anush davtyan

Ես քեզ ազատ եմ թողնում

Երբ հոգեբանական թեստ ես անցնում, ութսուն տոկոս հավանականությամբ քեզ կասեն, որ խոր ընկճախտ ես ապրում, բոլոր գույները «փախել» են նկարներիցդ, իսկ դու ապշած կանգնած ես, դեռ լրիվ չես հասկանում՝ ինչ է կատարվում, ու անհույս փորձում ես հոգեվիճակդ կայունացնել։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև ոչ մի ուրախ, երջանիկ ու կյանքից գոհ մարդու մտքով չի անցնի գնահատել իր հոգեկան վիճակը. նա առանց էդ էլ վստահ է, որ ամեն ինչ հիանալի է, ու փոփոխությունների կարիք չկա։

Իսկ որ կասկածում ես, վստահ չես որոշմանդ վրա, որ ամեն մեկի ասածը արդեն սրտիդ մոտ ես ընդունում ու անվերջ, անընդհատ փորձում ես վերանայել մտքերդ, բոլոր կողմ ու դեմ ասածները, համացանցից գտած ամեն տեսակի նյութ, տատիկի՝ թերթից կարդացած ամեն հոդված, որ էս կամ էն ձևով առնչվում են քեզ հուզող հարցի հետ… Այ, էդ պահին արդեն, իրոք, թեստը կասի, որ ընկճախտի մեջ ես։ Ու արդեն դու էլ կհավատաս, որ սևից ու սպիտակից բացի՝ աչքիդ առաջ ուրիշ գույն չկա։

Բայց ինտերնետային թեստերը չեն, որ պիտի որոշեն մեր հոգևիճակը մեր փոխարեն, ուրիշների ոգեշնչող կամ փնովող խոսքը չէ, որ պիտի կարծիք ձևավորի: Ու այս ամեն ինչը չպիտի ուղղորդի մեզ ու թելադրի, թե ով լինենք ու ոնց գործենք։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ինձ հուզում՝ կասեմ, որ անորոշությունն է ինձ հուզում։ Երևի ամենասարսափելի բանն է, որ չես կողմնորոշվում՝ ինչ է կատարվում հետդ, ու դրա պատճառով ամեն տեսակի թույլ կամ ուժեղ ճնշումից միանգամից հուզվում ես, սկսում կասկածել։ Անտանելի վիճակ է, երբ չգիտես, թե դու ով ես։ Չեմ ասում որպես մարդ էակ, չէ՛, ուղղակի պահ կա, որ դու էլ չես հասկանում արածիդ նպատակը։ Ու հենց այդ ժամանակ խորհրդի կարիք ունես, բայց թարսի պես ում հարցնում ես, ամեն մեկը մի բան է ասում։ Դե արի՛ ու հասկացի՛ր, թե որ մեկին լսես։

Օրինակ՝ անցյալ տարի չէի կողմնորոշվում, թե ուր դիմեմ, որ բուհ գնամ ու ինչ անեմ կյանքիս հետագա տարիներին։ Շատ շփոթված էի, ուզում էի միանգամից ամեն ինչ դառնալ, բայց միևնույն ժամանակ ոչ մի բան սիրտս չէր գերում։ Տանը վեց հոգով ենք ապրում, ու այդ վեցից հինգը ինձ լրիվ տարբեր առաջարկներ էին անում, թե ուր դիմեմ։ Շատ թե քիչ, մի բան որոշեցի, գնացի մի ուղղությամբ, որը ինձ չէր համապատասխանում։

Վախ կա, որ սխալվել եմ, որ էս ճանապարհն ինձ էդպես էլ նորմալ տեղ չի հասցնի, ու պարբերաբար հիշում եմ դրա մասին։ Ու էսպես, վախը սրտում, առաջ եմ գնում, բայց նույն ժամանակ ինձ ուրիշ տեղում էլ չեմ պատկերացնում։

Ու էսպիսի մտքերով ինտերնետ ես մտնում, հոգեբանական թեստ գտնում, անցնում ու հասկանում, որ էն աստիճանի տառապյալ էակ ես, որ անգամ թեստն է դա հասկացել, դեռ մի բան էլ քեզնից լավ։ Այդ զգացումը մեջդ է ապրում անընդհատ, միտք էլ չունի գնալու։ Բայց ամեն ինչն էլ ավարտ ունի, չէ՞. «Happy end» են ասում։

Իմ ու անորոշության ուրախ ավարտն էլ բաժանումը կլինի։ Չէ՛, մենք իրար չենք սազում։ Ես քեզ ազատ եմ թողնում։