lida armenakyan-2

«Քոնը քու նման խավասով ինգերներ ինան»

Հարցազրույց տատիկիս` Լիդա Վիրաբյանի հետ, ում նախնիները Տիգրան Մեծի ստեղծած ու Նժդեհի երազած հայրենիքում են ապրել:

-Տատ, դու որտե՞ղ ես ծնվել:

-Հայաստանում եմ ծնվել, հենց Եղվարդում:

-Քո արմատները որտեղի՞ց են:

-Էն ժամանակվա Պարսկահայքի, հիմիկվա` Իրանի Խոյից:

-Բա ե՞րբ եք եկել:

-Ես չեմ հիշում: Ապուպապերս են եկել:

-Մամայիդ կամ պապայիդ պապիկ-տատիկները, թե՞

-ՉԷ: Մենք իրենց յոթերորդ սերունդն ենք արդեն:

-Ինչո՞ւ են վերադարձել Հայաստան:

-Երբ ես էլ քո պես հետաքրքրված, իմ տատին եմ էդ հարցը տվել, ասել է, որ Հայաստանը մեր հայրենիքն է:

-Կարո՞ղ է մի հետաքրքիր պատմություն իմանաս էնտեղի կյանքից, որով իմ հետ էլ կկիսվես:

-Գիտեմ: Տատիս մարն (տատիկի տատը) է իրեն պատմել: Հիմա պատմեմ, դու` նախանձիր: Ես էլ եմ նախանձել:
Երբ երեխա են եղել ու լողացել են Կապուտանի (Ուրմիո) ջրերում, տատիս մարը փորձել է ձուկ որսալ: Առավոտից էնքան է մնացել լճի ափին, որ քնել է, ու իրեն իր հերն է եկել տուն տարել: Երբ տանը հերը հարցրել է, թե ինչ էր անում, որ տուն չէր եկել, ասել է, որ սպասում էր մի ձուկ բռներ: Էդտեղ բոլորը ծիծաղել են ու բացատրել, որ աղի է ջուրը, որի պատճառով ձկներ չեն լինում:

-Տատ, այ տատ, բա կարո՞ղ է իմանաս` ինչով էին զբաղվում էնտեղի ժողովուրդը:

-Դե տղամարդիկ շինարարություն էին անում, ուրիշ ի՞նչ կար: Կնանոնց մեծամասնությունն էլ տնային տնտեսուհիներ էին:

-Ուրա՞խ ես, որ Հայաստանում ես ծնվել:

-Ուրախ եմ ու հպարտ: Որ ջահել էի, շատ էի ուզում էնտեղ լինել, էն ուրիշ հայրենիք է, էն ուրիշ է, ուրիշ: Բայց դե տարիներն անցան, ջահելությունս էլ հետը, հիմա էլ հո չե՞մ գնա:

-Էնտեղի բարբառով ի՞նչ կմաղթես ինձ ու հասակակիցներիս:

-Դե ի՞նչ ասեմ, է: Քոնը լինքյը փող, պայց շնորխքով, ու քոնը քու նման խավասով ինգերներ ինան: