marat sirunyan

Քարերի ծառի տերը

Իրիկնամուտին հեծանիվով շրջում էի Վանաշեն գյուղում։ Անցնում էի գլխավոր ճանապարհով, մեկ էլ տեսնեմ՝ քիչ հեռվում, ճանապարհի կողքին, մի փոքր երեխա, ձեռքին իրեն համապատասխան չափսի՝ փոքրիկ բահ, ինչ-որ բանի վրա է տանջվում։ Մոտեցա․

-Բարի իրիկուն, էս ի՞նչ ես անում։
Մի պահ զարմացած նայեց դեմքիս՝ անծանոթ էր, հետո նորից իր գործին անցնելով պատասխանեց․
-Փշերն եմ հանում, բարև։
-Օգնե՞մ։
-ՉԷ՜։
-Լավ․․․
Մի փոքր առաջ շարժվեցի, մեկ էլ․
-Լա՜վ, օգնի․․․

Ծիծաղեցինք, հետ գնացի, վերցրի բահը․
-Էս ի՜նչ էլ մեծ ա։
-Հա բա․ իմ բահն ա։
-Անունդ ի՞նչ ա, քանի՞ տարեկան ես։
-Անունս Սիսակ ա, վեց տարեկան եմ։
-Բա ասում ես՝ ինչի՞ ես էս փշերը հանում,- խոսքիս տեր կանգնելով շարունակեցի նրա գործը։
-Բա ի՞նչ անեմ, ծակում ա։
-Քե՞զ։
-Ինձ էլ, հեծանիվիս էլ,- ջղայնացավ,- ակը ծակել էր։
-Փաստորեն մուռդ ես հանում, հա՞,- սկսեցի ծիծաղել։
-Դե հա, համ էլ հանեմ, որ հեծանիվս սարքեմ, ստեղով անցնեմ, էլի չծակվի ակը։
-Հա՜, ես էլ հանեմ, որ իմ հեծանիվի ակն էլ չծակի, հա՜։
-Հա բա։
-Բա մութն ընկնում ա, է, ինչի՞ ցերեկով չես անում։
-Ցերեկը շոգ ա, համ էլ մեր տունը մոտիկ ա։
-Բա դու ձեր տա՞նն էլ էս գործ անում։
-Հա։
-Ի՞նչ գործ։ Էս բահո՞վ։
-Հա՜, բահով խո՜րը փոս եմ փորել։
-Ինչի՞ համար։
-Սիրուն քարեր էի հավաքել, փոսը փորեցի, դրանք մեջը դրեցի ու թաղեցի։
-Թաղեցի՞ր, էդ ինչի՞։
-Ի, որ աճի, սիրուն քարերի ծառ ունենամ։
Էնպես լուրջ-լուրջ, հույսով ու սպասումով պատմեց՝ ժպտացի․․․
-Հը՞, էսքանը հերիք ա՞,- մի քանի փուշ հանելուց հետո հարցրի ես։
-Հա՜, ես էլ եմ հանել, էլ չի ծակի։
-Ապրես, ուժեղ տղա։
-Բա ես կառատե եմ պարապում, կանաչ գոտի եմ։ Լավ, գնամ դաշտ։
-Ի՞նչ կա դաշտում էս ժամին։
-Մերոնք էնտեղ քաղհան են անում։
-Հա՜, գնում ես օգնե՞ս։
-Դե՜ հա, ուղղակի չեմ կարում քաղհան անել․․․

-Դե, չմոռանաս, որ քարերի ծառն աճի, ինձ անպայման կկանչես՝ տեսնեմ: