mariam tonoyan

Քրիստոնյան

Ծերուկը կաղալով առաջ էր շարժվում ձեռնափայտի օգնությամբ։ Չնկատելով շուրջը եռացող աշխարհը՝ մրթմրթալով անցավ ծառուղով ու նստելով նստարանին՝ խորը հառաչեց.
-Ձախողում, ամեն գործում ձախողում ու սննկացում…
Վեր կացավ, առանց շրջանցելու ջրափոսերը, առաջ գնաց ու փորձելով հավասարակշռված քայլել՝ դժվարությամբ ուղղեց ծերությունից կռացած մեջքը։ Մեկ-երկու քայլ ևս, ու դեն նետեց ձեռքի օղու դատարկ շիշը և հուսահատ մենախոսելով՝ մոտեցավ հսկա դռանը։ Վերջին հույսն ու մխիթարությունը միայն այստեղ էր, այս դռնից այն կողմ՝ եկեղեցու պատերի ներսում…
Կար ժամանակ, երբ ինքն էլ հավատում էր ու երբեմն լինում էր եկեղեցում։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ շռայլ ու հարուստ կյանքն իր ապրելակերպից եկեղեցու դերն ու հավատը դուրս էր մղել։ Գուցե այդ է պատճառը, որ այժմ ոչինչ ու ոչ ոք չունի։
Երերուն քայլերով առաջ անցավ, մոտեցավ մոմավաճառի խցիկին, ձեռքը գրպանը տարավ, բայց ոչինչ չհանեց այնտեղից։ Գրպանը պատռված էր, իսկ վերջին մետաղադրամներն էլ անզգուշորեն այդ գրպանն էր լցրել։

Մեկ տարի, երկու, երեք… Գնալով կյանքը դարձել էր ավելի խղճուկ ու անտանելի։ Քաշվեց եկեղեցու վեհ պատերի մի փոքրիկ անկյունն ու, վախվորած այս ու այն կողմ նայելով, դողացող ձեռքով խաչակնքեց։ Գլուխը հենեց պատին ու ցածրաձայն աղոթք մրմնջաց, որն ավելի շատ պայման, քան աղոթք էր հիշեցնում։ Պայման՝ վերականգնելու կորցրած փառքն ու հարստությունը՝ իր քրիստոնեական հավատին դառնալու դիմաց։
Հազիվ ոտքերի վրա կանգնելով՝ շարժվեց դեպի դուռը, փակեց այն իր հետևից, քայլեց դեպի մոտակա այգին, մի ծառի շվաքում՝ խոտերի վրա պառկեց ու հայացքը եկեղեցու խաչին հառած՝ գալիքի հույսով քուն մտավ։