Ani Harutyunyan

Փոխվելու համար

Ինչո՞ւ ենք մենք դուռը ոտքով բացում ու գոռում՝ մա՛մ, ուտելու ի՞նչ կա, սեղան դիր: Քայլելիս մեկն ուսով հարվածում է մեզ, ու մենք, փոխանակ՝ կներեք կամ ոչինչ, ամեն ինչ կարգին ա ասելուն, բղավում ենք՝ դեմդ նայի, արա՛:

Արթնանում ենք ու հասարակ բարի լույսը չենք ասում մեր տան անդամներին: «Դուք»-ով չենք խոսում անծանոթների հետ, էլ ուր մնաց՝ հարազատների: Մենք նույնիսկ իրար չենք հարգում. չէ՞ որ մեզ սովորեցրել են, որ «դուք»-ը հարգանքն է:

Ասում ենք՝ զարգանում ենք, բայց նախնի վայրենին գնալով ավելի ու ավելի է արթնանում մեր մեջ:

Նախկին՝ «կներեք, դուրս եմ գալիս, ձեր թույլտվությամբ»-ի փոխարեն ասում ենք՝ դե՛, ես հելա: Մեր ներսի օրիորդները, տիկիններն ու պարոնները դառնում են «քուրըս»-ներ, «ջահել»-ներ ու «ապեր»-ներ: Գեղեցիկ բովանդակությամբ ու թանաքին լիքը սեր ավելացրած թղթե նամակներն ու ամիսներով սպասումները դարձել են «barev gexeckuhi»-ներ: Սերենադները դարձել են նիվաներ ու «քեզ խնդրում եմ մի գնա»-ներ, սիրային բանաստեղծությունները՝ աջ ու ձախ անարժեք շպրտված «ես քեզ սիրում եմ»-ներ:

Չենք զարգանում:

***

Երբևէ հարց տվե՞լ ես քեզ, թե ո՞ւմ կամ ինչի՞ համար ես ապրում դու։ Դո՛ւ, որ չես դադարում աչքի ծայրով նայել մարդկանց կյանքին ու հաճախ էլ ամբողջ քթով ներխուժում ես ներս։

Ես անցնում եմ քո կողքով, բայց դու, փոխանակ քո ճանապարհին նայելուն ու փոսերի մեջ չընկնելուն, մինչև փողոցի վերջը հայացքով ուղեկցում ես ինձ, որ քննարկես հագուստս, քայլվածքս, հոգիս, որ երբեք չես ճանաչել։

Բայց փորձե՞լ ես մի անգամ քո ներսը հայացք գցել. միգուցե դու քո պատկերացրած իդեալականը չե՞ս: Իսկ եթե դուրս գաս ուրիշի կյանքից, ի վերջո ներս մտնես քո կյանք ու տեսնես դռան դիմաց ընկած իրերը, պահարանի փոշին, խառնաշփոթը, ամեն ինչ դասավորես, քո կյանքը մաքրես, հնարավոր է՝ քեզ չհետաքրքրի իմը։ Հնարավոր է՝ դու էլ գտնես քո երջանկությունը՝ իմը քննարկելու փոխարեն։

Դո՛ւ ես կաղապարողը, քո անմտածված խոսքերով շատերին կարծրատիպերի մեջ փակողը։ Նա միգուցե ռոք է ուզում լսել, բայց դու միշտ խոսում ես, նա անդադար ականջ է դնում։ Այստեղ ես կիսում եմ քո չակերտավոր մեղքն ու բաժանում երկու մասի, մեկը՝ խոսողին՝ քեզ, մյուսը՝ լսողին՝ նրան։ Նրան, ով նախընտրում է իր սեփական ճիշտը փոխարինել քո սխալով։ Քո՝ ուրիշի արարքները չքննարկել չկարողանալու հետևանքով ինչ-որ մեկը կորցնում է իր ես-ը, որովհետև չի մտածում իր կյանքի դուռը քո առաջ փակելու մասին։

Միգուցե այս ամենը քեզ կցավեցնի, երևի կցավեցնի նաև իմ՝ քո կարծիքին չհետևելը, բայց ինձ իմ սեփական կյանքի խառնաշփոթն էլ է հերիք, թափթփվածությունն էլ, հարմարավետությունն էլ՝ առանց քո խորհուրդների: