lilit vardanyan

Չտաքացնող կոշիկներով ջրափոսի մեջ

Ձեռքերս չորացել են: Ոտքերս մշտապես սառն են: Իսկ բակի ծիրանենու տերևները չորացել ու թափվել են:

Արդեն կարող եմ հագնել ոտքերս չտաքացնող աշնանային կոշիկներս ու տրորել չորացած տերևները: Քայլում եմ մեջքս ուղիղ, արագ, վստահ: Այնպես, որ աշնանային, ոտքերս չտաքացնող կոշիկների ձայնը որքան կարելի է համահունչ ու բարձր լսվի: Կանգնում եմ իմ դիմաց հայտնվող յուրաքանչյուր տերևի վրա, որ լսեմ աշնան ձայնը:

Քայլում եմ աշնանային անձրևի ժամանակ, որպեսզի զգամ աշնան անձրևի հոտը: Չտաքացնող կոշիկներով մտնում եմ ջրափոսի մեջ: Մեկ է, ոտքերս չեն թրջվի: Մեկ է, ոտքերս միշտ սառն են:

Արդեն կարող եմ հագնել իմ սիրած վերնաշապիկներն ու ջինսե վերարկուն:

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր: Այնքան սիրուն է հնչում: Ամիսներ, երբ չեմ անհանգստանում արևից ալերգիայիս համար: Բայց նաև չեմ բողոքում արևի բացակայության համար:

Աշուն, երբ սպասում եմ աշնանային անձրևներին, այն օրվան, երբ կարող եմ հագնել ոտքերս չտաքացնող աշնանային կոշիկները, անհամբեր սպասում եմ՝ երբ կարող եմ ուտել ցիտրուսային մրգեր: Թե երբ կարող եմ նարինջ, մանդարին ուտել, կիտրոնով թեյ խմել: Ցիտրուսներից ալերգիան իմ աշնանային ալերգիան է: Միակ ալերգիան, որից երբեք չեմ զզվի:

Հաշվում եմ, թե երբ է գալու ծննդյանս օրը: Սիրում եմ նոյեմբերը: Այդ ժամանակ արդեն կան ցիտրուսներ: Արդեն կարող եմ հագնել իմ գնած նոր աշնանային շորերը: Կարող եմ դնել աշնանային գլխարկներս: Կարող եմ ընտրել՝ կարմիր, թե մոխրագույն, որովհետև պահարանումս միայն այդ գույներն են: Կարող եմ նոր սանրվածք անել: Էլ ոչ ոք չի հարցնի, թե ինչու են մազերս սպիտակ, որովհետև աշնանը սպիտակ մազերս չեն փայլում:

Նոյեմբեր: Այդ ժամանակ ձեռքերս շատ չոր են, իսկ ոտքերս ավելի սառը, քան սեպտեմբերին:

Աշուն: Երբ ուզում եմ փաթաթվել տաք ծածկոցի մեջ, խմել կիտրոնով թեյ, գիրք կարդալ ու լսել աշնանային անձրևի ձայնը: Երբ կարող եմ նկարագրել այս իրավիճակը, բայց երբեք չիրականացնել:

Աշուն է: Ես ծնվել եմ աշնանը: Աշնանը ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, որովհետև ձեռքերս միշտ չոր են, իսկ ոտքերս երբեք չեն տաքանում:

Moving ideas forward, Մոնտենեգրո. օր 4-րդ

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Վերջին անգամ, որ գրել եմ, թուղթ ու գրիչն էր թրենդի մեջ:

Շատ բան է փոխվել:

Էն ժամանակ սովորում էի դպրոցում ու «Մանանայի» սան էի, իսկ հիմա… Հա, հիմա կոնկրետ ես էլ չգիտեմ, բայց սան չեմ, դպրոցն ու համալսարանն էլ ավարտել եմ:

Բայց մենակ իմ կյանքում չի, որ շատ բան է փոխվել վերջին մի քանի տարում:

«Մանանան» էն ժամանակ չուներ ամեն օր թարմացվող կայք, իմ ու «Մանանայի» ընկերների շրջապատն էլ ավարտվում էր Երևանով:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Ահագին նմանություններ ունենք ես ու «Մանանան». նույն թվին ենք ծնվել, նույն ընկերների շրջապատը ունենք ու էլի ընդհանուր բաներ ունենք. երևի գիտեք արդեն:

Վերջը:

Այսօր Moving ideas forward ծրագրին ինձ հետ մասնակցող Աննան, Անուշը, Լիլիթը և Սուրենը ինձ ասացին, որ իմ հերթն է գրելու: Ես ճիշտ է, իրենց թարս նայեցի, բայց իրենք շատ էին:

Այսօր ծրագրին մասնակցող կազմակերպությունների մասնակիցներին ժամանակ տրվեց մտածելու իրենց կազմակերպությունների ռազմավարության մասին: Մենք հենց սկզբից շատ ուրախացանք, քանի որ վերջապես կարող էինք հայերեն խոսել իրար հետ:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Մոռացանք` ինչ հարցերի պետք է պատասխանեինք, ինչքան ժամանակ էին մեզ տվել, ու սկսեցինք իրար հետ վերհիշել, թե ինչ հավես բաներ ենք արել «Մանանայում»: Մեր հիշած բաները իրարից տարբերվում էին, քանի որ տարբեր ժամանակներից ենք «Մանանայի» հետ կապված: Հետո սկսեցինք մտածել, թե էլ ինչ կուզենայինք անել: Բլոկնոտի մի քանի էջ լցվեց, մեր հավեսները` նույնպես: Մեզ տված ժամանակն ավարտվեց, բայց մենք դեռ ուզում էինք իրար հետ քննարկել մեր անելիքները:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Մեր գաղափարները իրագործելու քայլերը մտածեցինք արդեն ընթրիքի ժամանակ:

Ես հիմա էլի թղթի վրա եմ գրում, բայց իմ ու «Մանանայի» կյանքում կարծես թե նոր փոփոխություններ են սպասվում:

Lilit tovmasyan

Հիսուներեք տարի առաջ

Տատս ու պապս 53 տարի է, ինչ միասին են։ Նրանք իրենց երկար ու ձիգ համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի։ Այժմ երջանիկ վայելում են իրենց ծերությունը, որովհետև ունեն 9 թոռ և 3 ծոռ։ Հաճախ եմ կատակով պապիկիս ասում.

-Պա՛պ, բա էդ ո՞նց տատիկին հավանեցիր։

-Է՛, շան աղջիկ, էդ ինչե՞ր ես խոսում։

-Լավ, տատ, դու պատմիր։

-Ա՛յ մարդ, երեխուն մի նեղացրու։ Ես կպատմեմ, բալես։ Ուրեմն մի անգամ աղի բլիթ կերա ու երազումս պապիդ տեսա։

-Ո՞նց թե, տատ։ Ի՞նչ ես ասում, աղի բլիթը լրիվ սուտ բան ա։

-Սուտ չի, Լիլ ջան։ Ուրեմն պապդ կարմիր «սպարտիվկով» ինձ ջուր տվեց, ես էլ խմեցի։

-Տատ, ի՞նչ կարմիր «սպարտիվկա», հնարավոր չի։

-Հո չե՞մ խաբում, հաջորդ օրը նույն շորերով պապիդ տեսա, ու սիրահարվեցինք։

-Տատ, մեկ ա՝ չեմ հավատում, ի՞նչ աղի բլիթ, ի՞նչ կարմիր «սպարտիվկա»։

-Տո, այ բալա, խաբում ա, էլի: Տեսավ՝ սիրուն հարուստ տղա եմ, միանգամից սիրահարվեց։

-Պապ, բա դու չսիրահարվեցի՞ր։

-Լիլիթ աղջիկ, հաջորդ թոշակից քեզ մի մանեթ չեմ տալու։

-Լավ պապ, էլ չեմ հարցնի, բայց միևնույնն է, չիմացա՝ ո՞նց եք սիրահարվել։

Ու էլ պատասխան չստացա:

milena araqelyan

Չհայրենիք

01.10.18: Հայաստան: Օդանավակայան: Պատկերացում չունեմ՝ ինչպես են լքում հայրենիքը: Հա, ամպագոռգոռ բառեր կարդացել եմ տարբեր գրվածքներում, ոչինչ չեմ զգացել, սառը հայացքով կարդացել եմ՝ կարծես էդպիսի երևույթ չի կարող պատահել: Օդանավակայանում հավաքվել են ընկերներս՝ միմյանցից ծայրաստիճան տարբեր, հավաքվել են մի նպատակով, հավաքվել են իրենցից մեկին ճանապարհելու՝ հույսով, որ մի օր հենց իրենք են ժպիտախառը դեմքերով դիմավորելու: Նայում եմ, հերթով նայում եմ նրանց դեմքերին, որ ձևացնում են՝ ուրախ են: Նայում եմ՝ անհագ նայելու ցանկությամբ: Վայ, գրեթե գիտակցում եմ, որ էլ չեմ տեսնելու, հասկանո՞ւմ եք, ոչ թե մեկ-երկու օրով, շաբաթներով կամ ամսով, չէ: Չեմ տեսնելու ու վերջ: Մեզ չեն բաժանում ընդամենը երեք-չորս կանգառները, բաժանելու են հազարավոր կիլոմետրերը, որոնց հաղթելը, չեմ ուզում գիտակցել, որ դժվար է լինելու:

Գրկախառնություն: Փորձում ես վերջին անգամ քո մի մասնիկը տալ նրանց ու վերցնել նրանցից: Չէ, քեզ խոսք ես տվել, լաց չես լինելու, մինչդեռ ուղեղումդ  անընդհատ պտտվում է Անահիտի՝ ‘«ու այդպես էլ մի կարգին հրաժեշտ չենք ունենում՝ օդանավակայաններում մի ծովաչափ լաց լինելով»: Ինքս ինձ խոստացածը մի վայրկյանում ցնդեց, երբ Լիլիթը ականջիս կրկնում էր. «Ամեն բան լավ է լինելու, լինելու է էնպես, ինչպես դու ես ուզում: Մենք միշտ կողքիդ ենք, մեզ կիլոմետրերը չեն հաղթելու»: Ախր, հենց այդ պահին հրաժեշտ երևույթ կոչվածը մտավ ուղեղս, ուժեղ հարվածեց: Մինչ այդ ես գիտեի, որ ամեն բան լավ է, չկան կիլոմետրեր, որ իրենք կողքիս են,  չկա «հեռացում» բառի գործողություն դառնալը: Ու արցունքները, առանց իրար հերթ տալու գլորվեցին:

Վերջ: Գնում եմ՝ արդեն գիտակցված: Էլ չեմ կարողանում նայել ընկերներիս դեմքերին: Փախչում եմ հայացքներից, մտքերումդ դաջվող ու ցավեցնող հայացքներից: Գնում եմ, առանց հետ նայելու:

Ինքնաթիռ: Ինձ թվում էր՝ արդեն համակերպվել եմ գնալ գաղափարի հետ: Չէ: Ականջակալներումս մեկը անընդհատ կրկնում է “save me from me”, ու հանկարծ ինքնաթիռը օդ է բարձրանում: Բարձրանալու հետ արցունքներս իջնում են: Արդեն հասկանում եմ ամպագոռգոռ հրաժեշտների մասին բոլոր գրվածքները:

***

Վայրէջք: Կիև: Չհայրենիք: Սառնությունից բացի ոչինչ չեմ զգում:

***

Նորից ինքնաթիռ: Նպատակակետիդ ավելի ես մոտենում: Ականջակալներումդ էլի նույն տողերն են, բայց հստակ գիտակցում ես, որ քեզ փրկողը միայն դու կարող ես լինել, ուրիշ ոչ ոք:

***

Վայրէջք: Փարիզ: «Չհայրենիք»: Համակերպվում ես զգացածդ սառնությանը: Ասում ես՝ հասել եմ, չանհանգստանաք, ու զգում, որ վերջ, դու արդեն հեռացել ես, ու մի օր նրանց անհանգստանալն էլ է հեռանալու:

Ուրիշ քաղաք: Ուրիշ-ուրիշ մարդիկ: Ուրիշ օդ, որը էդպես էլ չի հերիքելու: Համակերպվում ես: Տարբերակ չունես: Չես կարոտում: Քեզ հրահանգել ես՝ չկարոտել:

Moving Ideas Forward, Մոնտենեգրո. Օր 3-րդ

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Փոքրիկ տոթ սենյակում երկու սեղաններից մեկի շուրջ նստած երկու տղամարդ լուռ փազլ են հավաքում, երկուսն էլ՝ թղթե բացիկների համար զարդանախշեր պատրաստում։ Չորս կին ուշադրությամբ եւ առանձնահատուկ հոգատարությամբ հետևում են նրանց, որպեսզի հանկարծ իրենք իրենց չվնասեն։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Կանանցից մեկը՝ «Ադրիա Բար» ասոցիացիայի նախագահ Մարթա Անջելիչը պատմում է, թե ինչպես է կազմակերպությունը զբաղվում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնամքով.

-Հիմա վեց անձ ունենք մեր խնամքի տակ, դե, իրականում չորսն են, որովհետեւ օրենքը պարտադրում է, որ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձին խնամի գոնե մի աշխատակից, իսկ մենք հիմա միջոցներ չունենք ավելի շատ մարդու վճարելու համար։ Ճիշտ է՝ կան նաև այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում ենք հաշմանդամություն ունեցող անձանց խնամքով, բայց նրանց շահառուները անչափահասներ են. հենց դառնում են 16 կամ 18 տարեկան, ամբողջ խնամքը մնում է ընտանիքի անդամների վրա։ Մենք աշխատում ենք հիմնականում մեծահասակների հետ որպես ցերեկային խնամքի կենտրոն, քանի որ չնայած տարիքին, նրանց դեռ անհրաժեշտ է այդ հոգատարությունը։ Նրանց միտքը մանկան մտքի մակարդակի վրա է մնացել, բայց պահանջմունքները նույնն են, ինչ հասուն մարդկանցը։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Առաջ կային հատուկ մանկատներ, որտեղ ծնողները հանձնում էին մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին, ում չէին կարողանում համապատասխան խնամք տալ։ Մեծ դժվարություններից ու երկար պայքարից հետո նման հաստատությունները փակվեցին։ Դրանց փոխարեն հիմա գործում են ցերեկային խնամքի կենտրոններ՝ ինչպիսին և մերն է։ Այս կենտրոնները հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց չկտրվել ընտանիքից, և միևնույն ժամանակ, ստանալ անհրաժեշտ խնամքը։ Մեր կենտրոնում մարդիկ կարող են օգտվել հոգեբույժի, թերապևտի և սոցիալական աշխատողների ծառայություններից։

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Որոշ ժամանակ առաջ ֆինանսավորվող ծրագիր ունեինք, որի շնորհիվ կարողանում էինք աշխատել 12 հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Նրանց անգամ ուտելիքով և տրանսպորտով էինք ապահովում։ Հիմա նրանցից ութը սպասողների ցուցակում են՝ թե տարածքային, թե ֆինանսական սահմանափակումների պատճառով։

Բար քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները ոչնչով չեն օգնում, անգամ այս խնդիրներով  զբաղվող և օրենսդրությունը  կազմող փորձագետները ոչ միշտ են ճիշտ լուծումներ առաջարկում։ Նրանք խնդիրը ճանաչում են միայն տեսականորեն՝ ստատիստիկ թվերի ու վերլուծությունների հիման վրա։ Բացի այդ, գրեթե ամեն կառավարության այս ոլորտի աշխատակից մի հասարակական կազմակերպություն ունի իր անվամբ գրանցված, որը դիմելով տարատեսակ ֆոնդերի, կատարում է հենց այն աշխատանքը, որը իրենք պիտի կատարեին որպես կառավարության աշխատակից։ Մենք նախընտրում ենք աշխատել հենց ծնողների հետ, նրանցից լավ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ խնդիրների կարող են բախվել իրենց երեխաները և ընտանիքները։

 

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Երբ տղաս ծնվեց, իմացանք, որ հաշմանդամություն ունի։ Ամեն ինչ անում էի, որ նրա համար լավագույն խնամքն ապահովեմ։ Ընթացքում իմացա, որ մեր քաղաքում միայն ես չեմ, որ բախվել եմ նման խնդրի, ծանոթացա այլ մայրերի հետ, միասին էինք գտնում լավ մասնագետների, որոնք աշխատում են այս ոլորտում։ Այդպես որոշեցի ստեղծել ասոցիացիան, որպեսզի օգնեմ ինձ նման ծնողների, որոնք նույն իրավիճակում են հայտնվել։

Արդեն մոտենում էր զբոսանքի ժամը։ Տիկին Մարթան, ավարտելով զրույցը, թևանցուկ արեց փազլն ավարտած որդուն։ Նրանք դուրս եկան փոքրիկ ու տոթ սենյակից՝ քայլերն ուղղելով դեպի Սուրբ Հովհաննես Վլադիմիրի տաճարը։

Տեխնոշաբաթ

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկեց Տեխնոլոգիական շաբաթ 2018-ը: Սա ուսանողական խորհրդի նախաձեռնությունն է, և անձամբ ինձ համար ամենասպասված շաբաթներից մեկը, նոր հնարավորություն սեփական գաղափարները կյանքի կոչելու և նորը բացահայտելու համար: Մեկնարկը տրվեց «Բաց դռներ» միջոցառմամբ, որի ընթացքում շրջայցեր ունեցանք Ա.Ա. Մելիքյանի անվան ՀԱՊՀ Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնական-հետազոտական, գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոններում, էներգետիկայի լաբորատորիայում և ANEL- ում: Շրջայցի ընթացքում ծանոթացանք կենտրոնների գործունեությանը և նրանց նորագույն տեխնիկական լուծումներին տարբեր բնագավառներում: Դրականն այն էր, որ բոլոր կենտրոններում լսում էինք նույն բառերը, որ իրենց լաբորատորիաների դռները միշտ բաց են ուսանողության համար և միշտ պատրաստ են աջակցել:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

-Այս բոլոր սարքերը, որ մենք ձեզ ցուցադրում ենք, թանգարանային նմուշներ չեն: Մենք այս սարքերը ցուցադրում ենք որպես հնարավոր գործիքներ ձեր ապագա կուրսային, ուսումնական, հետազոտական աշխատանքների համար,- նշում է գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Արեգ Գրիգորյանի միտքը շարունակեցին ՀԱՊՀ կենտրոնում, որտեղ անօդաչու սարքերին ծանոթանալուց հետո զրուցեցի կիբեռնետիկայի 4-րդ կուրսի ուսանող Ներսես Ներսիսյանի հետ, որն այժմ հետազոտական կենտրոնի աշխատակից է.

-Լաբորատորիան բացվել է այս տարվա փետրվարին՝ «Հայրենիք» հիմնադրամի աջակցությամբ: Լաբորատորիայի նպատակն է` նախագծել և հետազոտել թռչող անօդաչու սարքերը: Ուսումնասիրում ենք անօդաչու սարքերի կառավարման ալգորիթմները և աշխատում կատարելագործել դրանք: Մենք փորձում ենք ստեղծել կիրառական պրոդուկտ, որը կիրառելի կլինի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմարդյունաբերության մեջ:

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը` Մարիամ Բարսեղյանի

Այն հարցին, թե ում համար է հասանելի լաբորատորիան, Ներսեսը պատասխանեց, որ չնայած նրան, որ լաբորատորիան գտնվում է Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, այն հասանելի է ցանկացած այլ հաստատությունում սովորող ուսանողի համար, ով ցանկություն ունի աշխատելու:

Մեր երիտասարդները ունեն իրենց գաղափարները իրականության վերածելու հնարավորություն, և ուրեմն, ի գործ…

Առաջին քայլերը

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Նախորդ հարցազրույցից հետո ինձ շատ հետաքրքրեց վիրտուալ իրականության գաղափարը, և ես որոշեցի անել ևս մեկ հարցազրույց` այս անգամ Ֆրանսիայից ժամանած Շերին Լակդարի հետ:

-Ներկայացեք խնդրում եմ:

-Ես Շերին Լակդարն եմ` «Էրվե» կազմակերպության համահիմնադիրն եմ: Կազմակերպությունը զբաղվում է իմերսիվ տեխնոլոգիաներով, որոնցից են` վիրտուալ իրականությունը, լրացված և միքս իրականությունները: Այսպիսով, մենք զարգացնում ենք դրանց բովանդակությունը որպես ապրանք, ինչպես նաև երբեմն ստեղծում ենք ծրագրային ապահովումներ վիրտուալ իրականության մեջ կինոթատրոնի դահլիճների ստեղծման համար:

-Ինչպե՞ս իմացաք Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասին և ինչպե՞ս եկաք այստեղ:

-Մենք արդեն երկու տարի է, ինչ համագործակցում ենք «Institut français»-ի հետ, այսպիսով, իրենք մեզ զանգահարեցին գագաթնաժողովի ընթացքում Ֆրանկոֆոն ավանին մասնակցելու համար: Եվ հենց այդպես մենք հայտվեցինք այստեղ:

-Նախկինում եղե՞լ եք Հայաստանում:

-Ոչ, սա իմ առաջին այցն է Հայաստան:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:

-Շատ եմ հավանել, շատ գեղեցիկ է: Դե, իրականում դեռ ժամանակ չեմ ունեցել Հայաստանին լավ ծանոթանալու համար, քանի որ այստեղ շատ աշխատանք կա անելու, բայց անպայման մի քանի օր կտրամադրեմ տեսարժան վայրեր այցելելուն:

-Ըստ Ձեզ` ինչպե՞ս կարելի է Հայաստանում զարգացնել ֆրանսիական մշակույթը:

-Կարծում եմ` պետք է զարգացնել փոխանակումները, որպեսզի մարդիկ շարժվեն, որպեսզի այդ շարժը լինի հայերի և ֆրանսիացիների միջև, ինչու ոչ, նաև դասընթացներ և կրթական միջոցառումներ լինեն այս երկու երկրների միջև: Հիմա այստեղ շատ դպրոցներ կան, ինչը, կարծում եմ, այս զարգացման համար առաջնային է: Էլ ի՞նչ կարող ենք անել… Ուտել հայկականը Ֆրանսիայում և ֆրանսիականը` Հայաստանում:

Աշունը Սոլակում

ella mnacakanyan yerevan

Ֆրանկոֆոնիան ու Հայաստանը. պատվիրակությունների ուղեկցորդ

Դե, երևի արդեն կարդացել եք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին կամավոր երեխեքի նյութերը իրենց կամավորական փորձի մասին օդանավակայանում, հյուրանոցում, Ֆրանկոֆոնիայի ավանում և այլուր, ու ես մի քիչ ուշացած եմ (դե՜, ինչպես միշտ, էլի), բայց, այնուամենայնիվ, ես էլ մի քիչ պատվիրակություններին ուղեկցելու մասին պատմեմ: Չգիտեմ՝ երեխեքը պատմել են արդեն, թե չէ, բայց նախորդող շաբաթվա համար հավաքագրվել էին 1000-ից ավելի կամավորներ ու նրանց դեռ ամառվանից փորձում էին համակարգել 5 խմբի մեջ՝ օդանավակայան, հյուրանոցներ, Ծիծեռնակաբերդ, Մարզահամերգային համալիր ու պատվիրակությունների ուղեկցում: Դե՜, երկար դես ու դեն ընկնելուց հետո էնպես ստացվեց, որ ես վերջնականապես «հաստատվեցի» վերջին խմբում, ու ամեն ինչ սկսվեց:

Չգիտեմ, մյուս խմբերի կամավորներին` ոնց, բայց մեզ այնքան էին նախապատրաստական աշխատանքների համար ԱԳՆ կանչում, որ երբեմն թվում էր՝ իմ երկրորդ տունը ոչ թե դպրոցն (արդեն համալսարանն) է, այլ նախարարությունը: Բայց խնդիրն այն էր, որ նախապատրաստական աշխատանքների էությունն այդպես էլ շարունակում էր սահմանափակված մնալ միայն թեորիայի՝ հսկայածավալ ինֆորմացիայի ու պարտականությունների ցանկի մեջ, որից գլուխ սկսեցինք հանել միայն վերջին մեկ շաբաթը՝ մեր պատվիրակությունների անուններն ու տվյալներն իմանալուց հետո: Ի դեպ, դրան մենք սպասում էինք անհամբեր ու մի թաքուն վախով, որովհետև սրտի խորքում բոլորս էլ հույս ունեինք ստանալ Ֆրանսիայի կամ գոնե Կանադայի պատվիրակությունները (դե՜, Մակրոնին կամ Թրյուդոյին անգամ մոտիկից տեսնելն էր շատերի համար երազանք, ուր մնաց՝ ուղեկցելը) ու չստանալ այնպիսի մի երկիր, որի անունն անգամ չենք լսել երբևէ (իսկ դա շատ էլ հնարավոր էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցող երկրների ցանկը տեսնելով): Եվ քանի որ Արտաքին գործերի նախարարությունն աշխատում է այնպես, ինչպես մեր գյուղի սովետական սառնարանն ամռանը, մենք այդ լուրը ստացանք մեր պատվիրակությունների ժամանումից 5-6 օր առաջ միայն՝ շատ սպասված հեռախոսազանգի միջոցով:
-Էլլա ջան,- այն պահին, երբ լսափողի այն կողմից պիտի լսվեր այդքան սպասված երկրի անունը ես հստակ զգում էի սրտիս զարկերի արագությունը՝ չնայած ավտոբուսում եղած աղմուկին, որովհետև ընկերներիս փորձից արդեն գիտեի, որ կարող է հնչել Մոզամբիկի, Տոգոյի կամ, ասենք, Սենթ-Լյուսիի անունը,- Դուք ուղեկցելու եք Ուրուգվայի պատվիրակությանը,- ես երևի թեթև ժպտացի,- Ձեզ կուղարկենք պատվիրակության տվյալները:
-Շնորհակալություն,- ասացի ես ու անջատեցի հեռախոսս՝ մտածելով, որ ամեն դեպքում բախտի հարցում բախտս բերել է:
«Ուրուգվա՞յ: Վատ չի: Դե՜, առնվազն գիտեմ՝ աշխարհի որ կետում է գտնվում, որն է մայրաքաղաքը, պաշտոնական լեզուն ու կրոնը: Հա՜, մեկ էլ հիշում եմ, որ Ուրուգվայն է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրոշն էլ կապտավուն է կարծեմ: Չէ՜, ահագին էլ բան գիտեմ փաստորեն: Նույնիսկ լավ է: Գուցե մի քիչ իսպաներեն էլ խոսեմ դեռ»:
Պարզվեց, որ բախտի հարցում բախտս ոչ թե մի քիչ, այլ շատ էր բերել: Իմ ուղեկցությանը վստահված պատվիրակությունը բաղկացած էր միայն մեկ անդամից՝ Ուրուգվայի դեսպանից, ով նաև պատվիրակության ղեկավարն էր, Մշտական խորհրդին, Նախարարական խորհրդին և բուն գագաթնաժողովին Ուրուգվայի ներկայացուցիչը, իսկ ինչպես պարզվեց նաև հետագայում՝ մի հրաշալի, լատինաամերիկյան կոլորիտով անձնավորություն, որի հետ լեզու գտնելը բավականին հեշտ էր՝ չնայած երբեմն-երբեմն պատահող «դեսպանային» կամակորություններին ու սկզբունքայնությանը: Դե՜, առնվազն պատասխան ստանալու համար նրան պետք չէր դիմել «Ձերդ գերազանցություն»-ով՝ ի տարբերություն որոշ այլ պատվիրակությունների անդամների, իսկ մեզ տրամադրված մեքենայում նա հայտնվում էր միայն այն բանից հետո, երբ իմ հետևից փակում էր մեքենայի դուռն ու համոզվում, որ ողջ-առողջ եմ, ու նույնիսկ առաջարկում էր, որ մեքենան սկզբում ինձ տանի տուն և նոր միայն իրեն՝ հյուրանոց, որպեսզի ես հնարավորինս շուտ տուն հասնեմ ու քնեմ, հոգնած կլինեմ:
-Գիտե՞ք՝ Դուք հաստատ ինձնից ավելի շատ եք հոգնում այս օրերի ընթացքում,- ասաց մի անգամ, երբ էլի շուտ էր լքել հավաքույթը ինձ երկար սպասել չտալու համար:
-Ինչո՞ւ,- զարմացա ես:
-Որովհետև չկա ոչինչ ավելի հոգնեցուցիչ, քան սպասելն է,- նրա խոսքը հնչեց որպես վաղուց հաստատված ճշմարտություն,- ես դա հաստատ գիտեմ, որովհետև երբ դեսպանի կցորդ էի, ես ստիպված էի անընդհատ սպասել: Դա հոգնեցնում էր, ես չեմ մոռացել:
Նա չէր մոռացել, ու գուցե դա էր պատճառը, որ հաճախ մինչև վերջ չէր մասնակցում նիստերին կամ պետական ընթրիքներին, խուսափում էր ոչ պարտադիր միջոցառումներին ներկա լինելուց՝ գուցե հավես չունենալու, գուցե՝ ինձ ավելորդ անգամ չսպասեցնելու ու չհոգնեցնելու համար, որովհետև, այո՛, սպասումն ամենահոգնեցուցիչ բանն է աշխարհում:
Չէ՜, հրաշալի մարդ է պարոն Սգարբին ու հենց իր նման մարդկանց հանդիպելու, նրանց լսելու, նրանցով հիանալու, նրանցից սովորելու ու մի քիչ էլ նրանց քաղաքիդ սովորեցնելու համար արժեր մեկ շաբաթով դուրս գալ կյանքի սովորական հունից ու անշահախնդրորեն լծվել մի գործի, որը պահանջում է պատրաստակամ ժպիտ՝ անկախ տրամադրությունիցդ, խնդիրները (որոնք մեծամասամբ ԱԳՆ-ի՝ սովետական սառնարանից էլ վատ աշխատելու արդյունքում էին ծնվում) արագորեն հարթելու ունակություն, դե՜ մի քիչ էլ անքնություն ու էներգիա, ու փոխարենը տալիս հնարավորություն՝ ուղեկցելու մարդկանց, որոնցից կարելի է անվերջ սովորել…

Moving ideas forward, Մոնտենեգրո. օր 2-րդ

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Առավոտը բարի չէր սուրճ սիրողների համար․ սուրճ չկար սեղանին։ Տխուր տրամադրությունը ցրելու համար գնացինք հյուրանոցի բակ՝ խաղեր խաղալու։ Մինչև օրվա կես փորձում էինք մեկս մյուսի անունները սովորել։ Փորձը ցույց տվեց, որ Սուրենի անունը ամենադժվար հիշվողն էր։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Խաղ էինք խաղում, երբ բաժանվում ենք երկու թիմերի, երկու հոգի ծածկոցը բռնած պահում են օդում, ու ամեն թիմից մեկական մասնակից կանգնում է ծածկոցի մի կողմում։ Երեք հաշվին ծածկոցը ցած են գցում, և խաղացողները դեմ-դիմաց են հայտնվում։ Ով առաջինը ճիշտ ասի դիմացինի անունը, նա էլ հաղթողն է լինում, իսկ պարտված մասնակիցը միանում է հաղթողների թիմին։ Այսպիսով՝ խաղի վերջում լինելու է միայն մի թիմ, քանի որ բոլոր մասնակիցները կանցնեն հաղթող թիմի կողմը։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Մեր թիմը հաղթեց հիմնականում Սուրոյի շնորհիվ։ Առաջին չորս անգամը, որ իրեն ուղարկում էինք, հակառակորդ թիմի մասնակիցները ուղղակի նայում էին նրա դեմքին, «error 404» էր գրվում ճակատներին, հետո հանձնվում էին։ էլ Սուլթան, էլ Սուրան, ինչ ասես չլսեցինք։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Կարճ ընդմիջումից հետո, երբ ոմանց վերջապես սուրճ տվեցին, վերադարձանք բուն ծրագրին։ Բաժանվեցինք աշխատանքային խմբերի, որոնցում պիտի աշխատենք շաբաթվա ընթացքում։ Ընտրությունը հետևյալ խմբերի մեջ էր՝ վիդեոյի, գումարի և հովանավորների որոնման, հաղորդակցման ռազմավարության, կամավորների ներգրավման և մոտիվացման, ծրագրերի առաջարկների պատրաստման, նորեկներին գիտելիքի փոխանցման և ներքին հաղորդակցության խմբեր։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Աշխատեցինք տարբեր խմբերում լինենք, որ հնարավորինս շատ բան սովորենք։ Հաջորդ քայլը ծով գնալն էր։ Վերջապես ես էլ հասա ջրին։ Լավ էր, ինչ խոսք։ Էս անգամ կես ժամ էլ ավել էին հատկացրել մեր ընդմիջմանը։ Երևի զգացել էին, որ ծովի կարոտ ենք։ Օրվա երկրորդ կեսին փորձում էինք հասկանալ, թե ինչ հատկանիշներ պարտադիր պիտի ունենա առաջնորդը՝ իրական առաջնորդ լինելու համար։ Բաժանվել էինք վեց խմբերի, որոնք հետո միանալով դարձան երեք, իսկ վերջում բոլորս միասին ներկայացանք մեկ ընդհանուր «բանալի» գաղափարով։ Ընթացքում ես էլ հասցրի թիմի անունից ներկայանալ, չնայած դեմ էի դրան։ Երեկոյան ունեցանք, այսպես կոչված, cultural café-ն, որի ընթացքում ամեն երկիր ներկայացրեց իր ազգային ուտելիքները, խմիչքները, հետաքրքիր բառեր իրենց լեզվով և այլն։ Ամենահետաքրքիրը երևի Սլովակիայի կազմակերպած թեստն էր։

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Լուսանկարը` Անուշ Դավթյանի

Հարցերի էինք պատասխանում, որից հետո ամենաշատը ճիշտ պատասխանած թիմը շահելու էր սլովակական խմիչք։ Հաղթեց Գերմանիայի թիմը, որի անդամներից և ոչ մեկը գերմանացի չէ։ Օրվա վերջում ազատ ժամանակ ունեինք։ Ով ինչ պարեր գիտեր, հերթով սովորեցնում էր մնացածին։ Պարեցինք իսպանական, իտալական և, իհարկե, հայկական։ «Ծաղկաձոր»-ը մի քիչ դժվարացան սովորել, բայց մի քանի հոգի գլուխ հանեցին, հայի պես պարում են արդեն։ Սպասենք վաղվան։ Խոստացել են լավ եղանակ և ուրախ ճանապարհորդություն։ Առավոտը բարի կլինի մեզ համար։