izabella sanesyan

Իմ հոգու թարգմանը

Դեռևս հինգ տարեկան էի, բայց ծնողներս շատ էին ուզում, որ ես քանոն նվագել սովորեմ: Ինքս էլ միանգամից ուզեցի քանոն նվագել, երբ հեռուստացույցով տեսա գեղեցիկ քանոնահարուհուն ու լսեցի այդ կախարդական ձայներ արձակող գործիքի մեղեդին:

Ի վերջո, յոթ տարեկանում սկսեցի հաճախել Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց: Երբ առաջին անգամ գիրկս դրեցի քանոնը, այն մի քիչ ծանր էր, ես անընդհատ ինչ-որ լարերի էի դիպչում ու այդ լարերը կարծես սրտումս լինեին: Սկզբից ուսուցչուհիս նվագեց. ես անհամբեր իմ հերթին էի սպասում: Մի քանի ամսից արդեն բավականին լավ տիրապետում էի գործիքիս:

Հիշում եմ՝ երբ երեխաներին ասում էի, որ իրենք էլ երաժշտական դպրոց հաճախեն, բնականաբար հարցնում էին, թե ես ինչ գործիք եմ նվագում: Ու լսելով, որ քանոն եմ նվագում, կեսկատակ ասում էին.

-Ո՞նց… Ուրեմն եթե հիմա քանոն տամ, կարո՞ղ ես նվագել:

Այո՛, նույնիսկ երաժշտական դպրոցում շատ երեխաներ չգիտեին քանոնի մասին: Պատահում էր նաև, որ մի տեսակ իմիջիայլոց էին վերաբերվում՝ ասելով, որ անունը քանոն է, քանի որ եռանկյունու տեսք ունի ու… Կարելի է դրանով մե՜ծ թղթի վրա գծել: Ինձ նրանց այսօրինակ խոսքերը բնավ դուր չէին գալիս: Ես ուզում եմ, որ շատ ու շատ մարդիկ իմանան քանոն կոչվող հրաշալի երաժշտական գործիքի մասին: Հետո մտորում էի, որ հուսահատվել պետք չէ, քանի որ թեկուզ իմ գյուղի ու իմ դպրոցի համար կնվագեմ:

Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ես շարունակում եմ քանոն նվագել դպրոցական միջոցառումներին ու իմ՝ ութերորդ դասարանի համար: Ես նաև դաշնամուր եմ նվագում, բայց քանոնն ինձ ավելի հոգեհարազատ է: Երևի դա նրանից է, որ ամեն անգամ նվագելիս գիրկս եմ առնում քանոնս ու հիշում մեծ տատիկիս խոսքերը. «Այն երաժշտական գործիքը, որին գրկում ու հպվում ես, ավելի մոտ է սրտիդ, քան այն գործիքը, որի դիմաց նստում ես»: Ես հենց այդպես էլ զգում եմ:

Շատ կուզեի, որ հայերը շարունակեն քանոն նվագել, քանի որ այդ խոսուն մեղեդիներ արարող երաժշտական գործիքը մեր մշակույթի մի մասն է:

«Կանթեղ» գրական խմբակ

tatevik aramyan

Նրա հետ և առանց նրա

-Տաթ, էն ի՞նչ համար ա գալիս, հո 44-ը չի՞:

-Էհ, Սոն, մոռանում ես, որ էսօր ակնոցս չեմ վերցրել, էնքան շտապեցրիր, տանը մոռացա:

Մանկուց դեռ մի հիմար երազանք ունեի, որը, ցավոք, զարմանալիորեն դարձավ իրականություն (դե, երազանքները ընդհանրապես իրականանալու հատկություն չունեն): Երազում էի ակնոց կրել. հա, հա, ճիշտ կարդացիր: Բնականաբար չէի գիտակցում, թե ինչի համար է նախատեսված ակնոցը: Ինձ համար այն ուղղակի սիրուն էր, ու պատկերացնում էի, որ պետք է ունենամ տարբեր գույնի ակնոցներ, ու ամեն շորի հետ որը սազի, էն էլ դնեմ: Բայց արի ու տես, որ էս դեպքում էլ պատկերացումներն ու իրականությունը լիովին տարբերվում էին: Ակնոց դնելն արդեն պարտադիր էր: Կարիքը զգում էի ամեն տեղ, որտեղ հեռվում տեսնելու որևէ բան կար: Սկզբում ակնոց կրելը ինձ դուր էր գալիս, դե, նոր ոճային փոփոխություն էր արտաքինիս մեջ, բայց հիմա փոփոխությունների սիրահար լինելով՝ հոգնել եմ դրա անընդմեջ ներկայությունից: Բայց ամեն դեպքում հրաժարվել իմ փոքրիկ բարեկամից… Ոչ, աչքերս դեռ պատրաստ չեն դրան:

Իսկ երբ ինչ-ինչ պատճառներով կյանքիդ անբաժանելի դարձած մասը՝ ակնոցը, բացակայում է, ակամա հայտնվում ես զավեշտալի իրավիճակում: Քեզնից նեղանում են զուտ նրա համար, որ քեզ հեռվից բարևել են, բայց դու իրենց բարևին չես պատասխանել, որովհետև դեմքը չես տեսել:

-Տաթև, մեր հարևան Ասյա տոտային խի՞ չես բարևում, երեկ ասում ա՝ մեծ կնիկ եմ, անցնում ա, մի հատ չի էլ բարևում:

-Մամ, լավ էլի, ես անշնորհք չեմ, ուղղակի ակնոցս մոտս չէր:

Հա, ու հիմա էլ, պիտի սպասեմ, որ երթուղայինը հասնի կանգառ. ախր, ակնոցս…

lilit hovsepyan

Փորձություններով հարուստ օր

Դասընթացս նոր էի ավարտել, շտապում էի գնալ Կոմիտաս՝ մայրիկիս աշխատանքի տեղը, որպեսզի հետո միասին գնայինք Օպերա՝ համերգի։ Շտապելուց, սովորության համաձայն, երթուղային նստելիս մոռացա հարցնել՝ արդյոք այն գնո՞ւմ է իմ ուզած ուղղությամբ, թե ոչ։ Նստելուց մի 7 րոպե հետո հասկացա, որ մի բան էն չէ։ Այո, ճիշտ էի հասկացել, այդքան ժամանակ սխալ ուղղությամբ էի գնում: Ինչևէ, արագ բացեցի պայուսակս, որպեսզի հանեմ 100 դրամանոցը, տամ վարորդին ու իջնեմ։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինում: Փաստորեն ես դրամապանակս մոռացել էի տանը ու այսքան ժամանակ չէի նկատել, որ այն ինձ մոտ չէ։ Բարեբախտաբար, պայուսակս երկար փորփրելուց հետո գտա իմ որպես պահուստ ունեցած 100 դրամանոցը ու ափսոսելով տվեցի այն վարորդին: Ստիպված Գնունի շուկայի մոտից ոտքով պետք է գնայի Շրջանային։ Արդեն ուշանում էի, տարբերակ չկար, պետք է զանգեի մայրիկիս։ Զանգը գնում է, բայց նա չի վերցնում: «Լավ, հիմա ո՞ւր պիտի լինի, բա դրամապանակս ո՞ւր է»,- շարունակ մտքումս այդ խոսքերը ասելով՝ քայլում էի դեպի իմ նշանակետը։

Վերջապես մայրս զանգեց.

-Լիլ, ի՞նչ ա եղել, պրծա՞ր դասընթացդ։

-Հա, մամ, նո՞ր, նույնիսկ հասցրել եմ սխալ տրանսպորտ նստել ու ոտքով արդեն հասնում եմ Շրջանային, դրամապանակս էլ թողել եմ տանը, վերջին 100 դրամս էլ տվել եմ այդ երթուղայինին։

Մայրս, նկատելով իմ լարված վիճակը, ծիծաղելով ասաց.

-Վա՜յ, Լիլ, սենց բաներ մենակ քեզ հետ են լինում։ Մի բան նստի, արի, ես քեզ կդիմավորեմ։

Բայց ինձ հակառակ, բոլոր տրանսպորտի միջոցները կոալիցիա էին կազմել իմ դեմ ու կատեգորիկ վերացել էին։ Ուղիղ մեկ ժամ սոված, հոգնած ու անիմաստ կանգնեցի կանգառում։ Երբ արդեն ինքնամոռաց կանգնած էի, ինձ իրականություն հետ բերեց իմ ընկերոջ զանգը, որը հեռվից ինձ նկատել էր: Այնքան հեռվից, որ երկար այս ու այն կողմ նայելուց հետո նույնիսկ չկարողացա նրան տեսնել։ Չնայած նրան, որ նա ինձնից հարցուփորձ արեց, միևնույնն է, ես, լինելով այս դեպքում հպարտ աղքատ կամ միգուցե անիմաստ հպարտ, չդիմեցի նրա օգնությանը։

Իմ համբերությանն էլ սահման կար, մի բան պետք էր անել։ Ժամը նայելուց հետո հասկացա, որ եթե այստեղ կանգնած մնամ, համերգը կսկսեն առանց ինձ։ Փայլուն մտքերը իրար հերթ չէին տալիս, և ահա ընտրեցի դրանցից մեկը համարելով ամենաիրականը և ամենամատչելին։ Որոշեցի ոտքով գնալ Օպերա և մայրիկիս հետ խոսելուց հետո, այսինքն՝ նվնվալուց հետո, պայմանավորվեցինք հանդիպել այնտեղ։

Դժբախտաբար, ես մայրիկից շուտ հասա, որտեղ և սպասում էր ինձ իմ վերջին փոքրիկ, բայց այդ պահին շատ կարևոր փորձությունը։ Դա այն էր, որ Օպերայի շենքի հենց կողքին կա մի փոքրիկ սննդի կենտրոն, որի դիմաց թախծոտ ու անզոր կանգնած էի ես։ Երբեք այդքան կարոտած չէի նայել ոչ մի ուտելիքի:

Ինչևէ, մայրս շուտ հասավ ու օգնեց ինձ հաղթահարել իմ վերջին փորձությունը։

Ոչ մի անգամ չէի մտածի, որ իմ անփութության պատճառով կսկսեմ այդքան գնահատել մի հարյուր դրամանոցը։

Anna mkhitaryan

Աշոցքս

Ամեն օրս, մանկությանս ամեն վայրկյանը անցկացրել եմ հայրենի գյուղումս: Աշոցքը քչերին է հայտնի, բայց հայտնի է յուրովի: Հայտնի է, որ այստեղ միշտ ցուրտ է, ձմեռ: Բայց ոտք դնես Աշոցք, դժվար թե կարողանաս դիմանալ և չայցելել գյուղի գեղատեսիլ վայրերը: Գյուղի ամենագեղեցիկ վայրը Թթու ջուրն է. հանքային ջուր 2000 մետր բարձրության վրա՝ շրջապատված ալպիական կանաչ մարգագետիններով, մաքուր, թթվածնահագ օդով և ամենակապույտ երկնքով: Ես կասեի՝ իսկական բնության հրաշք:

Եկեք խոսենք հրաշագործ հանքային ջրերից, մասնավորապես այս մեկից, որը գտնվում է ծննդավայր Աշոցքումս: Այս ջուրը արդեն մեծ հռչակ և ճանաչում է վայելում տեղի բնակչության կողմից: Տեղացիները վաղուց են բացահայտել այս ջրի հրաշք ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա և ունեցած փորձով կիսվում են բոլորի հետ: Ջրի ազդեցությունը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ կապված աղեստամոքսային համակարգի հետ, անոթային խնդիրներ (վարիկոզ, արյան վատ շրջանառություն), թույլ իմունիտետ, նշիկաբորբ: Ջուրը պարունակում է բազմաթիվ միներալներ, հարուստ է երկաթով: Խորհուրդ ենք տալիս այցելել և հենց տեղում վայելել այս հրաշագործ հանքային ջուրը, կազմակերպել արևային լոգանքներ և վայելել հրաշք բնությունը և, իհարկե, համեղ ու օգտակար, բնական, տեղում պատրաստված գյուղական սնունդը:

Աշոցքցիները շատ հյուրընկալ են, բոլորի դռները բաց են հյուրերի դիմաց: Բայց միայն սա չէ, որ զարդարում է Աշոցքս, նաև առանձնանում է Սոճու անտառը: Չկա երևի տարվա մի եղանակ, մի ամիս, ամսվա մի օր, որ գնաս անտառ և չտեսնես ինչ-որ մեկին: Շատերի մոտ սոճին ասոցացվում է Ամանորի հետ, և շատերը սոճին անվանում են եղևնի կամ տոնածառ: Սոճին բազմամյա ծառ է և ողջ տարին մնում է կանաչ, հիմնականում աճում է բարձրադիր վայրերում: Սոճու այս անտառը գտնվում է ծովի մակերևույթից 1800-ից 2000 մետր բարձրության վրա: Սոճին հաճախ անվանում են կանաչ դեղատուփ, քանի որ այն դեղաբույս է և կարող է օգնության հասնել մի շարք առողջական խնդիրների ժամանակ: Օրինակ՝ փշատերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին c և հանդիսանում են հզոր հակաբորբոքային միջոց մրսածության ժամանակ: Սա է գաղտնիքը, որ գյուղի բնակիչները առողջ են, և տարիքային սահմանը հասնում է 90-ի:

Բայց կնշեմ մի ցավալի փաստ. գյուղի մոտակայքում կա մի կամուրջ՝ Կրասարի կամուրջը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղևոնդ Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Այսօր Կրասարի կամուրջը հարևան Սեպասար գյուղի հետ կապող միակ ճանապարհն է: Խորհրդային տարիներին կամրջի ամրությունը հաշվի չառնելով՝ որոշել էին նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ական թվականները: Հետագայում կամրջի վրայով անցնող ջրագծի խողովակաշարը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի պատերի փլուզմանը: Ցավոք, Կրասարի կամուրջն այժմ վթարային վիճակում է: Ըստ Ալիշանի՝ ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը. «Շնորհօքն ամենազօրին աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր երկրորդի օգոստափառ կայսր ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին: Եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»: Բայց կամրջի հետ կապված խնդիրները չեն խանգարում այցելել և զմայլվել բնության այս հրաշքով: Սիրում եմ իմ գյուղը, իր բոլոր առեղծվածային վայրերով:

naira mkhitaryan

Հանուն ընտանիքի

-Մամ, դուրս եմ գալիս արդեն:

-Գոնե մի բերան հաց կեր, այ աղջիկ, որ նորմալ դաս անես:

-Չէ, մամ, ես առավոտները հաց չեմ ուտում:

Իրականում լավ էլ ուտում եմ, եթե հասցնում եմ արագ պատրաստվել, բայց գրեթե միշտ ժամանակս չի հերիքում:

-Գնա, պապային դպրոցում տեսնես, ասա՝ շուտ գա, հոգնած կլինի:

Նույն երկխոսությունը մեր տանը կրկնվում է ամեն երեք օրը մեկ՝ հայրիկի երկրորդ աշխատանքի օրերի ժամանակ, բացառությամբ միայն էն դեպքերը, երբ հայրիկի աշխատանքային օրերը համընկնում են դպրոցում ոչ աշխատանքային շաբաթ-կիրակիների հետ:

Քանի որ դպրոցում հաշվապահության համար տրվող «աղքատավարձը», ինչպես մեր ընտանիքում սիրում ենք բնորոշել, սկսեց չբավարարել ընտանեկան ծախսերին, հայրիկս սկսեց փնտրել երկրորդ աշխատանք:

Գտնելը հեշտ եղավ: Դե հա, ո՞վ կհրաժարվեր երեք բարձրագույն կրթությամբ մարդուն աշխատանքի ընդունել զինվորական պահեստների պահակության համար:

Աշխատանքային առաջին օրվանից հետո հայրիկը առավոտ վաղ շտապել էր դպրոց՝ աշխատանքի:

Այդ օրվանից սկսած ուսուցչանոցը դարձավ իմ ու հայրիկի տեսակցության վայրը:

-Բարև ձեզ: Ընկեր Սարգսյանը դասամատյանն է փնտրում,- ուսուցչանոց մտնելով ասացի, հետո ցածրաձայն ավելացրի,- պա՞, բարև, ո՞նց ես:

Պապան էնքան խառն էր, որ նույնիսկ չնկատեց էլ: Եթե տանը լինեինք, կկանգնեի անմիջապես դիմացը ու հանդիսավոր կերպով կողջունեի ինձ նկատել տալու համար, բայց քանի որ դպրոցում ենք, չի կարելի խանգարել ընկեր Մխիթարյանին:

Դասերի ավարտից անմիջապես հետո արագ տուն շտապեցի: Հայրիկին տեսնելուն պես վզովն ընկա: Դե հա, ընդամենը երկու առավոտ ու մի գիշեր չէի տեսել, բայց արդեն կարոտել էի: Ինձ համար անսովոր էր արթնանալ ինքնուրույն, և ոչ այն աթոռի գետնին ընկնելու թխկոցից, որին ամեն առավոտ ոտքը պարտաճանաչ հարվածում է հայրիկը:

Հայրիկը չէր դժգոհում երկրորդ աշխատանքից:

-Ինչ անում եմ, երեխեքիս համար եմ անում, որ կարևորը՝ լավ ուսման տամ: Նառ ջան, արդեն կարաս նույնիսկ վճարովի ընդունվես, վարձդ ապահովված ա,- կատակի տալով ավելացրեց հայրիկը:

Հայրիկի նման զոհողությունները, առավոտվա 7-ին վազել Երևան, ամբողջ գիշեր չքնել ու դրսում անցկացնել, հաջորդ առավոտ անմիջապես դպրոց շտապել, տուն գալ միայն նախաճաշելու համար ու արագ Ապարան կամ Աշտարակ գնալ՝ հաշվետվություններ ներկայացնելու, ավելի պարտավորեցնող են դարձնում:

Երկրորդ աշխատանքի ընդունվելու համար ներկայացնելիք ինքնակենսագրականը «սիրուն ձեռագրով» արտագելիս ափսոսանք ու հիասթափություն էի ապրում, որ նշում եմ բարձրագույն ուսումնական հաստատությունների անունները, որոնք ավարտել է հայրիկը, որպեսզի պահակության համար աշխատանքի տեղավորվի: Մտածում էի, որ էդքան սովորելը ոչ մի բանի պետք չեկավ, բայց էդ ամենն էլ մեծ նշանակություն ուներ, որ աշխատանքային մի քանի օր անց մեր տուն սկսեցին հյուր գալ հայրիկի աշխատանքային ընկերներն ու նույնիսկ գնդապետը: Էդ ամենը, ամենայն հավանականությամբ, կիրթ վարվելակերպի արդյունք էր:

-Մամ, գնում եմ արդեն:

-Պապային տեսնես, հիշեցրու, որ ապառիկի մուծման օրն ա:

-Մամ, բա «մի բերան հա՞ցը»:

-Դու առավոտները հաց չէիր ուտում բա:

-Մամ, քանի ժամանակ ունեմ, թեյը բեր, վա՜յ…

mariam yavrumyan

Մտքեր ծնված ճանապարհին

-Կանգառում կկանգնեք:

-Սա ստացեք, երկու հատ:

Ինչպես միշտ, ականջակալներս պինդ գրկած նստած եմ, ուշադրություն չեմ դարձնում ոչ մի բանի: Բայց սուս, սա կարծես թե ուշադրության արժանի դեպք է: Ավտոբուս է բարձրանում ձեռնափայտով, սև ակնոցով մեկը: Տեսքից անկհայտ է, որ չի տեսնում, կույր է: Բնականաբար նրա գործողությունները կատարվում են սովորականից ավելի դանդաղ: Լսում եմ՝ վարորդը ձայն է տալիս.

-Զզվցրիր, արագացրու…

X մարդը նորից ձայն չի հանում, իսկ իմ մտքով արդեն ինչ ասես անցնում է. գուցե խո՞ւլ է, գուցե հա՞մր…

-Ստացի, կանգառում կկանգնես:

-Քանի՞ հատ, հը՞:

-Մեկ հատ:

Վարորդի խոսքերին հաջորդում են X հերոսի չափազանց դանդաղ քայլերը: Չեմ զարմանում՝ լսելով անձնական վիրավորանքի խոսքեր վարորդից: Եռում եմ, ուզում եմ մի բան ասել, բայց նայում եմ շուրջս նստած քարի կտորի պես դեմքերին ու սսկվում: Հա, ինձ հուզում է նման մարդկանց վիճակը: Հաշմանդամություն ունեցողների վիճակը: Ավտոբուսներում չկան բավարար պայմաններ հավասար ու լարված չզգալու համար: Համրն ինչպես բացատրի, որ կանգառ է հարկավոր:

Չնայած, Երևանի մի քանի ավտոբուսներում (իմ սիրած մեծ, մանուշակագույն ավտոբուսներում) առկա են կոճակներ, որոնք խուլերին ու համրերին թույլ են տալիս կանգառ պահանջել: Կարելի է մի փոքր ուշադրություն դարձնել, որովհետև շատ մարդկանց հարմարությունն է կախված սրանից:

Չեմ սիրում անտարբերությունը, բայց ինչ-որ տեղ մարդիկ ջերմացել են ավելի, կարելի է առանց դժվարության գտնել մարդկանց, ովքեր իրենց տեղը մեծահոգաբար կզիջեն հոգնածին, փոքրին, մեծին, հաշմանդամին: Մարդիկ լավն են… Դե, հիմնականում, էլի, ոչինչ չեմ խոստանում:

Դե լավ, շատ խոսեցի, հիմա կանգառս կանցնեմ, կուշանամ պարապմունքից:

milena ghazaryan

Քաղաքիս «աննշան» թերությունները

Երեկոյան ժամը վեցն էր: Տուն էի գնում: Ցուրտ էր, ուժեղ քամի: Իսկ ես ավտոբուսի էի սպասում մոտակա կանգառում: Քանի որ ես շատ մեծ ու ինքնուրույն աղջիկ եմ, համենայնդեպս, ես այդպես էի կարծում, կանգառի կողքի ցուցանակին տեսել էի, որ 23 և 44 համարի ավտոբուսները հենց էստեղով են անցնում, ու մտածեցի՝ 44-ը շատ երկար է գնում, 23-ին կսպասեմ: Սպասեցի մոտ կես ժամ: Եվս 15 րոպե: Արդեն երեք 44 համարի ավտոբուս էր անցել, իսկ իմ ավտոբուսը դեռ չէր եկել: Ընկերուհիս հաճախ էր ասում, որ անհաջողակ եմ, բայց որ այս կարգի, դեռ չգիտեի:

Արդեն ուզում էի կողքիս կանգնած տատիկին հարցնել՝ 23-ը հաստա՞տ էստեղով է անցնում, երբ հանկարծ հեռվից դրան նման մի դեղին ավտոբուս երևաց:

-Ըհը, եկավ:

Վերջապես հասավ կանգառին, ու… Մեծ հիասթափություն: Գրողը տանի, շփոթել եմ: Հերիք չի այն, որ իմ ավտոբուսը չէր, դրան գումարած էլ կողքիս տատիկը նստեց այդ անիծյալ ավտոբուսն ու հեռացավ, իսկ ես մնացի մեն-մենակ կանգառում:

Մութը վրա էր տալիս: Մայրս զանգեց: Այն, ինչից ամենաշատն էի վախենում: Հիմա կհարցնի, թե ինչու եմ ուշանում, ախր, ոնց բացատրեմ, որ ինքնուրույն որոշումներ եմ կայացրել ու ինձ մեծի տեղ դրած՝ սպասում եմ անորոշության: Ինչ արած, պիտի պատասխանեմ:

-Հա, մամ:

-Ո՞ւր հասար, ինչի՞ ես ուշանում:

-Ավտոբուս եմ սպասում:

-Ո՞ր համարին:

-23:

-Բայց դու գիտես, որ դա էդտեղով չի անցնում:

-Չէ, մա´մ, ես ցուցանակի վրա կարդացել եմ, հաստատ անցնում ա:

-Դե, եթե էդքան վստահ ես, ուրեմն սպասիր, բայց հանկարծ շատ չուշանաս, լա՞վ,- սառը տոնով ասաց մայրս ու անջատեց:

Հիմա ինչ անեմ, պիտի լսեի մորս: Էլի սպասում եմ, հուսամ կգա ու շատ չեմ ուշանա: Նկատեցի, որ կանգառի մոտով անցնում են այնպիսի ավտոբուսներ, որոնք ցուցանակի վրա նշված չեն:

Ընկա մտածմունքների մեջ, հանկարծ նկատեցի, որ 44 համարի ավտոբուսը գալիս է: Առանց երկար վարանելու՝ նստեցի, դրեցի ականջակալներս, որ երկար ճանապարհից շատ չձանձրանամ:

Ավտոբուսի մեջ նստած մտածում էի, թե ինչու ցուցանակի վրայի գրվածները չէին համապատասխանում իրականությանը: Երկար մտածեցի: Փաստորեն ցուցանակի վրա սխալ բաներ էին նշված: Ախր, էդպես չի կարելի: Եթե ինչ-որ բան էր փոխվել երթուղայինների ուղղության հետ կապված, ապա ցուցանակը ևս պիտի փոխվեր: Ախր, մարդիկ կարող են շփոթվել: Քաղաքը լրիվ անուշադրության է մատնվել, ինչն ինձ արդեն նյարդայնացնում է: Ինքս ինձ հետ կռիվ էի տալիս: Մի կողմից էլ մտածում էի, թե ինչ հիմարն եմ: Սովորաբար էդ տիպի բաները հարցնում էի մորիցս, բայց էս անգամ զարթնեցի ու մտածեցի, որ ես ինքնուրույն մարդ եմ, ամեն ինչից գլուխ եմ հանում: Որոշել եմ՝ մինչև 16-ս չլրանա, մենակ ոչ մի բան չեմ ծրագրելու:

hayk sargsyan

Քեռի ջան, ողջ լինես

-Քանի քեռին ողջ է, երեխաները պետք է շոկոլադ ուտեն, – ամեն անգամ այս արտահայտությամբ են դիմավորում ինձ քույրերս, երբ ես գնում եմ իրենց տներ:

-Վա՜յ, հազար եմ ասել՝ քաղցրը նպաստում է ատամների էմալի քայքայմանը և ենթաստամոքսային գեղձի ծանրաբեռնմանը։ Էլ չասեմ, որ էդ շոկոլադի մեջ բացի շոկոլադից՝ ամեն ինչ կա…

Ասեք, որ ճիշտ եմ ասում։ Չի կարելի մատաղ սերնդին «փչացնել» նմանատիպ ոչ օգտակար սննդով, բայց այսօր նյութս դրա մասին չէ:

Ես Հայկն եմ, 16 տարեկան, ու վերջին 6 տարիների ընթացքում ես հասցրել եմ 4 անգամ քեռի և մեկ անգամ հորեղբայր դառնալ: Դժվար է, դժվար է կյանքը առանց ֆինանսական աջակցության պետության կողմից: Այս ի՞նչ խտրականություն է, ֆինանսական օժանդակություն ստանում են բազմազավակ ծնողները, իսկ այ, քեռիներին բոլորը անտեսում են: Նրանք գոյություն չունեն այս երկրում։

Գիտակցելով, որ 16 տարեկանը բավականին լուրջ տարիք է, պետք է որոշ չափով արդեն ինքնուրույն լինես, ես սկսեցի դիմանկարներ նկարել։ Առաջ 3000 դրամով էի վաճառում, բայց քանի որ դա շատ թանկ էր, ու գնորդներ չկային, ես միշտ զեղչեր եմ անում, ու բոլորը դրանք գնում են 1500-2000 դրամով: Սա է իմ եկամտի միակ աղբյուրը: Այդ խղճուկ 1500 դրամով ես հազիվ կարողանում եմ հեռախոսիս ապառիկը մուծել, այն էլ միայն ծնողներիս կողմից գումարի 85 տոկոսը ավելացնելուց հետո։ Եվ ինչպե՞ս կարող եմ ես բավարարել «երեխաներիս» կարիքները: Հիմա կասեք՝ ի՞նչ է, այդ երեխաները ծնողներ չունե՞ն, որ դու պետք է բավարարես նրանց կարիքները։ Կարիքներ իմ տեսանկյունից չի նշանակում հաց, ջուր, հագուստ։ Ախր, շոկոլադը մի կերպ «ցրելով» իրավիճակ չի փոխվում: Ես նրանց համար գնում եմ մատիտներ, ֆլոմաստերներ, «Ներկիր ինքդ»-ներ, ռետիններ, ջրաներկեր, կպչուկներ (ստիկեր), գրքեր, խաղալիքներ, տարբեր տեսակի զրթիկներ և փրթիկներ, դրանք ախր, քեռու պարտականություններն են:

Եվ ուրեմն, համայն աշխարհի բազմազավակ քեռիներ, եկեք համախմբվենք ու մի բռունցք դառնանք: Միայն այդ դեպքում մենք կլինենք անկոտրում և ուժեղ: Միայն այդ դեպքում մեր խնդիրները կստանան դրական լուծումներ: Միայն այդ դեպքում հասարակությունը և կառավարությունը մեզ վրա ուշադրություն կդարձնի:

zarine kirakosyan

Կիսաբաց լուսամուտներ՝ պատմվածքների ետնաբեմում

Ամեն օր սիրուն, ընտրված բառերով պատմվածքներ կարելի է կարդալ՝ էդպես էլ չիմանալով էդ պատմվածքների սևագրերը, ու թե ինչ կա պատմվածքների ետնաբեմում, ընթերցողից ու մաքրագրից էլ էն կողմ։ Արի իրար հետ սևագիր անենք էս պատմվածքը, սխալ տողերը չջնջենք, ու գրենք նույնիսկ էն, ինչ մենակ մտածելու համար է, արի ծանոթանանք պատմվածքների ետնաբեմերին։

Ամեն ինչ էսօր էսպես սկսվեց։
Իբր ուզում եմ մի բան գրել, բայց էս անտեր մտքիս երեք ժամ կլինի՝ մի կարգին բան չի գալիս: Աշխարհի երեսին ամեն ուշադրության արժանի ու չարժանի բան մտքովս անցած կլինի: Սկզբում մտածեցի, որ եթե մանկությունիցս մի դեպք գրեմ, մի բան դուրս կգա, հետո հիշեցի, որ մի կարգին չեմ էլ հիշում արդեն, նույնիսկ էդքան սիրելի պապիս ու տատիս դեմքերն եմ սկսել խառնել իրար։ Մոտավորապես հիշում եմ, որ մեծանում էի, տնեցիք մեկ-մեկ երես էին տալիս, պապս էլ շուտ-շուտ «Անահիտ»-ն էր պատմում, բայց դե ի՞նչ կա էդտեղ գրելու, է: Հա, բոլորն էլ մեծանում են։
Հետո հիշեցի, որ հաստատ պիտի պատմեմ իմ երթուղայինի արկածներից: Դե, իմ ուղեղում դրանք կարգին արկածներ էին, բայց թղթի վրա պարզվեց՝ ոչ մի բանի էլ պետք չեն, ոչ ծիծաղելի են, ու որ ամենավատն է, ոչ էլ հետաքրքիր։
Է, ի՞նչ կա որ, պատահում է, հետո ասացի՝ սրամտեմ, մի նոր բան մոգոնեմ, թե ասենք` պետությունը նոր հարկ պիտի ստեղծի, եթե դու «վերևի հարևան» ես կամ շենքում ապրող թմբկահար։ Դե, հա, միտքը էդքան էլ վատը չէր, մի խեղկատակություն գրել կլիներ, բայց հետո վախեցա՝ մի օր էս գրածս մի անհումոր պաշտոնավորի աչքի տակով անցնի ու սկսի լուրջ մտածել էս ուղղությամբ։
Էս էլ թողեցի։
Չէ, բայց մի բան գրել պետք ա, էսքան չեմ քնել։ Թե բացեմ կապոցով կիսատ թողած պատմություններս, ու շարունակենք իրար հետ, հնարավոր ա՝ մի պիտանի բան գտնվի։ Էս մեկի սկիզբը ոնց որ մի բանի նման է.

1. «Տեսնես` պատահականությամբ քանի՞ Հիտլեր են ժամանակից շուտ մեռել (չնայած՝ ժամանակից շուտը ո՞րն է, ճիշտ ժամանակին), կամ քանի ապագա Մոցարտ է մահացել տիֆից։
Օրինակ՝ հնարավոր է, որ Ստալինը 1,5 կգ է ծնվել ու մի կերպ է փրկվել: Դե, ի՞նչ կա որ, հնարավոր է, իսկ այ եթե… Այդ դեպքում չէին լինի Գրանդ Քենդիի cccr պաղպաղակները 21-րդ դարում, իսկ այ, 20-րդ դարում էլ ինչ ասես, որ չէր լինի»։

Չէ, է, չարժի, ի՞նչ օգուտ, թե ինչ կլիներ Ստալինի չլինելուց, Ստալինը ծնվել, ապրել ու կարգին մեռել է արդեն, cccr պաղպաղակներն էլ վատը չեն: Հետո Ստալինի մասին կատակելը կատակ բան չի, գլխիս մի բան չբերեմ: Էն Գորբաչովը դեռ ողջ է, (թե՞ ողջ չի), բայց հետաքրքիր է՝ տիֆից մեռած պոտենցիալ մոցարտներին որտեղից եմ մոգոնել, մեկ-մեկ գրածներս կարդում ու կարգին ծիծաղում եմ, հա՜։ Էս մեկը անցանք հաստատ, իսկ սա՞:

2․ «Այն օրերին, երբ դեռ խնձորը չէր հասնում ծառերին (խակ ուտում էինք), իսկ հայրս չգիտեր Մոսկվայի ասֆալտի գույնը, պապիկը հավաքում էր մեզ ու պատմում Անահիտի ու Վաչագանի պատմությունը։ Մենք, որ այդքան էլ քիչ չէինք, պապին հարցեր էինք տալիս այս ու այն կողմից Վաչագանի աչքերի գույնի ու կոշիկի ձևի մասին: Պատասխանները փոխվում էին ամեն պատմելու հետ, թե մի անգամ Վաչագանը սևահեր տղա էր, մի ուրիշ անգամ կարմրահեր էր ու կապուտաչյա, մի ուրիշ անգամ էլ պապս նույնիսկ ասաց, թե չի հիշում։
Իսկ մի ոչ այդքան գեղեցիկ օր դպրոցում տխրեցի, երբ իմացա, որ Անահիտի ու Վաչագանի պատմությունը ամենևին էլ պապս չէր գրել»։

Դե, սա շարունակել կարելի է, բայց ի՞նչ գրես: Էս պատմությունը էսպես էլ ավարտվեց, ու հետո բաներ կա՝ տրամադրություն է պետք գրելու համար: Էս գրելու համար պիտի մի կես ժամ նայեմ պապիս մեքենային, որ տարիներով բակում կանգնած՝ անձրևի հետ կյանքի ու մահվան կռիվ է տալիս, բայց էդպես էլ ոչ մեկը չի քշում, թե չէ` էսպես գյուղիցս 120 կմ հեռու՝ մահճակալիս պառկած՝ դժվար ստացվի։ Բայց եթե մտածում ես՝ արժի շարունակել, անպայման ասա, ինձ թվում է, մի օր (հաստատ ոչ էսօր) կարելի է գրել։

Օ՜, աչքովս մի հին բան ընկավ, մոռացա ասեմ, որ մեկ-մեկ էլ ինձ պոետի տեղ եմ դնում, ու փորձում եմ տողերը հանգավորել, թե չի ստացվում, էդպես էլ թողնում եմ, անունն էլ դնում արձակ բանաստեղծություն: Դե, հիմա էդպես կարելի է, եթե Դյուշանի պիսուարը («Շատրվան» աշխարհահռչակ գործն է) արվեստ է, իմ տողերին ի՞նչ է եղել, որ։
Լավ է՜, շատ եմ շեղվում: Դե, գիտեք, գիշերը ամեն տեսակ հիմարության մասին մտածելը հեշտ է: Ամեն դեպքում ուզում էի ասել, որ ես մեկ-մեկ էլ չափածո եմ գրում, ու էս մեկի սկիզբը մի քիչ հարազատ է նույնիսկ էս պահին՝ գիշերով, ու թե ուզում ես հետս գրել, արի հենց էս մեկն էլ շարունակենք։

Ու հնձած խոտի հոտն արևատապ
Նորից հանդերից իջել է տներ,
Գերանդիները ուսերին առած՝
Պապն ու տղերքը գնում են հանդեր։

-Սուրի՛կ պապ, ծանր ա ոնց որ գերանդիդ,
Գնում եմ սարը, նստի մեքենան։
-Վայ, ախպե՛ր Սերոբ, մեռնիմ արևիդ,
Մենք շատ ենք, ոչինչ, դու հանգիստ գնա։

-Սուրի՛կ պապ նստի, քո տեղը միշտ կա
Թե մեքենայում, թե գլխիս վրա,
Դու նստի ավտոն, ջահելնին կգան,
Կնեղանամ, հա՜, տղերքը վկա։

Բայց ես սա երեք տարի առաջ եմ գրել, նույն ոճով շարունակելու համար ժամանակի մեքենա պետք կգա: Արի` դու ինձ սպասիր կես ժամ, ես տեսնեմ՝ ինչ եմ անում էս տողերիս հետ: Տեսնեմ՝ Սուրիկ պապը նստում է, թե չէ։

04։05։ Ես եկա, հո շատ չսպասեցի՞ք, քնել է պետք: Էս ավարտն էլ դնեմ ու գնամ։

Մինչը օրը ճաշ էր դառնում հանդերում,
Գյուղում հարսները բամբասում էին,
Թե կաղ Ռաֆիկի տղա Բաբկենը
Սիրում է բոյով, գոռոզ Ասյային։

Թե Արան երկար նայեց Մանուշին,
Լուսիկը թարս էր լվացքը փռել,
Ու էն Լենայի փախցրած աղջիկը
Էդքանից հետո տուն է հետ դարձել։

Գյուղը ապրում է միշտ դժվար այսքան,
Բայց պարզ մտքերով էս կյանքի մասին,
Որ «հաց» ունենա սոված երեխան,
Ինքն էլ ունենա հարգանք ու պատիվ։

Չոբանը նոր էր տանում կովերին,
Արևն էլ դեռ նոր ուզում էր ելնել,
Բայց արթնացել էր վաղուց գյուղացին,
Ու հասցրել էր նա նույնիսկ հոգնել։