shushan stepanyan portret

Մի քանի բան

Բարև: Այս անգամ պիտի շատ մեծ անցում կատարեմ իմ մշտական հուզական-զգացմունքային մտքերից ու մի քիչ խոսեմ քաղաքական հարցերից, իմ տեսանկյունից: Քաղաքականությունից ես գրեթե գլուխ չեմ հանում ու առհասարակ նման թեմաների շուրջ քննարկումներ աշխատում եմ չանել: Երբ հեռուստացույցով մի պատգամավոր էր խոսում, ես հավատում էի այն ամենին, ինչ նա ասում էր, ինձ համար այնքան բարի էր թվում, ու անմիջապես տանը հարցնում էի. «Մա՛մ, պա՛պ, էս մարդը բարի ա, չէ՞, նենց լավն ա ինձ թվում»: Անկեղծ եմ ասում, միշտ նույն հարցն էի տալիս, ու ի զարմանս ինձ, հերթական անգամ մի նոր «բարի» կերպարի մասին էի իմանում:

Բայց ասեմ, որ վերջին անհավատալի ու հրաշքով լցված դեպքերից հետո հեչ պետք էլ չէ քաղաքականությամբ զբաղվել, մտածել-խորանալ: Մի տեսակ կարծես բառն իրենով ինձ համար իմաստային փոփոխությունների է ենթարկվել ու շատ «թեթև» բառ դարձել:

Երեք ամսից ավելի է արդեն, որ մի տեսակ ազատ հոգի է ներսումս, ու անընդհատ ինձ թվում էր, որ նորից հետ կգան հին ժամանակներն ու հին բարքերը: Շատ վատ է. թերահավատ էի:

Քանի որ ընդհանուր առմամբ շատ չեմ ուզում խորանալ ու վստահ էլ չեմ, թե կկարողանամ ինչ-որ շատ ճիշտ վերլուծություններ անել, ուղղակի կնշեմ մի քանի բան, որ հեղափոխության ընթացքում ու վերջերս դուրս չեն գալիս:

Մարդկանց մի տեսակ կա, որ միշտ բողոքում են, ծնված օրվանից «բողոքի գիրք» են: Ու հեչ կապ չունի՝ իրենց շուրջը լավ բան է կատարվում, թե ոչ, իրենք միշտ բողոքում են: Հեղափոխության հենց սկզբից մինչև հիմա մի խումբ կա, որ միշտ վատ-վատ բաներ է գրում վերջին սենց հավես օրերի ու դեպքերի վերաբերյալ: Ու ամեն անգամ, որ կարդում եմ, ուղղակի մտածում եմ. «Նախկին ժամանակները պիտի լիներ, որ սուս-փուս ապրեիք, անհույս-անճար»: Որ գրում եք՝ «Սաղ սուտ ա, դերասանություն ա», կամ որ՝ «Հեչ բան էլ չի փոխվել, էս ա թանկացել, էն ա թանկացել, էս ինչ ջահել կադրեր են եկել նախարար դարձել» ու նման բաներ, հասկացեք էլի, որ խնդիրը ձեր մեջ է, քանի որ երկար ժամանակ է՝ ժողովուրդը վաստակած նման ազատություն չի տեսել, ու դրա համար էլ շատերիդ թվում է, թե այս ամենը կեղծ է: Գոնե հիմա, խնդրում եմ, եթե լավը չեք տեսնում, վատը մի գրեք: Ախր, բոլորս հազիվ հասել ենք հասարակության շոշափելի, ոչ թե թափանցիկ երջանկության:

Եվ ինչո՞ւ եք այդքան ծանր տանում երիտասարդ կադրերի ավելացումը: Երևի հիմա էլ պիտի մնային հմուտ, փորձառու «շատակերները», որ ձեր սրտով լիներ: Հակառակը, շատ լավ է, որ երիտասարդ են. ժամանակին ու հասարակության պահանջներին համընթաց են գնալու: Իհարկե, ես չեմ ասում, որ տարիքով աշխատակիցներ չպիտի լինեն, բայց երիտասարդները ավելի լավ գիտեն, թե հիմա ինչն է պահանջվածն ու առաջնայինը:

Շատ պարզ հասկանում եմ, որ մշտական բողոքելը գալիս է թերահավատությունից ու սեփական վախերից, որ ձեզ հետ հավասար մեծացել է, ու ինքներդ անգամ հիմա խոսքի ազատությունից չեք համարձակվի օգտվել:

Ինչևէ, ինչ եմ ուզում ասել՝ հավատացեք, ամեն ինչ իրական է ու հրաշքի լույսով ողողված: Ու մեկ էլ մի բողոքեք, հա, այդքան: Վերջին դեպքերից մի քանի վիդեո դրեք նայեք ու վերլուծեք: Այս ամիսների ընթացքում միշտ կուլ տվող, համակերպվող ժողովուրդս դարձավ պայքարող, չհանդուրժող ու իր ուզածին հասնող, դարձավ սիրված ու հասկացված: Եվ վերջապես հասանք խոսքի այն ազատությանը, որն իսկապես կոչվում է ազատություն, որով մարդիկ, իրոք, արտահայտում են իրենց հուզող հարցերն ու անվախորեն բողոքներ անգամ հնչեցնում այս կամ այն հարցի շուրջ: Սրանից ավել թերևս էլ ի՛նչ:

Մի բան էլ, որ հեչ սրտովս չէ: Մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն տրված հնարավորություններն ու ազատությունը չափի մեջ օգտագործի: Եթե վերջին դեպքերից հետո բոլորս ազատ խոսում ենք ու չենք մտածում, որ այ, հեսա վերջներս կգա, չի նշանակում, որ հիմա պիտի շահագործենք մեզ տրված այսքան առավելությունները: Մեկի սիրտը ցավում է՝ վարչապետը պիտի ընտիր բժիշկ գտնի, մեկի աշխատավարձը քիչ է՝ շուտ պետք է բարձրացվի, մեկի երեխային բակում նեղացրել են՝ բաց նամակ է գրում: Ամեն դեպքում սուբորդինացիան ու կարգուկանոնը լավ բաներ են, որոնք անպայման պիտի կիրառվեն: Ինչ-որ հարց բարձրաձայնելիս էլ մի քիչ անանձնական խնդիրներ շոշափեք. կառավարությունը հասարական կառույց է և ոչ անհատական:

Մի բան էլ ասեմ, ու չասեք, թե՝ ինձ ինչ: Այդպես էլ չհասկացա ցույցերի ժամանակ մեքենաների վրա նստած կարճ շորտերով աղջիկներին, մեքենաների պատուհաններից կիսով չափ ընկնողներին, ամբողջ ընթացքում նկարվողներին: Մի տեսակ տպավորություն էր, որ հեղափոխությունը իրենց համար նորովի կատարելագործվելու միջոց է: Ցույցի ես եկել, ռեալ պայքարի մտիր ու խոսքդ, ասելիքդ ներկայացրու, բոլորի հետ հավասար գոռա, քայլիր ու այնքան ծափ տուր, որ ափերդ ցավից չկարողանաս շարժել: Մի կողմից, հա էլի, ինձ ինչ, բայց մյուս կողմից էլ՝ հայ աղջկա կերպարը միշտ պիտի իր ճիշտ տեղում լինի, ուզում է՝ բողոքի, ուզում է՝ կռվի, ուզում է՝ երգի. հայ աղջիկը ուրիշ է, ու չափն էլ շատ սիրուն բան է:

Մի քիչ լավատես եղեք, բողոքելու ու պահանջելու փոխարեն էլ փորձեք ինքներդ ստեղծել, նախաձեռնել ու ինքերդ տալ, նվիրել: