Սպասվում է կարկտախառն անձրև

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Արդեն ժամը յոթն անց կես էր, ու երեք ժամ անդադար պարապելուց հետո ընկեր Հայրյումյանին փորձում էինք համոզել մեզ տուն թողնել: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Ու չհամոզելով՝ մնում էր հավաքվել, սթափվել ու շարունակել պարապելը:

-Մինչև ժամը ութն անց կես կհասցնենք 15 հատ էլ գրել:

-15 հա՞տ:

-Հա, պիտի ամեն ինչ անենք, որ Նարեկը հանգիստ գնա քննության:

-Ախր, արդեն էլ չենք կարողանում շարունակել,- հազիվ լսվեց Լյուբայի հոգնած ձայնը:

-Չէ, գրենք, որ իմ խիղճն էլ հանգիստ լինի:

-Լավ, դե երեխեք, մի հատ թարմանանք ու շուտ-շուտ դա էլ վերջացնենք:

Լյուբան ու Նարեկը ինձ հետ մաթեմ են պարապում: Իսկ ընկեր Հայրումյանը մեր ուսուցիչն է, որին շատ երախտապարտ ենք մեր մաթեմի գիտելիքների համար: 15 վարժություն էլ պիտի հասցնեինք գրել մեկ ժամում մաթեմատիկայի պարապմունքի ժամանակ:

Դեռ ութը չկար, երբ պայծառ ու արևոտ եղանակին հաջորդեց մռայլը: Հեռուստացույցով հաղորդել էին, որ մոտ երկու-երեք օր անձրևոտ, նույնիսկ կարկտախառն եղանակ է սպասվում: Մենք էլ մտածում էինք, որ «այսօրն» արդեն անցավ, և այլևս ոչ մի անձրև չի գա: Ու այդ կուտակված ամպերից համ ուրախացանք, որ վերջացավ այդ օրվա երկար ժամեր տևած պարապմունքը, համ էլ վախենում էինք ու սարսափում մտածել մարդկանց տանջանքի՝ հողերի ու այգիների մասին: Քանի դեռ հորդառատ անձրևը չէր սկսվել, փորձեցինք հասնել տուն: Ճանապարհին պարզ լսվում էին կարկտակայանների՝ կարկուտը ցրելու փորձերը: Այդ ձայներից սարսափած ու վեր թռնելով՝ մի կերպ արագ քայլերով հասա տուն:

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Երբ հասա տուն, հարևան տատիկի խոսքերին հետևելով՝ ես ու եղբայրս որոշեցինք շենքի պատուհաններից մեկի տակ աղ լցնել: Ճիշտ է՝ չեմ հավատում նման բաների, բայց լսելով տատիկին՝ լցրեցի այնպիսի մի վայրում, որտեղ աղը չէր տրորվի:

Եկանք տուն, մոմերը պատրաստեցինք. սպասում էինք լույսերի անջատվելուն: Այնքան մթից չէինք վախենում, ինչքան ամպերի գոռգոռոցից ու կարկուտից: Այսպես անցավ կես ժամ, բայց դեռ անձրև չէր եկել ու չէր էլ գա: Ավելի ճիշտ՝ եկել էր, բայց դա չի կարելի անձրև համարել, քանի որ դեռ չէր հասցրել անգամ գետինը թրջել:

Դեռ լույսերը չէին տվել, երբ դադարեց ամպերի գոռգոռոցը, և անցավ կարկուտի վտանգը: Երբ պատուհանից նայեցի, արդեն մութ էր, ու երկնքում շողում էին բազմաթիվ աստղեր: Մութ սենյակում ուրախության ճիչով բարձր գոռացի.

-Ուռա՜:

-Ջեմ, քեզ ի՞նչ եղավ:

-Մամ, էլ անձրև չի գա:

-Ինչի՞ց ենթադրեցիր:

-Դեռ անձրև չի եկել, ամպերը հանգստացան, դրսում քամի է՝ էլ չի թողնի անձրև գա, համ էլ՝ երկնքում աստղեր կան:

-Դե, արի մի տեղ նստի, մինչև լույսերը տան:

Ուրախությամբ, բայց ոչ թեթևացած սպասում էի լույսերի միանալուն, որ զանգահարեմ տատիկին ու հարցնեմ՝ արդյոք անձրևը հարևան գյուղերին վնաս տվել է, թե ոչ: Ճիշտ է՝ տատիկը հարևան գյուղերից մեկում է ապրում, բայց այդպիսի իրավիճակում բոլորը մեկը մյուսին զանգահարում ու հարցուփորձ են անում:

Օրս ուրախությամբ ավարտվեց, քանի որ շնորհիվ Արմավիրի մարզում գտնվող կարկտակայանների՝ գյուղս, երևի Արմավիրի մարզի բոլոր գյուղերը նույնպես, փրկվեց կարկուտից:

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Լուսանկարը՝ Ջեմմա Պետրոսյանի

Հաջորդ օրը հեռուստացույցով լսեցի, որ քաղաքում՝ Երևանում է լավ կարկուտ եկել: Միակ դեպքն էր, որ ուրախացա, քանի որ այդ եթերի տվյալներով ոչ մի մարզում կարկուտ չէր տեղացել: Կարկուտը ցրելու ժամանակ մայրս ասում էր՝ էս մի տեղ խփեց, հիմա հասկանում եմ, թե որտեղ է խփել: Երևանում ապրողները թող ինձ եսասեր չհամարեն, որ ուրախանում եմ Երևանում եկած կարկուտի համար: Պարզապես քաղաքում բերրի հողեր, այգիներ չկան, իսկ գյուղում մշակվող բերքից օգտվում են նաև քաղաքացիները:

Ու այսպես, ամեն եղանակային փոփոխության հետ գյուղացին մեծ տանջանք է կրում: Սկզբում ցանիր ու մտածիր՝ արդյոք լա՞վ կաճի, թե՞ չէ, հետո մտածիր՝ ինչպես պահպանել եղանակային վատ պայմաններից, որ չփչանա բերքը, հետո էլ՝ ձեռքով փորիր, քաղհանիր, որ մոլախոտերը «չխեղդեն» բույսերը:

Խեղճ գյուղացի… Ինչքան հիշում եմ՝ ամեն տարի Հայաստանի տարբեր մարզերում տարբեր ժամանակահատվածներում կարկուտը «հարամում» է գյուղացու բերքը: Այս տարին էլ ցավոք բացառություն չէ: