davit aleqsanyan

Օֆ, է, մի ժամ էլ կա

Վեցերորդ ժամն էր: Անկապ նստած էի դասի: Դասամիջոցի զանգը հնչելուն պես դուրս եկա դասարանից, բայց հանկարծ հիշեցի, որ դեռ մի ժամ էլ դաս ունենք, և մտքիս մեջ ասացի. «Օֆ, է, մի ժամ էլ կա»:

Իմ չսիրած դասերից մեկն էր: Նորից անհավես նստած էի: Որոշեցի նյութ գրել: Տանը չեմ հասցնում գրել: Նյութս գրելու հետ մեկտեղ մտքով հասա երազանքներիս անհավատալի գոյություն չունեցող դպրոցը՝ Հոգվարթս: Լավ, սա մի կողմ: Վերադառնանք դասարան: Ընկերս դաս էր պատմում, իսկ ես, նստած նրա առջև, լսում էի ինչ-որ ագահություն, խիղճ, քրիստոնեություն և այլ նման բառեր: Դե, Հայոց եկեղեցու պատմության ժամն էր: Դասին ուշադիր չէի և հանկարծ.

-Դավիթ, արի դասդ պատասխանիր,- լսվեց ուսուցչուհու ձայնը: Դե, ուզած-չուզած պիտի պատասխանեի:

-Ալեքսանդր Մանթաշյան, Գալուստ Գյուլբենկյան, Ալեք Մանուկյան…

Սկսեցի դասս պատմել: Դե, պատմել ասածն էլ ճիշտ չէ. գիրքս շրջել, կարդում էի: Զանգը խփեց: Մի տեսակ ալարելով վեր կացա, գիրքս դրեցի պայուսակումս ու գնացի տուն: Լավ, սրանից հետո էլ երևի հետաքրքիր չի լինի: