Հասարակական ակտիվությունը՝ որպես պետության զարգացման նախադրյալ

Սոցիալական փիլիսոփայության մեջ ընդունված է հասարակությունը մեկնաբանել տարբեր կերպերով։ Շատ փիլիսոփաներ կարծում են, որ գոյության արժանի է միայն այն հասարակությունը, որը համապատասխանում է մարդու իրական, վեհ, անփոփոխ բնությանը։ Սա նշանակում է, որ հասարակությունը պետք է բաղկացած լինի որոշակի վեհ գաղափարներ կրող անհատներից, որոնք, տարբեր խնդիրներ լուծելով, պետությունը կտանեն զարգացման ճանապարհով։ Իսկ երբ մարդը տեղեկացված է, ունի հստակ նպատակներ ինչ-որ խնդիր լուծելու, թերություններ հարթելու, բարելավելու համար, պայքարում է, որպեսզի նպատակն իրագործվի։ Այսպես է կարծում նաև Գավառ համայնքի ակտիվ երիտասարներից մեկը՝ Անի Պետոյանը։ Անին սովորում է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ապագա քննիչ է և 16 տարեկանից սկսել է կրթությանը զուգահեռ ներգրավվել նաև տարբեր հասարակական միջոցառումներում։

-Իրավագիտության ուսումնասիրումը ոչ միայն իրավաբան, փաստաբան, քննիչ, դատավոր դառնալու համար է պետք, այլև այն միաժամանակ օգնում է ցանկացած ոլորտում, հասարակական, համայնքային տարբեր խնդիրների հետ առնչվելիս, երբ տեղյակ ես քո ու դիմացինիդ իրավունքներից ու պարտականություններից, և տեղեկացվածությամբ ու կարծիք արտահայտելով կարողանում ես որոշ դրական փոփոխություններ իրականացնել համայնքում,- ասում է Անին։

Ըստ նրա՝ ակտիվիստը պետք է իր մեջ աստիճանաբար ձևավորի վերլուծական մտածելակերպ, որպեսզի կարողանա տեսնել խնդիրն իր դրական և բացասական կողմերով, առաջնորդի հմտություններ ունենա, սառը դատելու կարողություն, համարձակություն, հաղորդակցման հմտություններ, համագործակցելու պատրաստակամություն։

Անին խրախուսում է երիտասարդների մասնակցությունը տարաբնույթ սեմինարների ու դասընթացների, քանի որ դրանց արդյունքում նրանք հնարավորություն են ունենում համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, մասնակցել մի շարք ծրագրերի ու ներգրավվել համայնքային աշխատանքներում։

20-ամյա ակտիվիստը համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ։ Դրանցից են` Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը, երիտասարդական հիմնադրամը, «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, «Դարույնկ» հասարակական կազմակերպությունը, որպես կամավոր մասնակցել է Կանանց իրավունքների պաշտպանության գրասենյակի, «World Vision»-ի կողմից կազմակերպված մի շարք ծրագրերի, կամավոր ու ծրագրային աշխատանք է տանում նաև Գավառի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։

-Բացի դպրոցի տված ֆորմալ կրթությունից՝ ակտիվությունը օգնում է ծանոթանալ ուսուցման ոչ ֆորմալ մեթոդներին, թույլ է տալիս ուժերդ փորձել տարբեր ոլորտներում, մշտադիտարկումներ իրականացնելու փորձ ձեռք բերել, մեծ ներգործություն է ունենում մտածելակերպիդ վրա, զարգացնում է ազատ արտահայտվելուդ կարողությունները, թույլ է տալիս ընդլայնել ծանոթներիդ, ընկերներիդ շրջանակը,- ասում է Անին և շարունակում,- կար ժամանակ, երբ պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի հետ հանդիպումը շատերի համար երազանք էր, բայց քաղաքացիական ակտիվության շնորհիվ դա հեշտ է դառնում։

Ինչպես ցանկացած գործ՝ հասարակական ակտիվությունը ևս ունի իր դժվարությունները։ Անին հիշում է, որ սկզբում դժվարանում էր ազատ արտահայտվել, կարծում էր, որ իր կարծիքը ոչ մեկին չի հետաքրքրի, ու գերադասում էր լռել, իսկ այժմ դժվարությունների մասին խոսելիս նա ասում է.

-Դժվարությունները պետք է դիտել որպես փորձություններ, որոնք պետք է հաղթահարել։ Երբ սովորում ես հաղթահարել տարբեր բարդության փորձություններ, դրա արդյունքում հասուն տարիքում քո առջև նոր դռներ են բացվում։ Դժվարությունների դեմ իմ առաջին և ամենակարևոր հաղթանակը բանավեճի ակումբում ներգրավվելն էր ու ազատ խոսքին, հռետորությանը վարժվելը։ Արդեն 10 տարի է, ինչ բանավեճի ակումբի անդամ եմ։ Բանավեճի միջոցով ես բացահայտեցի իմ ներսում թաքնված շատ կարևոր հատկություններ, սովորեցի կառավարել զգացմունքներս, աշխատել թիմում։ Այդ գործում իր մեծ ներգործությունն ունի նաև Գավառի պետական համալսարանը, որը միշտ խրախուսում է ակտիվ երիտասարդներին, որոնք բուհական կրթության հետ զուգահեռ ժամանակ են գտնում համայնքային ակտիվության համար։ Բուհի սաներից շատերը Գավառի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի շահառուներ են, տարբեր ոլորտներում մասնագիտացած մարդիկ, ովքեր կամավոր հիմունքներով կիսվում են իրենց հետաքրքրություններով ու երիտասարդությանը ներգրավում համայնքային խնդիրների լուծման գործընթացում։

Անին հավաստիացնում է, որ կամավոր, ակտիվ աշխատանքը վարձատրվում է նոր գիտելիքներով ու հմտություններով, նոր փորձով ու ընկերներով, և խորհուրդ է տալիս երիտասարդներին ակտիվ, տեղեկացված ու պահանջատեր լինել, ու ամենակարևորը՝ երիտասարդ մնալ, որովհետև երիտասարդությունը մարդու հետ չի մեծանում, եթե դու այն պահպանես քո մեջ, այն միշտ կուղեկցի քեզ։

Լուսանկարը` Սեդա Մխիթարյանի

Գարունը տեղ չի հասել

lida armenakyan

Տուն-մարդ

Ես քեզ սպասող նավակ դառնամ

Ու թափառեմ ծովերում

Դառնամ հերոս, որ հանուն քեզ

Պատրաստ ա միշտ զոհվելու…

                                                3.33

… Բայց դու էդպես էլ ամբողջովին չպատկերացնես քո կարևորությունն իմ կյանքում:

Սիրտդ ճենապակե բաժակ է, իսկ ես անզգույշ երեխա, ամեն անգամ, երբ փորձում եմ ավելի զգույշ վերաբերվել, ավելի կոպիտ է ստացվում կարծես: Փաստորեն ամեն անգամ վնասում եմ: Նուրբ կտոր է, իսկ ես` անփույթ դերձակ: Ասեղներով ծակում եմ ու անցքերը բաց թողնում: Բայց դու թույլ տուր ինձ՝ հաշվեմ ողերդ, ստեղծվեմ կողիցդ ու լինեմ մոտիկ: Ինձ սիրուն խոսքեր ասա, բայց զգույշ, որ սիրտս չկանգնի: Ուրախությունից միայն:

Ես ուզում եմ քեզ համբուրել մինչև երկինքը մթնի, մինչև ծովը դադարի անհանգիստ լինել, մինչև Սիրիուսը փայլի, մինչև աշնան վերջին տերևը գլորվի ներքև, մինչև ձյուն թափվի, մինչև կոպերդ փակվեն ու բացվեն ինձ տեսնելու համար կրկին:

Ես Ներուդայի պես քեզ խնդրում եմ, որ չգնաս, չգնաս այդքան հեռու թեկուզ մի օրով, որովհետև չգիտեմ ինչպես ասել՝ օրը ձգվելու է երկար: Երկար ու սիրտ կանգնեցնելու չափ ահավոր, որովհետև օրն առանց քեզ կլինի: Ուզում եմ ուրախ լինենք այնքան, որքան ես եմ քո լուսանկարած նկարներում: Միասին բարձրանանք Պիզայի թեք աշտարակը, մինչև գլխապտույտ ունենանք, գինի խմենք Ֆրանսիայի ռեստորաններից մեկում ու աշխարհի արևոտ կտուրներից մեկի վրա պիցցա ուտենք: Լսենք մեր սիրած երգերից ու լիքը գրքեր կարդանք ու քննարկենք: Նայենք հին ու նոր սերիալներ ու նեղվենք սիրելի հերոսների մահվան պատճառով: Վազենք փողոցներով ու թրջվենք վարար անձրևից։

Ես սիրում եմ քունը, սիրում եմ կարդալը, բայց «քո» լինելու միտքը սիրում եմ ամենաշատը։ Դու այն ես, ինչից կազմված են իմ երազները։ Ես ուզում եմ սողալ քո հոգու ներսն ու լսել քո սրտի մեղմ զարկերը ու նայել արյանը, որը հոսում է երակներովդ։ Լինել քո համար մեկ երկրպագուն կյանքի լավագույն որոշումներից ու դեպքերի պատահականության արդյունքներից է։ Լինել քեզ համար, երբ անհրաժեշտ է, գրկել քեզ ուժեղ ու լսել միշտ։ Ունենալ արկածներ, որոնցից շատերը երբեք չես մոռանա դու։

Երբ ես քեզ հետ եմ, ես ուրիշ եմ, բայց լավ տարբերակով։ Ես ժպտում ու ծիծաղում եմ ավելի շատ։ Ես ստիպված չեմ ձևացնել, որ ամեն ինչ լավ է, երբ այդպես չէ։ Քեզ հետ ես կարող եմ հանել կեղծ ժպիտն ու կրել իրականը։ Ես ինձ չեմ զգում միայնակ, երբ քեզ հետ եմ։ Փոխարենը ես զգում եմ պաշտպանված ու սիրված (բարեբախտաբար)։ Ես չեմ զգում ինձ անպաշտպան կամ տխուր, որովհետև ցույց ես տալիս, որ դու իսկապես մտածում ու հոգ ես տանում իմ մասին, ու դա չես ձևացնում։ Օրվա վերջում դու այն մարդն ես, ում մոտ ես ուզում եմ վերադառնալ միշտ, ում ուզում եմ պատմել՝ ինչպես անցավ օրս, ում հետ ուզում եմ կիսել ուրախությունս, տխրությունս, հաջողություններս ու ձախողումներս։

Դպրոցն իդեալական են դարձնում աշակերտները

Հարցազրույց Կոտայքի մարզի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդա Դավթյանի հետ։

-Նախ կխնդրեի ներկայանալ` ի՞նչ մասնագիտություն ունեք և քանի՞ տարի եք աշխատում որպես դպրոցի տնօրեն։
-Մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան եմ։ Որպես դպրոցի տնօրեն աշխատում եմ արդեն 25 տարի։
-Ե՞րբ է հիմնադրվել Սոլակի դպրոցը։ Քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում։ Արդյոք աշակերտների թվաքանակը նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է։
-Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Նախատեսված է եղել 658 աշակերտների համար, այժմ դպրոցում սովորում է 242 աշակերտ։ Նախորդ տարիներին գրանցել ենք աշակերտների թվի կրճատում, բայց այս տարի աշակերտների թիվն ավելացել է 13-ով։
-Ինչո՞վ է տարբերվում գյուղի դպրոցը քաղաքի դպրոցից։ Արդյո՞ք գյուղի դպրոցը ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան քաղաքինը։
-Չեմ կարծում, որ գյուղի դպրոցը որոշակի տարբերություններ ունի քաղաքի դպրոցի համեմատությամբ կամ ավելի արժանի է ուշադրության։ Երկու վայրերում էլ գտնվող դպրոցները պետության հովանավորության ներքո են գտնվում։ Պարզապես տարբեր է ազգաբնակչության վերաբերմունքը կրթության հանդեպ։ Կարելի է ենթադրել, որ քաղաքում ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթական մակարդակին, կրթության յուրացմանը, քան գյուղերում, և ես դա բացատրում եմ նրանց սոցիալական վիճակով։ Ամեն դեպքում մեր դպրոցը չունի առանձնակի ուշադրության կարիք։
-Ի՞նչ պրոբլեմներ ունի մեր դպրոցը։ Արդյոք դպրոցը ունի՞ մասնագետների պակաս կամ որևէ նյութական խնդիր։
-Այո, դպրոցը ունի մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և կերպարվեստի մասնագետների պակաս։ Կերպարվեստը մեծ խնդիր է մեզ համար։ Արդեն չորրորդ տարին է, ինչ մրցույթ ենք հայտարարում, բայց մասնակիցներ չկան։ Սա բացատրվում է ժամերի քիչ քանակով, հետևաբար նաև քիչ վարձատրությամբ։ Նյութական առումով դպրոցը ունի նորարարական տեխնոլոգիաների պակաս, մասնավորապես` էլէկտրոնային գրատախտակների և համակարգիչների պակաս։ Չնայած դպրոցի քիչ ֆինանսավորմանը՝ նախորդ տարի մեզ հաջողվեց չորս նոր համակարգիչ ձեռք բերել։
-Շրջանցելով խնդիրները՝ եկեք խոսենք դպրոցի նախկին շրջանավարտների մասին։ Ի՞նչ հաջողությունների են հասել նրանք, ինչպիսի՞ն է նրանց ու դպրոցի միջև կապը։
-Նրանց վերաբերյալ շատ տվյալների չեմ տիրապետում, թե այժմ ինչով են զբաղվում, որովհետև գրեթե կապ չկա նրանց ու դպրոցի միջև։ Բայց երբեմն առանձնակի հաջողությունների հասած շրջանավարտներին հրավիրում ենք դպրոց։ Պետք է նշեմ, որ դպրոցի շրջանավարտների 40-ից 80 տոկոսը ընդունվում են համալսարաններ, բայց չեմ կարծում, որ դա չափանիշ է, որովհետև ավարտելուց հետո իրենց համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել։ Ես հաճախ եմ տեսնում ուսանողների, ովքեր առանց աշխատանքի մնացել են գյուղում, եթե իհարկե, մնացել են Հայաստանում։ Օրինակ` մեր դպրոցի պահակը ունի բարձրագույն կրթություն, բայց ընդամենը հիսուն հազար դրամի դիմաց աշխատում է դպրոցում։ Նույն կերպ ցավով էլ պիտի արտահայտվեմ մեր ուսուցիչների մասին։ Ես ինձ վատ եմ զգում, որ բարձրագույն կրթություն ստացած և 15-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդիկ աշխատում են չնչին գումարի դիմաց, հատկապես՝ այն դեպքում, երբ երկրորդ կիսամյակում դասաժամերը կրճատվում են, քանի որ 12-րդ դասարանցիները շատ առարկաներ չեն ընտրում։
-Ի՞նչ տարբերություններ եք նկատում սերունդների միջև։ Որո՞նք են այս սերունդի դրական ու բացասական կողմերը։
-Խիստ աչքի ընկնող տարբերությունն այն է, որ ներկայիս սերունդը չի սիրում կարդալ, գիտելիքը որպես արժեք չի ընդունում։ Իհարկե, սա չափանիշ չէ բոլորի համար։ Եթե նախկինում աշակերտները մտածում էին, նոր կարծիք հայտնում, ապա հիմա կարծիքը հայտնում են, նոր մտածում։ Ներկայիս սերունդը ազատ է, ինչին ես դեմ չեմ, բայց շատ դեպքերում ծնողները ասում են, որ երեխաները իրենց չեն ենթարկվում, և խնդրում են, որ մենք քայլեր ձեռնարկենք։ Մենք էլ ազդեցության լծակներ չունենք, զուտ պետք է հիմնվել երեխայի գիտակցության ու արժեքների վրա, որոնք էլ գնալով պակասում են։ Իրական արժեքները նրանք չեն համարում արժեք։ Թեկուզ գիտելիքը մնայուն արժեք է ու իրենցն է, իրենց համար գիտելիքը նշանակալի արժեք չունի։
-Արդյոք հեղափոխությունից հետո նկատո՞ւմ եք տարբերություններ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում։
-Ճիշտն ասած՝ ես չեմ նկատել, որ ուսուցիչները բռնանան աշակերտների վրա։ Ես ինքս էլ ազատամիտ եմ եղել և խիստ փոփոխություն չեմ նկատել։ Գուցե փոփոխությունը երեխաների ազատ լինելու և ուսուցիչներին չլսելու մեջ է։ Եվ ուսուցիչները աշակերտներին զսպելու համար ընդամենը դիտողություններ են անում և չեն կիրառում չթույլատրված մեթոդներ` ֆիզիկական բռնություն և այլն։ Ուսուցիչները զգուշացվել են, որ աշակերտի վարքը չպետք է ազդի նրա գնահատականի վրա։
-Արդյոք ուսուցիչները կիրառո՞ւմ են նորարարական մեթոդներ աշակերտի ու ուսուցչի միջև անջրպետներ չառաջանալու և դասը հետաքրքիր դարձնելու համար։
-Այդ խնդրի լուծման համար աշխատում ենք ամբողջ կոլեկտիվով։ Սեմինարներ ենք անցկացնում նորովի դաս կազմակերպելու համար, բայց նորովի դաս կազմակերպելու համար պիտի պայմաններն էլ «նորովի» լինեն։ Եթե ուսուցիչը իր ողջ աշխատավարձը ծախսում է ընտանիքը պահելու համար, ապա ինչպե՞ս կարող է գնալ վերապատրաստումների, եթե ոչ մի անվճար ծառայություն չկա։ Կոնկրետ՝ ես, օգտվում եմ ռուսական կայքերից, որոնցից նյութեր եմ դուրս գրում դասեր կազմակերպելու վերաբերյալ և տալիս եմ ուսուցիչներին, բայց այդ նյութերը ևս անվճար չեմ կարողանում ձեռք բերել։ Ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ գնում են վերապատրաստման և կիրառում են դասը վարելու նոր մեթոդներ, բայց աշակերտները ևս պիտի շահագրգռված լինեն դասը յուրացնելու մեջ։
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի աշակերտը դպրոցը ավարտելուց հետո ցանկանա վերադառնալ գյուղ։ Արդյոք Սոլակը ունի՞ այդ պոտենցիալը։
-Հարցը ինքնին բարդ է և կրում է սոցիալական բնույթ։ Ես կարող եմ ասել, որ մոտ տասը տարի առաջ, երբ տուն էի գնում, փակ դռներ չէի տեսնում գյուղում, իսկ հիմա, ցավոք սրտի, շատ փակ դռներ եմ տեսնում, և դա ինձ ցավ է պատճառում։ Մեր գյուղը ևս սկսեց դատարկվել։ Առաջ այն այդպիսի խնդիրներ չուներ։ Կարծում եմ՝ երեխաները իրենք պիտի տարբերակներ առաջարկեն, որ իրենց առօրյան հետաքրքիր դառնա, և ամեն բան անեն, որ մնան գյուղում։ Գուցե դրան խանգարում է սերունդների միջև հակասությունը։ Երիտասարդները չպիտի սպասեն, որ մեծերը քայլեր անեն։ Հատկապես՝ հիմա, գյուղի նորընտիր գյուղապետը երիտասարդ է, կարող են միասին լուծման տարբերակներ փնտրել։
Ինչ վերաբերում է դասերից հետո երեխաների հետաքրքիր զբաղմունքին, ապա կարող եմ ասել, որ ուսուցիչները անվճար հիմունքներով հետաքրքիր պարապմունքներ են անցկացնում, որոնք չեն գնահատվում, և աշակերտների ներգրավվածությունը մեծ է այդ պարապմունքներին։
Այսինքն՝ երեխաներն ու ծնողները չպիտի սպասեն, որ որևէ մեկը քայլ անի, այլ իրենք իրենց հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեն։ Հատկապես հիմա, երբ ամեն բան ավելի հեշտ է ձեռք բերվում, քան նախկինում, և երեխաներն ավելի ինքնուրույն են, քան երբևէ։ Գուցե դա է այն պատճառներից մեկը, թե ինչու երեխաները չեն արժևորում այն, ինչ ունեն։
-Իսկ երեխաների ինքնուրույնությունը դպրոցում նկատելի՞ է։ Արդյոք կա՞ն ձևավորված անհատներ, որոնք միանշանակ կգտնեն իրենց տեղն ապագայում։
-Երեխաները ինքնուրույն են։ Եվ այո, ունենք անհատներ, շատ առանձնացող անհատականություններ, որոնք տարբերվում են իրենց մտածելակերպով, վերաբերմունքով։ Նրանց թիվը դպրոցում շատ է, և մենք փորձում ենք նրանց միջոցով ևս դասերը հասկանալի ու հետաքրքիր դարձնել, որովհետև, երբ ուսուցիչն է բացատրում՝ այլ է, երբ աշակերտն է բացատրում՝ այլ։ Քանի որ աշակերտները միմյանց ավելի մատչելի լեզվով են բացատրում, իրենք են առաջարկում տարբերակներ դասարանի ներսում ու իրագործում դրանք մեր աջակցությամբ։
-Եվ վերջում խնդրում եմ ասեք, թե որն է Ձեր պատկերացրած կամ գուցե երազած դպրոցի իդեալը։
-Վաղուց դադարել եմ ինձ համար իդեալներ ստեղծել, որովհետև գործ ունենք «մարդ» արարածների հետ։ Հատկապես, երբ դպրոց հաճախում են երեխաներ տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ, չեմ կարծում, որ երբևիցե կարող է իդեալական դպրոց լինել։ Եվ ես ենթադրում եմ, որ դպրոցը իդեալական են դարձնում աշակերտները, իսկ նրանք անհատականություններ են, հետևաբար իդեալական վերանորոգված ու կահավորված դպրոցը, միևնույնն է, իդեալական չէ։

mane tonoyan

Նպատակների և կիսատ չթողնելու մասին

Սիրելի’ պատանիներ, ձեզանից շատերին գուցե ծանոթ է ծնողների կողմից այդքան հաճախ հնչող «ամեն ինչ կիսատ ես թողնում» հանդիմանական արտահայտությունը: Իհարկե, այնքան էլ հեշտ չէ լսել հանդիմանություններ քո հետաքրքրությունների փոփոխականության վերաբերյալ, հատկապես, երբ ինքդ էլ չես կողմնորոշվում, թե ինչ ես ուզում: Իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ սրտանց ցանկանում ես զբաղվել ինչ-որ բանով և… Անհրաժեշտ է հաղթահարել որոշակի դժվարություններ, որոնք «անհետաքրքիր» են դարձնում նոր զբաղմունքը:

Հաճախ հենց դժվարություններն էլ ստիպում են հրաժարվել նոր հետաքրքրություններից և փնտրել ուրիշ հետաքրքրություն: Հետաքրքրությունները դրսևորվում են ինչպես գիտելիքների յուրացման ընթացքի, այնպես էլ վերջնական արդյունքի նկատմամբ: Փոփոխական հետաքրքրությունների պատճառներից է այն, որ առավել հաճախ մենք ցանկանում ենք հասնել արդյունքին` միևնույն ժամանակ, հաշվի չառնելով, չկանխատեսելով ընթացիկ դժվարություները, բախվելով դրանց, մենք միանգամից նահանջում ենք և անցնում մյուս հետաքրքրությանը: Դատեք ինքներդ` ո՞վ է մտածում, օրինակ, «Այնքան կուզենայի կիթառ նվագել սովորել»: Ավելի շուտ մենք մտածում ենք. «Այնքան կուզենայի կիթառ նվագել իմանալ»…

Երբ հետաքրքրվում ես ինչ-որ բանով և ցանկանում սովորել, օգնության է գալիս կամքը, ինչը հնարավորություն է տալիս ընտրություն կատարել, ավարտին հասցնել մեր նպատակները` կառավարելով մեր վարքը: Ինքնատիրապետման, սեփական վարքը կառավարելու համար անհրաժեշտ որակների բացակայությունը անհանգստացնում է քեզ… Դու կարո’ղ ես կառավարել քո վարքը, կազմակերպել գործունեությունդ այնպես, որ հասնես նպատակիդ, սակայն, որպեսզի վարվես այդպես, անհրաժեշտ է, որ նպատակդ քեզ համար արժեք ունենա: Երբեմն հետաքրքրություններն ու նպատակները բավականաչափ իմաստավորված չեն լինում, ինչի արդյունքում հաճախակի փոփոխության են ենթարկվում. այսօր մի բան ես ցանկանում, իսկ վաղը` բոլորովին այլ բան: Դժվարության բախվելով` դու ավելի շուտ ես հրաժարվում քո նպատակից, երբ այն բավականաչափ իմաստավորված չի լինում: Որպեսզի նպատակդ իմաստավորված լինի, մտածի’ր, թե ինչ կարող է քեզ տալ այդ նպատակը (օրինակ` ճանաչում հասակակիցների շրջանում), ինչ կարող է «խլել» քեզանից (օրինակ` ազատ ժամանակդ):

Այդպես, համեմատելով տարբեր հետաքրքրությունների դրական և բացասական կողմերը, որոշումը կայացնում ես դու:

Ավելի կամային դառնալու համար անհրաժեշտ է նաև, որ նպատակներդ հուզականորեն գրավիչ լինեն քեզ համար, անհրաժեշտ է պատասխանատվություն ոչ միայն ուրիշների, այլ, նախևառաջ, սեփական նպատակիդ նկատմամբ, ինչպես նաև արժանապատվության զգացում, ինչը թույլ չի տա, որ «ընկնես» ինքդ քո աչքից` չիրականացնելով նպատակդ: Նպատակդ իրոք պետք է ցանկալի լինի:

Իրականացնելով որևէ քայլ նպատակիդ ճանապարհին` դու զգում ես, թե ինչպես են աստիճանաբար զարգանում քո կամային որակները, դու ունենում ես դրական զգացողություն` հաղթելով ինքդ քեզ, քո վախը, քո տհաճությունը ինչ-որ բան անելու նկատմամբ…

Որպեսզի նպատակդ չլինի զուտ համառության արդյունք, անհրաժեշտ է պատկերացնել իրականացրած և չիրականացրած քայլերիդ հետևանքները: Այս հարցում քեզ կարող են օգտակար լինել ծնողներդ, հոգեբանը կամ տարբեր ոլորտների մասնագետներ (օրինակ, օգտակար է կարդալ քո կուռքի մասնագիտական կայացման ճանապարհի մասին): Եվ որ ամենակարևորն է` պատկերացրու այն զգացողությունները, որ կունենաս նպատակդ չիրագործելու կամ իրագործելու դեպքում:

Հաջողություն և կամային նպատակներ:

«Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում կազմակերպվել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էին 2-րդ դասարանի դասվար Լուսինե Պետրոսյանը և 3-րդ դասարանի դասվար Աննա Ոսկանյանը։ Թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել ու մասնակցել միջոցառմանը։

Միջոցառումը սկսվեց «Լոռեցի Սաքոն» պոեմի նախերգանքով։ Հանդիսատեսը դիտեց կարճամետրաժ ֆիլմ Դսեղի գեղեցիկ բնության մասին։

«Մեր գյուղն էն է, որ հպարտ

Լեռների մեջ միգապատ

Խոր ձորերի քարափին,

Ձեռը տված ճակատին՝

Միտք է անում տխրադեմ

Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ»։

Հետո Թումանյանը սկսեց խոսել իր իսկ ստեղծած հերոսների հետ։ Թումանյանը մեծ գորովանքով է դիմում Գիքորին, Սասունցի Դավթին, քեռի Քուչիին, Քաջ Նազարին, Սարոյին ու Անուշին։

Աշակերտները բեմադրեցին «Պոչատ աղվեսը», «Ծիտը» հեքիաթներից հատվածներ։ Բեմադրության մեջ ծիտը և աղվեսը ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար։ Քաջ Նազարն էլ հայ տղամարդուն բնորոշ վճռականությամբ և կնոջն ապացուցելու ձգտումով գնաց «քարվան կտրելու»։

Թումանյանի բոլոր հերոսները մոտ ու հարազատ են, արյունակից այնքան, որ նրանց ուրախությունն ու տառապանքը, նրանց փորձն ու փորձանքը ընթերցողինն են։ Թումանյանի ստեղծագործությունների աշխարհի դուռը բացելիս ու ներս մտնելիս զարմանում ու հիանում ես։

Հեքիաթային տրամադրությունն ընդհատվեց «Ամպի տակից ջուր է գալիս» երգով ու աղջիկների նազանի պարով։ Այսօր էլ Անուշի պես շատ սիրահարներ չեն կարողանում մոռանալ իրենց սիրած յարին։

Միջոցառման ավարտին մասնակիցները միմյանց գրքեր նվիրեցին։ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ»,- սրանք են թումանյանական խոսքերը, և իրոք, նա միշտ մեզ հետ է, քանի դեռ մենք նրան հիշում ենք։

Julieta Tamrazyan

Կոնֆետների պատմություն

Դու բաղկացած ես շատ մասերից: Խոսքը հիմա այն մոլեկուլների մասին չէ, որոնցով հետաքրքրված է գիտնականների կեսից շատը: Մենք մեր մեջ բաժանված ենք շատ մասերի: Եկե՛ք այդ մասերը կոնֆետներ անվանենք:

Դու ունես շատ կոնֆետներ, այնպես չէ՞։ Դրանցից ոչ բոլորն են քաղցր ու համեղ: Բայց բոլորը քեզնից քաղցր կոնֆետ են ուզում: Դու չես կարող նրանց տալ վատ կոնֆետ, որովհետև նրանք դա չեն վերցնի, ու դեռ մի հատ էլ կշատացնեն քո անհամ կոնֆետները: Բայց հիշիր քո համեղ կոնֆետներին: Նրանք այնքան շատ են ու այնքան լավը:

Դու գիտես՝ ամեն մեկին քանի կոնֆետ է հասնում: Բայց արդյո՞ք դու ճիշտ ես բաժանել կոնֆետները ուրիշների համար: Արդյո՞ք դու ընդհանրապես պիտի քո կոնֆետները նվիրես ինչ- որ մեկին: Կոնֆետները քո ուժերի պես բան են: Պահիր դրանք քո մեջ, որ հետո չփնտրես դրանք ուրիշների մեջ:

Գիտե՞ս՝ շատ մարդիկ կան, ովքեր քիչ կոնֆետներ ունեն: Ու քեզ լավ խայծ համարելով՝ կգան ու կոնֆետներդ կվերցնեն առանց ասելու: Իսկ դու դեռ մի բան էլ ավելին կտաս՝ մտածելով, որ գոնե մի կոնֆետ նրանցից կստանաս: Բայց դու ուղղակի կմնաս առանց կոնֆետի: Դու ուղղակի քեզ անօգնական կզգաս՝ հասկանալով, որ միակ բանը, որ ունես, քո դառը ու անհամ կոնֆետներն են: Չէ, նրանք ագահ չեն ու ունեն հազարավոր կոնֆետներ, որ ուրիշներին են տվել: Ուղղակի դու թեկնածու չես: Նրանք չեն սիրում քո կոնֆետների համը՝ չնայած նրան, որ ընդունում են քո կոնֆետները: Նրանք ուղղակի ամեն օր վերցնում են:

Քո կոնֆետներն ավելի են պայծառանում ու քաղցրանում, երբ ինչ-որ մեկին կոնֆետներ ես նվիրում: Իսկ այդ մարդիկ չեն քաղցրանում՝ քո աչքերի փայլը տեսնելիս: Բայց հենց մի օր դառը կոնֆետ տաս՝ կանհետանան կյանքիցդ:

Կոնֆետ տալը շատ հեշտ է: Բայց դու պարտավոր ես տալ նրան, ով քեզ էլ իր կոնֆետներից կտա: Ի՞նչն է քեզ ուրախացնում: Պետք չէ դա պատմել ուրիշներին, դու ուղղակի մտածիր: Գեղեցիկ երկինքը, ծակող արևը, լավ գնահատականը ու լավ ստացված նկարը, որը սոցցանցում պիտի տեղադրես: Քեզ կոնֆետ կտա լավ երգը ու գեղեցիկ կիսաշրջազգեստը: Քեզ կոնֆետ կտա, երբ քեզ գովեն, ու երբ պարի շարժումները սովորես: Քեզ կոնֆետ կտա ինչ-որ մեկի «ինչպե՞ս ես» արտահայտությունը:

Դու հավաքիր քո կոնֆետները, բայց մի տուր բոլորին անխնա: Նրանք չեն տեսնում կոնֆետը, այլ ինչ-որ թուղթ, որ վայրկենական կգցեն աղբամանը: Քո կոնֆետները ափսոսիր: Գնահատիր ամեն կոնֆետ ու մի լսիր, եթե ինչ-որ մեկը կասի, որ կոնֆետների տուփը անիմաստ բան է: Քո կոնֆետները յուրահատուկ են: Ամեն մարդու կոնֆետ յուրահատուկ է: Ինձ էդպես ասաց մի մարդ, որին ես տվեցի իմ բոլոր-բոլոր կոնֆետները: Ինձ թվաց՝ նա էլ ինձ է տալիս իր կոնֆետները, բայց ոչ մի կոնֆետ ես չստացա: Ես հիմա չունեմ էլ կոնֆետ: Ոչ էլ քաղցրություն, որ վերականգնեմ դրանք:

Ես հիմա հետ եմ բերում իմ կոնֆետները: Ու դու ինձ հիմա հազարավոր կոնֆետներ ես պարտք: Քոնը քեզ պահիր: Ես չեմ վերցնի այն կոնֆետը, որի համը այդպես էլ չիմացա: Ես միայն իմը կվերցնեմ ու կգնամ: Ես շատերին պիտի կոնֆետ տամ: Առաջնահերթը՝ ինձ է պետք կոնֆետ: Իսկ դու դրանք վերցրել ես: Ես միայն իմ կոնֆետները կվերցնեմ: Ես լրիվ վերջացել եմ:

Shushan nersisyan

Կարոտախտ

Հիվանդություններից ամենածանրն ու անբուժելին կարոտախտն է: Սա ձգձգվող, ճնշող, խեղճացնող հիվանդություն է: Սրա համար բուժման դեղամիջոցներ չկան, սրա վերջը կանխատեսելի չէ:

Ու մի օր անսպասելիորեն որոշում ես ինքնաբուժությամբ զբաղվել: Մի օր որոշում ես ինքդ քեզ թույնի նման ներարկել նրա չվերադառնալու գիտակցումը: Ու հենց կարողացար դա անել, հենց ուժերդ հերիքեցին՝ նրա չվերադառնալու գիտակցումը նստեցնելու ուղեղիդ մեջ, սկսվում է ուրիշ գործընթաց՝ ինքնադատարկման սպանիչ գործընթացը, դանդաղ հատնելու գործընթացը, ինքդ քեզ դատարկելու, ինքդ քեզ սպառելու, ինքնասպառվելու գործընթացը, հարազատիդ միջիցդ աստիճանաբար պոկելու, հանելու, գիտակցությունիցդ վերացնելու սարսափելի գործընթացը: Սկզբում մտածում ես, որ դա այդքան էլ դժվար չէ, ծայրահեղ դեպքում դժվարը սկիզբն է, բայց հետո, հետոն ավելի ծանր է:

Սկզբում միջիցդ հանում ես հիշողություններն ու հուշերը, հետո ձայնն ես հանում, տոնայնությունը, շնչառությունը, հոտն ես ջնջում միջիցդ: Հետո մաքրում ես նրան աչքերիցդ, որ ոչ բաց, ոչ փակ վիճակում պատկերներ չհայտնվեն, տեսիլքներ չերևան: Հիշողությունիցդ մաքրում ես ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հանում ես: Հեռախոսիցդ, այնուհետև նաև ուղեղիցդ ջնջում ես հեռախոսահամարը, տան հասցեն, բնակարանի թիվը: Հետո աստիճանաբար սկսում ես համակրել նրա համար անընդունելի երևույթներ: Օծանելիքները, որոնց բույրը քեզ նրան է հիշեցնում, սկսում ես արհամարհել: Թատրոններ սկսում ես ոչ միայն մենակ, այլև երբեմն նույնիսկ չայցելել: Սկսում ես չլսել նրա սիրած երգերը, չխոսել նրա սիրած թեմաներից, դե, աստիճանաբար դատարկվում ես այնպես, ինչպես դատարկվում են հարազատներից՝ շատ սովորական, հասարակ ձևով: Սրճարաններում փոխում ես պատվերներդ, եթե նրա հետ միշտ թեյել ես, հիմա սկսում ես սուրճ խմել (մի բան, որ առաջ երբեք չես արել): Տեղերով, որով անցել եք, սկսում ես էլ չքայլել, ճանապարհներ ես շրջանցում, երթուղայիններ ես փոխում: Շենքերը, շքամուտքերն ու տանիքները սկսում են էլ չհետաքրքրել: Քեզ սկսում են ձանձրացնել ճամփորդող մարդկանց երազանքները, ապագայում մեծ տներ կառուցող մարդկանց նպատակներն են ծիծաղելի թվում: Առավոտյան ուշ ես արթնանում, երեկոյան շուտ քնում: Չես շպարվում, վանդակավոր վերնաշապիկներ սկսում ես էլ չհագնել: Ավելին՝ զգացմունքներդ են փոխվում, սկսում ես ատել՝ այդպիսով սպառելով ինքդ քեզ… Դատարկվում ես մինչև վերջին բջիջդ, հատնում ես, ու հենց էլ սպառվելու տեղ չես ունենում, զգում ես, որ անիմաստ էր, որ սա հերթական սխալ բուժումն էր, ներարկումը չօգնեց: Որովհետև հասկանում ես, որ սխալ բուժումների նման ոչ միայն արդյունք չի տալիս, այլև հակառակ արդյունք է տալիս: Նա ոչ միայն չի դատարկվում, այլև շատանում է, տարածվում օրգանիզմումդ, երակներովդ հոսում է, սնուցում ուղեղդ, լցվում է ոսկորներիդ մեջ: Ամենուր նա է, նրան զգում ես մատներիդ ծայրերին, չորացած ու ճաքած շրթունքներիդ վրա, նրա արտացոլանքով փշաքաղվում ես, նրա ձայնով մտածում, նա շատանում է, տարածվում, քայքայում է…

Կարոտախտ կոչվող հիվանդության օջախը սիրտն է, իսկ սրտին ձեռք տալ չի կարելի: Սրտից դատարկել անհնար է, սիրտը չի ենթարկվում, դրա համար էլ այդ հիվանդության համար դեղամիջոցներ, բուժումներ չկան: Ու դու ապրում ես՝ այդ հիվանդությունը միշտ կրելով ներսումդ: Այս հիվանդությունը քայքայում է ներսից, մաշում է ու չի հանգստանում: Ներսդ դժոխքի է վերածվում, իսկ արտաքնապես ոչ մի փոփոխություն չի անում, երբեմն՝ շատ հազվադեպ ի հայտ է գալիս այդ հիվանդությամբ տառապելու միակ նշանը՝ խոնավացած աչքերը… Ի վերջո հասկանում ես, որ դու միայնակ չես կարող պայքարել այդ հիվանդության դեմ, դու ուղղակի անզոր ես, որովհետև դու նույնիսկ չկարողացար նրան սպանել, որովհետև հիշողություններն ու հուշերն, իրար հերթ չտալով, նորից են հայտնվում։ Ձայնն ես լսում, շնչառությունը զգում, ժպիտը, աչքերի խաղը, ամեն ինչ հետ է գալիս: Հեռախոսահամարն ես հավաքում, որ զանգես, նրան հիշեցնող օծանելիքներն ես փնտրում, սրճարաններում նորից սկսում ես թեյ պատվիրել (նախկինից ավելի շատ), քայլում ես հին տեղերով, ձեր սիրած ճանապարհներով, շպարվում ես, որովհետև նա այդպես էր սիրում, վանդակավոր վերնաշապիկներ ես հագնում, դե հասկանո՞ւմ ես՝ նա նորից շատանում է, տարածվում, ու դու նախկինից ավելի շատ ես սիրում նրան:

Իր տեսակով՝ կարոտախտը եզակի, չկրկնվող հիվանդություն է: Նրանով աշխարհում տառապում են հազարավորները: Այդ հազարավորները գիտակցում են, որ չեն բուժվելու, որովհետև հրաժեշտներն ու բաժանումները անվերադարձ են լինում, որովհետև նրանք, ովքեր գնում են, էլ երբեք չեն գալիս: Որովհետև եթե մի բանի անունը բաժանում է, ապա դրա կողքին չի կարող հավասարապես տեղավորվել վերադարձը: Բաժանումն ու վերադարձը հեռացել են իրարից ու էլ երբեք չեն հանդիպելու: Ու ահա բաժանումների լինելիության և վերադարձների չգոյության պայմաններում էլ ծնվում է աշխարհի ամենասիրուն ու սպանիչ հիվանդությունը՝ կարոտախտը, որ քայքայի, մասնատի ու հետո հավաքելը այլևս դարձնի անհնար։

 

astghik gevorgyan

«Երիտասարդ» ու «ժամանց» բառերի հոմանիշային կապը

15-19  տարեկան յուրաքանչյուր ֆրանսիացի տարվա ընթացքում ունենում է 210 ազատ օր:  Հարց է առաջանում. « Ինչպե՞ս են նրանք կազմակերպում իրենց ազատ ժամանակը»:

Նախ եւ առաջ, ազատ ժամանակի մեծ մասը նրանք տրամադրում են ուսմանը, քանի որ ֆրանսիական լիցեյներում դասավանդվող նյութը մեծածավալ է:

Ազատ ժամանակի մյուս մասը օգտագործվում է տնային գործեր կատարելիս: Պատճառը քիչ թե շատ զվարճալի է: Երբ ծնողները նկատում են, որ իրենց երեխան ծուլանում կամ  թերանում է ուսման մեջ, նրանք լուծումը տեսնում են  որպես «պատժիչ» միջոց`  երեխային տնային գործեր հանձնարարել, օրինակ` հավաքել սենյակը, լվանալ ամանները, խնամել փոքր քույրերին կամ եղբայրներին:

Եվ իհարկե, ժամանակի մեծ մասը տրամադրում են արձակուրդներին: 15-19 տարեկան երիտասարդների 34%-ը տարվա ընթացքում 22 օրը (գուցե և ավելի) մեկնում են հանգստանալու: Բայց այս ամենը, տեսականորեն, չի լրացնում մեկ տարվա ընթացքում  210 ազատ օրը: Երիտասարդներին զգալի ազատ ժամանակ է մնում:

Հարց. Ինչպե՞ս են նրանք նախընտրում անցկացնել իրենց ազատ ժամանակը:

Ստորև ներկայացնում ենք երիտասարդների նախասիրությունները՝ տոկոսային հարաբերությամբ:

այցելություն ցուցահանդեսներ, թանգարաններ` 5%

նվագել` 9%

ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ` 11%

գնալ սրճարաններ, ռեստորաններ` 23%

երաժշտություն լսել` 27%

հեռուստացույց դիտել` 29%

ընթերցանություն` 29%

զբաղվել սպորտով` 52%

զբոսանք ընկերների հետ` 65%

այցելություն կինոթատրոններ` 74%

 

Ակնհայտ է, որ երիտասարդները նախընտրում են այցելել կինոթատրոններ` ընկերների ուղեկցությամբ: Այդ դեպքում, ինչպիսի՞ ֆիլմեր են սիրում դիտել երիտասարդները:

Ստորև՝ տոկոսային հարաբերությամբ, ներկայացնում ենք երիտասարդ ֆրանսիացիների շրջանում կատարված հարցումների արդյունքները.

➢   կատակերգություն` 65%

➢   արկածային ֆիլմեր` 49%

➢   ֆանտաստիկ ֆիլմեր` 40%

➢   լրտեսական ֆիլմեր` 39%

➢   սարսափ ֆիլմեր` 36%

➢   կովբոյական ֆիլմեր` 21%

➢   սիրային պատմություններ` 18%

➢   կարատե ֆիլմեր ` 17%

➢   պատմական ֆիլմեր` 14%

➢   երաժշտական կատակերգություններ` 13%

➢   քաղաքական թեմայով ֆիլմեր` 12%

➢   մուլտֆիլմեր` 9%

Ըստ հարցման արդյունքների, երիտասարդնեը նախընտրում են դիտել կատակերգություններ ու արկածային ֆիլմեր:

15-19 տարեկան երիտասարդների 66%-ի համար ֆիլմերի դիտումը ոչ թե կրթվելու, այլ լիցքաթափվելու միջոց է, և միայն վերջիններիս 8%- ն է ֆիլմ դիտում կրթվելու համար:

Երիտասարդների նախընտրելի ժամանցի միջոցների ցանկում սպորտը երկրորդ հորիզոնականում է:

✓    ֆուտբոլ` 44%

✓    լող` 31%

✓    վազք` 27%

✓    թենիս` 20%

✓    դահուկային սպորտ` 11%

✓    հեծանվասպորտ` 10%

✓    մոտոցիկլային սպորտ` 2%

 

Նյութը վերցված է «En Route» ամսագրից

Թարգմանեց՝ Աստղիկ Գևորգյանը