elizabet harutyunyan

Փրկվելու միակ միջոցը

-Փրկվելու միակ միջոցը մահն է։ Օրինակ՝ դու, վախենո՞ւմ ես բարձրությունից։
-Չէ։
-Բարձրության հետ կապված երազանք ունե՞ս։
-Հա։
-Պատմի՛ր, ես ուզում եմ լսել մարդկային երազանքների մասին։
-Ունեմ երազանք բարձրության հետ կապված՝ պարաշյուտով թռիչք կատարել։ Ունեմ երազանք ջրի հետ կապված՝ հատուկ վանդակով լողալ շնաձկան հետ։ Ունեմ երազանք մարդկային սիրո հետ կապված՝ մորս հետ նույն օրը մեռնել, չէ, չբարկանաս, ես չեմ ուզում մորս մահը տեսնելով՝ ինքնասպան լինել, այլ հակառակը, ուզում եմ մայրս ինձ էլ ծերացնի, ու միասին նույն օրը մեռնենք։ Ու եթե առաջին երկուսը կախված է ինձանից, վերջինի համար ես ամեն օր եմ աչքերս թրջում…

Հավատացեք, ես գնահատում եմ կյանքը, ավելի ճիշտ՝ կյանքը չէ, մարդկանց։ Օրինակ՝ դուք, քանի՞ տարեկան եք։
-Մոտ կես դար գլորել եմ, ունեմ երեխաներ, ամուսին։
-Էդ դեպքում ինչո՞ւ հետ չէիք քաշվում, երբ տեսաք ավտոմեքենան։
-Չէի տեսել։
-Իսկ եթե ասեմ, որ ստում եք։
-Հա, չեմ ուզում փչացնել նոր սերունդը իմ խնդիրների պատճառով, հա, աղջիկս, ես էլ չէի ուզում տեսնել խնդիրների շարան։
Տիրեց լռություն, ես տեսա դիմացովս անցնող 269 համարի երթուղայինը, բայց այս կնոջը մենակ թողնելու ցանկություն չկար։ Հենց այն պահից, որ մեջքից նրան առաջ հրեցի, ինձ տանջում էր մի հարց.
-Լավ, իսկ ձեր երեխաներն ու ամուսինը ձեր այդ քայլից հետո ի՞նչ պետք է անեին։
-Մեկ ուտող բերան կպակասեր։
-Չէ՛, երկու աշխատող ձեռք կպակասեին, մեկ աշխատող ուղեղ կպակասեր, մեկ սիրող սիրտ, ու կկոտրվեին ձեր երեխաների սրտերը։
Այս կինը լռեց, ես էլ լռեցի։ Նա կանգնեց, նայեց ինձ, կյանքում հաջողություն մաղթեց և գնաց։ Ես հանեցի իմ վառ կարմիր ականջակալները, միացրի երաժշտությունը և քայլեցի դեպի կանգառ։ Ես պետք է ճանապարհն անցնեի, կարմիր մարդուկն ինձ ստիպեց կանգնել: Այն նստարանից, որտեղ նստած էինք ես և այդ կինը, ում անունը ես այդպես էլ չիմացա, մինչև անցումը ես չէի մտածում, ես լուռ կիսաժպիտով քայլում էի, շրջվում և նայում այդ կնոջ քայլերին, որոնք դանդաղ հեռանում էին ինձնից։ Կանգնած դեղին գծերից առաջինի վրա՝ ես կարծես վերապրում էի կատարվածը։ Դանդաղ երաժշտության ներքո այդ կինը դանդաղ քայլերով գնում էր առաջ, ահա և ես, գնում եմ նրա հետևից, հասա նրան, քայլում եմ կողքով՝ հասկացնելով մեքենաներին, որ պետք է ճանապարհ տան, ահա և մեկը, որը չուզեց զիջել, տեսնում եմ ինչպես հրեցի կնոջը առաջ և ես էլ առաջ գցեցի ինձ, այդ կնոջ հետևից ես գնացի դեպի նստարանը, որից հիմա հետ եմ գնում։

Օ՜հ, կանաչ մարդուկը, մտածում եմ… Ես ականջակալների կարիք չունեմ, փակում եմ ականջներս մարդկանց չլսելու համար, սակայն հետաքրքիր բան տեսնելիս՝ հանում եմ։ Մենք՝ մարդիկս, տարօրինակ ենք։