Շատ հաճախ, երբ ես ինչ-որ իրադարձության մեծ նշանակություն եմ տալիս, մեծ ոգևորություն եմ ցուցաբերում, դրանք չեն իրականանում, կամ փոփոխվում են…
Փոխվեց նախօրոք ծրագրված ևս մեկ իրադարձություն: Ես պետք է գնայի եզդիների յայլաները նկարահանելու, բայց քնելուց առաջ ինձ իմ սենյակակիցները տեղեկացրեցին, որ փոխվել է որոշումը: Տիկին Ռուզանն ասաց, քանի որ Մանեն այսօր վատառողջ է, թող այնտեղ չգնա:
Չեմ կարող ասել, որ նեղվեցի: Բայց չկարողացա պատկերացնել , թե ի՞նչ թեմա եմ նկարելու:
Լույսը բացվեց…Առաջին անգամ էր, որ պարզ երևաց Արարատը: Իՙր ճերմակ գագաթով, իՙր հպարտ կեցվածքով…Հայի հպարտությունը…
Իմացա, որ ես աշխատելու եմ «Գյուղի երիտասարդության առօրյան» թեմայի շրջանակներում: Շատ ուրախացա, քանի որ աշխատելու էի ընդունակ, ընկերասեր մարդկանց հետ:
Աշխատանքները սկսվեցին: Պետք է նկարահանեինք երիտասարդների, որոնք աշխատում էին օդերևութաբանական կայանում, իսկ օրվա մյուս հատվածն էլ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Սակայն այս թեման էլ փոփոխվեց, քանի որ տղաներից մեկի հորը հիվանդանոց էին տեղափոխել: Անկեղծ ասած, ուրիշ պայմանավորվածություն չկար, սակայն նկարահանումը պետք է սկսեինք:
-Ոչինչ, կիջնենք գյուղամեջ, ու այնտեղ կցրվենք տարբեր ուղղություններով, – ասաց Սիսակը:
-Բա որ չթողնե՞ն նկարել, բա որ կոպտե՞ն:
-Մենք ձեր կողքին ենք, համ էլ բյուրականցիները շատ բաց ու հյուրընկալ մարդիկ են:
Մեքենան կանգնեց գյուղամիջում: Աղբյուր-հուշարձանի մոտ երեք պապիկ էին նստած:
-Բարի լույս, ինչպե՞ս եք: Մենք Երևանից ենք, այս պատանիներն էլ պատանի ռեժիսորներ են, որոշել են ձեր գյուղի մասին ֆիլմ նկարել: Ի՞նչ խորհուրդ կտաք,- նրանց մոտեցավ տիկին Ռուզանը:
-Երևանի՞ց եք, ասում եք` կինո՞ եք նկարում… Մեր եկեղեցիները, ձորը նկարեք, սիրուն բան շատ կա,- ոգևորվեցին պապիկները:
-Էդ էլ կնկարեն, բայց երեխեքը ուզում են մարդկանց մասին նկարել:
-Եկեք` տանեմ իմ արհեստանոց,- ասաց պապիկներից մեկը, հետո իմացանք, որ անունը Կոլյա պապիկ է,- ես էստեղից մի 500 մետր վերև եմ ապրում,- տուրիստներ էլ են գալիս նայում: Ես երաժշտական գործիքներ եմ սարքում: Դարբնոց էլ ունենք:
-Գնացինք, ոգևորվեցինք մենք ու առաջ ընկանք:
Ճանապարհին տարբեր դարպասներից հետաքրքրասեր երեխեք էին ծիկրակում, հետո դուրս էին գալիս ու մեզ ժպտում:
Այնքան հետաքրքիր է գյուղական մարդկանց մտածելակերպը: Ոմանց նկարելիս դու արժանանում ես հարգանքի, իսկ ոմանց…
- Ամերիկացիներ են եկել,- բղավում էին երեխեքը ու զարմացած մեզ նայում:
Այս օրվա ընթացքում ամենաշատ լսվող նախադասություններից մեկն էր: Որպես պատասխան.
- Չէ, հաՙյ ենք, Հայաստանից ենք:
Մինչ մեր մի խումբը երաժշտական գործիքների վարպետ Կոլյա Թորոսյանին էին նկարահանում, մյուս խումբս էլ որոշեցինք, որ պետք է նկարենք, թե ինչպես են երեխաները խաղում գնդակով: Խնդրեցինք նրանց, որ իրենք խաղան և պատկերացնեն, որ մենք այդտեղ չենք:
Նկարելիս մենք չէինք խոսում, որպեսզի մեր ձայնը չլսվի:
- Ես ինչի՞ չեն իրենց հետ թարգմանիչ բերել,- էլի հարցնում էին իրար:
Թարգմանի՞չ…Շատ հետաքրքիր է, իմ ինչի՞ն է պետք թարգմանիչը, երբ ես գիտեմ իմ մայրենի լեզուն` մտածում էի ես:
Ավարտեցինք փոքրիկների խաղի նկարահանումը:
-Շնորհակալ եմ երեխաներ,- ասացի ես, և արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ ականջիս հասավ…
-Վա՜յ, հա՞յ են : Ինչ ամոթ ա,- գյուղի հարսներից մեկի շուրթերից լսեցի այս խոսքերը:
Վաղն էլ ենք նկարահանելու: Արդեն չենք ամաչում մոտենալ անծանոթ մարդկանց, ծանոթանալ, խոսել, թույլտվություն խնդրել…
Իսկ Բյուրական գյուղի բնակիչներն իսկապես շատ մարդամոտ ու բացսիրտ են: