Լույսի ու հույսի Շենիկ

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Անուշ Մկրտչյանի

Եթե երբևէ եղել ես մեր գյուղում՝ Շենիկում, հատկապես՝ գիշերը, քեզ դիմավորել են մի շարք թափառական շները, ամեն փողոցի ծայրում վառվող մի փոքրիկ լույսն ու համատարած լռությունը:

Լույսերը վառվում են: Սա իմ գյուղն է, արդեն՝ լուսավոր: Մեկ շաբաթ առաջ գյուղում գիշերային լույսեր են տեղադրվել: Ոնց գյուղացիք են ասում. «Բա չհելնե՞նք Հյուսիսային պողոտա»:

Սա մեր Հյուսիսային պողոտան է: Իհարկե, այստեղ չկան բրենդային խանութներ (Սուսան տոտայի խանութը հաշիվ չի), ասեմ ավելին՝ չկան նաև ամենուր շրջող օտարերկրացիներ, և որ ամենակարևորն է՝ սա ամենևին էլ Հյուսիսային պողոտան չէ:

Դու չես հավատա, բայց այժմ գյուղում կարելի է ման գալ առանց հեռախոսի լույսի, կարելի է տեսնել 50 մետրից քեզ մոտեցող շներին (սա օգնում է արագ փախուստ կազմակերպելուն), կարելի է շատ ուշ ժամերի զբոսնել գյուղում (լավ, էս մեկը չափազանցրի):

Ինչևէ, ուրիշ բան էի ուզում ասել: Եթե քաղաքում ապրողները զարմանում են անլույս փողոցների վրա, մենք զամանում ենք հասարակ լույսի վրա: Էլ ի՞նչ է պետք գյուղացուն, եթե ոչ «լույս»:

Մենք էլ ենք ուզում ապրել լույսի մեջ, մենք էլ ենք ուզում, որ գյուղը չդատարկվի, մենք ուզում ենք, որ գյուղացին դեպի քաղաքի լույսը չվազի, որ տների լույսերը չմարեն, որ լույսը հույս դառնա ու ցրի խավարը, անվերջ ու անլույս խավարը:

 

laura sekoyan

Մեր թաղի խնջույքը

Արդեն երկու շաբաթ է, ինչ ոչինչ չեմ գրել։ Պատճառն այն էր, որ շուրջս ամեն ինչ նույնն էր։ Տնից դպրոց, դպրոցից տուն, դաս, հարևաններ, սուրճ, բամբասանք…

Իմ նյութերում հաճախ եմ գրել մեր գյուղի՝ Սոլակի, մեր  թաղի ու հարևանների մասին։ Եվ իրոք, այդ հարցում չեմ սխալվել։ Մեր թաղը տարբերվում է մյուս բոլոր թաղերից։ Այստեղ հարևանները շատ մտերիմ են, համերաշխ ու կազմակերպված։
Այս երկուշաբթի էր, երբ դասից տուն եկա ու տեսա՝ հարևանները գումար են հավաքում ու ինչ-որ ծախսի ցուցակ են գրում։ Պարզվեց՝ թաղի կանայք որոշել են մի լավ քեֆ անել։ Տատս, ով թաղում հայտնի է որպես լավ քաբաբ պատրաստող, այդ գործը վերցրել էր իր վրա։ Եվ ահա, քեֆը պատրաստ էր։ Պետք էր ընդամենը գումար հավաքել ու միս գնել։ Գումարը հավաքել էին, միսը գնել էին ու մի քանի բան էլ ավել էին գնել։ Տատս մսի մարինադը պատրաստել էր, հաջորդ օրը քաբաբը պետք է պատրաստեին։ Ամեն բան լավ էր, բացի նրանից, որ թաղի երեխաները դասի էին, բայց դա կանանց չխանգարեց։

Առավոտյան նրանք ավարտել էին տան գործերը և հավաքվել էին մեր տանը։ Կրակը վառել էին, միսը խփել շամփուրներին։ Մեծերը կրակի մոտ էին, իսկ հարսները տանը սեղան էին գցում ու երեխաներին զբաղեցնում։ Սեղանը լի էր, իսկ այն, ինչ պակաս էր, հարևաններն իրենք էին բերել իրենց տներից։ Կանայք ուրախ էին, գոհ իրենց կատարած գործից։ Ողջ ընթացքում կատակներ էին արել, երգել ու մի քիչ էլ խմել։ Քեֆն ամփոփել էին սուրճով ու քաղցրավենիքով։ Չէին մոռացել նաև դպրոցում գտնվող երեխաների մասին, բոլորին բաժին էին պահել։ Այս մասին ինձ տատս էր պատմել, բայց քաբաբի համից կարելի էր եզրակացնել, որ քեֆը շատ լավ էր անցել։
Եվ իրոք, վստահ կարող եմ ասել, որ մեր թաղն ուրիշ է։ Մենք  կարողանում ենք մեր կյանքը հետաքրքիր դարձնել ու չնվնվալ:

ella mnacakanyan yerevan

Իմ տարօրինակ սերը

Երբ ամեն առավոտ սենյակումս մնացած ափսեները՝ լի ձմերուկի չորացած կտերով, փոխարինվում են մանդարինի չորացած կեղևներով, նշանակում է՝ ձմեռը մոտ է: Եթե ոչ դրսում, ապա գոնե իմ կյանքում:

Իմ գլխում ձմեռը միշտ ասոցացվում է մանդարինների հետ, երևի այն պատճառով, որ մանդարին շատ եմ սիրում: Համարյա նույնքան, ինչքան ձմերուկ: Որոշ ժամանակ առաջ նույնիսկ մի չգրված ավանդույթ ունեինք. շաբաթվա մեջ մեկ օր (հիմնականում՝ հինգշաբթի) ընկերուհիներով հավաքվում էինք ու սկսում անխնա մանդարին ուտել: Ասենք՝ 1 կիլոգրամ, չէ լավ՝ 2, ը՜… Անկեղծ ասած՝ 5, ավելի անկեղծ՝ մինչև անգամ մեկ ամբողջ պարկ: Մեր «վնասակար հանդիպումները» շարունակվեցին բավականին երկար՝ մինչև այն պահը, երբ մեզանից մեկի մաշկին ալերգիայի տեսքով չհայտնվեցին այդ հանդիպումների «քաղցր» պտուղները: Չէ՜, էնպես չի, որ դադարեցինք հանդիպել, պարզապես այդ հանդիպումներից բացառեցինք մանդարինը՝ հատկապես՝ պարկերով… Բայց դադարեցի՞նք արդյոք մանդարին ուտել: Երևի՝ չէ: Համենայնդեպս, ես հաստատ: Ինձ թվում է՝ նրանք նույնպես: Հիմա կասեք՝ լավ, էս աղջիկն էլ ինչի՞ է հիշել իր ու իր ընկերուհիների՝ մանդարինի հանդեպ անթաքույց սերը: Եթե անկեղծ՝ ես էլ չգիտեմ: Պարզապես հիմա, երբ ձմեռը մոտ է ոչ միայն իմ գլխում, այլև դրսում ու, հավանաբար, ձեր մտքերում նույնպես (դե՜, դժվար է էս ցրտին ձմեռվա մասին չմտածելը՝ նույնիսկ առանց մանդարինի չորացած կեղևների, չէ՞), կարծում եմ, որ պիտի հասկանաք իմ տարօրինակ սերը: Կմտածեք՝ մանդարինի մեջ սիրելու ի՞նչ կա, կպատասխանեմ՝ մանդարինը ամենամեծ ու ամենալուսավոր կետն է ձմռան մեջ: Թե չէ, ձմռան մեջ սիրելու էլ ի՞նչ կա:

Այն օրը առաջին անգամ ձյուն եկավ: Ձյունը ո՞րն է, մի երկու փաթիլ: Իսկ ինձ բախտ վիճակվեց հենց այդ «մի երկու փաթիլ»-ի ժամանակ դրսում լինել ու այդ փաթիլներից մեկը (այո՛, այո՛, միայն մեկը) զգալ այտիս վրա: Չէ՜, ոչինչ էլ էդքան խորհրդավոր ու գեղեցիկ չէր: Պարզապես մի փաթիլ էր, որը ստիպում էր հասկանալ, որ եթե նույնիսկ մեր բակում, որը Երևանի ամենացածրադիր ու ամենատաք թաղամասերից մեկում է, ձյուն է տեղում, ուրեմն Հայաստանի առնվազն կեսում արդեն ձնառատ տանիքներ են: Իսկ այդ ձնառատ տանիքներից քանիսո՞ւմ նորմալ ջեռուցում կա…

Լուսանկարը` Սեյրան Սողոյանի

Հայաստանի գյուղերը. Զոլաքար, Գեղարքունիքի մարզ

milena khachikyan

Դավոն

Երբեմն ուզում եմ գտնել ինձ տարիների մեջ, ուզում եմ մոտենալ ու շշնջալ ականջիս, որ այնտեղ ես ես եմ ավելի, քան հիմա, որ այն, ինչ իմն էր մի ժամանակ, իմն էր առավել, հետո հեռախոսս զնգում է հաղորդագրության ձայնից, ու ես վերադառնում եմ իրականություն…

Դավոն է գրել… Դավոն իմ դպրոցական տարիների ընկերն է, ով հիմա ծառայում է Արցախում:

-Ո՞նց ես,- հարցնում է՝ ինձ հերթ չտալով:

Առաջ էլ էր այսպիսին. կնստեր կողքիս ու ամբողջ դասին կխոսեր, դասից հետո էլ կզանգեր՝ տնայիններն իմանալու, ու հինգ րոպեն կդառնար տասը, տասը՝ տասնհինգ, տասնհինգը…

Երբ սա կարդա, կժպտա, գիտեմ ու գիտեմ նաև, որ չի համաձայնի իր նույնը մնալու մտքիս.

-Ախր, փոխվել եմ, հին Դավոն էլ չկա:

Ես կասեմ՝ հին Դավոն կա ու կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կան այն ճմռթված թղթերը, որոնցում դասերին գրված մեր զրույցներն են, քանի դեռ կա վերջին զանգի իր նամակը, որն առանց ծիծաղի կարդալն անհնար է, կամ էլ թե՝ այն միտքը, որ նա միակն է, ով ժամանակի ու տարածության մեջ այդպես էլ չկորավ:

Հին Դավոն կա ու եկել է՝ խնդրելու, որ իրեն նկարներ ուղարկեմ այն տարիներից, ուր ամեն ինչ պարզ էր ու մաքուր, ինչպես ոչինչ ու ոչ մի տեղ, ու գուցե մենք էլ պարզ էինք նույնքան…

Երևի կարոտել է, բայց դեռ ինքն էլ չգիտի այդ մասին կամ էլ թե՝ կուզեի, որ կարոտեր, որովհետև կարոտները մեզ վերադարձնում են դեպի մեզ, մեր ակունքներին:

«Դավոն իմ վերադարձի կետն էլ է», – մտածում եմ՝ նկարները փնտրելով: Ինքն ուզում է հիշել, ուզում է իր հեռուներում՝ սառնության ու դժվարության մեջ, չմոռանալ ապրածը, բայց արդյո՞ք այստեղ լինելով՝ մենք էլ չենք մոռանում, արդյո՞ք հիշում ենք նրանց, ում հետ կիսել ենք նույն ժամանակի նույն հոգսերն ու ուրախությունները: Մոռանում ենք, չէ՞:

Նկարները գտնում եմ, ուղարկում: Նայում է, երևի տխրում կամ ուրախանում, ժպտում կամ էլ…

-Ում էլ որ տեսնես, կասես՝ Դավոն բարևում էր:

Բայց ես ոչ մեկին գրեթե չեմ տեսնում արդեն… Դավոյին այս մասին չեմ ասում ոչինչ, փոխարենը սա թողնում եմ այստեղ, որ մի օր գան, կարդան, որ իմանան՝ Դավոն իրենց հիշում է, բարևում, իսկ եթե հարցնեն, թե ինքը ոնց է.

-Ես լավ եմ, ինձ ի՞նչ ա եղել որ:

Դավոն միշտ է լավ: Երևի բանակում «ձևն» էդպես է:

Երևի:

anush davtyan

Հինգ զգայարաններս

Հենց պարապ եք մնում, սկսեք ձեզ ուսումնասիրել։ Էնքան հետաքրքիր բաներ են ի հայտ գալիս, որ չեք էլ պատկերացնի։

Ես ենթադրում եմ, որ ամեն զգայարան իր առանձնահատկությունն ունի։ Ամեն զգայարան ունի իր նախասիրությունները։

Լսողությանս համար, օրինակ, թմբկաթաղանթի չափ անհրաժեշտ են երգերը։ Ինքնագլուխ կազմակերպած երաժշտական «քուիզերի» շնորհիվ զգացել եմ, որ ամբողջ օրը երգում եմ՝ մտքում կամ քթիս տակ։ Մի անգամ էլ, երբ էլի մտքում երգում էի ու դրան զուգահեռ հաց ուտում, հայրիկս ասաց. «Էդ երգո՞ւմ ես»։ Ես էլ ինձ չհասկացողի տեղ դրեցի ու ասացի՝ չէ։ Հետո պարզվեց, որ գլուխս շարժում էի տակտով։ Արդյունքում եկել եմ էն եզրակացությանը, որ ամեն մեկն էլ իր կյանքի «սաունդթրեքն» ունի։ Էն ֆոնի երգը, որ միշտ հետդ է, ոնց որ կինոներում է լինում։ Ու ամեն պահի, ամեն տրամադրության համար առանձին երգ կա։

Երգ կա, որ տրանսպորտում լսես, երգ կա, որ երեկոյան տուն գնալիս լսես փողոցում, երգ էլ կա, որ դրա տակ ատամներդ լվաս ու մի պահ դադար տաս, որ ողողում անես, հետո էլի շարունակես։ Երգեր կան, որ միայն բաղնիքում ես երգում, որովհետև այլ հավասար պայմաններում դրանք ազդում են նյարդերիդ։ Դե, եսիմ, քանի տարի առաջ ավելացրածներն են, որ ձեռքդ չի բռնում ջնջել։

Ամեն անգամ, որ պիտի մի բան գրեմ, երգ եմ միացնում, մի երկու րոպե երգում եմ հետը, հասկանում եմ, որ չէ, էդպես չեմ կարողանում կենտրոնանալ։ Անջատում եմ ու հետո անցնում գործի։ Ամեն անգամ։

Մի պահ էլ զգացի, որ իրականում ուղղակի բզիկներով մարդ եմ, ով ցանկացած սարքի ձայնը մենակ կլոր թվերի վրա է դնում, կամ եթե թիվ չի, այլ պատկեր (շրջանաձև կամ հեռախոսակապի անտենայի պես), պատկերի ուղիղ մեջտեղում։ Դե, սիմետրիա կա, հազար ու մի ուրիշ բան, որ պարտադիր են թվում լսողությանը։

Եթե հոտառությանն անդրադառնանք, ասեմ, որ մի անգամ փակ սենյակում էնքան նստեցի, օդը տաքացրի իմ արտաշունչով, որ արդեն բոված պիստակի հոտ էր գալիս։ Շատ հաճելի էր, իհարկե, բայց տարօրինակ։ Երևի ամեն մեկը տարբեր ձևով է ընկալում իր արտաշնչածը։

Երբ սենյակում եղբայրս օծանելիք է ցանում, ռեֆլեքսորեն կռանում եմ, աշխատում եմ մի բանով ծածկել գլուխս, որ եթե հանկարծ էլի որոշի իմ վրա ցանել, ինչպես տարիներ առաջ էր անում, պատրաստ լինեմ հարվածին։ Չեմ դիմանում էդ հոտին։ Չէ, էլի սիրում եմ, բայց ուրիշի վրա, ու էն աղջիկների չափ չէ, որ իրենց պապաների օծանելիքը տանում են, ու իրենք սկսում օգտագործել։ Չափի մեջ, էլի։

Համից բերեք չխոսենք, դեռ չեմ հասել դրան։

Ինչ վերաբերում է տեսողությանը, էդ իմ թույլ տեղն է։ Ոչ թե վատ եմ տեսնում, այլ վախենում եմ սկսել վատ տեսնել։ Ու դրանից ամեն անգամ ավելի շատ եմ լարում աչքերս, հենց վախը սրվում է։ Երևի հոգեբանական բան կա էս ամեն ինչի մեջ։ Օրինակ՝ երբ կարոտում ես մեկին կամ ուղղակի շատ ես մտածում մեկի մասին, ում վաղուց չես տեսել կամ սպասում ես, աչքերիդ առաջ հա ինքն է գալիս։ Մանավանդ օրվա մութ ժամերին, որ էլ նորմալ չես էլ տարբերում դեմքերը, ամեն հաջորդը քո սպասած մարդն է դառնում։ Կամ եթե չսպասես էլ, ուղղակի մտածես, մեկ է, աչքերիդ առաջ կգա, իր դեմքը մեկին կհագցնի ու քեզ կհամոզի, որ ինքն է, մինչև չթարթես ու նորից չնայես։ Ինքդ քեզ համոզում ես, որ ուզածդ մարդն է, որ հետո հետ համոզես, թե սխալ ես տեսել։

Մնաց շոշափելիքը, չէ՞։ Պարզ օրինակ. ձեռնոցներս էնպես եմ դնում, որ օդ չմնա մաշկիս ու ձեռնոցի արանքում։ Այսինքն՝ որ շատ-շատ կիպ նստի, հնարավորինս քիչ շարժվի ձեռքի վրա։ Կամ էլ պայուսակը դասավորելիս էնպես պիտի շարեմ ամեն ինչ, որ որևէ բան չցցվի, դրսից «բլուր» չառաջացնի պայուսակիս մակերեսին։ Ակնոցն էնպես եմ դնում, որ թարթիչներիս չկպչի, ականջօղերս էնպես եմ հագնում, որ ականջներիս վրա հավասար ճնշում գործադրեն։ Ու որ մի քիչ էլ պատմեմ, հաստատ ավելի տարօրինակ բաներ կասեմ։ Ձեզ պե՞տք է։

Հենց վեցերորդ զգայարանս հայտնաբերեմ, կամ կայծակը խփի ինձ, ու էդ ժամանակ ի հայտ գա, լրացում կգրեմ նյութիս։

syuzanna kharatyan

Սիրահարվել եմ

Հա՜-հա՜, սիրահարվել եմ: Սիրահարվել եմ ամբողջ ուժով, ամբողջ սրտով ու ամենակարևորը՝ ամբողջ ու առողջ ուղեղով: Բայց սա ամենևին էլ քո մտածածը չէ: Ես սիրահարվել եմ, բայց լրագրությանը:

Եթե դու սովորում ես բարձր դասարանում, ապա քեզ էլ են հարցրել՝ ի՞նչ ես ուզում դառնալ: Վերջերս բոլորն ինձ այդ հարցն են տալիս, կարծես պայմանավորված լինեն:

-Լրագրող,- հարցին միանգամից այսպիսի հակիրճ պատասխան եմ տալիս, չեմ սկսում պատմել, թե ոնց օրերից մի օր որոշեցի դառնալ լրագրող:

Ես միշտ էլ բանաստեղծություններ էի գրում, սակայն ոչ մեկին ցույց չէի տալիս, կամ հարցնում էի. «Լա՞վն ա, բայց չգիտեմ՝ ով ա գրել սա»: Հետո դարձա 17.am-ի այն երջանիկ ու բախտավոր հարյուրավոր թղթակիցներից մեկը, որը արդեն ընտրել էր իր կյանքի ուղին, դրանից հետո որոշումս ավելի հաստատուն դարձավ:

Լրագրությունը իմ մասնագիտությունն է, իմ հոբբին, ու ես գնալու եմ իմ մասնագիտության, իմ երազանքի հետևից:

Մի օր ծանոթներիցս մեկը այսպիսի բան ասաց. «Մի օր երեխեքիս հետ հեռուստացույց կնայեմ, որ քեզ ցույց տան, կասեմ՝ գիտե՞ք՝ ով ա ինքը, ու կպատմեմ քո մասին»: Իրականում դա էլ էր հաճելի լսել: Ես սիրահարվել եմ, սիրահարվել եմ լրագրությանը:

Կալավանում ձմեռ է

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլյանորա Բալյանի

Կալավանում արդեն եկել է առաջին ձյունը, գեղեցկացրել առատ բնությունն ու իր հետ բերել բազում խնդիրներ ու հոգսեր: Ամենամեծ խնդիրը վառելիքն է, որը շատ ընտանիքներ չեն հասցրել հայթայթել: Ծառահատումներն արգելված են, իսկ անտառից չորացած ճյուղեր ու փտած կոճղեր հավաքելը բավականին դժվար է, և ոչ բոլորի համար հասանելի: Առաջին ձյան հետ միշտ սկսվում են նմանատիպ խոսակցություններ գյուղացիների մեջ.

-Հը՞ն, հասցրի՞ք ձմեռվա փետ պիրեք:

-Է՜, եսիմ, մի հնարով իրար ենք արել…

Մարդիկ, ովքեր բեռնատար մեքենա ունեն, մի կերպ հավաքում են անտառից, մյուսները գնում են բավականին թանկ գնով, իսկ նրանք, ովքեր ո՛չ բավականին գումար ունեն, ո՛չ էլ մեքենա, հավաքած փայտը ավանակով կամ ձիով են բերում: Ու այսպես, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, ցրտի դեմ պայքարելով անցկացնում են ողջ ձմեռը:

Կարևորը հոգու ջերմությունն է, որը կալավանցին երբեք չի կորցնում:

Ani avetisyan

Օճառային օպերաների պատմությունից

Առաջին սերիալները՝ որպես շարունակվող պատմությունների շարք, եղել են տպագիր, նախ՝ պարբերականների համարներում, ապա՝ առանձին գրքերում, որոնք, ինչպես մեր օրերի սերիալները՝ ավարտվում էին ամենահետաքրքիր հատվածներում՝ ընթերցողին ստիպելով անհամբերությամբ սպասել հաջորդ մասին: Տպագիր ամենահայտնի սերիալներից են Ալ․ Դյումա հոր գրքերը։ Սերիալային «օրինաչափությամբ» են գրվել և գրվում գրեթե բոլոր դետեկտիվ գրքերը։ Ռադիոհաղորդումներում ևս օգտագործել են այս սկզբունքը։

Հենց այս՝ շարունակ որևէ հետաքրքիր, անսպասելի հատվածում ավարտվելու հատկությունն էլ ռուս հայտնի սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը համարում է առաջնայիններից սերիալների արտադրության մեջ: Ըստ նրա՝ «իսկ ի՞նչ է լինելու հետո» հարցն է, որ հեռուստադիտողին պահում է էկրանների մոտ: Նա ասում է, որ ցանկացած սերիալի սցենար պետք է գրվի այնպես, որ այս հարցը դիտողի մոտ առաջանա յուրաքանչյուր սերիայի վերջում։ Սա է հեռուստադիտողին ստիպում ամեն օր նույն ժամին միացնել հեռուստացույցը և սպասել սերիալին։
Սերիալների՝ օճառային օպերա անվանումը, ևս բավական հետաքրքիր, նաև հակասական պատմություն ունի: Դրանցից մեկն էլ այն է, որ առաջին հեռուստատեսային սերիալի հովանավորը եղել է օճառ արտադրող մի ընկերություն, որի գովազդով էլ պարբերաբար ընդհատվել է սերիալը: Սրանից հետո է, որ մարդիկ սերիալն անվանել են օճառային օպերա:
Սակայն, ինչպիսին էլ լինի օճառային օպերաների ստեղծման ու տարածման պատճառը, թեկուզև նմանն ընդհանրապես չլինի՝ փաստ է, որ այն այսօր մեր կյանքի անբաժան մասն է: Եվ, անկախ ցանակացած քննադատության՝ սերիալները նույնիսկ ինչ-որ չափով անփոխարինելի են թե՛ հայկական, թե՛ համաշխարհային հեռուստաեթերում։ Սերիալները, իրենց՝ եթերում հայտնվելու առաջին իսկ պահից, մեծ լսարան գրավելու ամենահաջողված միջոցներից  են:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Այս օրերին Հայաստանում էր դրամատուրգ, սցենարիստ Ալեքսանդր Մոլչանովը, ում հետ վարպետության դասի շրջանակներում հանդիպում ունեցանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:
Ռուսական դետեկտիվ ժանրի սերիալների սցենարիստը սեփական փորձի և համաշխարհային սերիալարտադրության աչքի ընկնող օրինակների հիման վրա ներկայացրեց սերիալ նկարահանելու հիմնական սկզբունքները, հաջողված արտադրանք ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսները և այլն:
Ըստ նրա՝ ամենակարևորը հերոսի ընտրությունն է, և, ոչ միայն սերիալում։ Սցենարիստն ասում է, որ մինչ օրս անվերապահորեն ընդունվող կարծիքը, թե հեռուստադիտողը պետք է իրեն կարողանա նույնականացնել հերոսի հետ կամ փոխարինել նրան՝ այնքան էլ կարևոր չէ։ Հաջողված սերիալի հերոսը պետք է լինի մեկը, ում հեռուստադիտողը կցանկանա, կձգտի նմանվել։

Ալեքսանդր Մոլչանովը լավատեսությամբ էր նայում նաև հայկական սերիալների ապագային: Նա կարծում է, որ այն մեծածավալ, թեկուզ ոչ այնքան որակով աշխատանքները, որ տարվում են ոլորտում՝ անպայման կունենան իրենց արդյունքը, և մի օր հայկական սերիալները ևս կցուցադրվեն միջազգային հեռուստաալիքներով:

monika mamyan

Ուսանողի օր

Դե, հա, գիտեմ՝ դժվար է: Հաստատ իմ երազածը չէր ամբողջ օրը 4 պատ, մի իրեն կորցրած համակարգիչ, բարձրակրունկներ ու անհասկանալի թղթերի գզվռտոց: Կրունկները՝ կըտ-կըտ-կըտ, բանալիները՝ չըխկ-չըխկ-չըխկ, ու համ սենյակն է իմը, համ էլ «պաշտոնը»:

Աստված իմ, մի՞թե ես իսկապես ուսանող եմ, ով գոնե մեկ օրով իր անձնական աշխատասենյակն ունի: Այո, այդպես է:

Նոյեմբերի 17, առավոտյան 9:30:

-Երեխեք ջան,- տիկին Մենեմշյանն էր,- բա ինչի՞ դասի չեք նստում:

Անկեղծ որ լինեմ՝ ամաչեցի: Դե, ոնց ասես, էն էլ փոխդեկանին՝ էսօր մեր օրն է, ու ոչ միայն օրն է մերը, այլ մի ամբողջ ֆակուլտետ:

Ինչևէ, ասացինք, ու կարծես թե ես հիմա ողջ-առողջ գրում եմ այս տողերը:

Չգիտեմ՝ պարոն Պետրոսյանի իրավունքների մեջ մտնում է, թե ոչ, բայց փաստն այն է, որ ծընգ-ծընգ 5566 համարին, ասացի.

-Օրիորդ Յոլչինյան, ինձ մոտ եկեք:

-Հենց հիմա, օրիորդ Մամյան,- սա էլ պատասխանը:

Այսպես ասում եմ, ինձ լավ զգում, բայց չեմ մոռանում, որ նրա «պաշտոն»-ը ուղիղ համեմատական է Դուբայի շենքերին:

Էս ամենի մեջ ամենասիրունը մեր՝ պաշտոնյաներիս ֆեյսբուքի նկարն է լինելու:

Բարի գալուստ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: