limit Grigoryan

Քո ցավը, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ է

Քո ցավը, ՀԱՅՐԵՆԻՔ,

կրակե շապիկ է.

հագնում եմ` վառում է,

հանում եմ` մեռնում եմ:

 

 Վարդգես Պետրոսյան

 

Աշունը՝ մահաշունչ, քամին՝ ցնորված, ժողովուրդը՝ խելագար․․․

Քամին սուրում է, թվում էր՝ մեղեդի է նվագում, որի մեջ կար ցավ, կսկիծ։ Պտտվում էի  Եռաբլուրում ու չգիտեի՝ ինչ անել․ խելագարվե՞լ էի։ Նկարները ժպտում էին այնքա՜ն կենդանի, որ թվում էր՝ տղաները կողքիս կենդանի կանգնած են, որ ուզեն՝ զրույց կբացեն, կպատմեն ինձ հայրենի լեռների մասին, իրենց տեսած պատերազմի, որ մենք հազիվ թե կռիվ-կինոներում ենք տեսել ու իրականում պատկերացում էլ չունենք։ Ախր, մենք ի՞նչ ենք տեսել, ի՞նչ գիտենք․ չէ՞ որ մեր կյանքը սահմանափակվում է տաքուկ անկողնում քնելով, իրար հետ սրճարանում մի բաժակ թեյի շուրջ զրուցելով և․․․ ինչևէ։

Նայում էի նկարներին, մտովի զրույց բացում, երբ կողքից լացի սաստիկ ձայներ էին լսվում, ձայներ, որ հոգին հանում են մարդու։ Աջ ու ձախ էի նայում, երբ տեսա մի տիկնոջ, ում հայացքի մեջ գտա նախնիներիցս մի կտոր, հայացք, որի մեջ կար ցավ, տառապանք։

Կի՞նը, գիտե՞ք ինչպիսին էր․․․  Հիսունվեց տարեկան էր, հագին տարազ էր, առջևի մասի բացվածքը զարդարել էր թավշյա սև կտորը։ Երեքփեշանի արխալուղ էր հագին, իսկ փեշին կպած՝ ոսկեգույն ժապավեն։ Ճակատնոց էր կրել, շատ էր գեղեցիկ։ Ձեռքին զենք էր, և, ինչպես «Վարդանանքի» հերոսուհին, քայլում էր ու զենքով ձայն տալիս նրանց՝  գերեզմանների տակ փափուկ հողը գրկած ու հավերժի քնով ննջած իր զավակներին։  Աչքի՞ս է երևում, թե՞ այդ կինն է ցնորվել։ Վախենում էի մոտենալ, ո՞վ է , ի՞նչ է ուզում։ Գլխումս անհամար հարցեր էին պտտվում, պատասխաններն էի ուզում իմանալ։ Վախը գրպանս դրած՝ մոտեցա կնոջը, ով, չնայած իր տարիքին, սարսափելի ծեր էր երևում։ Գուցե ցավի՞ց։ Մոտեցա և․

-Կներեք, ո՞վ եք Դուք, ինչո՞վ կարող եմ օգնել Ձեզ։

-Ես՞ (քմծիծաղ տվեց, դա նշան էր այն բանի՝ իբրև չես ճանաչու՞մ)։ Դու օգնես ի՞նձ։ Ինձ հիմա ոչ ոք չի կարող օգնել, իսկ ովքեր օգնել են, պաշտպանել են ինձ, այժմ դարձել են հավերժի ճամփորդ։ Տե՛ս, նայի՛ր (ձեռքի զենքով շիրիմներն էր ցույց տալիս)։ Գնա՛, աղջիկս։

-Ի՞նչ, ի՞նչ եք խոսում։ Մի րոպե, ախր Ձեր զարդերը, հագուստը․․․ Ի՜նչ ծանոթ են։ Դուք այն տա․․․

- Այո՛,  Արցախի տատիկն եմ, այն տատիկը, որ խորհրդանիշ ու այցեքարտ էր հանրության  համար։

-Իրավ որ․․․

- Տեսնու՞մ ես ցավը ինչպես է հոգիս հանել, ծերացել եմ, թեպետ այդքան էլ մեծ չեմ։ Բայց գիտե՞ս քանի պատերազմ եմ տեսել․․․ 1988, 2020, 2023․․․ Քանի՜ սերունդ եմ մեծացրել, որ ապրեն ազատ ու խաղաղ հայրենիքում, բայց այդ նույն ջահել սերնդին հողին եմ հանձնել ու փայփայել։

-Հասկանում եմ ․․․

-Չէ՛․․․ Դուք ոչինչ չեք տեսել․․. Հայրենիքս հանձնել են ու  տղաներիս այստեղ են բերել, մինչդեռ նրանք իրենց հանգիստը պետք է ծննդավայրում գտնեին՝ Արցախում։

-Երևում է՝ Ձեզ  շատ են նեղացրել, հա՞։

-Ի՞նձ, ինձ սպանել են այն ժամանակ, երբ որդիներիս են տարել, երբ որդիներիս թուրքը մորթել է ու գլուխները ցցին հանած ինձ ներկայացրել, իսկ ես անզոր էի․․․ Այնքա՜ն անզոր․․․

-Հայրենի՜ք ջան․․․

-Դե ․․․ Էլ չխոսեմ ընտանիքիս անդամների մասին։

-Ընտանի՞ք, անդամնե՞ր…

-Այո՛․․․  Վանը, Էրզրումը, Սեբաստիան, Բիթլիսը․․․ Էլ ո՞րը թվարկեմ, մենք քույր-եղբայրներ ենք։ Մենք բոլորս իրարից հեռացել ենք․․․ Թուրք կոչեցյալն է բաժանել, նա, որ անգամ երկրի երեսին գոյություն չուներ, երբ մենք կայինք։

- Հայրենի՜ք ջան, ես հավատում եմ, որ գալու է Աստծո արդար դատաստանը, և մարդիկ պատասխան են տալու։

-Կույր ու խուլ աշխարհը պիտի պատասխան տա զավակներիս կյանքից անժամանակ հեռացնելու համար, հայրենիքս ծվեն-ծվեն անելու համար։ Ես ամեն օր աղոթում եմ Աստծուն՝ սպասելով ահեղ դատաստանին, իսկ  լավագույն տարբերակը ՝ համախմբվածությունն է։

***

Մենք միշտ փորձում ենք փախչել իրականությունից, որովհետև ավելի դատարկ է, քան անցյալը։ Անցյալը ինչքան էլ տխուր եղած լինի, մի տեսակ ջերմություն ունի․ իրավ որ, այդպես է։ Մենք շարունակ հիշում ենք մեր ապրած զգացմունքները, հարազատների հետ ունեցած խոսակցություններն ու արցունքների հետևից ընկած անկեղծ ժպիտները։ Երբ շրջվում ու հայտնվում ենք ներկայում, մի տեսակ ոչինչ չի արդարացնում մեր հույսերը, սպասելիքները․ գուցե մի օր ցավն ու ջերմությունը ջերմ թվան, չգիտեմ։

Մենք անընդհատ կորցնում ենք, ամեն օր ենք կորցնում, որովհետև չենք վախենում կորցնելուց, որովհետև ամեն ինչի մեջ մեղադրում ենք ճակատագրին, նախախնամությանը, բայց ոչ մեզ․․․

Ապրում ես  ու հասկանում, որ միայն ժամանակի ընթացքն է բուժում կամ պարզապես բթացնում քո ցավը․․․ Ապրում ես, ժպտում, արարում․..

Թող կանգ առնի պտույտը, հայտնվեմ այն տեղում, որտեղից կտեսնեմ անցյալը, իսկ ներկան ձեռքերումս կլինի։