Միլենա Ղազարյանի բոլոր հրապարակումները

milena ghazaryan

Ապրել

«Ապրիր կյանքդ այնպես, որ քո մահից հետո քեզ դեռ երկար հիշեն», կամ` «Վայելիր ամեն օրդ այնպես, ասես դա վերջինն է լինելու» արտահայտություններն ավելի շատ են մտածելու տեղիք տալիս, երբ զգում ես, որ անիմաստ վատնում ես օրդ:

Օրեցօր պակասում են կյանքիդ ժամերը, իսկ դու միայն դաս ես անում, վիճում ես անարդարների հետ, քեզ լքում են, իսկ դու «դեպրեսվում ես» ու փակվում սենյակումդ: Դու չես հասցնում ապրել: Ապրելը ամեն օր արթնանալը, նախաճաշելն ու դասի գնալը չէ: Ապրելը քո խենթ երազանքները իրականացնել կարողանալն է:

Տանը նստած պարապում էի, իսկ տանիքին սքեյթ քշելը այդպես էլ մնաց երազանք: Ինձ ոչ ոք թույլ չտվեց տանը կատու պահել, որովհետև տատիկս ատում է կենդանիներին: Ես չեմ կարող գույնզգույն մազեր ունենալ, որովհետև հայ եմ: Ես չեմ կարող թողնել բոլորին ու թափառել անծանոթ քաղաքների փողոցներով, որովհետև ուղղակի արգելված է: Ես չքայլեցի անձրևի տակով, որովհետև կմրսեի: Ես չբռնեցի ձեռքդ, որովհետև չեկար:

Եվ այսպիսի մի շարք «որովհետև»-ներ, որոնց պատճառով ես չհասցրի ապրել:

Մենք ամեն օր կորցնում ենք մեր ապրելու շանսը, որովհետև «որովհետև»-ները շատ են։

milena ghazaryan

Ինչ են անում ուսուցիչները

Ֆիզիկայի ժամ: Խոսում են հոսանքի ուժի մասին: Այո՛, խոսում են, որովհետև ես ընդհանրապես չէի էլ լսում: Գլուխս հենել եմ արմունկներիս ու աչքերս փակել: Ի դեպ, երբ մի քիչ երկար եմ ձանձրանում, սկսում եմ տարօրինակ բաներ մտածել: Քիչ էր մնացել, որ մտորումների մեջ ընկնեմ, բայց հանկարծ լսեցի.

-Ուրեմն, դասը պատասխանելու է գալիս…

«Մենակ թե ես` չէ, մենակ թե ես` չէ, խնդրում եմ»:

-Աննա, արի գրատախտակի մոտ:

«Հուուո՜ւ, լավ պրծա, այ, հիմա կարամ հանգիստ խորասուզվեմ մտքերիս մեջ»: Նայում եմ ուսուցչին ու մտածում. «Տեսնես, որ գնա տուն, ի՞նչ ա անելու: Հա՞ց ա ուտելու: Հա՞ որ: Մի՞թե ուսուցիչները հաց էլ են ուտում (չգիտես՝ ինչի, միշտ մտածել եմ, որ ուսուցիչները ապրում են ռոբոտի նման. ո՛չ հաց են ուտում, ո՛չ քնում են, ո՛չ բարեկամներ ունեն, ո՛չ էլ ընտանիք): Դե հա, եթե ինձ էլ միշտ դպրոցում տեսնեին, ես էլ ամեն օր միայն դաս սովորեցնեի, լուրջ բաներից խոսեի, հաստատ իմ մասին էլ էդպես կմտածեին: Լավ, բա հետո՞: Ախր, հետաքրքիր ա, տեսնես` ի՞նչ ա ուտելու: Երևի համով ինչ-որ բան, օրինակ՝ իտալական պաստա, մինչդեռ ինձ տանը սպասում է հնդկաձավարով փլավը: Երանի իրենց: Իսկ կարո՞ղ ա` հարցնեմ հենց իրենից: Չնայած՝ իմ ֆիզիկայի ուսուցիչը էնքան խիստ ա ու կոպիտ, որ կարող ա հաջորդ անգամ էլ ի վիճակի չլինեմ մտածելու: Ինչ ծիծաղելի ա, ասենք՝ պատկերացրեք․ Միլենան մի շաբաթ դասի չի գա, որովհետև դասատուին հարցրել ա, թե ինչ ա էսօր ուտելու»:

Զանգը տվեց, ու մտքերս էլ իսկույն ցրվեցին: Բայց գիտեմ, շուտով հետ են գալու մինչև հաջորդ ժամը: Որոշեցի սուսուփուս գնամ՝ առանց ապուշ հարցերի:

Հիմա էլ աշխարհագրության ժամ է, էլի եկան էն մտքերը, թե ինչ է անելու ընկեր Միսկարյանը վերջին դասից հետո: «Երևի գնալու ա տուն, գրքերը բացի, մեր հաջորդ դասը աչքի տակով անցկացնի, հետո գրավորները ստուգի, հետո նոր թեստեր կազմի: Մի րոպե, բա ո՞վ ա ճաշ պատրաստելու, բա` տեսնես երեխաների դասերը ստուգելո՞ւ ա: Ուֆ, եսիմ, է, չեմ պատկերացնում, ինձ թվում ա, որ ուսուցիչները մենակ դաս սովորեցնելու համար են»:

Արդեն դասերն ավարտվել էին: Տուն եմ գնում, գլուխս էլի լիքն է էդ տարօրինակ մտքերով: Էսօր պիտի գնամ պարապմունքի, շուտ հասնեմ տուն, հնդկաձավարս ուտեմ, փոխվեմ ու դուրս գամ: Բա տեսնես ընկեր Սիմոնյանը վերջը ի՞նչ ա ուտելու:

Լրիվ մոռացել էի: Մաման մի երկու բան էր ասել, որ տուն գնալուց առնեմ: Մտա սուպերմարկետ, անսպասելիորեն տեսա, որ նույն ընկեր Սիմոնյանը կարտոֆիլ է գնում, հետո մոտեցավ ու ձեթ վերցրեց: Այ, հիմա պարզ է, ի՜նչ պաստա, ի՜նչ Իտալիա, տապակած կարտոֆիլ է ուտելու: Կարծիքս լրիվ փոխվեց, արդեն պատկերացնում էի, թե ոնց են ուսուցիչները առևտուր անում, հաց ուտում, ու թե ոնց են ընդհանրապես դասից բացի ուրիշ բան անում:

Պատկերացումներս լրիվ արդարացրին իրենց, երբ պարապմունքի գնալուց ավտոբուսի մեջ տեսա ռուսերենի ուսուցչուհուս, բարևեցի ու թեթև ժպտացի: Հաջորդ օրն էլ, երբ ընկերուհուս հետ մտա խանութ՝ մի երկու բան փորձելու, տեսանք քիմիայի ուսուցչին: Բարևեցինք: Մերին հարցրեց.

-Ընկեր Կարապետյան, ի՞նչ եք կարծում՝ էս բլուզը շատ աչք ծակող գույն ունի՞:

-Չէ, ընդհանրապես, քեզ էլ շատ կսազի:

-Լո՞ւրջ: Մերսի:

Ապշել էի: Մի՞թե ուսուցիչները էդքան անմիջական կարող են շփվել աշակերտների հետ: Դպրոցում աշխարհի չափ նկատողություն են անում, իսկ դրսում հաճելի խորհուրդներ են տալիս:

Դասերի ժամանակ էլ չեմ անհանգստանում, թե տեսնես` էս դասատուն ինչ է անելու տանը, ինչ է ուտելու, ոնց է շփվում ընտանիքի հետ: Արդեն հստակ գիտեմ, որ ընկեր Սիմոնյանը շատ լավ առևտուր է կարողանում անել, տիկին Արամովնան, չնայած իր բարձրաճաշակ հագուկապին, անձնական մեքենայի փոխարեն ավտոբուսով է տուն գնում, իսկ այ, քիմիայի ուսուցիչս շատ բարձր ճաշակ ունի հագուստի հարցում:

Գուցե մեզ պակասում է հենց իրար ավելի լավ ճանաչելու հնարավորությո՞ւնը: Գուցե, եթե իմանանք իրենց խնդիրների մասին, առօրյա կյանքի, դպրոցից դուրս զբաղմունքի, ի վերջո հասկանանք իրար ու կոտրենք մեզ բաժանող պատնեշները: Գուցե…

milena ghazaryan

IGen-ի մեկ օրը

Երեկոյան խանութներում երկար թափառելուց հետո վերջապես 8-ին տուն  հասա: Տոպրակները հենեցի միջանցքի պահարանին, ոտքերս իրար սեղմելով մի կերպ հանեցի բոթասներս, հանեցի նաև վերարկուս ու տոպրակները քարշ տվեցի դեպի սենյակս: Դատարկեցի, որ վերջնական նայեմ գնածս ապրանքները: Մի քանի անկապ իրեր,  «Աստղալից գիշեր»-ով  արտ-բուք, գունավոր մատիտներ,  գունավոր երկար գուլպաներ, սև շալվար, ու որ ամենահավանածս էր` տաք սվիտեր: Մանուշակագույն, հաստ գործվածքով, ձմեռային ու շատ տաքուկ սվիտեր: Երկու ամիս փնտրտուքներից հետո ես վերջապես գտել էի այն, ու ես ես չէի լինի, եթե  առաջինը հենց դա չփորձեի: Արագ-արագ, մեծ ոգևորությամբ հագա, աաա~խ, ինչ փափուկ է…

«Ես սիրում եմ քեզ»,- մտովի շատ բարձր ձայնով գոռացի ես:

Հանեցի հեռախոսս, որ արագ նկարվեմ ու ուղարկեմ ընկերուհուս, նրա կարծիքը ամենակարևորն է հագուստիս հարցում: Ուղարկեցի..

«Հըն, ո՞նցն ա»:

«Աաաա… Դու ուզում ես` ես քեզ սպանեմ»:

«Մերսի»,- հասկացա, որ շատ է հավանել:

Մի կողմ նետեցի հեռախոսս, գնացի հայելու մոտ, երկար նայում էի ինձ ու չէի կարողանում կտրվել նման աչք ծակող տեսարանից:

Հը՞, թեյ խմե՞մ: Ըհը, արժի, տաք սվիտերով թեյ խմելուց էլ հրաշք պա՞հ:

Գնացի խոհանոց, ջուրը լցրեցի թեյնիկի մեջ ու միացրեցի:

-Մամ, հենց եռա, կասես, հա՞:

-Էդ տաք սվիտերը հագել ես` հերիք չի, մի հատ էլ տաք թեյ ես խմու՞մ: Հեսա` ջերմությունդ կբարձրանա, ու ես քեզ խնամողը չեմ:

-Ինձ հենց էդ ջերմությունն էլ պետք ա էս պահին:

10 րոպե հետո մայրս  կանչեց, որովհետև ջուրը եռում էր: Գնացի խոհանոց, վերցրի իմ ամենասիրած բաժակը, որի վրա իդեպ ինքս ֆլոմաստերով խզմզել էի: Ինչպիսի արվեստի գլուխգործոց… Հա, ինչ էի ասո՞ւմ, ըհը, լցրեցի ջուրը, չորս գդալ շաքարավազ,  Ժասմինի համով կանաչ թեյի գույնը… Հրաշալի է բուրում: Վերցրի տաք բաժակս ու գնացի սենյակ:

-Ահա, սվիտերը կա, թեյը կա, մնաց մի բան նայեմ, որ  ջերմության կոլորիտը ամբողջանա: Միացրեցի նոթբուքը, իմ ամենա-ամենա մուլտիկը` Gravity Falls դրեցի, ու հարմար տեղավորվեցի, սկսեցի «ըմբոշխնել» երեկոս: Մենակ մեկը չկար ինձ «անմահացներ», ոչ մեկը մեր տանը նորմալ ֆոտո անել չի կարողանում: Հա, իդեպ մուլտիկիս գլխավոր հերոսուհին ինձ ստիպեց սվիտեր հագնել, ինքն ամեն օր տարբեր գունավոր սվիտերներ էր հագնում, ես էլ ուզեցի: Ճիշտ է, ամեն օրվա համար մեկը  դժվար կարողանամ գնել, բայց սա էլ ինձ հերիք է:

Խորասուզվել էի մուլտիկիս մեջ, չէի էլ զգացել, թե ոնց եմ քնել: Մենակ առավոտյան արթնացա, տեսա, որ սվիտերս դարակին է դրած, նոթբուքը նույնպես, թեյի բաժակը ընդանրապես չերևաց աչքիս:

-Մամ, դո՞ւ էս արել էս ամենը:

-Չէ, երևի գիշերը այլմոլորակայինները հատուկ իջել են, որ քեզ քնեցնեն:

Դե հա, մաման «շատ հումորովա»:

Ուֆֆ, էլի մուլտիկը մինչև վերջ չնայեցի, արդեն չորրորդ անգամն է, ինչ կեսից քնում եմ ու չեմ նայում մինչև վերջ:  Մոտավորապես հենց այսպես են անցնում իմ երեկոները, որոշ մարդկանց համար, օրինակ տանեցիների, դրանք շատ անհետաքրքիր ու անիմաստ են անցնում, բայց ինձ համար դրանք կյանքի հաճույքը զգալու իրական  միջոց են:

milena ghazaryan

Քաղաքիս «աննշան» թերությունները

Երեկոյան ժամը վեցն էր: Տուն էի գնում: Ցուրտ էր, ուժեղ քամի: Իսկ ես ավտոբուսի էի սպասում մոտակա կանգառում: Քանի որ ես շատ մեծ ու ինքնուրույն աղջիկ եմ, համենայնդեպս, ես այդպես էի կարծում, կանգառի կողքի ցուցանակին տեսել էի, որ 23 և 44 համարի ավտոբուսները հենց էստեղով են անցնում, ու մտածեցի՝ 44-ը շատ երկար է գնում, 23-ին կսպասեմ: Սպասեցի մոտ կես ժամ: Եվս 15 րոպե: Արդեն երեք 44 համարի ավտոբուս էր անցել, իսկ իմ ավտոբուսը դեռ չէր եկել: Ընկերուհիս հաճախ էր ասում, որ անհաջողակ եմ, բայց որ այս կարգի, դեռ չգիտեի:

Արդեն ուզում էի կողքիս կանգնած տատիկին հարցնել՝ 23-ը հաստա՞տ էստեղով է անցնում, երբ հանկարծ հեռվից դրան նման մի դեղին ավտոբուս երևաց:

-Ըհը, եկավ:

Վերջապես հասավ կանգառին, ու… Մեծ հիասթափություն: Գրողը տանի, շփոթել եմ: Հերիք չի այն, որ իմ ավտոբուսը չէր, դրան գումարած էլ կողքիս տատիկը նստեց այդ անիծյալ ավտոբուսն ու հեռացավ, իսկ ես մնացի մեն-մենակ կանգառում:

Մութը վրա էր տալիս: Մայրս զանգեց: Այն, ինչից ամենաշատն էի վախենում: Հիմա կհարցնի, թե ինչու եմ ուշանում, ախր, ոնց բացատրեմ, որ ինքնուրույն որոշումներ եմ կայացրել ու ինձ մեծի տեղ դրած՝ սպասում եմ անորոշության: Ինչ արած, պիտի պատասխանեմ:

-Հա, մամ:

-Ո՞ւր հասար, ինչի՞ ես ուշանում:

-Ավտոբուս եմ սպասում:

-Ո՞ր համարին:

-23:

-Բայց դու գիտես, որ դա էդտեղով չի անցնում:

-Չէ, մա´մ, ես ցուցանակի վրա կարդացել եմ, հաստատ անցնում ա:

-Դե, եթե էդքան վստահ ես, ուրեմն սպասիր, բայց հանկարծ շատ չուշանաս, լա՞վ,- սառը տոնով ասաց մայրս ու անջատեց:

Հիմա ինչ անեմ, պիտի լսեի մորս: Էլի սպասում եմ, հուսամ կգա ու շատ չեմ ուշանա: Նկատեցի, որ կանգառի մոտով անցնում են այնպիսի ավտոբուսներ, որոնք ցուցանակի վրա նշված չեն:

Ընկա մտածմունքների մեջ, հանկարծ նկատեցի, որ 44 համարի ավտոբուսը գալիս է: Առանց երկար վարանելու՝ նստեցի, դրեցի ականջակալներս, որ երկար ճանապարհից շատ չձանձրանամ:

Ավտոբուսի մեջ նստած մտածում էի, թե ինչու ցուցանակի վրայի գրվածները չէին համապատասխանում իրականությանը: Երկար մտածեցի: Փաստորեն ցուցանակի վրա սխալ բաներ էին նշված: Ախր, էդպես չի կարելի: Եթե ինչ-որ բան էր փոխվել երթուղայինների ուղղության հետ կապված, ապա ցուցանակը ևս պիտի փոխվեր: Ախր, մարդիկ կարող են շփոթվել: Քաղաքը լրիվ անուշադրության է մատնվել, ինչն ինձ արդեն նյարդայնացնում է: Ինքս ինձ հետ կռիվ էի տալիս: Մի կողմից էլ մտածում էի, թե ինչ հիմարն եմ: Սովորաբար էդ տիպի բաները հարցնում էի մորիցս, բայց էս անգամ զարթնեցի ու մտածեցի, որ ես ինքնուրույն մարդ եմ, ամեն ինչից գլուխ եմ հանում: Որոշել եմ՝ մինչև 16-ս չլրանա, մենակ ոչ մի բան չեմ ծրագրելու: