Sose Zaqaryan

Տուն տնից հեռու

Երբևէ  մտածե՞լ եք, թե ինչպես կապրեիք մենակ, առանց ծնողների։ Երևի շատերդ մտածեցիք․

-Ու՜խ, ինչ լավ է։

Ինչ ուզենք՝ կանենք, ոնց ուզենք՝ կապրենք: Դե հա, ինչ խոսք, դուք ճիշտ եք։ Բայց դա տևում է մի քանի օր, երբ արդեն սպառվում են քո մաքուր շորերը, և թափրտվում է դարակդ, ու այստեղ դու հասկանում ես, որ տուն ես ուզում։  Չէ, բայց միայն հագուստից ու թափրտված դարակից  դու դա չես հասկանում, մի քանի ուրիշ փաստեր էլ կան․ օրինակ, երբ հոգնած  ու սոված գալիս ես տուն և ստիպված լինում պատրաստել ինչ- որ բան, որ սովից  չմեռնես։ Ճիշտն ասած, մեկ-մեկ սկսում եմ լուրջ ու ավանդական ուտեստներ պատրաստել, ու դրանք ինձ հիշեցնում են մեր տունը,  որովհետև տատիկիս կամ մայրիկիս բաղադրատոմսով են արված։ Գիտեք, մեկ էլ, որ պահին ես դու երջանիկ, երբ «տուլիկ» ես ստանում։ Նյութս լրիվ նմանվեց Պատկանյանի «Փորսուղին Ավագը» պատմվածքին, ինչ ասացի՝ ուտելու հետ էր կապված։

Երբեմն մտածում եմ՝ ինչպիսի՞ն կլիներ իմ ուսանողական կյանքը, եթե ես չգայի Երևանում սովորելու, ու հարցս մնոմ է անպատասխան։ Պատճառը ակնհայտ է: Ես ուղղակի չէի սովորի, քանի որ իմ ծնդավայրում՝ Դարբասում, համալսարան չկա։ Ա՜խր, ինչո՞ւ են բոլոր համալսարանները կենտրոնացված Երևանում: Չէ՞ր կարող, օրինակ, բժշկական համալսարանը լիներ Իջևանում, իսկ ԵՊՀ-ն՝ Կապանում։ Դա  ինչ որ չափով կկասեցներ ներքին միգրացիան դեպի Երևան և խթան կհանդիսանար այդ քաղաքների զարգացմանը։

Խոսքս, իհարկե, համալսարանների մասնաճյուղերի մասին չէ, այլ հենց բուն համալսարանի։

Երևանը կարծես քաղցկեղ լինի՝ օր օրի աճում է և խանգարում մնացած մարզերի զարգացմանը։ Երևի վերջում Երևանը այնքան է մեծանալու, որ ամբողջ Հայաստանը Երևան է դառնալու։

Արդեն մոտենում է ձմեռը, ու ես  կարոտում եմ մեր վառարանի  կողքին հատակին փռված գորգը,  որի  վրա անցնում էին իմ ձմեռները, թեյնիկի թշթշոցը, որի մեջ պատրաստվում էր իմ ուրցով թեյը, տատիկիս պատրաստած թթուները ու մեծ կաթսան, որի մեջ միշտ շատ տաք ջուր կար, բայց չգիտեմ՝ ինչի համար։

-Տատ, ինձ թթու կուղարկե՞ս:

-Ախր, ո՞նց ուղարկեմ, այ բալամ, կյալինց  կոտես:

-Տատ, բայց ոչի՞նչ, որ Նոր տարուն եմ գալու…