Մաքենյաց Վանք

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Մաքենյաց վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մաքենիս գյուղում՝ Վարդենիս քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ համանուն գետի ափին: Վանք հասնելու համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհից պետք է մտնել Ծովակ գյուղ, ապա՝ Լճավան և հասնել Մաքենիս: Եկեղեցին գտնվում է գյուղի գլխավոր ճանապարհի աջ կողմում:

Վանքն ունի ընդարձակ և պարսպապատված բակ, որի զգալի մասը հատկացված է գերեզմանոցին, որտեղ այլևս թաղումներ չեն իրականացվում: Վանքի մասին տեղեկություններ է հաղորդում Ղևոնդ Ալիշանը՝ իր «Ծիսական» գրքի 65-70-րդ էջերում. «Մեծահամբավ Մաքենոց մենաստանն իր հռչակով ամենահինն է ամբողջ Գեղամա երկրում»: Ըստ Ալիշանի՝ վանքերն ու մենաստանները սովորաբար բնակավայրերից են իրենց անունն ընդունում, իսկ այս վայրը Մաքենիս է կոչվել մենաստանի անունով, որովհետև այստեղի կրոնավորների զգեստները եղել են մաքենի կամ օդենի (ոչխարի մորթին է) նյութից: Այն անվանել են նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից պատրաստված լինելու պատճառով:

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Լուսանկարը՝ Վահե Դաբաղյանի

Վանքի և միաբանության ծաղկուն շրջանը սկսվել է 8-րդ դարից՝ շնորհիվ Սողոմոն Մաքենացու: Նա 701թ.-ին այսեղ գրում է «Տոնական» եկեղեցական կանոնակարգը, որը 1170-ին Ներսես Շնորհալին վերցնում է և կիրառում հայկական մյուս վանքերում: Սողոմոն Մաքենացին այստեղ հիմնում է նաև դպրոց, որտեղ ուսանել են Ստեփանոս Սյունեցին (Ստեփանոս Քերթող), Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղիվարդեցին: Միջնադարում վանքն այնքան հռչակավոր է եղել, որ պատմիչ Մովսես Կաղանկատվացին այն բնորոշել է «մեծ մայրաքաղաքն Մաքենացւոց»: Վանքում է պահվել XI դարում Եդեսիայից բերված կենաց փայտի մասունքով Մաքենյաց Սբ. Նշան խաչը: 855 թ.-ին Մաքենյանց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ:

728-ին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները ներխուժել են Գեղարքունիք գավառ, սպանել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյանց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները: Մինչև այդ, խույս տալով վտանգից, Մաքենյանց վանքի միաբանության կեսը Սողոմոն վարդապետի գլխավորությամբ տեղափոխվել է Զրեսկ վանքը, մյուս կեսը՝  Արցախի Եղիշե առաքյալի վանքը: Լքված և ավերված վանքը 788-ին վերականգնել է Սողոմոն Գառնեցին:

IX դ. վերջին Սյունյաց իշխան Գրիգոր Սուփանը Մաքենյանց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն կից՝ հյուսիս-արևելքից, սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին և վանքը շրջապատել բարձր պարսպով: Նա Մաքենյանց վանքին նվիրել է նախիրներ և այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում և 5 կրպակ՝ Անիում:

Այսօր էլ Մաքենյաց վանքում վանական-ճգնավոր է ապրում: Նա մեզ ընդառաջ եկավ վանքի ներսում: Իմանալով իմ ուսումնական հավակնությունների մասին՝ ասաց. «Եթե մարդ լավ կրթված է, բայց չգիտի Աստծո խոսքը՝ կարող է մեծամտանալ»: Ուստի ինձ խորհուրդ տվեց օրական գոնե 10-15 րոպե հատկացնել Աստվածաշնչի ընթերցանությանը և մասնակցել պատարագներին: