 րոպեի մեջ ամբողջ դասարանը նրան էր ներկայացնում դասը: Չգիտեմ՝ ոնց, բայց հասցնում էինք պատասխանել դասը, և դա գալիս էր թե՛ փոխադարձ հարգանքից, թե՛ նվիրվածությունից, թե՛ խրախուսող ու ոգևորող խոսքերից: Ընկեր Սարգսյանը հասկանում էր բոլորիս և ժպտադեմ, բարի դեմքով ու ըմբռնումով էր մոտենում յուրաքանչյուրիս: Մի տեսակ կարոտեցի նրա դասաժամերը, բայց ինչ արած… Շնորհակալություն, ընկեր Սարգսյան։

«Երբ ես ժպտում եմ, ես բարկացած եմ, իսկ երբ բարկացած եմ, ես ուրախ եմ»,- ընկեր Արզումանյան Չարենց՝ պատմաբան: Սիրում էի լսել ընկեր Արզումանյանի ասած ամեն մի թևավոր խոսքը, որոնցից մեծամասնությունը վերաբերում էր կյանքին, և կյանքի դաս էր մեզ համար: Աշխարհում չկա այնպիսի մի բառ, չկա այնպիսի մի խոսք, որով կկարողանամ ներկայացնել նրան: Նա աննկարագրելի անձնավորություն է՝ գեղեցիկ մտքերով ու գաղափարներով լեցուն, միշտ ճիշտը ասող, բարի ու կատակասեր մարդ: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան և շփվել եմ նրա հետ, հպարտ եմ, որ նրա աշակերտներից եմ եղել և հպարտ եմ, որ նման ուսուցիչ եմ ունեցել: Երբեք չեմ մոռանա Ձեր խոսքերը՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվեք: Շնորհակալություն, ընկեր Արզումանյան։

Այսպիսով, նրանք էին այն ուսուցիչները, որոնք իմ կյանքում դրական, բարի, ազդեցիկ ու յուրատեսակ գեղեցիկ հետք են թողել: Ուզում եմ ամեն անգամ մտնել դպրոց, ու դուք միշտ լինեք այնտեղ, մատյանները ձեր ձեռքերին, ժպտաք և ձեր աշխատանքին նվիրված անցնեք գնաք…

Հ. Գ. Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել «Մանանային», որ այն գոյություն ունի, որի շնորհիվ ես և հարյուրավոր երիտասարդներ կարողացանք մեր մտքերը հանրությանը հասանելի դարձնել:

Համբարձում յայլա, յայլա ջան յայլա

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Մայիսի տասը՝ Համբարձման տոն և տասնմեկ վիճակ հանելու օր, որն այս տարի էլ ավելի հետաքրքիր անցավ մեր գյուղում՝ Լիճքում, շնորհիվ նոր սերնդի և լավ կազմակերպված աշխատանքների:

Բոլորս լարված ենք և անհամբեր սպասում ենք, թե երբ են ավարտվելու դասերը, որպեսզի գնանք «ջուր գողանալու»: Մենք՝ 14 աշակերտներս, պիտի շրջեինք ողջ գյուղով և 7 աղբյուրից մի-մի բուռ «ջուր գողանայինք», հետո տարբեր ծաղիկներ, քար, ուլունք, կոճակ, զարդեր գցեինք կուժը: Բաժանվեցինք զույգերի, և ամեն մի զույգը մի աղբյուրից «ջուր գողացավ»:

Դուրս եկանք դպրոցից, երգերով և ուրախ տոնախմբությամբ շարժվեցինք դեպի անտառ, որտեղ գտնվում էին երկու աղբյուրներ: Մինչ ջուր գողանալը, աղջիկները ժողովրդական պարեր և երգեր էին կատարում: Վերջացնելուց հետո շարժվեցինք առաջ, և առաջին զույգը կուժը լցրեց մի բուռ ջուր: Չնայած աղբյուրները իրարից շատ հեռու էին, գյուղը՝ մեծ, իսկ ճանապարհները՝ երկար, մենք չվհատվեցինք և այդ ճանապարհները այնպես անցանք, որ մենք էլ չզգացինք: Հասանք երկրորդ աղբյուր, կրկին երգ, մի բուռ ջուր և ուրախ տրամադրություն: Գնացինք մյուս աղբյուրներ և դարձյալ նույնը, բայց հետաքրքիրը դեռ առջևում էր, և բոլորն էլ անխտիր սպասում էին դրան՝ «կուժը պահելուն»: Վերջին՝ յոթերորդ աղբյուրից ջուր վերցնելուց հետո բոլորս մեր իրերից գցեցինք կժի մեջ, պոկեցինք վիճակ ծաղկից մի մաս, և յուրաքանչյուրս երազանք պահելով՝ դարձյալ գցեցինք կուժը: Հետո պայման կապեցինք, որ պետք է լինի «հարսանիք» և, եթե տղաները գտնեին աղջիկների կողմից պահված կուժը, ապա «հարսանիքի» ողջ ծախսերը հոգալու էին աղջիկները, իսկ եթե չգտնեին, ապա հակառակը: Այսպիսով աղջիկները գնացինք կուժը թաքցնելու, իսկ մենք՝ տղաներով գնացինք «փուռ» դնելու:

Ահա և «փուռը» պատրաստ է, և աղջիկներն էլ ժամանեցին: Այն ուտելուց հետո, տղաներով գնացինք կուժը փնտրելու: Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտանք այն: Այնպես որ, «հարսանիքի» ծախսերը հոգում են աղջիկները: Սակայն սա դեռ ամենը չէ, բա վիճակահանությունը…

Մայիսի 11, կուժը մեզ մոտ է: Մի քանի ծնողների և մեր դասղեկի հետ որոշեցինք գնալ անտառ՝ ծովի ափ՝ «Իվանի հոլըկ» կոչվող տարածք, մաքուր ու թարմ օդ, գեղեցիկ բնություն, որտեղ և արեցինք վիճակահանությունը: Ու ըստ ավանդույթի, ում զարդը որ առաջինը դուրս գար, նրան էր սպասվում մոտալուտ ամուսնությունը, իսկ մյուսների զարդերի և իրերի դուրս գալուն պես հնչեցին բարեմաղթանքներ և խրատներ: Չնայած հորդառատ անձրևին, մենք չհետաձգեցինք և մեծ սիրով արեցինք այն: Գյուղ մտնելուն պես տներից դուրս եկան նաև գյուղացիները՝ լսելով մեր գոռուն-գոչյունները. 10-ի Ա՜, 10-ի Ա՜, 10-ի Ա՜… Նրանք ևս միացան մեզ, ուրախացան և ժպտացին, ու մեզ մաղթեցին բազում հաղթանակներ և բարի երթ:

Artyom Avetisyan

Ձոն ականջակալներին

Երբ տանը մենակ ես, ոչինչ չկա անելու, ձանձրալի իրավիճակ է, կամ էլ տանը աղմուկ ու ժխոր է, այդ ժամանակ քեզ օգնության են գալիս ականջակալներդ: Դրանք քեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ժամանակ անցկացնելու, անիմաստ աղմուկի փոխարեն բարձր երաժշտություն լսելու, և առօրյան ավելի հետաքրքիր անցկացնելու:

Ականջակալ. իր, որին շատ մեծ տեղ եմ տալիս իմ կյանքում: Կարողանում ես միայնակ լսել բարձր երաժշտություն, նայել ուշագրավ տեսանյութեր, դիտել հետաքրքիր ֆիլմեր, և դրանով ոչ մեկին չխանգարել:

Հաճախ եմ լինում ականջակալներով և երբ մտածելիս, ինչ-որ բան գրելիս, նույնիսկ հաց ուտելիս եմ լինում, գրեթե միշտ դրանք ականջներիս են: Երբ ականջակալներով ես լինում, անկախ քեզանից սկսում ես տաքանալ, ականջներդ, հաստատ է, որ տաքանում են: Մի անգամ ականջակալներս ուղղակի դրել և հեռուստացույց էի դիտում, մայրիկս մոտեցավ ու ասաց.

-Որ հեռախոսի մեջ չես, էլ ինչի՞ ես դրել ու իզուր տեղը ցավեցնում ականջներդ:

Ես էլ ի պատասխան նրան ասացի.

-Մամ, ցուրտ ա, դրա համար եմ դրել, որ մի քիչ տաքանամ: Թեկուզ, որ ականջներս էլ տաքանան, էդ էլ ա բոլ…

Մայրիկս ծիծաղեց ու ասաց, որ ինչ ասես՝ չեմ հնարի:

Մի անգամ էլ քույրս վերցրեց ականջակալներս և փորձեց քանդել կծիկը: Չկարողացավ, դժգոհ դեմքով ասաց.

-Էս ոնց ես խառնել իրար, քանդել չի լինում:

Ես էլ ծիծաղելով ասացի.

-Ախր, ես մեղք չունեմ, էն ձախը շատ ա սիրում աջին, դրա համար էլ իրար փաթաթվելիս խառնվում են:

Ինչ լավ է, որ աշխարհում կան այս «չարաճճիները»: Դրանց շնորհիվ է, որ կարողանում ես կտրվել այս աշխարհից, և քեզ թեկուզ քիչ ժամանակով լավ զգալ: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ ավելի շատ է դուր գալիս այդ աշխարհը:

Կյանքը պատուհանից այն կողմ

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Լուսանկարը` Արտյոմ Ավետիսյանի

Պատուհանից դուրս նայող մարդիկ փորձում են իրենց համար բացահայտել անհայտ մի աշխարհ, փնտրում են իրենց հետաքրքրասիրությունը գրգռող մի շարք հարցերի պատասխաններ: Մարդիկ իրենց աչքերը հառում են հեռավոր ու անհայտ հորիզոններին: Պատուհանից այն կողմ բացվում է մի խորհրդավոր աշխարհ՝ իր խորհրդավոր ծովով, և մարդիկ, իրենց երազանքների հետ միասին, սկսում են լողալ ծովում, թաղվել մինչև խորը հատակը: Իրենց նեղլիկ պատուհանից նայելով այդ աշխարհին՝ նրանք հասնում են մեծ և ընդարձակ ցանկություններին և զգացողություններին:

Պատուհանը դուռ է դեպի իրական և ոչ իրական աշխարհ: Պատուհանը, այդ լեգենդար պատուհանը, քո աշխարհն է: Դու էլ կաս այդ աշխարհում: Դու մեծանալով մտնում ես այդ աշխարհ և սովորում գոյատևել այդտեղ: Պատուհանից այն կողմ մի նոր աշխարհ է, որտեղ կան քո պատուհանի նման հազարավոր պատուհաններ: Ու այդ պատուհաններից ամեն մեկում բնակվում է ընդամենը մի անձնավորություն։ Դրանցից ամեն մեկում գոյատևում է կա՛մ քո հարազատը, կա՛մ էլ թշնամիդ:

Այսօրվա պատուհանից այն կողմ՝ երկնքում, լողում էր կարմիր արևը և իր շողերը գցելով սենյակ՝ հիշեցնում էր, որ կա և գոյություն ունի իրական կյանքը: Արևը ժպտում էր և «լացող» պատուհանի հետ միասին այլ երանգ էր հաղորդում խորհրդավոր աշխարհին:

Artyom Avetisyan

Հայտնե՞լ եք շնորհակալություն

Հունվարի 12-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Այն տոն է հռչակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից:

Յուրաքանչյուրս էլ շնորհակալություն ենք հայտնում այն ժամանակ, երբ դիմացինը մեր օգտին ինչ-որ դրական, լավ բան է կատարում, խոսում է մեր կողմից: Շնորհակալություն ենք հայտնում, երբ ստանում ենք նվերներ, լսում մեզ ուղղված հաճոյախոսություններ: Տարբերվում է նաև մարդկանց մի այլ խումբ, ովքեր շնորհակալություն են հայտնում այն ժամանակ, երբ հարցնում ենք նրանց որպիսությունը, առողջական վիճակը, տալիս լավ ու օգտակար խորհուրդներ: Օրինակ, հոգեբանները պնդում են, որ երախտագիտության զգացմունք ունենալը մարդկային առաքինության ամենալավ հատկություններից է: Սակայն, ըստ նրանց, շնորհակալություն հայտնելը կապված է նաև մարդկանց սոցիալական տեսակներից:

Բոլորիս շրջապատում էլ կա մարդկային այնպիսի մի խումբ, ովքեր շատ քիչ ու ոչ հաճախակի են շնորհակալություն հայտնում, անկախ նրանից, նրանց օգնում ես ցանկացած պահի, նվերներ տալիս ես, թե ոչ: Ինձ թվում է, որ նրանք հոգու խորքում մտածում են, որ մենք իրենց պարտական ենք, և իրենք պարտավոր են մեզ շնորհակալություն չհայտնել:

Համաձայն օրվա խորհրդի, հունվարի 12-ին յուրաքանչյուրը պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ:

Բոլորս էլ ունենք լավագույն ընկերներ, ովքեր կյանքն էլ ավելի արժեքավոր են դարձնում: Եվ, երբ հաջորդ անգամ հանդիպեք նրանց, շնորհակալություն հայտնեք, որ անկեղծ են եղել քեզ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես ուզեցել դա լսել: Շնորհակալ եղիր՝ միշտ տրամադրությունդ բարձրացնելու և քո մասին մտածելու համար: Հայտնիր շնորհակալություն, երբ նա հավատում է քո ուժերին և ոգևորում է քեզ:

Բոլորս անշուշտ գիտակցում ենք լավ վարքագծի նշանակությունը, դրա անհրաժեշտությունը ամենօրյա կյանքում, բայց մեծ մասամբ մենք մեր երախտագիտությունը հայտնում ենք ակամա՝ չմտածելով դրա իմաստի մասին: Այնուամենայնիվ, շնորհակալական խոսքերը ունեն կախարդական հատկություններ: Դրանց միջոցով մարդիկ միմյանց փոխանցում են ջերմություն և դրական հույզեր:

Հունվարի 12-ը առանց չափազանցնելու կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» ամսաթվերից մեկը: Այսօր նշվում է Շնորհակալության միջազգային օրը:

Artyom Avetisyan

Իմ 2017-ը

2017 թվականին իմ ցանկությունների ու երազանքների մի մասը կատարվեց, իրականություն դարձավ, մի մասն էլ մնաց ուղղակի երազանք: Բայց ես գոհ եմ իմ 2017-ից, գրեթե ամեն ինչ դրական կերպով անցավ, ճիշտ է՝ եղան չնչին դժվարություններ, բարդություններ, ինչ-որ բան նաև չկատարվեց, սակայն դրանք արդեն մնացել են անցյալում, և 2017-ն արդեն փակել է այդ էջը: Մնաց մի քանի օր, և 2017 թվականը կանցնի պատմության գիրկը և այլևս երբեք չի կրկնվի, չեն էլ կրկնվի նրանում եղած բոլոր պատմությունները, իսկ 2018-ը մեզ համար կլինի ավելի կատարելագործված տարբերակ, ուղղակի պետք է վերցնել ամուր զամբյուղ և օգտվել այդ բարիքներից, հավաքել դրանք ու քիչ-քիչ օգտագործել հարկ եղած ժամանակ:

2018 թվականը թող կատարի ողջ հայության ամենամեծ բաղձանքը՝ խաղաղություն լինի, չլսվեն ոչ մի արտառոց ու տխուր լուրեր:

Ասում են, որ եթե ինչ-որ բանի մասին շատ ես մտածում, խոսում, ապա այն իրականություն է դառնում, և այսպիսով ուզում եմ հանրայնացնել իմ մեծագույն երազանքը՝ դառնալ լավ ուսանող և կարողանալ իմ մասնագիտության շնորհիվ կերտել իմ ապագան:

Artyom Avetisyan

Մթությունը ստիպում է երազե՞լ, թե՞ մտածել

Ամեն ինչի մասին սկսում ես մտածել գիշերը, երբ մութ է: Բոլոր մտքերդ ու իղձերդ կատարելագործվում են գիշերը, երբ պառկած ես կամ էլ մթության մեջ ես գտնվում: Մթությունը ամբողջ գիշեր հավաքում, գտնում ու բերում է ողջ երազանքներդ և ստիպում մտածել դրանց մասին: Առանց քեզ հարցնելու, դուռը թակելու՝ մտնում է ներս, նվաճում ուղեղդ ու սիրտդ և սկսում է ծակծկել ու տանջել քեզ: Այնուհետև վարում մեքենան ու քեզ տանում է դեպի ապագա՝ երազելու, կամ էլ անցյալ՝ մտածելու: Անգամ մթության մեջ խորհում ես անհնարինի մասին, փորձում այն իրականացնել, հասանելի դարձնել ու ապացուցել բոլորին, որ այն իրագործելի է:

Մթության ծովը շատ խորն է ու անծայրածիր: Մի փոքր իրավիճակ հիշելով՝ վերհիշում ես մի հսկա պատմություն: Մի բառը մտաբերելով՝ հիշում ես ողջ անցյալին վերաբերող փաստերը: Ահա, թե ինչ է մթությունը: Մթության ծովի մեջ մարդիկ խեղդվում են երազելուց ու մտածելուց:

Մթությունն էլ ունի իր պայծառությունը, գեղեցկությունն ու լուսաշողը, որը տեսնելով՝ արագ ձեռք ենք մեկնում, որ բռնենք, բայց ավա՜ղ, նա մեզ բռնեց և գցեց հուշերի գիրկը: Նույնիսկ մթության մեջ կարելի է երջանկություն գտնել, միայն չպետք է մոռանալ լույս վառել: Բայց եկեք մտովի վառենք լույսը, որպեսզի իղձերը չփախչեն:

Մթությունն էլ ունի իր դրական կողմերը: Միայնակ ես մնում մտքերիդ հետ ու ավելի խորն ես մտածում: Երբ մթության մեջ ես լինում ու մտածում ես ինչ-որ բանի իրագործման մասին, ապա հաջորդ օրը այն արագ իրականանում է, իսկ ցերեկը հակառակն է՝ օրերով մտածում ես ու դժվարությամբ ես կարողանում իրականացնել: Չգիտեմ՝ ուրիշների մոտ ոնց, բայց ինձ մոտ հենց այդպես է: Նույնիսկ երբ փորձում եմ նյութ գրել, բոլոր մտքերս գիշերն են գալիս, գնում, փոփոխվում, իսկ ցերեկը կա՛մ անհետանում են, կա՛մ էլ դժվարությամբ եմ վերհիշում:

Գիշերն ուրիշ է: Նստում ես քո համարի ավտոբուսն ու ուղևորվում քո ուզած հասցեով: Անգամ քնելդ էլ չես հիշում՝ ոնց եղավ: Ախր, դու ողջ գիշեր երազում ու երազում, մտածում ու մտածում էիր, և մեկ էլ հոպ. արդեն առավոտ է:

Ցերեկն էլ լավն է, բարի: Մի մոռացեք, որ եթե ցերեկը չլիներ, ապա ձեր գիշերվա իղձերը չէիք կարողանա ցերեկը կատարել: Ցերեկն էլ կարող եք մտածել, հիշել, բայց գիշերվա մթության համն ու հոտն ուրիշ է: Պետք է լավ գնահատենք «գիշերվա լույսի» և «ցերեկվա մթի» արժեքը:

Artyom Avetisyan

Թե ինչպես տատին դարձավ «տյոտյա»

Այո, այո, «տատի», ես հենց այդպես էի դիմում մեր հարևանուհի Սիլվային: Նա մեր ամենալավ ու իմ ամենասիրելի հարևանուհին է: Նրա մեջ ես սիրում եմ իր մեծահոգությունը, հոգատարությունը, սիրում եմ նրա ծիծաղը, սիրում եմ լսել նրա բոլոր պատմությունները, ինչ ժանրի ու ինչ թվականի էլ լինեն, որովհետև նա հոգի է դնում այդ պատմության մեջ ու այնպիսի ոգևորությամբ է ներկայացնում, որ կարծես թե ականատես ես եղել այդ ամենին: Սիրում եմ նայել, թե ինչպես է նա սուրճ խմում, որովհետև այնպես «ջիգյարով» է խմում, որ սուրճ չխմող մարդն էլ այդ պահին կխմի:

8-9 տարի առաջ ես նրան ասում էի տատի Սիլվա, ու նա ուրախություն էր ապրում, ժպտում էր, որ ես իրեն «տատի» էի ասում: Նա ոգևորությամբ էր ընդունում դա, որովհետև ես այն եզակիներից էի, որ նրան այդպես էի դիմում՝ բացառությամբ իր թոռնիկների: Տատի Սիլվան մայրիկիս ամենամոտ հարևանուհին է, կարելի է նրան համարել նաև իմ երկրորդ մայրը, որովհետև նա էլ է ինձ մեծացրել, ինչ-որ տեղ նաև դաստիարակել, ճիշտ ուղի ցույց տվել: Երբ գալիս է ամառը, հատկապես՝ հողամասը ջրելու, մշակելու ժամանակահատվածը, նա և մայրս բահերը դնում են ուսերին ու գնում «Բանդեր» կոչվող հատվածը՝ ջուր բերելու: Վերադառնում են մի-մի փունջ խոտաբույս հավաքած, հոգնած, բայց ժպիտով ու ծիծաղելով: Անգամ իրար պատմում են անցյալ տարիների չարչարանքներն ու ջուր բերելը:

8-9 տարի առաջ էր, երբ պատահաբար լսեցի, թե ինչպես քույրս նրան դիմեց «տյոտյա»-ով, ու այստեղ ամեն ինչ փոխվեց: Այդ պահը դրոշմվեց ուղեղիս, հիշողությանս մեջ: Դրանից հետո, երբ նրան տեսա, ասացի «տոտա» (այս բառն էլ փոփոխության ենթարկվեց) Սիլվա: Նա զարմացավ, կաշկանդվեց, բայց ոչինչ չասաց: Երկրորդ, երրորդ անգամ այդպես անելուց հետո, թե՛ նա, թե՛ ծնողներս ինձ հարցրին, թե ինչու եմ սկսել նրան այդպես դիմել: Ամեն ինչ ասացի, ու նրանք հասկացան, որ քույրս է դրա «մեղավորը»: Ոչինչ չփոխվեց, ամեն ինչ մնաց նույնը, միայն փոխվեց իմ ներաշխարհը: Այլևս չէի կարողանում նրան հին ձևով՝ «տատի» դիմել, կարծես մեկն ինձ խանգարում էր: Ու մինչև օրս այդպես է: Հիմա, երբ նրան տեսնում եմ, կամ նա գալիս է մեր տուն, արդեն ես եմ մեծ ոգևորություն ապրում, անկախ ինձնից սկսում եմ ուրախանալ, ժպտալ: Երբ մտնում եմ տուն, իմ երկրորդ կամ երրորդ նախադասությունը հետևյալն է.

-Մամ, ի՞նչ կա, տոտա Սիլվան էսօր չի՞ եկել մեր տուն:

Այժմ կրկին նրան ուզում եմ դիմել «տատի»-ով, բայց, չգիտես ինչու, միշտ ինչ-որ բան խանգարում է. գուցե տարիքս է:

Հ. Գ. Տյոտյա Սիլվա, միշտ արի մեր տուն, սուրճ խմիր, պատմություններ պատմիր, որպեսզի ինձ հիշողությունների գիրկը գցես:

Artyom Avetisyan

Մեկ տարի առաջ

27.10.2016: Սովորական օր սովորական մարդկանց համար, բայց իմ և մի քանի տասնյակ 17-ցիների համար այն դարձավ նշանակալից, և կարելի է ասել, դարձավ տոնական մի օր: Համարյա այդ օրը բոլորս էլ ստացանք զանգեր «Մանանայից» և հրավիրվեցինք մասնակցելու Սևանի մեդիա ճամբարին:

28.10.2016: Դպրոցականների համար դասի, իսկ ինձ համար՝ մի այլ օր: Դպրոցականները փորձում են գտնել, մտնել դասասենյակները, իսկ ես փորձում եմ գտնել համակարգչային սենյակը, որպեսզի տպել տամ ծնողի համաձայնագիրը: Երեկոյան արդեն շփոթահար իրերս եմ դասավորում, վայելում եմ հաջողությանս պահերը և ողջ գիշերը ուրախությունից չեմ քնում:

29.10.2016: Մեքենայով ուղևորվում եմ դեպի «Ծովասար» հյուրանոց և այնտեղ առաջինը ծանոթանում Ռաֆոյի և Հակոբի հետ: Հավաքվեցինք, յուրաքանչյուրս մեր սենյակներում տեղավորվեցինք, հարմարվեցինք և իջանք ներքև՝ տաղավար: Ամեն մեկն իրեն է ներկայացնում՝ անուն-ազգանուն, սիրելի զբաղմունքը, նախասիրությունները, սիրելի մասնագիտությունը, բնավորությունը… Բայց, դե բնական է, ուրիշ միջավայր, ուրիշ մարդիկ և մեկը մյուսից քաշվող: Ճաշելուց հետո քննարկում անցկացվեց ֆիլմերի և ֆոտոների վերաբերյալ, ստացանք ճամբարի օրակարգը, իսկ այնտեղ աչք ծակող տողը հետևյալն էր. «Վերջին օր. հրաժեշտ, լացուկոծ, հեռացող ավտոբուս»: Բոլորը միանգամից բարձրաձայնեցին, ծիծաղեցին, ժպտացին, բայց վերջում…

30.10.2016: Սեղանի շուրջ կրկին ծանոթություններ, ուրախ դեմքեր և կատակ-զրույցներ: Սովորում ենք, թե ինչպես ճիշտ լուսանկարել, ինչպես ճիշտ հարցազրույց վարել և հոդվածի թեմա ընտրել: Անցնում է օրն ավելի հետաքրքիր, նոր և հարուստ գիտելիքների մեջ ընկղմված, իսկ երեկոյան մթնոլորտն ավելի է ջերմանում, սկսում ենք ավելի ազատ շփվել:

31.10.2016: Ֆիլմեր նկարելու փորձեր ենք կատարում, ձևավորվում է խումբը: Ծանոթություն և վարպետության դաս է անցկացվում Կարինե Գևորգյանի՝ Հանրային ռադիոյի մանկապատանեկական հաղորդումների գլխավոր խմբագրի հետ: Այնուհետև՝ ֆոտոարշավ: Մինչ մի խումբը փորձում է նկարահանել Գավառի «Մեծ փուռ» փառատոնը, նյութ գրել, մյուս խումբը գործնական աշխատանքներ է կատարում, և էլ ավելի է ջերմանում միջավայրը: Երեկոյան դոկումենտալ ֆիլմերի մասին քննարկում է անցկացվում:

01.11.2016: Pixilation անիմացիոն ֆիլմի գաղափարի ընտրություն ու քննարկում, միանշանակ ֆոտոարշավ՝ քանդակագործի, քարաքոսներով նկարողի տուն, ձիավարժի մոտ: Բոլորով աշխատում ենք մեր լրագրողական նյութերի վրա, դիտում ու քննարկում ենք դոկումենտալ ֆիլմեր:

02.11.2016: Ֆոտոարշավ ենք կատարում դեպի Սևան, լուսանկարներ ենք անում, սովորում ենք մոնտաժ անել, խորացնում ենք մեր գիտելիքները լրագրության մեջ: Ունենում ենք վարպետության դաս ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի հետ, գրում ենք նյութեր օրվա և ճամբարի, մեզ հուսող հարցերի մասին:

03.11.2016: Շարունակվում են մեր մոնտաժի և լրագրության դասընթացները, նկարում ենք ֆիլմեր, գրում հոդվածներ, դոկումենտալիստ ռեժիսոր-օպերատոր Սարգիս Խարազյանի հետ ունենում վարպետության դաս: Երեկոյան կրկին զրույցներ, ջերմ միջավայր, խոսում ու մտածում ենք, թե ինչ շուտ անցավ այդ մեկ շաբաթը, տխրում: Այդ գիշեր ավարտվում են մեր համատեղ խաղերը:

04.11.2016: Խոսում, պլանավորում ենք մեր հետագա աշխատանքները, իսկ հետո տխրությամբ հրաժեշտ տալիս իրար և միմյանցից հեռանում ենք ավտոբուսներով ու մեքենաներով:

Այսքանից հետո ուզում եմ ասել, որ շնորհակալ եմ «Մանանայից», որ իմ մեկ շաբաթը լցրեց նոր գիտելիքներով, նոր շրջապատով, միջավայրով ու ընկերներով, նոր գաղափարներով ու տեղեկություններով: Հիշում եմ մեկ տարի առաջվա այս օրերն ու երանի տալիս, իսկ այս նյութը գրելիս՝ կրկին վերապրեցի այդ օրերը: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ մինչ օրս կապ եմ պահպանում:

Մեկ տարի առաջ 17.am-ը փոխեց ինձ, ողջ կյանքս ու կարելի է ասել՝ նաև բնավորությունս, փոխեց նաև ընտրությունս՝ ինձ ավելի հարմար ու բնորոշ մասնագիտություն ընտրելու հարցում: «Մանանայի» շնորհիվ ես այնպիսի գիտելիքներ ստացա, որոնք ինձ այսօր օգնում են նոր գաղափարներ մտածել, նյութեր ու հոդվածներ գրել: «Մանանայի» օգնությամբ է, որ այսօր կարողանում եմ իմ մտքերն արտահայտել և դարձնել հանրությանը հասանելի:

«Մանանայի» շնորհիվ է, որ… Այս ամենը «Մանանայի» շնորհիվ է:

Artyom Avetisyan

Արցունքների մեջ խեղդված տատս

Հույզերը եռում են տատիս սրտում ու հոգում և պարզ արցունքների տեսքով թափվում են նրա կույր աչքերից՝ գլորվելով ցամաքած և թառամած այտերի վրայով: Տատս կուրացել է վերջին մի քանի տարում և անգամ իր արցունքները չի կարողանում տեսնել, սակայն զգում է, անգամ ասում է դրանց գույնը.

-Սև է, սև են արցունքներս: Պապդ ու հորեղբայրդ թափանցիկ արցունքներս ներկեցին սև գույնով, սևով լցրին ամեն ինչ, անգամ սիրտս է սևացել, հոգիս…

Տատս արդեն 11 տարի է, ինչ կորցրել է պապիս, և 40 տարի՝ հորեղբորս:  Ես չեմ հասցրել զգալ հորեղբորս ներկայությունը, իսկ պապիս դեմքը իմ հիշողության մեջ շատ աղոտ է, որովհետև փոքր տարիքում եմ նրան տեսել:

Տատս կույր է աչքերից, բայց ոչ հիշողությունից: Պատմում է իր երիտասարդության տարիներից մինչև պապիս մահը, իսկ դրանից հետո միայն արտասվում: Պատմում է «կոլխոզի, սովխոզի» տարիներից: Թութուն շարելուց մինչև գիշերվա ուշ ժամին այգուց խնձոր, տանձ գողանալը:

Պատմել է, որ պապս եղել է այգու պահակը, եղել է խիստ ու պարտաճանաչ և ոչինչ չի գողացել ու ոչ մի սխալ թույլ չի տվել: Իսկ ինքը՝ տատիկս, այգուց «գողացել» է մրգեր, բանջարեղեն, որպեսզի կարողանար պահել տան տասն անդամներին:

Պատմել է, թե ինչպես է մի անգամ պապիկը նրան բռնել խնձոր գողանալու ժամանակ: Պապիկի գործողությունները եղել են հետևյալը. դատարկել է պարկը, պատռել այն և տատիկին փնովելուց հետո ուղարկել է տուն:

Այս պատմությունից հետո տատիկիս կույր աչքերը կրկնակի են կուրանում, այս անգամ՝ արցունքների մեջ շաղախվելով:

Տատիկիս, երբ նստեցնում եմ աթոռին՝ արևի տակ, հարցնում եմ.

-Տատ, արևի շո՞ղն էլ չես տեսնում:

Իսկ նա պատասխանում է.

-Չէ՜, բալա՛ ջան, ոչ մի բան էլ չտեսնամ, աչքերուս դեմն սև՜, սև ա: Ինչ որ մութ անտառի մեջ նստուկ էղնիմ, բան չերևա: Թե օր ձեն տաք, գիմնամ` ով ա, էնքան, օր ձեր սիֆաթներն ա պատկերացում:

Տատս արդեն 90 տարեկան է, և միայն աչքերն են նրա առողջական խնդիրը, թե չէ ասում է.

-Օր աչքերսի բաց էղներ, տեսնենք, մեկ ժամվա մեջ կհասնենք Մաղմաղան:

Տատս Ալաշկերտի բարբառով է խոսում, իսկ Մաղմաղանը դա մեր Արմաղան լեռն է: Գյուղիցս՝ Լիճքից, կարճ ճանապարհներ կան այնտեղ հասնելու: Երբ նրան մահճակալում նստած վիճակում եմ տեսնում, նկատում եմ, թե ինչպես է թարթում աչքերը, բայց չի տեսնում, իսկ երբ ձեռքերն իրար է կպցնում, արդեն ուշադիր նայում եմ դրանց, թե ինչքան են ծերացել, ինչքան են մաշվել և ինչքան արցունքներ են մաքրել: Երբեմն փորձում եմ տատիկիս ուրախացնել՝ մեջբերելով «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից մի հատված և նրան անվանելով Արուսյակ Վարդանյան: Հա՜, մոռացա ասել, տատիս անունը հենց Արուսյակ է: Իսկ երբ ինչ-որ բան եմ ուզում կամ հարցնում և արժանանում բացասական պատասխանի, նրան ասում եմ.

-Ուրեմն ես՝ Վաղինակի տղա Արտյոմս, գամ հասնեմ էստեղ, որ ինձ ասես՝ «նյե՜տ»:

Տատիս տրամադրությունը բարձրանում է իմ կատակներից: