Ամառ, փոփոխություններ և թարմություն

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Ամառն իրոք որ տրամադրություն է բերում,  փոխում մարդկանց, նոր շունչ հաղորդում… Երևի գյուտ չարեցի, բայց այս հայտնի ճշմարտությունը ես միայն այս տարի զգացի իմ հայրենի Գյումրիում…

Աշնանը կամ առավել ևս ձմռանը, երբ ցուրտ է, տխուր են երկինքը, եղանակը, հետևաբար նաև մարդիկ էին տխրում, թվում էր՝ ապրում ես անմարդաբնակ մի վայրում, որտեղ ոչ ոք չկա, ոչ մի հետաքրքրություն ու ոչինչ: Մեր կենտրոնական վայրերում, ինչպես օրինակ, Վարդանանց կամ Թատերական հրապարակներում, այս եղանակներին մատների վրա կարելի էր հաշվել մարդկանց. այն տպավորությունն էր, ասես քաղաքում ոչ ոք չի ապրում: Դե մենք էլ՝ դիմորդներս, նկատելով ոչ ցանկալի երևույթը, արդեն թևավոր խոսքեր էինք ստեղծել, օրինակ.

-Լեննագան վեցից հետո մենակ պարապողներն էն, էն էլ պարապմունքից տուն կէրթան…

Վերջ այս գորշ պատկերին…

Հիմա ամառ է: Ամեն ինչ փոխվել է. քիչ թե շատ փոխվել են մարդիկ, դեմքերը, գույները, տրամադրությունը…

Ամենուր տեսնում ես ուրախ, վառվռուն երիտասարդների, պաղպաղակ վայելող ժպտերես մանչուկների, նարդի խաղացող ծերերի, ինչ-որ հետաքրքիր խմբերի (մեկը կիթառ է նվագում, մյուսը` երգում, երրորդը պարում), քննության շտապող ուսանողների, ինձ պես միասնական քննությունները հանձնած ուրախ ու երջանիկ դիմորդների և ընդհանրապես ամառվա անուշ բույրը վայելող մարդկանց…

Ախր, շա~տ համահունչ են ամառն ու Գյումրին…

Մի գնա, ամառ:

Թող որ հեքիաթը երբեք չավարտվի անկախ եղանակից…

Հ.Գ. էս քննություններից հէդո ըմբէս չէ, օր լավագույն նյութն է, բայց կարևորը լավ տրամադրություն կստէղծէ, ԸԲԸ…

suren

Անկախ ամեն ինչից

Բոլորս էլ կարող ենք ազատ երգել, պարել, զվարճանալ, սպորտի գնալ, կրթություն ստանալ, մի խոսքով` ազատ ապրել: Գլխավոր խնդիրն ազատության ընկալումն է, որովհետև յուրաքանչյուր ոք ստեղծում է իր ազատության սահմանները և ունի ազատության մասին իր պատկերացումները:

Սակայն միշտ չէ, որ կյանքն այսպես շռայլ է ազատության հարցում: Հաճախ անձը զրկվում է խոսքի և ինքնաարտահայտման ազատությունից, ինչը ազատության անքակտելի տարատեսակներից մեկն է:

Ինքնաարտահայտումը ինձ համար մի հայելի է, որին նայելով՝ կարող եմ կարծիք հայտնել դիմացինիս մասին, ըմբռնել նրա դիքորոշումներն ու նախասիրությունները, համաձայնել կամ չհամաձայնել իր հետ: Սահմանափակելով ինքնաարտահայտման ազատությունը՝ կարելի է հասնել միայն մի բանի` բռնապետության, որտեղ «ազատություն» հասկացությունը այլևս անպատեհ է և չսպասված…

Անկախ ամեն ինչից, մեզանից յուրաքանչյուրը ինքնաարտահայտվում է՝ գտնելով սեփական մտքերը ռեալիզացնելու որևէ եղանակ: Ինքնաարտահայտման ձևերը բազմաթիվ են, բազմաթիվ են նաև անհատի նախընտրած տարբերակները: Ինձ համար ամենահարմար եղանակը գրելն է: Լինում են դեպքեր, սակայն, երբ մտքերս ու զգացմունքներս արտահայտում եմ բանավոր խոսքով: Գրելով ես ինձ ավելի վստահ եմ զգում. ավելին, ենթադրում եմ, որ ինչ-որ մեկը գրածս մի պահ կկարդա, նույնիսկ եթե այդ ինչ-որ մեկը լինեմ հենց ես: Հաճախ եմ մտածում՝ եթե բոլոր մտքերս գրի առնեի, ապա գրասեղանիս կունենայի հաստափոր խորիմաստ և հիմար մտքերի  մի մատյան:

Երկրորդ միջոցը լուսանկարելն է: Երբ ինչ-որ բան չեմ կարող խոսքով նկարագրել, օգնության է գալիս լուսանկարը, և մի քանի վայրկյանում հավերժանում են զգացմունքներս:

Իսկ վերջում՝ փորձված խուրհուրդս. արտահայտեք ձեր մտքերն անկախ ամեն ինչից, վայրից և ժամանակից…

Երազանքս

Սովորական ընտանեկան երեկո էր: Հայրս համակարգչով նորություններ էր կարդում, իսկ մենք` երեխաներս, հորս «մեծ աղջկա»` մայրիկիս գլխավորությամբ հեռուստացույց էինք դիտում: Հետաքրքիր ֆիլմ չկար: Մայրս սկսեց փոխել ալիքները և կանգ առավ ռուսական մի ալիքի վրա: Ֆիլմ էին ցուցադրում հատուկ ծառայության ջոկատայինների մասին: Տեսնելով այդ ֆիլմը, հոգումս ամեն ինչ տակնուվրա եղավ: Ախր, նոր էի համակերպվել այն մտքի հետ, որ չեմ գնալու ռազմական ուղղությամբ ու նորից: Նորից իմ ներքին ձայնը սկսեց ինձ հետ վիճել:

«Ինչո՞ւ չես ուզում գնալ քո երազանքի հետևից: Ինչո՞ւ»:

Նորից սկսեցի համոզել հորս: Բայց ապարդյուն:

Ասում էի` ի՞նչ նշանակություն ունի` ես աղջիկ եմ, թե՞ տղա: Կարևորը ցանկություն ունեմ ծառայելու, ցանկություն ունեմ պաշտպանելու սահմանները, հզորացնելու իմ հայրենիքի բանակը:

Մի պահ ընկա մտքերիս, ավելի ճիշտ, երազանքներիս գիրկը, ու վերացա իրականությունից:

Այո, դա ես եմ: Ես: Այդ համազգեստով, զենքը ձեռքին քայլող աղջիկը ես եմ: Քայլում եմ հպարտ, գյուխս բարձր, մեջքս ձիգ: Ինչո՞ւ պետք է կախեմ գլուխս, ինչո՞ւ: Մի՞թե մենք` հայերս, իրավունք ունենք կախելու մեր գլուխը: Ոչ, ոչ ու հազար անգամ էլ ոչ: Քայլում եմ կողքովս զինվորներ են անցնում:

Զինվորնե՜ր… Ինձ համար արդեն նշանակություն չունի զինվորը աղջիկ է, թե տղա:

Հոգնած եմ, ախր, հենց նոր եմ իջել դիրքերից: Չհասցրեցի հանգստանալ, շտապ պետք է գնամ: Ինձ կանչում են:

Կրակոց… Գնդակների փողից դուրս գալու այդ արագության տակ լսվող ձայնը, ասես իմ սրտի ձայնը լինի: Ամեն ինչ հանդարտվեց: Մենք պաշտպանեցինք մեր սահմանները: Թշնամին նահանջեց: Հանկարծ լսեցի հորս ձայնը և ետ եկա երազանքներիցս, իմ աշխարհից, իմ անկյունից:

Հիմա արդեն որոշում կայացնելու ժամանակը եկել է: Ես որոշեցի, որ չպետք է հանձնվեմ, պետք է պայքարեմ: Պայքարեմ, բայց ո՞ւմ դեմ` հո՞րս: Ոչ, այդ պայքարը հավասարազոր կլինի պարտության: Մեծ հաջողությամբ կպայքարեի թշնամու դեմ, բայց ոչ հորս: Հայրս անցել է այն  ուղին, որը որ մեծ պատասխանատվությամբ կուզենայի և ուզում եմ ես անցնել:

Ինքնության որոնման ճանապարհին

Յուրաքանչյուր մարդ ցանկացած տարիքում կարիք ունի ինքնաարտահայտման: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են փորձում ինքնաարտահայտվել, հետևաբար ինքնաարտահայտման հարթակները ու ձևերը միշտ չէ, որ նույնն են: Օրինակ, իմ տարիքի մեկը կարող է ինքնահաստատվել լավ սովորելով, մյուսը` ասենք, լավ  պարել, երգել  իմանալով կամ այլ հմտություն կիրառելով, հաջորդը՝ հասարակական ակտիվություններում  ներգրավվելով, մեկ ուրիշը՝ հասարակության մեջ ագրեսիվ վարք դրսևորելով կամ, ասենք, ծխելով ու ոգելից խմիչք օգտագործելով: Սակայն կարծում եմ, որ խնդիրը տվյալ պարագայում ճիշտ  հարթակ գտնելու մեջ է: Եվ ինչու ոչ, նաև հասանելիության: Սահմանամերձ գյուղում ապրող իմ տարեկիցը չունի այն հնարավորությունները, ինչ, ասենք, ես կամ օրինակ` ես չունեմ այն հնարավորությունները, ինչ  Երևանում ապրող իմ տարեկիցը: Տվյալ պարագայում  մեզանից յուրաքանչյուրն ունի բնությունից օժտված նույն կարողությունները, բայց  ինքնաարտահայտման ձևերը սահմանափակ են մեզանից շատերի համար: Երևույթը կարելի է դիտարկել նաև այլ կողմից: Խնդիրը նաև քո կարծիքը չամաչել արտահայտելու, ճիշտ ներկայացնելու, չկոմպլեքսավորվելու մեջ է, իսկ դա յուրահատուկ մշակույթ է, դաստիարակություն, որ պետք է ձևավորվի դեռ փոքր հասակից: Խնդիրն այն է, թե ինչպես սովորեցնել երիտասարդին խելամտորեն արտահայտել իր տեսակետը, ինչպես օգտվել եղած ինֆորմացիայից, ինչպես կիրառել այն: Որպես ամփոփում, ինքնաարտահայտման ազատությունը ինձ համար հասանելիությունն է և դրանից ազատ  ու ճիշտ օգտվելու կարողությունը:

Ինձ համար ինքնաարտահայտման յուրահատուկ պլատֆորմ միշտ եղել է բեմը: Սիրում եմ նաև հասարակական գործերում ներգրավվել, մասնակցել տարբեր ծրագրերի, իմ կարողությունները դնել մրցության մեջ: Վերջին տարիներին իմ և իմ տարեկիցներին ինքնաարտահայտման հարթակ տվեց նաև «Մանանա» կենտրոնի  ծրագիրը, հատկապես www.17.am  կայքը, որտեղ մենք բոլորս հնարավորություն ստացանք ազատ արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր փորձով, խոսել մեզ հուզող  խնդիրների մասին ֆիլմերի, լուսանկարների և հոդվածների տեսքով: Դա ինձ հնարավորություն տվեց բացահայտել իմ կարողությունները, զարգացնել ստեղծագործական, վերլուծական  կարողություններս, մտնել հասարակական շփումների մեջ, այսինքն՝ լավագույնս ինքնաարտահայտվել:

Ամռան մի օր Մեծամորում

Կրթական համակարգը եւ մեր սերնդի ինքնաարտահայտման իրավունքը

Բարև Ձեզ, ես Տիգրան եմ, ապրում եմ Եղեգնաձոր քաղաքում: Սովորում եմ ավագ դպրոցում: Այս ուսումնական տարում փոխադրվեցի  12-րդ դասարան: Նախասիրություններս բնագիտական առարկաների շրջանակում են, առանձնապես հետաքրքրված եմ ֆիզիկա առարկայով: Սպորտային նախասիրություններս են շախմատը և վոլեյբոլը: Սիրում եմ երաժշտություն լսել, իսկ վերջերս նաև առաջին քայլերն եմ անում դաշնամուր նվագելու: Այս նոր պահանջմունքը, կարծում եմ ինձ համար ինքնաարտահայտման նոր միջոց է դառնում: Իմ կարծիքով Հայաստանում պատանիները ինքնաարտահայտման լայն և ազատ հնարավորություններ ունեն, ինչպես նաև բազմազան միջոցների ընտրության: Այդ տեսանկյունից ինձ համար բարենպաստ միջավայր է ստեղծված նաև իմ ընտանիքում: Ինքնաարտահայտման ազատությունը բերում է  ինքնահաստատման: Համամիտ եմ, որ արվեստը ինքնադրսևորման ավելի կատարյալ միջոց է, այն ազդում է մարդկանց զգացմունքների ու մտքերի վրա միաժամանակ: Մարդու համար երջանկություն է արտաքին և ներքին ներդաշնակությունը, հոգեկան հանգստությունը, որին հասնելու բնական ուղիներից մեկն է արվեստը: Ճիշտ է, այդպիսի ինքնաարտահայտման լայն հնարավորություն է իմ և իմ հասակակիցների համար նաև համացանցը և սոցիալական կայքերը: Դա այն հարթակն է, որտեղ բոլոր նախապայմանները կան ընդհանուր հետաքրքրություններ ունեցող տարասեռ և բազմամշակույթ  շփման և հաղորդակցման, գաղափարների, կարծիքների և դիրքորոշումների վիճարկման համար: Սակայն ունեմ մտավախություններ: Ասում են, որ ամեն մարդ կարող է դառնալ ինքն իր հոգեբանը, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Ցավոք, Հայաստանում վերջին ժամանակներս շատացել են ինքնասպանության դեպքերը, և որ ավելի ցավալի է` հատկապես երիտասարդության շրջանում: Դեպքեր կան, որտեղ իր մեղքի բաժինն ունի համացանցը: Տեղեկատվության աննախադեպ ազատությունը  իր թափանցիկ գաղտնիքներով, ասես մագնիսական սարդոստայն, իր մեջ խճճում է մարդուն, առավել ևս անչափահասին, ում համար այն թվացյալ ազատություն է, ինքնաարտահայտման և ինքնահաստատման ձև: Իսկ ոմանց համար այն արդեն լուրջ կախվածության վտանգ է ներկայացնում: Մյուս կողմից, բոլոր ժամանակներում դպրոցը և ուսուցիչը  անչափահասների ամենահավատարիմ և վստահելի ընկերն էր: Մինչդեռ այսօր պատկերն այլ, իշխում է  անվստահության մթնոլորտը, հրատապ է  կրթության արժևորման, դպրոցի, ուսուցչի հեղինակության բարձրացման հարցը: Մի առիթով Ճապոնիայի վարչապետին հարցնում են, թե` որն է Ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը, նա պատասխանում է. «Մենք տվել ենք դպրոցական ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսեր չափ պաշտամունք»: Իսկ մեր երկրում նույնիսկ  պետական իշխանությունը  ներկայացնող այրերը խայտառակ ձևով հեղինակազրկվում են համացանցում ամեն օր և ամեն ակնթարթ: Էլ ուր մնաց` դպրոցն ու ուսուցիչը: 

Հիմա վերը շարադրվածի առնչությամբ կուզենայի հիմնախնդիրներ ձևակերպել: Վերջերս «Ֆլեքս» ծրագրով  ամերիկյան դպրոցում մեկ ուսումնական տարի սովորած բարեկամուհիս կիսվեց իր տպավորություններով, և ինձ համար պարզ դարձավ ի թիվս այլ թերությունների ևս մի կարևոր թերություն, որ ունի ավագ դպրոցի հայկական կրթական  համակարգը: Ամերիկյան համակարգում ավագ դպրոցականին առարկայացանկից բացի առաջարկվում է ընտրել մեկ կամ մի քանի արվեստի ճյուղ`իր  նախասիրությունների շրջանակում, որի տեսական և գործնական պարապմունքներին սովորողը պետք է  մասնակցի: Իհարկե, պարապմունքները կազմակերպվում և իրականացվում են անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական ռեսուրսների առկայությամբ, որով ապահովված է դպրոցը: Տանը, թե դպրոցում ինձ անընդհատ հիշեցնում են, որ նման երազանքների  իրականացման համար Հայաստանը բավարար ֆինանսական միջոցներ չունի: Իսկ ինչքան «գեղեցիկ»  են շարադրված կրթական այն փաստաթղթերը, որոնց հիման վրա պետք է կառուցվի ազգային դպրոցը և դաստիարակվի ապագա հայ քաղաքացին: Իսկ ուր մնաց համակողմանի դաստիարակության, հունական  իդեալ դարձած «առողջ մարմին և  առողջ հոգի» սկզբունքները: Մի՞թե մեղավոր են այն սերունդները, որոնք ապրում և կրթություն են ստանում իրենց երկրի զարգացման համար  անցումային փուլում: Ավելորդ չի լինի  մեկ անգամ ևս նշել սովորողների վրա  թողած այն բացասական ազդեցության մասին, որը առաջանում է կրկնուսույցների մոտ երկարատև և տանջալից պարապմունքների արդյունքում, չմոռանանք, որ այդ ժամանակը մեր հանգստի և լրացուցիչ հետաքրքրությունների վրա ծախսվող ժամանակն է: Որքան մեծ է լարվածությունը նաև հոգեբանական տեսանկյունից. ծախսված  գումարներ, ծնողների չարդարացված սպասելիքներ, սթրեսային իրավիճակներ: Կարծես թե այդ լարվածության մեջ արդարացված է դպրոցում անցկացրած ժամանակը անարդյունավետ վատնում համարելը: Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանում քչերն են իրենց մասնագիտական որակավորմամբ աշխատանք գտնում, կհանգենք մյուս ծայրահեղությանը. «Իսկ արժե՞ արդյոք սովորել»: Բայց քանի դեռ չենք ընկել ծայրահեղության մեջ, «դեղատոմսեր» են հարկավոր:

Սկսենք ինքներս մեզնից

Լուսանկարը՝ Լուսինե Մարտիրոսյանի

Լուսանկարը՝ Լուսինե Մարտիրոսյանի

Մեր ազգը գնալով հայրենասեր է դառնում… Այս քանի օրվա անցուդարձը ստիպեցին ինձ մտածել մեր հայրենիքի ու ժողովրդի մասին:  Երևի թե մերօրյա երիտասարդները ավելի պայքարող են և գիտեն իրենց ու իրենց երկրի արժեքը:  

Հասարակ մի բան: Երբ ականատես եմ լինում, թե ինչպես է երեխան բարկանում ծնողի վրա, որ  աղբը չթափի… Միգուցե  զարմանո՞ւմ եք, չգիտեմ, բայց ավագ սերնդի բերանից հաճախ եմ լսում.  «միայն քո աղբը չթափելով երկիրը ավելի մաքուր չի դառնա»,  բայց ուրախ եմ, որ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուրիցս է կախված մաքուր կդառնա՞, թե` ոչ:

Բոլորս էլ ականատես ենք մեր երկրում տիրող իրավիճակին, նաև տեսնում ենք, որ մեծամասամբ մեր երիտասարդներն են հասկանում, որ իրենք ենք իրենց երկրի տերը: Շատ ուրախ եմ դրա համար, շատ ուրախ եմ, որ այդ սերնդի մի մասնիկը ես եմ:  Պետք չէ միայն բողոքել և փնովել, պետք է ամեն ինչը դարձնել ավելի լավը գործով, ոչ թե զուտ խոսքերով ու բողոքներով: Չէ որ մեր փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է…

Ամառը` անսահման հոգատար լինելու եղանակ

Այո՜, ամառս սկսվե՜ց: Արդեն առաջին ամիսն ավարտվում է, բայց իմ ամառը նոր է սկսվում: Դժգոհ չեմ. զբաղված, լավ իրադարձություններով լի և բուռն ամիս էր: Բայց վերջապես հանգիստս սկսվեց, ու ես Իջևանում եմ: Միայն այն զգացողությունը, որ օրերս պլանավորած չեն, ինձ ստիպում է երջանկությունից ու հոգու թեթևությունից ճախրել: Երջանիկ լինելու համար պետք է ուղղակի իրատես լինել: Երբեք տխրելու առիթ չունես, երբ առողջ ես, սիրում ես կյանքը և ունակ ես քո պոզիտիվությամբ վարակել մյուսներին, հատկապես, երբ նաև երիտասարդ ես: Ամառը նորովի երջանիկ լինելու եղանակ է:

Պաշտում եմ ամառը: Երբեք չեմ մտածել, թե ինչի համար, բայց երևի գլխավոր պառճառներից մեկը իմ անսահման սերն է լույսի ու արևի նկատմամբ: Կամ էլ ուղղակի տաք եղանակն ինձ համար այն երանելի ժամանակահատվածն է, երբ ամառային արձակուրդը հնարավորություն է տալիս տեսնել քո՝ գրեթե բոլոր հարազատ դեմքերին, սիրելի մարդկանց, հանդիպել, խոսել, շփվել: Վերջապե՜ս կվայելեմ ընկերներիս, իմ սիրելի մարդկանց հարազատ ներկայությունը: Ինձ համար ամառը նաև հարազատության ու ջերմության եղանակ է:

Այս ամառս մի տեսակ պատմական ու առանձնահատուկ էր. ա՜խր, ինչպե՜ս չհիանամ իմ սերնդակիցներով, ովքեր կանգնած են Բաղրամյանի թեժ պողոտայում և փորձում են իրենց հոգատարությունն ու սրտացավությունը ցույց տալ իրենց երկրի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ: Ամառս Բաղրամյանի երեխեքի հետ սկսվեց, և դա ինձ համար մի նոր ազդակ էր երկրիս մասին ավելի շատ մտածելու, հոգալու ու ցավալու համար: Այսուհետ, ամառն ինձ համար նաև անսահման հոգատար լինելու եղանակ է…

Փոփոխություն եմ ուզում

Լուսանկարը` Արփինե Աղավելյանի

Լուսանկարը` Արփինե Աղավելյանի

Ինձ շատ է հուզում Հայաստանի տնտեսական վիճակը և գործազրկության խնդիրը: Մեր համայնքում մարդկանց կեսը գործազուրկ է: Բոլոր բակերում առավոտյան նստած են մարդիկ, որոնք սպասում են ամսվա վերջին իրենց չնչին թոշակին, որով պետք է ապրեն մեկ ամիս: Հարևանները առավոտից երեկո նստում են բակում, խաղում ու խմում: Դրանից հետո լսվում են կանանց գոռգոռոցները: Խանութներում պարտքի տետրերում հայտնված իրենց անունների պատճառով մարդիկ ամաչում են գնալ խանութ, բայց տարիներ առաջ այդպես չէր: Բոլորը ուրախ էին, պարապ մարդիկ չկային, աշխատանքի տետրեր կային և պարտքի տետրեր գրեթե չկային, իսկ հիմա ամեն ինչ տխուր է: Երբ դուրս ես գալիս, բոլորը տխուր ու դժգոհ դեմքերով նայում են քեզ, և դու նույնիսկ վախենում ես նրանցից: Ամսվա վերջում բանկում ասեղ գցելու տեղ չի լինում: Բոլորը իրենց չնչին թոշակներն են վերցնում և մի օրվա ընթացքում այդ փողի կեսը ծախսում խանութի պարտքերը փակելու վրա:

Եվ հաջորդ օրը ամեն բան նորից կրկնվում է. բակ, խաղեր, խմիչք, պարտքերի տետր և անգործություն…

Նախահամերգ

-Մի քիչ էլ գնա՞նք, թե՞ լավ ա:

-Լավ ա, վերջ, կանգնեցինք,- խրոխտ հայտարարեցի ես,- էլ ոչ մի քայլ, ստեղից ոչ աջ, ոչ ձախ:

-Լավ էլ երևում ա,- ուրախացավ ընկերուհիս:

-Չէ մի, էդ հիմա,- հիասթափեցրի ես նրան,- սպասի նստածները կանգնեն, հլը սրանց նայի, լավ էլ բոյով են:

Մենք թարս նայեցինք նստածներին: Բոլորն էին նրանց թարս նայում, իսկ նրանք երկար ձգել էին իրենց ոտքերը և ձևացնում էին, որ իրենց համար լրիվ մեկ է, թե մենք ինչ ենք խոսում:

-Ժամը քանի՞սն ա:

Ես ձգվեցի և նայեցի հրապարակի ժամացույցին:

-Հինգը:

-Տասներկուսից ստեղ ենք ու հիմա նոր մտանք հրապարակ,- մեր օրն ամփոփեց ընկերուհիս:

-Դին, ու ստեղից որ մի քայլ, նոր արկածների հավես չունեմ:

-Ախպեր ո՞վ են որ էդ նստածները,- հետևից ինչ-որ ձայն լսվեց, բայց ձայնի տերը չկարողացավ ամբոխի միջով հասնել նստածներին:

-Ծարա՜վ եմ, – բողոքեց Դիանան:

-Ես էլ,- միացա ես:

Կողքից մի աղջիկ մեզ շշով ջուր մեկնեց:

-Ասենք, շնորք չի էսքան մարդու մեջ նստելը: Լավ ա, էլի, դեռ 3 ժամ կա, մենք կանգնած ենք, դուք նստած ու հերիք չի, մի հատ էլ մարդա 3 հոգու տեղ եք զբաղեցնում,- բողոքեց ինչ-որ մեկը, բայց նստածները շարունակեցին իրենց «անտարբեր» քաղաքականությունը:

-Դուք շատ-շատ, ահավոր բարի եք,- շնորհակալություն հայտնեցինք ջրի տիրոջը և խմելիս, «լրիվ պատահական»  ջրից մի քիչ թափվեց նստածների վրա:

Մենք շարունակեցինք սպանել րոպեները:

-ժողովուրդ, մի հրեք:

-Ինչ-որ մեկն անցնում ա:

-Վայ, կանգնեցի  նստած տղայի ձեռքին:

-Լավ արիր:

-Վերջ, զանգում եմ Յուրային:

Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ են խոսում սիրիահայերը, բայց աղմուկի մեջ աևմտահայերենը լրիվ անհասկանալի էր թվում:

-Ի՞նչ:

-Ի՞նչ եք անելու համերգից հետո:

-Հետո՞, գնալու ենք տուն,- պատասխանեցինք մենք:

Պարզվեց՝ շփվող աղջիկը մեզ իրենց հետ ինչ-որ տեղ էր հրավիրում: Մենք ծիծաղելով հրաժարվում էինք, երբ ականջիս հասան քաղցր բարբառային հնչյուններ:

-Հիմի էսքան պտի սպասե՞նք:

-Հա, հա, Յուր:

-Բա ո՞ւր են էդ նստածները:

Նստածները հենց մեր դիմաց էին: Ես դեռ փորձում էի գուշակել, թե լսածս ինչ բարբառ էր, երբ նստած տղայի օձիքից բռնեց մի մեծ ձեռք: Յուրան բարձրահասակ և ուժեղ տղա էր: Նստածները կանգնեցին:

-Լավ, դե, էրեխեք ջան, ես գնամ, վերջ, մեկ ա ինձ երևալու ա,- հրաժեշտ տվեց Յուրան հատուկ շեշտադրությամբ և գնաց:

-Ծարավ եմ,- նորից բողոքեց Դիանան:

-Մի խելացի մարդ դեռևս մեզ մոտ քեզ ասում էր, չէ՞, արի ծամոն առնենք, իսկ դու նենց էդ մարդու ձեռքից բռնեցիր ու վազեցիր դեպի ավտոբուսը, ոնց որ վերջինն էր:

-Ծամոնն ի՞նչ:

-Ծարավը վերացնում ա,- բացատրեցի ես:

Մեկ այլ ձեռք մեզ ծամոնի տուփ մեկնեց:

-Մարդիկ ինչ բարի են էսօր, ուրախացանք ես ու Դիանան:

-Անձրև, Դինա, անեծքդ տեղ հասավ:

-Ես սիրում եմ անձրև,- ուրախ պատասխանեց Դիանան:

-Հա, ես էլ, բայց հիվանդանալու հեչ հավես չունեմ:

-Հա լավ, չես հիվանդանա,- ուրախ-ուրախ ինձ համոզում էր Դիանան:

-Գրիպս սկսեց,- հայտարարեցի ես պայուսակիս մեջ անձեռոցիկ փնտրելով, որն անհետացել էր:

Հետևից իմ տեսադաշտ ներխուժեց անձեռոցիկի տուփ բռնած մի ձեռք:

-Չէ, մարդիկ էսօր անհավանական բարի են, շնորհակալ եմ շատ,- ժպտացի ես:

Որոշ տեղեր անձրևանոցներ բացվեցին:

-Ժողովուրդ, ձգեցինք մինչև ժամը վեցը,- լսվեց հեռվից ինչ-որ ուրախ բացականչություն:

-Ոնց որ ֆիզիկայիս պարապմունքը լինի,- բողոքեց մի տղա,- կես ժամը մեկ մի րոպե ա անցնում:

-Զոնտիկ հեռացիր, զոնտիկ հեռացիր, զոնտիկ հեռացիր…

Ես մի պահ ժպտացի, հետո նայելով թաց մազերիս, միացա խմբին:

-Զոնտիկ հեռացիր, զոնտիկ հեռացիր:

Եթե թրջվել, ուրեմն բոլորով:

-Ժողովուրդ, համերգը որ սկսվի, կփակենք զոնտիկները:

Բայց ամբոխը չի լռում:

-Զոնտիկ, հեռացիր…

-Երեխեք, ո՞վ ա սոված:

-Ես…

-Ախպերս պանիրո՞վ, թե՞ մսով՞:

-Կապ չունի:

Բուտերբրոդը փոխանցում ենք տիրոջը:

-Սիսթեմ, սիսթեմ, սիսթեմ…

-Դին, սիրտս գնալով ավելի արագ ա խփում,- հուզված ասում եմ ես:

-Իմն է՜լ:

-Կես ժամ մնաց ժողովուրդ, ավելի բարձր ենք գոռում:

-Կես ժամն ի՞նչ ա փոխում, եկեք, էլի, Սերժ, էլ համբերել չի լինում:

-Կես ժամ սպասել ենք, էսքան էլ կսպասենք,- վստահ ասում եմ ես:

-Ուզում էիր ասել էսքան սպասել ենք, կես ժամ էլ կսպասենք:

-Բա ես ի՞նչ ասեցի… Ուֆ, արդեն բառերը խառնում եմ, մի խոսքով՝ կսպասենք,- ասում եմ ես ու փայլող աչքերով նայում հրապարակի ժամացույցին…

Հիմա չեմ էլ կարողանում հիշել, թե  3 ու կես ժամ անշարժ կանգնած ինչ արեցինք, բայց սպասեցինք: Սպասեցինք ու արժեր: Էն էլ ո՜նց արժեր: