hasmik givargizyan

Հաշվետվության ճիշտ ժամանակը, առա՛ջ

Չգիտես ինչու, բայց տարեվերջին ֆեյսբուքյան էջս լցվեց ընկերներիս հաշվետվություններով, որոնք սկսվում էին մոտավորապես այսպես. «Բոլորն անում են, ասացի ես էլ ինձ հաշվետվություն տամ…»:

Ու գրում են մի տեքստ, որն իր նախադասությունների քանակով համարժեք կլիներ 17.am-ի նյութերից շատերին: Համաձայն եմ, նոր տարին շատերը համարում են նոր կյանքի սկիզբ: Իսկ ես համարում եմ հին կյանքը նորովի շարունակելու ևս մեկ, ու սովորականից ավելի մեծ հնարավորություն: Մտածում էի՝ տեսնես ինչո՞ւ են իրենք իրենց հաշվետվություն տալու փոխարեն հանրությանը հաշիվ տալիս: Հետո մի քիչ էլ մտածեցի ու հասկացա, որ երբեմն մենք ասելու, կիսվելու, ու մեզ լսողների կարիք ենք զգում: Հիմա ինքս էլ դրա կարիքն եմ զգում, ու քանի որ ես նման հաշվետվություն չեմ տվել ո՛չ ինձ, ո՛չ էլ հանրությանը, մի հետաքրքիր առաջարկ ունեմ մեզ՝ 17-ի թղթակիցներիս. հաշվետվությունները տեղափոխել սեփական ծննդյան օրվանից որոշակի ժամանակ առաջ: Այդպես մենք իրար լսելու ու իրարով հանգի՜ստ հպարտանալու ժամանակ կունենանք, ինչպես նաև մեր արած քայլերի արդյունավետությունն ավելի պարզ կտեսնենք, առանց ամանորյա հրաշքի փոշու: Չգիտեմ՝ դուք համաձայն եք, թե ոչ, բայց ես կսկսեմ:

Շուտով 16 եմ դառնալու: Քիչ առաջ կարդում էի մեկ տարի առաջ գրած նյութերս, որոնցից մի քանիսը չէին հրապարակվել: Փորձում էի գտնել սեփական սխալներս ու հիմա՝ մեկ տարի անց, ուղղել դրանք: Մեկ տարվա ընթացքում կարծես փոխվել եմ: Ինձ համար կարևոր մի օր արթնացա ու սկսեցի սեմինարների հաճախել: Պատահական գտա աղջիկների առաջնորդության ու զարգացման ամառային դպրոցի (Արքանե) դիմում-հայտը: Լրացրի ու ուղարկեցի, նույնիսկ համարձակություն էի ունեցել մոռանալ հայտի մասին, մինչ էլեկտրոնային հասցեիս նամակ ստանալու օրը: Ինձ համար այս ամենը նոր էր, ու ճամբարից հետո տուն վերադարձա ծավալուն ու հետաքրքիր գիտելիքներով զինված, իհարկե նաև նոր ծանոթություններ հաստատած: Հա, ի դեպ, ամառային դպրոցում գտնվելու ընթացքում հասցրի նաև «Մանանայի» Դիլիջանի ճամբարի հայտն էլ լրացնել: Դեռ նոր էի վերադարձել, երբ նամակ ստացա նաև «Մանանայից»: Կարծես երջանկությունն ամբողջ աշխարհից հավաքած ու ինձ նվիրած լինեին: Գնացի Դիլիջան, ու ինչպես սպասվում էր, լավ ժամանակ անցկացրի, նոր ընկերներ ու անմոռանալի հիշողություններ ձեռք բերեցի: Տուն վերադառնալուն պես շարունակեցի դեռ առաջին ճամբարից կիսատ մնացած գործս՝ փոքր դրամաշնորհային ծրագիր գրեցի: Ի ուրախություն մեր գյուղի գրադարանի ընթերցողների, շահեցի այն ու բացի հին գրքերը վերանորոգելուց, 13 նոր ու պահանջված գրքեր նվիրեցի գրադարանին: Ցավոք, այդ ընթացքում փոքր-ինչ ծուլացա նյութեր գրելու հարցում, փոխարենն ուրախ էի, որ դեռ առաջին ճամբարից ինձ ծանոթ աղջիկները իմացան 17-ի մասին ու իրենք էլ սկսեցին թղթակցել: Հետո էլի սեմինարներ, նյութեր, դպրոցական խառնաշփոթ կյանք: Գուցե այս ամենը ավելի ակտիվ կյանք ունեցող մարդկանց համար նույնիսկ ծիծաղելի թվա, բայց սա մեծ երջանկություն էր ինձ համար: Ես գոհ եմ իմ կյանքի 15-րդ տարուց ամբողջությամբ: Ես Հասմիկն եմ, ու արդեն մեկ տարի է թղթակցում եմ 17-ին. ահա և իմ հաշվետվությունը:

Սիրով կսպասեմ նաև քո հաշվետվությանը: Կարևորը հիշի՛ր, ամեն ինչ ժամանակի ընթացքում կսկսի հարթվել: