zarine kirakosyan

Օրերը

Օրերը մեզանից կհեռանան դժգոհ, չգնահատված  մի քիչ, մի քիչ հիասթափված,

Բայց մեկ է, ամենից շատ մենք կսիրենք էլի բազմոցը,
Եվ ամենահարմար դիրքը չմտածելու համար:

Օրերը նորից կգան  նոր սպասումներով,
Մենք չնկատելու կտանք հին ծանոթի նման,
Ալարկոտ կշնչենք, կհորանջենք
Ու կփորձենք չբռնացնել մեզ մտածելու վրա:

Օրերը մեզանից շատ փորձ ունեն կրկնվելու,
Էլի կգան հանգիստ, խստապահանջ,
Մեզ հետ կխոսեն սպառնալիքներով,
հետո  չեն էլ սպասի, որ գիշերով գնան,
Կասեն ու կգնան:

Հետո մենակ կհաղթենք այդ բոլոր օրերին,
Ու բազմոցի հետ սերը  անբաժան կդառնա,
Օրերը կսկսեն մեզ հետ էլ չվիճել,
Ձեռքերը կլվանան մեզնից
Ու ուսուցչի նման կնստեցնեն վերջում, կմոռանան
Կգան ու կգնան,
Կգան ու կգնան: