Տոնածառը միայնակ հավաքելու ժամանակն է

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Երբ մենք ասում ենք Նոր տարի, ամենից առաջ հասկանում ենք շատ ուտելիքներ և ամենակարևորը՝ զարդարված տոնածառ: Երբ տոներից առաջ ես գնում էի ընկերներիս տները, նրանք իրենց եղբայրների կամ քույրերի հետ արդեն զարդարած էին լինում իրենց Նոր տարվա հրաշքը՝ տոնածառը, այնինչ մեր տանը տոնածառ չկար տոներից անգամ ժամեր առաջ: Երբ ընկերներս հարցնում էին, թե ինչու ես չեմ զարդարում մեր տոնածառը, պատասխանում էի, որ սպասում եմ իմ քույրերին: Այնուամենայնիվ, քույրերիս քննությունները դեռ երկար շարունակվեցին (մոռացա նշել, որ երկու քույրերս էլ ուսանողուհիներ են և սովորում են Երևանում)։ Ճիշտ է, ուշ զարդարեցինք, բայց բոլորս միասին։

Քույրերս հիմա էլ քննությունների պատճառով գտնվում են Երևանում, և մեր տոնածառը դեռևս զարդարված է մնում, իսկ իմ ընկերներինը՝ վաղուց հավաքված: Եվ հիմա էլ նրանք ինձ հարցնում են, թե ինչու չեմ հավաքում իմ տոնածառը: Ես նրանց պատասխանում եմ նույն կերպ, որ սպասում եմ քույրերս վերադառնան քննություններից, և նոր հավաքեմ: Այնպես, ինչպես առաջ էր։

Բայց երևի, տոնածառը միայնակ հավաքելու ժամանակն է: