seda mkhitaryan

Սպասման ժամանակներ

Ալերգիա` ծխից։

Բաց պատուհանից սուրճի բույրը դուրս կսողա։

Ծուխ չի լինի։

Դու ներսում երբեք չես ծխում։

Սուրճի բույրի հետ հայացքդ էլ դուրս կգա։

Մեքենայի հեռարձակ լույսերը անձրևի կաթիլների մեջ ծիածան կնկարեն։

Մտքիդ մեջ կորոշես մեքենայի պատկանելությունը։ Ու ինչպես միշտ կսխալվես։ Նա չի գա։

Կնայես վերև։ Կփնտրես լուսինը։ Չես գտնի։

Քո բացած պատուհանից միայն քո սուրճի բույրը դուրս կգա։

Հոգնած կոպերդ իրար կգան։ Կպահես բաց։ Կփորձես սպասել։ Սպասել չեկողին։

Սեղանի տակ դրված ոտքերդ կխփես գետնին։ Տպավորություն կստեղծես, որ եկող կա։ Ու կշարունակես սպասել չեկողին։

Բաց պատուհանից ներս մտած սառը օդը կտաքացնի մատներիդ ծայրերը։ Մարմինդ կսառչի։ Կսպիտակի։

Աչքերդ կփակվեն։

Ջանքերդ իզուր են։

Դու մահանում ես։

Գիտակցելով, որ

այս սենյակում երբեք քո ծխախոտի ծխին նրանը չի խառնվի, որովհետև նա էլ  միշտ դրսում է ծխում։

Sargis Melkonyan

Ես պատրաստ եմ լսել քեզ

Հիմա այս մաքուր էջի վրա ուզում եմ ինչ-որ բան գրել, ինչ-որ բան ասել, որ կթեթևացնի վիճակը, բայց վախենում եմ, որ ամեն բառն ավելի մոտիկ կտանի անդունդին։

Ես պարզապես ուզում էի ազնիվ լինել ամենահոգեհարազատ մարդու հետ, բայց մտքիս ծայրով էլ չէր կարող անցնել, որ այսպես կլինի:

Ինչ-որ ներողությունների ալիք անցավ, արցունքի կաթիլներ, որ հետո վերածվեցին ջարդուփշրվածության, կոտրտվածության, ընդհատվածության․․․

Չէի ուզի ասել, որ կուզեի ժամանակը հետ տալ, բայց չէի էլ ցանկանա, որ այսպես ստացվեր։ Չէի ուզի, որ ամեն խոսքս ինչ-որ դաժան բան դառնար քեզ համար, որ հիշողությունների ու մտածմունքների մեջ չընկնես, որ․․․

Ես պարզապես ամենաշատն եմ ցանկանում, որ ժպիտդ ի վերջո դադարի թաքցնել տխրությունը, որովհետև դու արժանի ես դրա իրական ու պարզ լինելուն, դու արժանի ես երջանկության՝ ամենաիրականին, որովհետև․․․

Դու նա ես, ով ձեռքս պինդ բռնած օգնեց քայլել մի ճանապարհով, որից շեղվելը խաղ ու պար էր և որից շեղվելը կործանումն էր։

Դու այն անսահման տարածությունն ես, որտեղ ես ազատ անկում կարող եմ ապրել, երբ աշխարհում ամենաշատը դրա կարիքն ունեմ։

Դու նա ես, ով լուռ լսեց, լսեց մինչև վերջ ու չմեղադրեց (թեև արժանի էի), ով առաջինն էր, որ ձեռք մեկնեց ու եկավ ինձ հետ։

Դու նա ես, ում բաց շագանակագույն աչքերը ինչ-որ արտասովոր տխրություն են կրում, բայց դիմամաշկը ժպտում է անընդհատ։

Դու նա ես, ում անունն իմ շուրթերին միշտ ժպիտի է վերածվում, որովհետև իմացությունը, որ աշխարհում դու կաս, ինչ-որ վստահություն է, որ դառնում է ինքնավստահություն։

Եվ վերջապես, դու նա ես, ում կարիքն աշխարհում երևի ամենաշատն ունեմ, ու կներես, բայց առանց քեզ հարցնելու՝ ես վաղուց քեզ իմ մի մասնիկն եմ համարում, հարազատս։

Այս էջի վերջում, որ այլևս մաքուր չէ, ես ուզում եմ ասել, որ պատրաստ եմ քեզ օգնել, պատրաստ եմ քեզ լսել մինչև վերջ, մինչև վերջ լինել կողքիդ։

Պարզապես դու պիտի ցանկանաս։

Moving ideas forward, Մոնտենեգրո. Օր 1-ին

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը` Լիլիթ Կարապետյանի

Էլի օդանավակայանում։ Այս անգամ ուղևորությունը դեպի Մոնտենեգրո է՝ մասնակցելու Moving ideas forward թրեյնինգին։ Մեր հինգ հոգանոց խումբը, որի մեջ էին` Հովնանը, Լիլիթը, Անուշը, Սուրենը և ես, Վարշավայում կապակցող թռիչք ունենալով, ճանապարհվեց դեպի Մոնտենեգրո։ Դե ինչ խոսք, ընկերներով ճանապարհը միշտ էլ հետաքրքիր ու հաճելի է անցնում։ Ճանապարհին «Այլ կերպ»-ի առաջնություն էր ընթանում, որի շրջանակներում Անուշը և ես հաղթեցինք Լիլիթի և Սուրենի թիմին։ Հովնանն էլ թիմերի անուններն էր որոշում։

Եվ այսպես, հասանք Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոտգորիցա, որտեղից մեզ դիմավորեցին և տարան Սուտամորե քաղաքը, որտեղ մնալու ենք առաջիկա մեկ շաբաթը։ Նախ ասեմ, որ հենց ինքնաթիռից դուրս եկանք, առաջին հաճելի բանը` արևոտ ու խոնավությամբ հագեցած եղանակն էր։ Սուտոմորե տանող ճանապարհը մոտավորապես տևեց մեկ ժամ, որի ընթացքում արդեն հասցրինք նմանություններ գտնել Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև։ Անընդհատ համեմատում էինք ճանապարհները և լեռները Հայաստանի տարբեր հատվածների հետ։ Ինչ վերաբերում է լեռներին, նրանք ամենուր էին և մեզ հիշեցնում էին Սյունիքը։ Միակ բանը, որ այնքան էլ չէր համընկում Հայաստանին՝ ծովի առկայությունն էր։ Նույնիսկ ռադիոյի ձայնը մեզ մի պահ թվաց, թե հայերեն է։ Մի խոսքով, մեզ այնքան էլ օտար չէինք զգում այստեղ։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Վերջապես հասանք Սուտամորե։ Այն փոքր քաղաք է, որ կարծես բաժանարար գիծ է հանդիսանում ծովի ու լեռների միջև։ Մեր հյուրանոցը ծովից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է, այնպես որ տեղավորվելուց հետո գնացինք ծովափ, որտեղ, մինչ ես ու Անուշը նստած ավազին դեսից-դենից էինք խոսում, Հովնանը, Լիլիթը և Սուրենը վայելում էին Ադրիատիկ ծովի ջրերը։

Ծովից հետո ընթրեցինք, որից հետո էլ բոլոր մասնակիցներով արդեն սկսեցինք ծանոթանալ և կանոններ մշակել մեկ շաբաթվա համար։ Ուրախ մթնոլորտում մեր ծանոթանալը վերջացնելուց հետո, նորից գնացինք ծովափ` վայելելու Ադրիատիկ ծովի գեղեցիկ տեսարանը, կարմրավուն լուսնի շողերի ներքո։ Ահա այսքանով ավարտեցինք մեր առաջին օրը Մոնտենեգրոյում։

Վաղվանից դասընթացներն սկսում են: Հետևեք մեզ 17-ում:

ella mnacakanyan yerevan

Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը. լիքը չգրված բաներ

Մինչ մյուս 17-ցիներն իրենց նյութերում ակտիվորեն պատմում էին իրենց կամավորական հետաքրքիր կամ մի քիչ ձանձրալի փորձի մասին գագաթնաժողովի օրերին, ես դրանց հասցնում էի հետևել աչքի պոչով ու թաքուն նախանձով միայն, որովհետև իրենք՝ հյուրանոցների, օդանավակայանի, Համալիրի, Ծիծեռնակաբերդի կամ Ֆրանկոֆոնիայի ավանի կամավորները, որքան էլ ստիպված լինեին ամեն օր կրել այդ կամավորական կապույտ շապիկները կամ ժամերով կանգնել բաց երկնքի տակ՝ չնայած ցուրտ եղանակին, բայց գոնե կարող էին իրենց թույլ տալ այնպիսի ճոխություն, ինչպիսին իրենց տպավորություններով կիսվելն է 17-ում, որովհետև իրենց աշխատանքը, գուցե և ֆիզիկապես ծանր էր, բայց սկսում ու ավարտվում էր հստակ ժամի՝ երեկոյան 8-ին: Ու հա, ընդհանուր կամավորությունն էլ հստակ ավարտ ուներ՝ հոկտեմբերի 12, ժամը 20:00: Եվ չնայած՝ էնպես ստացվեց, որ այդ օրը ես էլ իրենց հետ մասնակցեցի իրենց կամավորական «after-party-ին Ֆրանկոֆոնիայի ավանում (ու, ի դեպ, էնտեղ էլ ինձ գործի դրեցին՝ բեմից մի քանի ֆրազ ֆրանսերեն թարգմանել տալով (Մարիա՜մ, դու մենակ չես, էլի մեկը կա քո օրին), բայց իմ կամավորական աշխատանքը, որը կարող էր սկսվել, ասենք, առավոտյան 7-ին ու ավարտվել արդեն հաջորդ օրը՝ գիշերվա 1-ին, իսկապես ավարտվեց միայն այսօր՝ գագաթնաժողովի ավարտից 2 օր անց, երբ իմ ուղեկցությանը վստահված պատվիրակությանը վերջապես ճանապարհեցի օդանավակայան, ֆրանսիացիներին բնորոշ լայն ժպիտով ու շատ «կարոտալից» տոնով ասացի. «Մինչ շուտափույթ հանդիպում Հայաստանում», հանեցի կամավորական բեյջս, որ երևի ինձնից էլ շատ էր տանջվել այս մեկ շաբաթվա ընթացքում, ու հասկացա, որ վաղն առավոտ շուտ դասի եմ: Էլի: Աշխարհի ծայրում: Դեռ ավելին՝ վեցօրյա գրաֆիկով, որովհետև պիտի լրացնենք այս մեկշաբաթյա տանջանքների օրերը ևս: Այդ է պատճառը, որ գրում եմ միայն հիմա, երբ մյուսներն արդեն վաղուց ամփոփել են ֆրանկոֆոնիան, ծալել ու խնամքով մի կողմ են դրել կամ միգուցե այրել են իրենց բեյջերը, շապիկներն ու հիշողությունները: Դե՜, իսկ ես դեռ նոր եմ փորձում որոշել դրանց ճակատագրերը: Բեյջի ճակատագիրն արդեն պատմեցի, իսկ այ, շապիկի հարցում բախտս, կարելի է ասել, բերել էր: Մեզ՝ պատվիրակությունների ուղեկցորդներիս, ոչ միայն չէին պարտադրել դրանք կրել, այլև առհասարակ չէին էլ բաժանել: Փոխարենը սահմանել էին դասական dress code ու հորդորել հնարավորինս խուսափել որպես կամավոր ներկայանալուց, որովհետև մեր փոխարեն իրականում պիտի պետական արարողակարգի աշխատակիցներ լինեին, բայց…

Ինչ վերաբերում է հիշողություններին, ապա դրանց ճակատագիրը հստակ է. նրանք մնալու են ինձ հետ թերևս ողջ կյանքիս ընթացքում ու նրանցով դեռ շարունակելու եմ կիսվել ձեզ հետ (թեկուզ մի քիչ ուշացումով), որովհետև այս մեկ շաբաթը, ինչքան էլ անվերջ ու տանջալից թվար, ամենաանհավանական փորձն էր, որ կարելի էր ունենալ այս տարիքում, այն էլ սեփական հայրենիքում և այն էլ իրադարձություններին այսքան մոտ:

davit gorgoyan

Քիթ

-Արս, իմ արև, դու նեղվելու տեղ չունես. Տիգրան Մեծինը իրա անվան պես ա եղել,- մի աննորմալ պատռում էր կոկորդը, ինչպես Արքիմեդը լողանալուց կբացականչեր էվրիկան:

Մի քանի րոպե ուշադիր զննելուց հետո աչքերը պտտեցրեց այն հուսահատ հայացքով, որը առանց տարիների իմաստնության ու փորձի կտեսնեիր մեկի աչքերում, ում դիմաց ֆրանսիական թեորիայով անկաշկանդ համբուրվում են իր սիրած էակն ու ինչ-որ լպրծուն, ու թերությունը չընդգծելու համար կամաց ասաց․

-Լավ չես, իմին չի հասնի: Մաքսիմում քոնին:

Լռեց, մտածեց, նայեց, մտածեց, շարունակեց․

-Հա, բայց իմը բնական ա, քոնը ռինգի մեջ են թրծել:

-Ասե՞մ:

-Ասա:

-Սենց ավելի սիրուն ա, քան կլիներ: Թարս էլ մի նայի, ես ճաշակով տղա եմ:

Կենտրոնական բանկում դրամներն էինք խոշորացույցով ուսումնասիրում, երբ դեպքը պատահեց:

Արսենը դպրոցական ընկերս է՝ հասարակ տղա, որը լսում է ռուսական ախմախություն, սիրում` աղջիկներին, օձիքով վերնաշապիկ ու մեծ դրամապանակներ, բայց խնայում է ընդմիջման փողը դրամապանակը լցնելու համար: Հիմա էլ քոլեջում ենք սովորում, էլի իրար հետ: Ես ատում եմ Արսենի ճաշակը: Աննորմալն էլ դու ես:

Իններորդ դասարանում հայոց լեզվի ուսուցչուհին հանձնարարեց գրել, թե ինչ կփոխեինք մեր կյանքում, մեր մեջ: Արսենն առանց մտածելու, լայն ժպիտով, հիմար հայացքով ասաց.

-Քիթս:

Ուսուցչուհին շփոթմունքը ցույց չտվեց ու խրախուսելու համար գրել տվեց գրատախտակին, Արսենն էլ խրախուսվեց ու մինչև հիմա ամփոփում է իր էությունը գրատախտակին տառերով գրված իր քթի մեջ:

Արսենի քիթը տառերով գրվեց գրատախտակին ու չջնջվեց իմ հիշողությունից, որովհետև ամեն անգամ դասի ժամանակ արևելք նայելիս ես ակամա ստիպված եմ հիշել ու ժպտալ: Արսենը կողքիս է նստում: Երբեմն:

Ըստ իս՝ մարդու քթի ձևը արտացոլում է նրա բնավորությունը: Ինչպես չես կարող բացատրել զգացողությունը, որ ստանում ես երեխաներին դրսում հողով կամ գնդակով խաղալիս տեսնելուց կամ հենց նոր հայտնաբերած երգից մնացած բոլոր անգամները լսելու ցանկությունը մեկում սեղմելու անունակության հաճույքը, այնպես էլ քթի ու բնավորության հարաբերությունն եմ անկարող բացատրել: Պիտի նայես ու զգաս: Աննորմալն էլ դու ես:

Սյունեն՝ Ազնավուրին բնութագրող իր ֆեյսբուքյան ստատուսներից մեկում, բավականին գեղեցիկ կերպով նկարագրել է․ «Իր ներկա ստանդարտներով՝ երիտասարդ ժամանակ խիստ համեստ արտաքին տվյալներով խելքահան էր անում ամենագեղեցիկ կանանց, որոնք իր երաժշտության պես էսթետիկ էին՝ առանց ավելորդ բացվածքների, գռեհկության հասնող սեքսուալության, որովհետև ինքն էլ երբեք ստանդարտներին համապատասխանող կանանց չի սիրել: Տարբեր կանանց հետ լուսանկարներ թերթեք, մեկը բարակ շուրթերով է, մյուսը՝ լայն կոնքերով, երրորդը՝ մեծ քթով: Ու էդ ամենով հանդերձ սիրունիկ են, գրավիչ են, իսկապես ձգող են: Ու մտածում ես՝ էդ ինչ շքեղ դետալ-առանձնահատկություն են ունեցել, որով Ազնավուրը գերվել է, երանի-երանի մեկը մի օր մեզ էդպես նայի, մեր թերությունների մասին էդպես երգի»։

Դու էլ երևի Արսենի պես շարքային ոչ ստանդարտ քիթ ունեցող հայ ես, ով կոմպլեքսավորվում է ինչ-որ դիրքից նկարներ ունենալուց կամ հավանած աղջկա դիմաց մի որոշ դիրքով նստելուց: Դու քեզ ազատորեն վերագրում ես նրա ճաշակի տեր ու քննադատում ինքդ քեզ՝ նպաստելով ինքնագնահատականիդ անկմանը:

Ուզում եմ ասել քեզ, որ շարքայինը ոչ թե քո հարթուփոս քիթն է, այլ դու ու քո մոտեցումը արտասովորին: Ու քեզ առանձնապես ոչինչ չի տարբերում քառանկյուն հայացքներով սահմաններ գծող էն ոչնչությունից, ով ի զորու է ձայնի բոլոր ելևէջները օգտագործել ուսուցչին նվաստացնելու ու լսարանի առաջ «բեթմեն» խաղալու համար, ու քեզ համար էլ երևի հակառակ սեռը զուտ հաճույքների բավարարման աղբյուր է, իսկ խնջույքներին միայն մոր կենացը խմելը՝ հարգանքի չափանիշ:

Դու էլ այն շարքային հասարակն ես, ով խեղկատակ է պիտակավորում մեկին, ով ցույց է տալիս միանգամայն տարբերվող երգացանկը կամ ասում, որ սիրում է կարճ կտրվածքով ու դեղին մազերով աղջիկներին:

Վերջին մրցումներից հետո տուն մտնելիս մայրս սարսափած աչքերով նայեց ուռած, կապտած ու կիսաջարդած քթիս: Ժամանակի ընթացքում հայելու դիմաց կանգնելու ու սանրվելու հետ համատեղ չսիրված լինելու վախի փոխարեն փայլող աչքերով ես նայելու խորդուբորդ քթիդ: Քո՝ ինքդ քեզ գնահատելուց ես կախվածության մեջ դնում շրջապատի գնահատականը:

Գժվելիք են հայկական սիրուն, սապատավոր արծվաքթերը, գիժ եք դուք:

mariam nalbandyan

Ամփոփենք Ֆրանկոֆոնիան

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Առաջին օրն էր իմ կամավորության, աղջիկներից մեկի հետ կանգնած խոսում էինք Օպերայի բակում, մի քիչ շուտ էինք հասել, տաղավարների աշխատանքները դեռ չէին սկսվել, երբ մի ոստիկան մոտեցավ մեզ ու հարցրեց՝ երեխեք ջան, հիմա դուք կամավո՞ր եք։ Ասացինք՝ հա։ Հարցրեց՝ բա ձեր օգուտը ո՞րն ա։ Դե, չենք սիրում հիմնականում այդ հարցը։ Ասացինք, որ պարզապես հետաքրքիր է մեզ, ու հավես է։ Այն ժամանակ դեռ առաջին օրն էր, ու չէի կարող էդ հարցին պատասխանել։ Իսկ հիմա կփորձեմ ավելի մանրամասն պատասխանել ոստիկանի հարցին ու ասել, թե իմ օգուտը որն է։

Սկսեմ նրանից, որ այս մի շաբաթվա ընթացքում ավելի շատ մարդու հետ շփվեցի, քան իմ ամբողջ կյանքում։ Ինձ նման ինտրովերտի համար, կարծում եմ, լավ փորձ է մի քիչ մարդկանց հետ խոսել սովորելը։ Երբ կամավոր ես, ու մարդիկ քեզ լիքը հարց են տալիս, քո աշխատանքն է` պատասխանել այդ բոլոր հարցերին, անկախ այն բանից, պատասխան ունես, թե չէ։

Սովորեցի արագ որոշումներ կայացնել ու լուծումներ գտնել։

Իմ աշխատանքի երկրորդ օրվանից սկսած ես բեմի թարգմանիչ էի։ Էդ պաշտոնը ես եմ հնարել, ուղղակի բեմ բարձրանալուց առաջ պետք է ներկայացնել, թե ով է ելույթ ունենալու, ու պետք է ներկայացնել նաև ֆրանսերեն։ Ես ֆրանսերեն ձայնն էի, ինձ տեսնել չէիք կարող, բայց կլսեիք։ Թարգմանում էի նախապես ասելիքս ու ասում։ Բայց պահեր եղան, երբ կատարողները ժողովրդի հետ խոսում էին ելույթի ընթացքում։ Առաջին անգամ զուգահեռ թարգմանեցի Մեհդի Կայենին՝ Կանադայից ժամանած, բայց ծնունդով ալժիրցի երգչին։ Ու հենց նրա հետ էլ առաջին անգամ բեմ բարձրացա։ Վերջին պահին որոշվեց, որ թարգմանիչը պետք է բեմում լինի, ու Մեհդին ինձ ֆրանսերենով գեղեցիկ ներկայացրեց՝ ես ունեմ թարգմանչի կարիք, ու շնորհակալ եմ Միրիամին (չէի դնելու բեմից ուղղեի, թե բա՝ Մարիամ), որ կթարգմանի ինձ։ Ասաց՝ ծափահարեն ինձ, ձեռքերով էլ ցույց տվեց, ասաց՝ ծափահարեք, Միրիամ, բայց ես ինքս ինձ ներկայացնելու մասերը չթարգմանեցի, ու էդպես էլ ոչ ոք ծափ չտվեց ինձ։ Էդ պահից հիշում եմ միայն ուժեղ լույսերը ու իմ անփույթ ժպիտը։ Ելույթից հետո Մեհդին ասաց, որ իր ծնողները մինչ իր ծնվելը, գիտեին, թե ինքը աղջիկ է լինելու, ու անունը Միրիամ պետք է դնեին։ Հետևաբար, ես իր քույրն եմ։ Մեհդիին բարեհաջող թարգմանեցի, քանի որ ֆրանսերենից հայերեն էի թարգմանում, բայց մյուս դեպքը, երբ ստիպված եղա զուգահեռ թարգմանել, շատ ավելի դժվար էր։ Թարգմանում էի «Օպերա Վիվա» վոկալ քառյակին, բայց այս անգամ՝ հայերենից ֆրանսերեն։ Ինչքան էլ բոլորը համոզեն, որ այդ պահին լսարանի մեծ մասը հայեր էին, ու ոչինչ, որ սխալվել եմ, չեմ կարողանում մինչև հիմա ինձ ներել շատ կարևոր սխալների, մի քանի անգամ կմկմալու ու բառեր մոռանալու համար։ Բայց, ոչինչ, դա էլ ապրեցի։

Իսկ վերջին օրը Ֆրանկոֆոն ավանի փակումից մոտ մեկ ժամ առաջ ինձ խոսք տվեցին բավականին երկար, որպեսզի թարգմանեմ ու բեմից կարդամ։ Սովորեցի արագ գործել։ Իհարկե, բախտս բերեց, որ այդ պահին ընկերուհիս ինձ հետ էր, ու շատ օգնեց թարգմանության հարցում, բայց, համենայնդեպս, դժվար էր, քանի որ ընթացքում էլի ընդհատում էի թարգմանությունս ու վազում հաջորդ կատարողին ներկայացնելու։

Չգիտեմ՝ սխալներով, թե լրիվ ճիշտ, բայց ես, ոչ բեմի մարդ և ոչ էլ մի կարգին թարգմանիչ լինելով հանդերձ՝ բեմից ֆրանկոֆոնիայի փակման խոսք կարդացի։ Եթե սխալներ նկատել եք, ես լրիվ պատասխանատվություն եմ կրում դրանց համար, որովհետև ես էի թարգմանել։

Հիմա գիտեմ, ինչ է նշանակում բեմում լինել, նայել ժողովրդին, նրան որևէ խոսք ասել, ու հիմա ավելի հաստատ գիտեմ, որ դա իմ բանը չէ։ Ամեն դեպքում, շատ հետաքրքիր էր, դա էլ փորձեցի։

Չնայած՝ ոչ մի երկրի ոչ վարչապետի եմ տեսել, ոչ էլ նախագահի, ոչ ոքի հետ չեմ հասցրել նկարվել, ինչպես շատ ընկերներս, բայց այս մեկ շաբաթվանից հետո ես էլ կարող եմ Մակրոնի ու Տրյուդոյի հետ նկարված ընկերներիս նախանձելու փոխարեն բացել «Կյանքում հասցնել անել» երևակայական ցուցակս ու մի շարք թռչնակներ (պծիչկա) ավելացնել։

Ապրենք միասին

Ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման ու տարածման հաստատություն-միջազգային կազմակերպությունը ՝ Ֆրանկոֆոնիան, վեց օր շարունակ հյուրընկալվել է Հայաստանում:

Մարդու իրավունքների պաշտպանության, կրթության խթանման, մշակութային երկխոսությունների ակտիվացման համար Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացմամբ տրվեց մշակութային միջոցառումների մեկնարկը:
Տաղավարները ստեղծում են փոքրիկ ավանի տպավորություն, որտեղ մասնակից երկրներից շատերը ներկայացնում են իրենց սոցիալ-մշակութային կյանքը:
Տաղավարներում բացի եվրոպական երկրներից, ներկայացված են նաև աֆրիկյան մի շարք երկրների՝ մասնավորապես՝ Կոնգոյի, Ռուանդայի, Սենեգալի մշակույթները:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահի աշխատակազմի անդամ Կաբայե Մուպիլա Սիմոն Պիերը, ով գլխավորում է Կոնգոյի պատվիրակությունը, նշում է.
-Ֆրանկոֆոնիայի միջոցով է,որ մեր պատվիրակությունը այժմ բացահայտում է գողտրիկ մի երկիր: Կոնգոյում ֆրանսերենը պետական լեզու է, բայց հավատացեք՝ այստեղ ես միայն սկսեցի ճանաչել ֆրանսիական մշակույթը, թե այդ ի՞նչ կախարդանք է, կիմանաք միայն դուք` հայերդ:
Աֆրիկայից ժամանած Անժելիկ Կիժոն Երևանը սիրել է դեռ օդնավակայանից:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Ես ինձ այստեղ զգում եմ ինչպես իմ տանը: Երևանը շատ հյուրասեր է, երևանցիները՝ խենթ:
Ռուանդայի տաղավարը ներկայացնող կանայք միաբերան ասում են, որ մեր ժողովուրդները նման են իրենց պայքարող տեսակով:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

-Հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ապրեցին, ռուանդացիները՝ դարի վերջին: Մենք այսօր լինելով Հայաստանում, ցույց ենք տալիս ոչ միայն մեր մշակույթը և սոցիալական կյանքը, այլ նաև՝ մեր ոգու ուժը…

Իսկ ահա սենեգալցի մեր հյուրերը համոզված են, որ ֆրանկոֆոնիան Հայաստանին մեծ հնարավորություններ է ընձեռնում սոցիալ-մշակութային կապեր հաստատելու աֆրիկյան երկրների հետ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Իմ Վանաձորը

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Տաղանդավոր երիտասարդության ու արվեստի, արհեստի քաղաք` Վանաձոր: Երբեք չփոխվող այս քաղաքը, միշտ լեցուն կլինի կյանքով, ու ամեն անգամ այս օրը կթնդա Հայքի հրապարակը, որովհետև Վանաձորի երիտասարդության նմանը ուրիշ տեղ չկա:

Չգիտեմ, ինչո՞ւ եմ ամեն անգամ այս անձրևոտ ու մռայլ քաղաքը երիտասարդների եռացող, ակտիվ այրան հետ ասոցացնում: Առաջին հայացքից քնած քաղաքը երբեք քնած չի լինում, որովհետև ամեն անկյունում մի խումբ երիտասարդներ, մի մութ տանը, նոր ու հետաքրքիր գաղափարներ են ծնում և իրագործում: Սա այն դեպքն է երբ քաղաքը փողոցները չեն, շենքերը չեն ու ոչ էլ կանաչ ծառերն են ու անձրևոտ տարվա օրերը:

Վանաձորը մենք ենք, ու մենք ենք այստեղ եղանակ ստեղծողը: Մեզնով է քաղաքը անձրևում ու մեզնով էլ երկնքում արև է ծագում: Վանաձորը հոգեվիճակ է ու բնավորության գիծ: Ու միայն այս քաղաքում ես միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ կլինեմ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Վանաձորը էլ վաղուց աքսորատեղի չէ ու ոչ էլ ապագա չունեցող քաղաք, որովհետև այսօր հրապարակը թնդում էր, ու որովհետև վաղն էլ է թնդալու: Ու ամեն ծննդյան օր մենք ավելի շատ ենք լինելու: Ես վստա՛հ եմ, որ Վանաձոր գալու են ու էլ չեն գնալու:

Երբ Երևան էի տեղափոխվում, շատերը կարծում էին` կգնամ ու կմոռանամ իմ քաղաքը: Բայց հասկանո՞ւմ եք, չես կարող հեռանալ ինքդ քեզանից: Վանաձորն էլ իմ հոգին է ու իմ բնավորությունը, ես չեմ կարող առանձնանալ ոչ այս քաղաքի կոլորիտից, ոչ նրա բարբառից: Ո՞ւր էլ ես գնամ, երբ սկսեմ խոսել, կհարցնեք՝ թե որտեղի՞ց եմ, ու ես աշխարհի ամենահպարտ մարդու նման կասեմ.

-Ես Վանաձորից եմ…

Ֆրանկոֆոնիայի կամավորները

Ֆրանսերեն, ֆրանսիական երաժշտություն, մշակույթ ու խոհանոց. այստեղ` Ֆրանկոֆոնիայի ավանում ցանկացած բառ սկսվում է Ֆրանս-ով, ավարտվում ֆրանսերենին հատուկ հնչողությամբ։  Իսկ Մարիամին նման հնարավորություն էր պետք սիրելի լեզվի բոլոր նրբությունները բացահայտելու համար։

Մարիամը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի երրորդ կուրսի ուսանող է և կամավոր Ֆրանկոֆոնիայի միջոցառումներում. «Դիմել եմ դեռ 2017 թվականի ամռանը։ Մեզ մոտ` Ֆրանսիական համալսարանում, հայտարարություն տարածվեց, որ կարող ենք որպես կամավոր մասնակցել ֆրանկոֆոնիայի միջոցառումներին: Այն ժամանակ մենք` առաջին-երկրորդ կուրսերի ուսանողներս, վստահ էինք, որ ֆրանսերեն խոսելու ցանկացած շանս պետք է օգտագործել, ու զարգացնել մեր  հաղորդակցման հմտությունները»։

Ֆրանսիական համալսարանի ուսանողների մեծամասնությունը կամավոր է Ֆրանկոֆոնիայի միջոցառումներում։ Համալսարանի երրորդ և  չորրորդ կուրսերում դասերը դադարեցվել են, չնայած, հաշվի առնելով սա, համալսարանում դասերը սկսվել էին սեպտեմբերի մեկից մեկ շաբաթ շուտ:

Գրանցվելուց հետո կամավորները մասնակցել են մի շարք հավաքների, ծանոթացել, իմացել` ինչ է իրենից ներկայացնում Ֆրանկոֆոնիան, ինչ պարտականություններ ունեն կամավորները:

«Մինչ ծրագրի մեկնարկը Ֆրանկոֆոնիայի մասին գիտեի, որ շատ մեծ միջոցառում է լինելու, ու Հայաստանում հավաքվելու են լիքը ֆրանսերեն խոսող մարդիկ, ու ես պետք է թարգմանեմ նրանց, բայց գիտեի նաև, որ դեռ չունեմ համապատասխան գիտելիքներ` ֆրանսերենից հայերեն և հայերենից ֆրանսերեն թարգմանություններ անելու համար: Բայց մոտ մեկ տարի ունեի Ֆրանսիական համալսարանում, ունեի բարդ բանավոր քննություն ու վստահ էի, որ կհասցնեմ լավացնել ունակություններս»,- պատմում է Մարիամը:

Կամավորներին բաժանել են ըստ ֆրանսերենի իմացության: Օրինակ, Ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողները հիմնականում պատվիրակությունների ուղեկցորդներ են: Մյուս կամավորները օդանավակայանում են, հյուրանոցներում, Մարզահամերգային համալիրում  ու Ֆրանկոֆոնիայի ավանում: Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին մասնակցում և կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում շուրջ 1300 հայ կամավորներ: Նրանց համակարգման աշխատանքները իրականացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Կամավորների շտաբը:

Ըստ Մարիամի՝ կամավորները հաղորդակցության օղակ են հայերի ու պատվիրակների միջև: Նա նշում է, որ ավանում, որտեղ ինքն է ՝ հատկապես ֆրանսախոս կամավորները մեծ պահանջարկ ունեն, որովհետև կան տաղավարներ, որոնց ներկայացուցիչները անգլերեն չեն խոսում կամ հրաժարվում են խոսել, ուստի ֆրանսախոս կամավորներին ուղարկում են այդ տաղավարներ:

Իսկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Գայանեն  կամավոր է անգլախոս տաղավարներում: Ասում է՝ կամավորությունը մեծ նշանակություն ունի իր համար, այն շատ լավ հնարավորություն է ինքնաբացահայտման, ինքնաճանաչման ու իհարկե գիտելիքների հարստացման համար: «Որոշեցի կամավոր լինել ֆրանկոֆոնիայի միջոցառումներում առաջին հերթին իմ գիտելիքները ավելացնելու համար: Մինչև կամավորությունը սկսելը գիտեի, որ Ֆրանկոֆոնիայի շուրջ հավաքվում են այն երկրները, որոնք ինչ-որ չափով կապ ունեն ֆրանսիական մշակույթի հետ»:

Ասում է, որ սկզբում, երբ դիմում էր ծրագրին, չէր պատկերացնում, որ Ֆրանկոֆոնիայի տաղավարներում այսպիսի միջավայր կլինի, որ միմյանցից այսքան տարբեր երկրներն ու ազգությունները այսքան նման կարող են լինել:

Իսկ Գայանեին հանդիպած օտարերկրացիներն էլ ասում են, որ Ֆրանկոֆոնիայի միջոցով բացահայտել են Հայաստանն ու շատ հավանել:

shushan stepanyan portret

Սեր առ մեր կյանքը

Օդանավակայանում էինք: Ինձ նամակ եկավ անձնագրիս ստուգման պահին: Կարդացի, ու ինձ թվաց, թե հերթական անգամ ապատեղեկատվություն է, բայց բութ գիտակցումով մի կերպ հասկացա, որ տեսակը, որն  ամենավեհ արժեքներով  հուլունք-հուլունք զարդարել էր մարդկային երգասեր ու զգացմունքային սրտերը, այլևս չկա:

Բնականաբար, անզուսպ լաց եղա, ու մինչև թռիչքը Ազնավուրի երգերով տարված՝ օդանավակայանում այս ու այն կողմ էի քայլում: Մի տեսակ չէի հավատում: Միշտ լսել եմ, սիրել ու ապրել իր ստեղծած երգերի աշխարհով, բայց երբեք չեմ պատկերացրել իր՝ կյանքիս ու փոքր սրտիս մեջ այդքան տեղ զբաղեցնելը: Նման զգացում ունենում ես հավանաբար միայն կորցնելուց հետո, երբ արդեն սկսում ես զգալ ներսիդ սառը դատարկությունը:

Հասկանո՞ւմ եք՝ ամեն բառը, ամեն նոտան, երգը սեր է առ կյանք, ընտանիք, երկիր ու սեր առ սեր իրենով:

Լսում եմ հիմա էլ  ու թեև ֆրանսերեն չեմ հասկանում, ընկալում եմ իր երգածը: Հեշտ է իր լեզուն հասկանալը, հեշտ է սիրո մասին լսելը: Երբ երգի այդքան անուշ նոտաներն արդեն անբողջությամբ իմն են լինում, ես ինձնով եմ անում տիեզերական ողջ շնչելունն ու դառնում ագահ՝ կլանելով  նոտաների ու երգի հոտը, որը դեռ երկար մնում է գլխումս ու անընդհատ երգվում:

Փշաքաղվելու, անզգայանալու ու անխոս գունատվելու լռություն է, որ հիմա, վստահ եմ, գրեթե համատարած է, անանձնացած:

Գիտե՞ք՝ կորցնելու ցավը համր է, մեկ-մեկ էլ քչախոս, բայց Ազնավուրի դեպքում անվերջանալի շատախոսություն է ու, թերևս, տևական ու չհոգնեցնող:

Շնորհակալ եմ քո գոյությանը, իմ ու մեր բոլորի ամենաԱզնավուր: Շնորհակալ եմ հայի քո տեսակին, որ շատ-շատերին նահանջի խավարի մեջ  լույս է տալու:

«Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել պատյանիս մեջ ու ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար» տողերդ անվերջ պիտի կարդամ, սիրո հավերժական երգերդ պիտի լսեմ ու նման սիրո որոնումներում «ես»-ս կորցնեմ ու փորձեմ քո օրինակով՝ իմ կարողություններով զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

Տիեզերքն անեզր է, ու դու երկնքում ես, այն  քո անսահմանությամբ լցրու…