


Մեղրաշատ

Կարևորելով կրթությունը
Կյանքում ամեն բան պետք է կարևորել և բալանսավորել, ամեն ինչ պետք է դիտարկել հավասարապես, քանի որ կյանքը գործողությունների շղթա է, իսկ այդ շղթայում՝ տարբեր տարիքներում, պետք է հաջորդական շղթան լինի այնպես, որ կյանքի ամեն փուլ լինի գեղեցիկ և միևնույն ժամանակ, կարևոր։
Եթե նա լիներ գրքի հեղինակ, ապա վստահաբար կլիներ «Երբեք մենակ մի ճաշեք և նեթվորքինգի այլ կանոններ» գրքի հեղինակը, և Քեյթ Ֆերացու փոխարեն հեղինակի անունը կլիներ Մովսես Մակարյան։ Կրթությունը կարևորելով, և աշխարհի տարբեր ծայրերում ուսանելով, նա արդեն Հայաստանում է իր նորարար գաղափարներով և հայրենիքի զարգացման գործում իր դերը տեսնելով։
-Ծննդով Վանաձորից եմ, այնտեղ եմ ծնվել, մեծացել, հաճախել չորրորդ դպրոց, ապա նորաբաց մասնավոր դպրոց, հետո «Էվրիկա» բնագիտա-մաթեմատիկական հատուկ դպրոց, որն էլ կիսատ թողնելով, 14 տարեկանում տեղափոխվեցի Սինգապուր՝ կրթությունս շարունակելու։ Ավագ դպրոցը ավարտել եմ այնտեղ, ուսանելով Միջազգային Բակալավրիատ ունեցող Սինգապուրի ավագ դպրոցներից մեկում (IB School)։
Առհասարակ և հատկապես Հայաստանում դժվար է պատկերացնել այդ տարիքում արտերկրում կրթություն ստանալը։ Պատճառները տարատեսակ են, և դրանցից ամենակարևորը՝ մենակ չլինելն է։ Մովսեսը իր կրթական ուղին անցել է քրոջ՝ Մարիամի հետ, ով այս պահին բնակվում է Սիդնեյում։ Մարիամը ևս, կրթությունն իր արյան մեջ կրողներից մեկն է, ում համար նույնպես դա հանդիսանում է անհատի և երկրի հիմնաքարը։
Ճիշտ է ասված, որ մարդու կենսակերպն ու բնավորությունը դեռ շատ փոքր տարիքից է ձևավորվում։ Բնականաբար դրա վրա ազդում են բազմաթիվ արտաքին գործոններ, բայց այնպիսին, ինչպիսին մենք պետք է լինենք, դեռ գալիս է վաղ տարիքից։ Մովսեսն այս հարցում ևս բացառություն չէ.
-Դեռ շատ փոքր տարիքից միշտ ձգտել եմ ինչ-որ բան անել, նոր գաղափարներ մտածել և ձեռնարկել ուղիներ դրանք իրագործելու համար։ Վաղ տարիքից թղթի թափոններից փորձում էի նոթատետրեր պատրաստել։ Թե ինչքանով էին դրանք ստացվում, դա հարցի մյուս կողմն է։ Կարծում եմ, որ այդ տարիքում կարևորն արդեն գաղափարի առաջ գալն էր և ձգտումը ինչ-որ բան անելու։ Փոքր տարիքում շատ հաճախ ծնողներիս հետ մասնակցում էի կարևոր հանդիպումների, որոնք էլ ավելի էին ինձ ոգևորում և դարձնում նպատակասլաց։ Միշտ փորձել եմ ձգտել նորարար բիզնես գաղափարներ ձեռնարկել, որոնք կլինեն չկրկնվող և միևնույն ժամանակ, կարևոր հասարակության համար։
Քույրս միշտ եղել է իմ ճանապարհի կարևոր ուղեկիցը։ Ցանկացած հաստատությունում նա միշտ եղել է առաջինը և դարձել բոլորիս հպարտության առիթը։
Հաջողությունների և ձեռքերումների մասին խոսելը նա համարում է վաղ, կարծելով, որ դրանք այն են, ինչ պետք է լինի։ Հեռավոր ապագայի համար նպատակներ դնելը շատ կարևոր է, բայց ուղղակիորեն սպասելը նա համարում է ոչ այդքան ճիշտ, կարևոր համարելով՝ հստակ ժամանակում և հստակ վայրում որոշված և իրագործված մտքերը։
-Միշտ ցանկալի է շատ աշխատել, կապեր հաստատել, և բնականաբար երբեք նույն տեղում չլճանալ։ Աշխարհի տարբեր անկյուններում ունեմ ընկերներ, մեծ նեթվորք՝ կապեր, որոնք ամենակարևորն են ցանկացած հարցում, քանի որ միայնակ մարդը մեծ դժվարությամբ կարող է հասնել հաջողության։
Թիմային աշխատանքը ամեն դեպքում դեռևս թերի է Հայաստանում, չնայած որ դա առավելագույն կարևոր գործիքներից է հաջողության հասնելու համար։ Շնորհիվ միջազգային փորձի, Մովսեսը, ինչպես բոլոր այն մարդիկ, ովքեր կարևորում են նեթվորքը, հաստատում են, որ առանց դրա փոքր ինչ անհնար է քաոսից դուրս գալ, բանակցել, կամ ունենալ այն բոլոր հմտությունները, որոնք էլ մեզ կօգնեն առաջ շարժվել։
-Հայաստանի այս դժվար շրջանում էլ ավելի կարևոր է մոտիվացված աշխատելը, նոր միջազգային կապեր ստեղծելը, և անել անհնարինը, որ մեր հայրենիքն իր դերն ու տեղը ունենա այս աշխարհում։ Այս տեսանկյունից՝ իր դերն ու տեղն ունենա բիզնես ոլորտում։ Բնականաբար տարբեր մշակույթներում ուսանելը, այդ թվում Սինգապուր, Ավստրալիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ֆրանսիա, ԱՄՆ, միշտ էլ օգնել են հասկանալ, որ կրթությունը միայն տեսությունները չեն, այն գործնական աշխատանքներն են։
Կրթություն ասվածը նաև մարդկային փոխհարաբերությունների մասին է, որն առաջին հերթին ընդգծում է մարդու վարվելակերպը իր իսկ շրջապատող աշխարհի ու մարդկանց հանդեպ։ Անկեղծությունն ու բարությունը կրթության հիմքը պետք է լինել, որ այն չլինի անտեղի կամ ռոբոտացված, և հենց այս հատկանիշներով օժտված երիտասարդի համար, ոչ միայն կարևոր է կրթությունը կամ աշխատանքը, այլ նաև կարևոր է երկրի համար ամուր հիմքերով ընտանիք ստեղծելը, որն էլ հենց լավագույն գործը կլինի հայրենիքի համար։
-Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ միմյանց սիրեն ու հարգեն։ Հայաստանում երևի առաջին հերթին դա կփոխեի, որ մարդիկ ավելի շատ սիրեն իրար, շատ օգնեն, և մեկը մյուսին կարեկից և աջակից դառնան, լինեն ավելի բարի, անկեղծ և հանդուրժող։ Իսկ կրթության մեջ ավելի շատ կցանկանայի տեսնել պրակտիկա, որ դպրոցներում և համալսարաններում փորձի վրա հիմնվեր կրթությունը, և ուսանողները ավելի շատ փորձի փոխանակում անեին միմյանց հետ, թե’ ներսից, և թե’ դրսից։
Պետք է երիտասարդները միշտ մոտիվացած լինել միջազգային կամուրջ դառնալու և սփյուռքի հետ կապը էլ ավելի ամրապնդելու համար։ Իսկ այս գործում Մովսեսն արդեն հաջողել է։
-Այժմ Ավստրալիայում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչն եմ, իսկ 2019 թվականից՝ Ավստրալիայում հիմնադրված «Հայկական բիզնեսի զարգացման ասոցիացիա»-ի խորհրդի անդամ։ 2022-ին հիմնադրվեց eatn’act ռեստորանների ցանցը, որի համահիմնադիրներից եմ և տնօրենը։ Այն համարվում է նոր սերնդի արագ ռեստորան։ Առաջին անգամ, հենց առաջին փոքրիկ ռեստորանը բացվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողքին։ Սա ունի ավելի մեծ և միջազգային նպատակներ, և կարծում ենք, որ այն ոչ միայն հայերի սիրելի, այլ ամբողջ աշխարհի սիրելի վայրը կամ այլկերպ ասած՝ պահը կդառնան։
Իդեալական ոչինչ չի լինում, և այն ինչ կառուցվում է` հաշվի առնելով մեր և շրջակա միջավայրի ցանկությունները, կարող են դառնալ ոչ միայն մեր, այլև հայրենիքի հաջողության շարժիչ ուժերը։ Մովսեսի պատմությունը վառ ապացույցն է այն բանի, որ ցանկացած ժամանակում և ցանկացած հասարակության մեջ, կայուն և հնարավորինս անկախ լինելու համար, նախ, առաջինը պետք է ինքնակրթվել, կարևորել կրթությունը, հասկանալ դրա իրական արժեքը, և այս ամենի հետ մեկտեղ բաց չթողնել այն լավագույն պահերը, որոնք կարող են դառնալ մեր անձնական կյանքի, աշխատանքի ու մեր երկրի զարգացման ուղիներից։
-Իմ ամենաառաջին ու մեծ խորհուրդը նա է, որ երբեք պետք չէ դադարել փնտրել, գտնել, նոր գաղափարներ մտածել և իրագործել։ Լավ կլինի, որ երիտասարդները կարևորեն կրթության ոչ միայն թեորիան, այլ կարողանան այն օգտագործել գործնական կյանքում։ Պետք է կապեր հաստատել և երբեք հետ չկանգնել մեր մտքերից։
Տարիներ առաջ, երբ Վանաձորը դարձավ երիտասարդության մայրաքաղաք, շատ երիտասարդներ անվանվեցին Վանաձորի զարկերակներ, և Մովսեսը լինելով քաղաքից հեռու, ևս այդ զարկերակներից մեկը կարող էր լինել, քանի որ ինքնակրթվելն առաջին հերթին ոչ միայն մեր անձնային աճն է, այլ կայուն և զարգացած երկիր ունենալու հիմքը։
Հույս ունենք, որ շատ երիտասարդներ Մովսեսի պատմությունից անպայման կմոտիվացվեն, էլ ավելի կկարևորեն կրթությունը, և հետ չեն կանգի իրենց գաղափարներից և կանցնեն գործի։

Ամայիս` տատիս մենախոսությունը
-Ի՞նչ ասեմ… Մղկտալու պանը ի՞նչ ասեմ… Որբ մեծացած րեխա…
Հը՞ն, բալա ջան, պեպիկ ման էկել, խրձների տակին պահել են, վեր բրիգադիր Վասիլը հունձ անիլու վախտը էկել ա, տենա վեչ, վեր հասկն եմ հվաքմ, ի՞նչ ասեմ, չարդ տանեմ…
Հլա տես, էս պամիդորնին. ութն էլ մի թփից եմ քաղել…
Ի՞նչ ասեմ… Ես ծնվել եմ, հորս աքսորել են, բալա ջան, մերս էլ… Հա, իմ մերը րեխա ունենալիս չի լել, հերս վրին կնիկ ա պիրել, մի տղա ա ունեցել, հերս րեխուն վեր ա կալել, տրան տուս արել: Բայց էդ կնգանը լավ օժիտ ա տվել: Էդ օժիտի հմար հերս վեր վեչխար ա ճկիլիս լել, սևերին ա ղրաղ արել:
-Օրդ տհե սև լի,- անծել ա տա… Անեծք էր, կատարվեց…
Տրանից ետը՝ երեսունիրեք թվին, մերս իմ աղբեր Մուրադին ա պիրել, երեսունվեց թե երեսունյոթ թվին էլ ես եմ ծնվել: Մերս էդ որբերին պահել ա:
Հերս հարուստ ա լել, մերս ասմ էր՝ վեր հորս տարան, յոթ տեղնաքյունջ խալչա ունինք՝ իրար վարա տեղաշորի նման ծածկած: Կեղմ մարդիկ ին, վեր հորս փռնիլ ին տվել: Էդ մրդկերանցիցը կյողեր են ղրգել, վեր թլանեն, խալչեքը տանեն: Մեզ մի շուն ունինք, իմ մերն ասմ ա՝ Աղաբեկ աղբերս, հրողբորս աղջիկն ու ինքը, տռանը դեմ լած, հիլ չեն արել՝ պաց անեն, մտնեն մեջը:
-Ռավետը վեր զարթնեցինք,- ասմ ա մերս,- տեհա տուռը հացի կտորտանքը լիքը. շանն են տվել, վեր ուտի, իրանք մոտանան, տուռը կոտրեն, նի մտնեն:
Տհենց իմ մերը պահել ա մեզ: Էն պակաս տարենին իմ մերը, վեր հակայի կնիկ ա լել, հունձ անիլ ին տալիս տղամրդկերանց հետ, ես էլ իմ մոր ետնա պեպիկ հասկն ի հվաքմ: Մենք սովել չենք. հեկտարանոց բաղչա ենք ունացել, էդ բաղչեն վարմ ինք: Իմ աղբորը՝ երեսունիրեք թվի ծնվածին, գութանն ին ղարգմ: Իմ աղբերը քալուց առաջ բաղչի միջին գիծ էր քաշմ, ես էլ րեխա, ինքն էլ րեխա, ասմ էր.
-Կյամ տենամ, Հրանուշ, էսքանը վարել ես:
Մի օր Մուրադն ասեց.
-Հրանուշ, արի քյանք, հասկը կտրենք:
Էրկու րեխով քացինք: Աչքիս պան էր րևըմ, վենց վեր օքմենի կյային:
-Մուրադ,- ասմ եմ,- էնա օքմենի են կյալի…
-Վախիլ մի, իմ քիր, վախիլ մի, օքմի չկա…
Աչքիս էր րևըմ, թե ինչ, իմ բալա, բայց վեր էկանք տուն, Մուրադն ասեց.
-Ա՜յ թուլա, էնքան ասեցիր, վեր ես էլ վխցա…
Տհենց ապրել ենք, չարդ տանեմ, սովել չենք. իմ մերը՝ անմարդ կնիկ, կով ա պահել, ամեն ձևի չարչարվել ա, չարչարվել ա, ապրել ենք…
Դպրոց եմ քացել, վեչ կիրք եմ ունեցել, վեչ տետրակ եմ ունացել, վեչ թանաք… Բա վե՞նց դի ես դպրոց քալ. փոխվել եմ չորրորդ դասարան ու էլ չեմ քացել:
Աստղիկ ջան, մի ծեռդ մեկնի, էդ խյարը քաղի…
Հա, իմ քեռուն մի աղջիկ ուներ: Չաղ էր, կլխին մազ էլ չկար, իմը երկար էր, ծնկներիս էր թակմ: Տա նախանձմ էր. էնքան արեց, մազերս կտրեցին: Կրիշմ կախ արած էր, քամին տալիս էր, ես էլ մղկտմ ի…
Վերգինեն հեր ուներ, բրիգադիր էր, ես անհեր ի, նախանձմ ի, նախանձմ…
Ի՞նչ պատմեմ, ապրե՞լ եմ… Էլ եմ ասմ, սովել չենք, բայց լավ տուժվել ենք… Ի՞նչ ասեմ, ապրել չեմ, շունչս վրիս ա լել, բայց իմ ուզածի ապրել չեմ, հենց նհե Աստված պահել ա չրչարվիլու, տուժվիլու հմար, մինչև առ էսօր, ինչ ասեմ…
Տասնյոթ տարեկանից իմ մերը մարդի տվեց ըստեղ, մոտիկ էր, տվեց, վեր ինձ ամեն օր տենա: Ըստի էլ լավ օր չեմ տեսել. կլխիս տվել են նստցրել, վետիս տվել են կղնցրել: Իմ մերն էլ ա տուժվել, ասմ են՝ մորը բախտ, աղջկան թախտ:
Կլխի չեմ հայրիկ ասիլն ինչ ա, ինչ պան ա հայրիկը… Վերգինեն հեր ուներ… Իմ հերը լեր, ես ի՜նչ մարդ կտառնի…
Էսօր կիրակի ա, կքնաս խաչը, իմ իրեսն իրա վետի տակը, իմ բալենուն, իմ քուլփաթը պահի: Մտքմըդ կաղոթես, կասես՝ Աստված ջան, էն էրկու բալիս Ղարաբաղմ պահի… Ակոս նվեզ ա, իրա հմար շատ եմ նեղվմ, Դավիթս բլակ ունի, բայց Ակոս նվեզ ա… Քոռանամ ես, Կամոս (տղան) երեկվա րեխեն չի, պռավել ա, էն սարերմ չրչարվմ ա, քոռանամ ես… Վե՞րի մասին մտածեմ… Ի՞նչ ասեմ, բալա ջան, ասա մեղկ լես, ամայ ջան, մեղկ լես:
Զրոյից էսքանը ետ եմ քցել տառը քրտինքով, զրոյից…
Աստված ինձ ստեղծել ա վեչ խնդալու հմար… կտրի իմ օրը…
Աշխարհ ա էլի, մինը ծնվըմ ա ապրիլու հմար, մինը ծնվըմ ա տուժվիլու հմար…
Օգոստոս, 2016

Կես
Չեմ սիրում կիսատությունները, կիսատ մարդկանց, կիսատ սերը, կիսատ վերաբերմունքը, կիսատ ընկերությունը, կես ընկած ներկայությունը։ Ես պահանջում եմ, որ ինչ լինելու է, լինի լրիվ, անթերի, ամբողջական։ Հա՛, ինձ համարեք ագահ, եսասեր, մեկ է՝ չեմ հանդուրժում որպես ողորմություն նետված կիսատ-պռատությունը։ Ավելի լավ է՝ չլինի, քան թե լինի անբավական, չհերիքող։ Չեղածից լավ ինձ համար գոյություն չունի։ Եթե կա, ուրեմն, պարտավոր է լինել ճիշտ քանակով, չափով։
Եթե ես լինեի մի բազմություն, կգերադասեի սոված մնալ, քան բազմությանս մեջ կիսել մեկի բաժինը։ Կգերադասեի մենակ մնալ, քան թե երրորդի հետ կիսել իմ սերը։ Կգերադասեի գիտակցել անազատությունս, քան թե ինձ ազատ հայտարարել մեկ-մեկ ձայնս լռեցնելու համար ինձ նետված ազատությունովս։
Միշտ էլ գերադասել եմ գիշերն ուշ քնել, քան թե առավոտյան քունս կիսատ թողած շուտ արթնանալ։ Միշտ գերադասել եմ դասը չպատասխանել, քան թե կիսատ-պռատ կմկմալ։ Միշտ մտածել եմ, որ ավելի լավ է՝ գործը չսկսեմ, եթե պիտի անավարտ թողնեմ, իսկ սկսածս գործը երբեք կիսատ չեմ թողել։ Գուցե ծիծաղեք՝ ավելի լավ է ուտելիքը քիչ լցնեմ, հետո ավելացնեմ, քան թե ափսեումս կիսատ թողնեմ։
Չեմ սիրում իմ քաղաքի կիսատ շինությունները. քաղաքին անշուք տեսք են տալիս։ Տեսնելիս ուզում եմ քանդել, որ էլ չլինեն, կամ էլ՝ հնարավորություն ունենալ, վերցնել ու սարքել, մի լավ բան դարձնել։
Չեմ սիրում միջակ ուսանողին կամ աշակերտին, ով կիսատ սովորելու արդյունք է։ Սարսափելի է կիսատ մասնագետը։ Պատկերացրեք՝ կիսատ բժիշկ, որ իր կիսատ հմտություններով դեռ շատ կյանքեր է կիսատելու։ Կամ՝ կիսատ ուսուցչին, ով աշակերտի մտահորիզոնն է կիսատելու։
Չեմ սիրում կիսատ վեճերը, որ միայն փչացնում են երկուսի հարաբերությունները, բայց գոնե չեն ձգվում այնքան, որ կիսատ մնացած հարցերը պարզաբանվեն, ու ամեն ինչ առաջվանը դառնա։ Դրանից հարաբերություններն էլ շատ հաճախ կիսատ են մնում ու հետո ամբողջ կյանքում երկուսին էլ ցավեցնում։ Համոզված եմ՝ ձեզ էլ է նյարդայնացնում կիսատ ասած խոսքը.
-Եսիմինչ… Այ, Եսիմինչ…
-Հը՞:
-Հա, լավ, հեչ։
-Թո՛ւհ։
Բա կես-կատակ, կես-լուրջ ասա՞ծը։ Չգիտեմ՝ ոնց ընդունեմ, ասածից ինչ հետևություն անեմ։
Չեմ սիրում երեկոյան ճնշող կիսախավարը, ամպամած օրերը. Ես արև եմ սիրում, որն արդեն իսկ լրիվություն է։
Չեմ սիրում, որ տնային կենդանուն դուրս են շպրտում տնից, որովհետև ձանձրացել են։ Եթե պահելու եք, պահեք մինչև վերջ, ոչ թե կյանքի կեսին անպաշտպան դուրս թողեք, երբ նա ծնված օրից սովոր է ձեր հովանավորությանը։
Քանի չեմ մոռացել. միշտ էլ չեմ սիրել, որ մի բան խոստացել ու չեն արել, իրենց խոստումը կիսատ են թողել։
Եթե քեզ չի բարկացնում կիսատությունը, մի պահ պատկերացրու կիսաեփ ճաշը, խոնավ մնացած լվացքը, դեռ չհասած քո սիրած միրգը, թաց ձյունը, որ կես-անձրև, կես-ձյուն է, կիսատ մնացած հաճելի երազդ, որ ընդհատվեց զարթուցիչի ձայնից, լողանալուդ կեսից ջրերի կտրվելը, աշխատանքիդ կեսին համակարգչի անջատվելը, դու դեռ փողոցի կեսում՝ լուսացույցը կարմիրի փոխվելը, աշունը կիսատ մնացած՝ արդեն ձմեռնանալը, աշխատանքից ուշանալիս կես ճամփին մեքենայի փչանալը…
Զզվում եմ, ախր, ես էդ անտեր կիսատ էություններից, միջակություններից։ Ախր, կիսատությունն ինքնին ողորմելի է։ Ինչո՞ւ դառնանք կիսատ, երբ մենք ծնվել ենք ամբողջական։ Կիսատից ոչ մի օգուտ չկա, է՜։

Գարունը Մալիշկայում

Վերհուշ
Երբեմն ամպրոպի կամ անձրևի ժամանակ բացում էի դեպի Լինցերգասսեն նայող իմ ժամանակավոր տան պատուհանը, հենվում պատուհանագոգին ու նայում Զալցբուրգի փոփոխական եղանակին սովոր անցորդներին։ Այդ փողոցում մշտական բնակիչներ գրեթե չկային, բայց կային դեմքեր, որոնց միշտ կարելի էր հանդիպել։ Հանդիպակաց Goldene Krone հյուրանոցի առաջին հարկի բացօթյա սրճարանն ամենաաղմկոտն էր մոտակայքում։ Սրճարանի տնօրենը՝ մուգ, երկար մազերը ծոծրակին հավաքած հաղթանդամ մի տղամարդ, ամեն օր, առանց մի բառ ասելու, գարեջուր էր հյուրասիրում մայթին ծալապատիկ նստած ցնցոտիավոր մուրացկանին։ Երեկոյան, հատկապես շաբաթ-կիրակի օրերին, Goldene Krone-ից լսվում էին բարձր կենացներ, բռնկուն քրքիջ ու ինչպես իրենք են ասում՝ բաժակի երգերի աններդաշնակ ձայներ։ Այդպես էր հարբում այդ ժողովուրդը. նրանք չէին հայհոյում, չէին վիճում, ոչ մի ծեծկռտուք, երգում էին մինչև լույս, լցնում գավաթներն այնքան, մինչև կանայք չդիմանային մտախոհ հայացքով ծխախոտ վառելու գայթակղությանը, իսկ տղամարդիկ հոգնած, կիսաբաց աչքերով, սեղանին հենված հետևեին ինչ-որ կտուրի տակ դողացող կամ անձրևի տակ ճեմող, մինչև ոսկորները թրջված ժպտադեմ կանանց, որոնց եթե հարցնեիր, կհաստատեին ասույթը, թե չկա վատ եղանակ, կա ոչ համապատասխան հագուստ։ (Հաստատ կգտնվեին մի քանիսը, որոնք կառաջարկեին պաղպաղակ համտեսել՝ գրողի ծոցը անձրևը):
Չգիտես որտեղից ամենահարմար պահին միշտ հայտնվում էր հաստլիկ, ժպտադեմ ծաղկավաճառը՝ ձեռքին ալ կարմիր վարդերի մի հսկա փունջ։ Շրջում էր սեղանների արանքով, տղամարդիկ հաճախ մի ժեստով հրաժարվում էին գնել, իսկ կանայք փորձում էին անտարբեր թվալ։ Արևոտ եղանակներին փողոցը կենդանանում էր, կտեսնեիր իրար հաջորդող թափառական երաժիշտների՝ տարբեր ժանրերի երգ-երաժշտությամբ, օրհնանքի խոսքերով ողջունող անօթևանների ամեն քայլափոխի, օրաթերթ վաճառող օտարերկրացիների, տարեց հեծանվորդների, ճամպրուկը սալահատակի վրա աղմուկով քարշ տվող զբոսաշրջիկների, և մորեխի աչքեր հիշեցնող արևային ակնոցներով այն նորաոճ մարդուն՝ ձեռքին հաստափոր գրքով, որ նստում էր սրճարաններից մեկի առջև այնքան, մինչև հնչում էին կաթոլիկ քաղաքի բոլոր եկեղեցիների թնդաձայն զանգերը։ Ամեն երեկո իմ հանդիպակաց պատուհանից այն կողմ նոր մարդ էր երևում։ Հիշում եմ մեկին՝ հեռախոսով երկար ժամանակ սենյակի մեջ այս ու այն կողմ քայելով խոսելիս. փորձում էի ինքս վերականգնել ականջիս չհասնող ձայները՝ մտքումս հորինելով նրանց երկխոսությունը։ Անփոփոխ էր երկրորդ հարկի պատշգամբով տան բնակիչների առօրյան. վարդագույն ինտերիերով մի սենյակ, երեկոյան՝ հիմնականում մոմի լուսավորությամբ, բազկաթոռին մշտապես պառկած գիրուկ մի կին՝ վարդագույն տնային հագուստով հեռուստաալիքները թերթելիս։ Պատշգամբ էր դուրս գալիս երբեմն նրանց շունը կամ մի նույնպես գեր տղամարդ՝ միայն ծխելու համար, որ անձրևոտ օրերին պատուհանից դուրս կախված էր վայելում իր ծխախոտը …
….Եթե ես լոկ հոգի լինեի առանց մարմնի, գուցե այդ օրը «թրջվելու դուրս գալու» փոխարեն պատուհաններից ներս թափանցեի և փորձեի գտնել ամեն օր դեռ լույսը չբացված փողոց դուրս եկող ծերուկի տունը, որի մասին ասում էին, որ զարթնում է ժամը 5-ից, քանի որ վախենում է լուսադեմին մահանալուց։ Վախ էր, նախախնամաություն, թե մահից խույս տալու եղանակ՝ չգիտեմ։ Համենայնդեպս հաջորդ առավոտներին էլ չհանդիպեցի նրան։
Այս տարի Զատկի տոնին աշխատավայրում մի զանգ ստացա հերթական գերմանացի հաճախորդից։ Արդեն տրամադրվել էի, որ բողոք-զանգ է։ Կարճ բարևից զգացի, որ դադարը ժպիտի պատճառով է։ Ճիշտ էի։ Բարևին հետևեց մանկականի նման անմեղ, ասես միամիտ մի ծիծաղ, իսկ հետո ջերմ-ջերմ շնորհավորանքներ տոնի առթիվ։ Մարդու շունչը հազիվ էր հերիքում ձայնին ոգևորություն հաղորդելու համար։ Պատասխան շնորհավորանքիցս ուրախացած՝ անկեղծացավ.
-Մտածում էի՝ ո՞ւմ զանգեմ։
… Եթե ես միայն հոգի լինեի առանց մարմնի, երևի ցավ պատճառելու դիտավորությամբ կապտուկի դիպչելուն համարժեք հոգևոր կսկիծ զգայի, եթե դեռևս նրանց մեջ ապրելիս նկատած լինեի այդ մարդկանց խղճալի մենությունն ու իմ անսփոփ օտարությունն այդ իրականության մեջ։ Մենությունը ծերացող ժողովուրդների հիվանդությունն է։ Ես տեսնում էի լեռներում, անտառների մեջ ծվարած մենավոր տներ, քաղաքային մեծ, շքեղ առանձնատներ, որտեղ միայն մի զառամյալ ծերունի էր ապրում՝ առանց ժառանգ, ու միայն հիմա եմ հասկանում, որ իրականում մահը մահ չէ, երբ շարունակվում ես քո սերունդներում։ Ես տեսնում էի խիտ բնակեցված, բայց ասես ամայության մեջ ապրող մարդկանց ու վերջապես հասկանում ու կարեկցում եմ Հեսսեին. «Տարօրինակ է մշուշի մեջ թափառելը. մենություն է կյանքն այդտեղ։ Չի ճանաչում մեկը մյուսին, ու բոլորն են միայնակ»։
…Եվ եթե ես միայն մարմին լինեի առանց հոգու, երևի թե կկարողանայի քնել այս մտքերից հետո։
Մարիամ Տոնոյան

ԱՐԴԵՆ 125 ՕՐ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

Ջրի հերթը մերն է․․․
Աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր: Ես լավատեսորեն վստահ եմ, որ ոչ մի լավ բան երբեք կանգ չի առնի… Կա մի լռություն, որ ոչ թե տխրություն է քարոզում, իր գրկի մեջ հավաքելով միայնակների վախեցած ազատությունը, արցունքները, այլ, տարածվելով օդում, թիկնոցի պես իջնում է ուսերիդ` լրացնելով քեզ: Լիության ուրվականն է դա, բախումն է քո ու էջերի, որտեղ ուզում ես պարտվել: Ամեն ինչ քաղցր քնի մեջ էր: Կարդալիս համոզվում էի, որ դատարկությունը սպանում է այնքան, որքան զգացումները կախաղանից առաջ: Դեռ չէի ավարտել, բայց լույսը մարեց: Մութն անմիջապես կատաղած շան նման հաչեց երեսիս, թվում է՝ հիմա կմաղվեմ վախի ուժից: Օգնության կանչելով բանականությանը՝ հազիվ հասա պատուհանի մոտ: Բացեցի պատուհանը ու ձեռքս մեկնեցի՝ սպասելով, որ աստղեր կընկնեն: Հենց այդ ժամանակ երկնակամարը աքսորեց մի քանի աստղերի ու ես զգացի հրաշքի բույրը: Եվ, առհասարակ, ի՞նչ է հրաշքը: Մենք պատրաստ ենք ճչալ, որ հավատում ենք հրաշքների, բայց երբեք ի զորու չենք ճանաչել նրանց: Ես ճանաչեցի այն, թեև հազար անգամ նայել էի երկինք: Նրանցից ոչ մեկն ափիս մեջ չընկավ, եթե ընկներ էլ, միևնույն է, չէի նկատի։ Ես մոռացել էի ինքս ինձ, իրենց առաքելությունը կատարում էին միայն աչքերս: Օդը կատարյալ հանգիստ էր, ոչ մի դող չէր համարձակվում մոտենալ ինձ, մոտ մեկ ժամ չէի կարողանում կտրվել այն աշխարհից, որը ժամանակավորապես երկիր էր իջել: Գիշերվա ժամը 4-ն էր, երբ հայրս թխկոցով բացեց դուռը: Ես արագ փակեցի պատուհանը, բայց չկարողացա գլուխս կախել ու լռել, այլ սկսեցի ինձ հատուկ շատախոսությամբ նկարագրել գիշերը…
-Ջրի հերթը մերն է, մայրդ ու դու հողամասում կսպասեք, որ ջուրը գա, իսկ ես ու եղբայրդ կգնանք` ուժեղացնելու:
Բայց ես համառեցի ու, վերցնելով բահը, ճանապարհ ընկանք: Քայլում ենք, ու լուսինն ինձ համար ավելի պայծառ է դառնում: Խոսում էինք ամենատարբեր թեմաներով՝ մասնագիտությունից, երկնքից, կեղծիքից: Հանկարծ՝ մի տուն իմ ուշադրությունը գրավեց: Գիշերվա այդ ժամին մի սենյակում լույսը դեռ վառված էր: Ինչո՞ւ ես երջանկացա այն տեսնելով, ինչո՞ւ այն ինձ այդքան խորհրդավոր թվաց: Միգուցե ես հանդիպեցի ինձ մի այլ վայրում, չէ՞ որ, հավանաբար, մեկ ուրիշի մտքում էլ է խորհրդավորությունը բնակվել, երբ անցել է իմ պատուհանի կողքով:
Մի որոշ ժամանակ անց հասանք այն վայր, որտեղ սարերից եկող ջուրը բաժանվում էր 2 գյուղի միջև: Հորիզոնը ամայի էր, ու քամին իրեն զգացնել տվեց: Մի կողմում կանաչ սարերն էին, իսկ մյուսում՝ սպիտակ երեսով լեռները: Հենց այդ ժամանակ ես նկատեցի հեռավոր սարերի լուսաբացը՝ ամենաչքնաղ լուսաբացը: Հորիզոնը թույլ կապտեց, իսկ հետո դարձավ վարդագույն, որը դանդաղ իջավ լեռներից: Հետզհետե աստղերը խամրեցին, դրան զուգակցում էր բահի ու քարի բախումից առաջացած ձայնը: Լույսը տարածում էր իր իշխանությունը, և մենք վերադառնում էինք:
Երբ հասանք տուն, եղբայրս ու մայրս հողամասն էին ջրում, ջուրը մեզնից առաջ էր ընկել: Հատկապես հետաքրքրական էր այն պահը, երբ փորձեցի հասնել մորս մոտ ու տեղ հասա ցեխոտ երեսով ու առանց կոշիկների, քանի որ կոշիկներս ցեխի պատճառով մարգերի մեջ էին խրվել, մնացել։ Տուն մտա: Վերցրի Աստվածաշունչը, որ կարդացել էի գիշերը ու, համոզվելով, որ այն, ինչ եղավ ինձ հետ գրքի պատճառով էր, մեկ անգամ ևս համոզվեցի, որ բազում հիասթափություններից հետո էլ լավը կշրջանառվի աշխարհով մեկ: Չէ՞որ աշխարհի ստեղծումից ի վեր ոչինչ կանգ չի առել մինչև այսօր…
Փետրվար, 2017