jora petrosyan

Փորփրելով արխիվը…

Ո՞րն է հին ժամանակները հիշելու ամենալավ միջոցը. իհարկե, լուսանկարները։ Փորփրելով դարակներս, գտա մի խունացած ալբոմ՝ լի նկարներով։ Նկարներ, որոնք նայելիս ակամայից կարող ես տխրել կամ ուրախանալ, հուզվել ու լցվել կարոտով։ Կարոտ, որը կապված է մանկության ու դրա հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Մարդիկ, որոնք գուցե այլևս չկան, ընտանիքներ, որտեղ չկա առաջվա խինդն ու երջանկությունը։ Նայում ես, զարմանում ու միաժամանակ հասկանում, թե մարդը որքան անկարող է ժամանակի հանդեպ։ Ժամանակը քայլում է, իսկ մենք չենք կարողանում կանգնեցնել այն, գոնե մի վայրկյան, մի ակնթարթ։ 

Թերթում եմ նկարները ու տեսնում մեր հին, դեռ չվերանորոգված տունը։ Տան դիմաց ես եմ ու իմ ընտանիքը։ Բոլորը կան նկարում. ծնողներս իրար կողքի կանգնած, ես՝ իմ մոր գրկում, քույրերս՝ մեր կողքերին, իսկ տատիկը՝ հորս մյուս կողքին։ Պատերը խարխլված են, ու ասես նկարից փչում է նկարի մեջ երևացող փտած փայտերի հոտը։ Տունը հին է, բայց մթնոլորտը այնքա՜ն ջերմ ու տաք։ Այժմ առաջվանը չէ ո՛չ տունը, ո՛չ էլ ընտանիքս։ Ընտանիքիս ջերմությունը պահպանվել է, բայց անդամների քանակն է պակասել. երեք քույրերս ամուսնացել են, ու բազմանդամ ընտանիքը դարձել է չորս հոգուց բաղկացած փոքր ընտանիք՝ ես, ծնողներս ու տատս։

Թերթում եմ ու հասնում մեկ այլ նկարի, որտեղ նշում ենք իմ ծնունդը. ես եմ, դիմացս՝ տորթը, իսկ գրկումս՝ քրոջս տղան։ Գիտե՞ք ամենաշատը ինչը գրավեց ուշադրությունս։ Մի խաղալիք ավտոմեքենա, որը նվիրել էր ինձ իմ հորեղբայրը։ Ու ամենահետաքրքիրն այն է, որ այդ խաղալիքը մինչ այժմ կա։ Անմիջապես անցա խաղալիքը գտնելու գործին ու գտա՜։ Ինչքա՜ն հիշողություններ… Ունեցա նույն այն զգացողությունները, որոնք ունեցա այդ խաղալիքը առաջին անգամ «վայելելու» ժամանակ։ Ուրախացա, հետո տխրեցի ու սկսեցի հորեղբորս կարոտը այդ խաղալիքից առնել։ Ֆիզիկապես նա չկա, բայց հոգեպես ինձ հետ է…

Խաղալիքը ասես մի գանձարան էր, որտեղ պարփակված էր իմ մանկության ողջ պատմությունը։ Փաստորեն իրերն էլ հիշողություն ունեն։

Խորասուզվել էի նկարների մեջ ու հանկարծ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը հարվածում սենյակիս պատուհանին։ Անձրևն էր թակում պատուհանը։ Եղանակն էլ քիչ-քիչ դառնում էր իմ տրամադրությանը համահունչ։ Մնում էր ընդամենը մի բաժակ տաք թեյ, ծածկոց ու երաժշտություն։ Վերջ, ամեն ինչ արդեն շատ լավ է։ Շարունակում եմ նայել նկարները ու հասկանում, որ լավ ժամանակները փչացնում են մարդկանց, նրանք դառնում են չար, ընչաքաղց ու ագահ՝ ձգտելով անիրականալի շքեղության, մոռանում մարդկային բարի ու պարզ հարաբերությունները։ Ո՞ւմ է պետք նյութական շքեղությունը, երբ չկա հոգու խաղաղություն։

Մարդիկ վազում են այն բանի հետևից, որն իրականում իրենցը չի…