marine israyelyan

Օտարություն

Հրաժեշտի պահին ամենաճիշտ բանը գնալն է, և նա գնաց՝ կրծքի տակ սեղմելով հուզմունքից բարձրացող փոթորիկը: Ծանր, մշուշապատ հորիզոնում բարձրահարկ շենքերը վեր էին խոյանում՝ իրենց կողքին շեշտելու իմ նվաստությունը. ժամանակից արագ սլացող գնացքով ես մեկնել էի օտար երկիր: Ողջ երկրագունդը ջերմացնող արևն այնտեղ գորշ էր, սառը, մառախուղի թաց կաթիլները նստում էին թարթիչներիս վրա և խոնարհում հայացքս, ցուրտը սառեցնում էր ոսկորներս, ոտքերիս տակ գետինն էր երերում. հայրենական հողս չէր: Շուրջս վխտում էին թաց գետնի պես գորշ վերարկուները, որոնց մեջ մարդիկ չկային, ճերմակ օձի պես մարմնիս էր փաթաթվում արհամարհանքի ալիքը՝ իր լպրծուն սառնությամբ սեղմելով հոգիս. ես զատված էի գորշ վերարկուների այդ հասարակությունից:

Կյանքում առաջին անգամ ինձ որբ զգացի. մինչ ոտքերս ծակծկվում էին օտար հողի անբարյացակամությունից, մտքիս մեջ ավելի ու ավելի թանձր մշուշով էր սքողվում հեռվում, ինչ-որ տեղ ծվարած հայրենիքիս կնճռոտված հայացքը, խոնավությունից թրջված ձեռքերիս մեջ զգացի այդ հայրենիքիս հողից մի բուռ և խոնավ հաճույքով մատներս խրեցի նրա մեջ, հողը բուրեց մանկությանս երազների քնքշությամբ: Արցունքներով թրջեցի ափիս հայրենիքը և համբուրեցի սիրածին վայելող սիրահարից ավելի կրքոտ ու մայրական համբույրից ավելի ջերմ: Հողն աղահամ էր. այն հեռավոր երկրում անցյալի բերրի հողերի այժմյան աղիությունն էր դա, իսկ նրա զավակները ցրվել էին աշխարհի այն հողերի վրա, որոնք ծակծկում էին իրենց ոտքերը: Ես հայր չունեի, հայրենիք չունեի. նրանք հավերժորեն հեռու էին: Արյունը, ցամաքող աղբյուրի նման, լցվում էր սրտիս մեջ և լճանում, սրտիս սափորում նվաղուն թպրտում էր նշույլ մի, որ հրաժարվեց չար Պանդորայի ձեռքով դուրս թռչել կաշկանդիչ պատերից, հույսի փշուր մի. հազար տարի հետո ես պիտի տեսնեի հորս, և գրկիս մեջ նրանից առնեի հայրենյաց հողի բույրը: Հազար տարին ոչինչ է Բուդդայի համար, որ կարող է միևնույն դիրքով նստած փակել հավերժությունից ծանրացած կոպերն ու վայելել հազար տարիների հանգիստը: Դառնալ Սֆինքս և նայել Սահարայի ավազե ժամացույցին. ես տեսնելու էի հորս… Մերկ օվկիանոսի ծոցում դատարկ նավակով օրորվող աղետյալ էի՝ կես բուռ ջրի կարոտով տոչորվող: Ես փակում էի աչքերս և զգում կենարար հեղուկի շփումը ճաքճքած շրթունքներիս, ջուրն այնպե՜ս քաղցր էր. ես ըմպում էի սեփական արյունս:

Օտարություն էր, հայրենիք չկար, ես որբ էի, որ ինչ-որ տեղ հայր ուներ, ես ողջ ուժով ձայնում էի նրան, բայց այդ ճիչը ասեղի նման խրվում էր կոկորդիս մեջ, խտացված լռությունն էր ճեղքում անտարբեր երկնքի կուրծքը: Հայրս բռիս մեջ մնացած հողի փշրանքն էր, այնտեղ, որտեղ դրանից շատ կար, կարող էի այդ քարախառն հողը քրտինքով ջրելով՝ արևահամ խաղող ստանալ, բայց եկա այս անսիրտ ափերում այն արցունքով ջրելու: Նույն աղն ու ջուրն է, օտար մշուշում ես անպտուղ էի, ես հայր չունեի, հայրենիք չունեի:

Մենակ էի, մրսում էի, մարմնիս բյուրեղներով էի զգում վրաս հառված ֆոսֆորափայլ կայծկլտացող աչքերի բազմաթիվ զույգեր: Ես օտար էի, և շուրջս մեղմորեն սեղմվում էր բազմաթիվ գայլերի օղակը, իմ էությունը պիտի հոշոտվեր, հողը հոսում էր ոտքերիս տակից. ես հայր չունեի, չունեի հայրենիք:

Տուն էր, խոնավ երեկոներին վառարանի բոցավառ կրակի մոտ ննջում էի հորս գրկի մեջ, և հեռավոր արևելքի զրնգուն դափերի ու սուլթանների հեքիաթային հարստությունների մասին պատմությունները, նրա՝ հողի նման հանդարտ ձայնով օրորում էին իմ երազները: Կորել էին արևելքն ու դափերը, սուլթաններն ու գանձերը չքացել էին, հայրենիքը միֆ էր, հայրը չկար, և օտարության դալուկ մշուշը պարուրում էր ինձ:

Ես ձուլվում էի այդ մշուշին ու վերանում. ես փոշի էի: