marat sirunyan

Քաղցրահամ խաղողի դիմաց՝ դառնություն

Արարատյան դաշտավայրն իմ երկրորդ «հայրենիքն» է՝ Լոռիից հետո: Մայրս այնտեղ է ծնվել ու հասակ առել, ես էլ հաճախ եմ լինում այնտեղ՝ փոքր ժամանակ առավել հաճախ: Արարատյան դաշտավայրի ինձ ամենաշատ գերող մասը դա իմ անդավաճան սերն է՝ Մասիս սարը: Բայց չեմ կարող թաքցնել, որ ինձ գերում են նաև այնտեղի քաղցրահամ ու դյութիչ մրգերը: Հատկանշական է այնտեղի ծիրանը, դեղձը, տանձն ու խնձորը, խաղողը… Խաղողը՜… Իրականում այնքան էլ խաղողի սիրահար չեմ, բայց ամենևին էլ չեմ հրաժարվում նրան վայելելու հաճույքից: Ես Արարատյան դաշտի մրգերից գրեթե բոլորի մշակմանը, հավաքմանը և այլ աշխատանքներին մասնակցել եմ, բայց խաղողի հետ կապված ոչ մի աշխատանքի չէի մասնակցել մինչև վերջերս…

Խաղողահավաքի շրջանն է, ու ես այցելել էի պապիս տուն՝ մի քանի օրով: Իմ այցելության ժամանակը համընկավ նրանց այգու բերքահավաքի հետ: Եվ առիթ ընձեռվեց մասնակցել այն գործին, որով երբևէ չէի զբաղվել:
Պարզվում է՝ խաղողաքաղը՝ հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ, նաև համեղ գործընթաց է: Մարդիկ հավաքվում են, գործը բաշխում իրար մեջ ու անցնում գործի: Աշխատանքն ավելի համ ու հոտով է դառնում նույնատիպ խոսք ու զրույցի շնորհիվ: Իսկ երբ հեռվից էլ քեզ նայում ու ոգևորում է Արարատը, դա արդեն հիանալի է: Այդպիսի աշխատանքից ձեռք բերած հոգնությունն էլ արդեն հաճելի է թվում:

Խաղողը հավաքում էինք, լցնում բեռնատար ավտոմեքենայի մեջ, որը գործի ավարտից հետո պետք է ուղևորվեր գործարան: Գործը քիչ-քիչ առաջ էր գնում, խաղողի վազերը հերթով թեթևացած շունչ էին քաշում, Մասիսն էլ հեռվից մեզ էր հետևում ու փայլփլում էին նրա ձյունե մազերը՝ արևի ոսկե ճառագայթներից:
Վերջապես ավարտեցինք աշխատանքը: Մեքենան բեռնված էր: Հանգստանում էինք ու գուշակում, թե մոտ որքան կկշռի հավաքված բերքը.

-Մի հեչի պես` հինգ տոննա կլինի:
-Չէ հա, մի քիչ քիչ՝ մի չորս, չորս ու կես տոն:
-Է՜հ, կարևորը ղսմաթով լինի…

Եվ նմանատիպ այլ զրույցներ: Ես վերջին անգամ եմ այդքան մոտիկից հիանում իմ անդավաճան սիրո գեղեցկությամբ, ճիշտ է՝ Արարատյան դաշտավայրի ամեն կետից էլ երևում է Արարատը, բայց պապիս այդ խաղողի այգուց շատ ավելի մոտ ու գեղեցիկ էր երևում այն:
Ժամանակն է գալիս ուղևորվելու տուն: Գնում ենք, քննարկում օրվա ընթացքում տեղի ունեցածները, բերքի առատություն-սակավությունը, ու սպասում ենք լուրին՝ որքա՞ն է կշռել մեր հավաքած խաղողը:

Օրը փոխվում է: Հաջորդ օրն առավոտյան լինում է սպասված զանգը, բայց այնքան էլ չսպասված լուրով: Պարզվում է՝ աչքաչափով ամեաքիչը չորս տոննա կշռող խաղողի քնակը հազիվ երեքուկես տոննա է եղել, իսկ նախօրոք հայտարարված ընդունման գումարը (մեկ կիլոգրամը՝ 130 դրամ) իրականում 110 դրամ է եղել:

Այնպիսի տպավորություն էր՝ կարծես պարզապես ծաղրում են գյուղացուն: Նրա աշխատանքը արժեզրկում են ու հավասարեցնում ոչնչի: Ամբողջ տարին քրտինք թափած, հողի ու ջրի հետ կռիվ տված գյուղացուց կարելի է ասել՝ գողանում են բերքը:

Մեկ օր առաջվա այն ոգևորությունն այլևս չկար, դրան փոխարինելու էր եկել խոր հիասթափությունը: Ու ամենավատն այն է, որ ոչինչ էլ չեն կարող անել խեղճ գյուղացիները՝ բացի համակերպվելուց. ոչինչն էլ օգուտ չունի…

Ի՞նչ անի հասարակ ռանչպարը, երբ պետությունն անգամ չի կարողանում վերահսկել այդ ամենը: Սեփական պետության ներսում բացահայտ թալանում են մարդկանց, ու դա մատնվում է անուշադրության: Ու այդ ամենից մարդիկ ելքը միայն գտնում են արտագաղթի մեջ:

Քաղցրահամ խաղողը մշակողի բերանում դառնանում է, խաղողահավաքին պայծառացած Մասիսը մռայլվում է, ամոթից ու տխրությունից ամպերով պատում երեսը: Գործարանատերերը, պետական որոշ այրեր ու պաշտոնյաներ էլ օր-օրի կլորացնում են արդեն իսկ այդպիսի փորերն ու տռզացնում գրպանները` թքած ունենալով նրանց վրա, որոնց շնորհիվ են հասել այդ ամենին…

Չմոռանամ ասել, որ նախորդ տարվա խաղողի դիմաց հասանելիք գումարն էլ շատերին դեռ չեն վճարել…

Ուշքի եկ, կառավարություն, քեզ պահող ուժն օր-օրի նվազում է… Հայրենիքի իրական տերերը հիասթափված թողնում-գնում են, վաղն ուշ կլինի, խաղողի վազերի փոխարեն՝ տատասկ ու փուշ կլինի…