Իմ ուրախ մանկություն
Իմ գյուղը
- Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի
Ես ուրիշ կերպ եմ կապված իմ գյուղի հետ: Միշտ իսկական հանգստությունը գտնում եմ այնտեղ: Գյուղը գտնվում է Սևանի ափին, և ճիշտ է, շատ հեռու է Երևանից, բայց աշխատում ենք շուտ-շուտ գնալ: Չգիտեմ, ինձ թվում է, որ միայն գյուղից չէ: Տատիկներս ու պապիկներս ապրում են այնտեղ, և մեր կապն այնքան ամուր է ու ջերմ, որ շատ ենք կարոտում ու ամեն հնարավոր դեպքում այցելում ենք նրանց և աշխատում, ինչքան հնարավոր է, երկար մնալ և զգալ նրանց սերն ու ջերմությունը: Միշտ շատ երեխաներով ենք գնում և այնքան ուրախ անցկացնում օրերը, որ չենք էլ զգում, թե ինչքան արագ է անցնում ժամանակը:
Երբ փոքր էի և շատ ժամանակ ունեի, այնտեղ մնում էի ամբողջ ամառային արձակուրդներին: Եվ երեք ամիս հետո վերադառնում էի քաղաք մեծ դժվարությամբ: Ամբողջ կյանքում էլ այն կմնա ինձ համար ամենաթանկ վայրը,ամենասիրելի անկյունը: Ու միշտ մտածել եմ, որ ամենալավ գյուղն է իմ գյուղը:
Ասա ինձ, մայրիկ
-Մամ, ի՞նչ ես անում,- հարցրեցի մայրիկիս, երբ նա ինչ-որ շորեր ձեռքը եկավ սենյակ:
-Շորերն եմ դասավորում,- պատասխանեց նա,- ինչի՞ ես հարցնում, Անուկ:
-Ուղղակի քեզ ուզում եմ որոշ հարցեր տալ:
-Հիմա էլ կարող ես սկսել, շորերը մեզ չեն խանգարի,- պատասխանեց նա ժպիտով:
-Մամ, իսկ հեշտ ա՞ մամա լինելը,- ուղղեցի ես ինձ հետաքրքրող առաջին հարցը;
-Դե էդքան էլ շատ չէ, նայած` երբ ու նայած` ինչ հարցում:
-Օրինակ, ո՞ր հարցերում հեշտ չի, ո՞ր հարցերում ա հեշտ,-շարունակեցի ես՝ չբավարարվելով պատասխանից:
-Դժվար լինում ա, երբ չես իմանում, թե երեխաներդ ի՞նչ մտածմունքներ կամ պրոբլեմներ ունեն: Կամ երբ մտածում ես նրանց ապագայի մասին: Բնականաբար ֆիզիկապես հոգնածությունն էլ ա դժվար, ոչ միայն երեխաների, այլ հենց ընտանիքի հոգսից: Մեկ էլ երեխայի փոքր տարիքում ա դժվար, երբ վազվզում ես հետևից, ուշադիր շատ պիտի լինես, որ հանկարծ մի փորձանքի չգա: Իսկ հեշտ, կոնկրետ իմ դեպքում, որ երեխեքս խելոք են, խելացի են, լավ սովորում են իրենց ուժերով:
-Մամ, բա որ Նարեկը ծնվելու էր, ավելի շատ աղջի՞կ էիք ուզում, թե՞ տղա:
-Միևնույն էր, երեխան երեխա է:
-Բա իմ ծնվելու ժամանա՞կ:
-Դե, աղջիկ էինք ուզում, բայց եթե տղա լիներ, ի՞նչ անեինք: Առհասարակ, շատերն էին ասում, որ տղա ես լինելու՝ սրտի աշխատանքը լսելով: Բայց ես, ինչպես Նարեկին էի երազում տեսել ծնվելուց առաջ, նույն ձևով էլ քեզ էի տեսել՝ աղջիկ, ու մտքումս ես երազիս էի հավատում: Իհարկե, եթե տղա լիներ, ոչինչ, երկու տղան էլ վատ չի: Ուղղակի, որ արդեն տղա ունեինք, սրտանց աղջիկ էինք ուզում:
-Ես ձեր սպասելիքներն արդարացրել եմ, էլի,-ժպիտով ասացի ես,-իսկ բաներ կայի՞ն, որ Նարեկի մոտ չի եղել, ինձ մոտ եղել է, ու էդ քեզ համար նորություն էր:
-Դու փոքր ժամանակ էլ էիր նեղացկոտ, իսկ Նարեկը էդպիսինց չէր: Եթե հանկարծ մի բանի վրա խոսում էինք, միանգամից նեղանում էիր, լացում:
-Իսկ ի՞նչ կա իմ մեջ, որ կուզեիր ուրիշ կերպ լիներ:
-Դե, նեղացկոտությունդ էդ աստիճան չլիներ: Մեկ էլ երբեմն կամակոր բաներ ունես, կուզեի մի քիչ քիչ լիներ: Որովհետև դեպքեր կան, որտեղ դա լավ է, բայց դեպքեր էլ կան, որտեղ լավ չի:
-Իսկ ի՞նչ կա, որ դուր է գալիս ու չէիր ուզի, որ փոխվեր:
-Դուր է գալիս, որ գալիս ես, պատմում ես, թե ինչ եղավ, ոնց և այլն: Կուզենամ, որ այդպես մեծ տարիքում էլ շարունակվի:
-Եթե ժամանակը հետ գնար, ես ու Նարեկը նորից փոքր լինեինք, ի՞նչը ուրիշ ձև կանեիր:
-Չգիտեմ: Իմ կարծիքով ոչինչ էլ չէի փոխի:
-Իսկ բաներ կա՞ն, որ ձեր փոքր ժամանակ եղել են, ու դու մտածել ես, որ չես անի այդպես:
-Դե, օրինակ, որ ես ու Նունեն գնացինք ջութակի, Իսիդորան չհետաքրքրվեց ում մոտ է լավ, ում մոտ արժե ուսանել: Հետո ասել էին` շատ ուժեղ դասատու կա, որ իր մոտ տանեք, լավ կլինի ավելի: Իսկ նա ասում էր` իմ աղջիկներն ընդունակ են, լավ կպարապեն: Բայց դե, ախր, դասատուից էլ է շատ բան կախված: Մեր դասատուն էլ էր լավը, բայց մյուսն այլ կերպ էր դասավանդում, ու հաստատ նրանից ավելի շատ բան կսովորեինք: Ինչո՞ւ եմ ասում այս մասին. Այդպիսի հարցերում մամայի սխալը չեմ ուզում կրկնել:
-Ի՞նչ դեպք կա ինձ հետ կապված, որ երբ հիշում ես, ուրախանում ես: Կամ թեկուզ` տխրում:
-Տխրում եմ, երբ հիշում եմ քթիդ վիրահատությունը, երբ ողջ ժամանակ ցավը զգացել էիր, բայց ծպտուն չէիր հանել: Հետո երբ արդեն վերջացրել,-մայրիկիս դեմքին տխուր արտահայտություն էր, աչքերն էլ լցված էին: Ես մոտեցա նրան, փաթաթվեցի, համբուրեցի:
-Ամեն ինչ արդեն անցյալում է, մամ: Իսկ ի՞նչ դեպք կա, որ ուրախանում ես հիշելուց:
-Դե, ուրախ շատ բան կա: Օրինակ, հենց քո համերգը: Հիշում եմ և ուրախանում, որ քեզ բեմի վրա ազատ էիր պահում,-նա նորից ժպտաց:
-Իսկ փոքր ժամանա՞կ:
-Փոքր ժամանակ ամեն ինչն էլ ուրախացնում էր. թե՛ որ երգում էիր, թե՛ որ պարում:
Շատ տպավորվել է նաև, երբ դեռ քառասուն օրեկան էլ չկայիր, խոսում էի հետդ, դու բերանդ շարժում էիր՝ ամեն կերպ փորձելով իմ նման բացել ու ձայներ էիր հանում: Ուզում էիր կրկնել նույն բանը: Ես դրանից զարմացել էի, որ այդ տարիքում երեխան այդպես արձագանքում է:
-Էն ժամանակվանից կրկնօրինակել սիրել եմ, պարզվում է,- ծիծաղելով ասացի ես:
-Հա,- հաստատեց մայրիկս,- ուղղակի դա շատ հետաքրքիր էր, շատ ուշադիր նայում էիր, ուզում էիր ասել, կրկնել:
-Բա ե՞րբ եմ խոսել սկսել:
-Դե 10-11 ամսականում բառեր ասում էիր, հիմնականում ճիշտ արտասանությամբ: Օրինակ՝ ջուր, մամ, տատ, պապ և այլն: Իսկ մեկ տարեկան, երևի 2 ամսականում արդեն լավ խոսում էիր:
-Իսկ քայլելու հետ կապված այդպիսի դեպք չկա՞:
-Չէ, մեկ տարեկանում ես քայլել, ծննդյան օրվանիցդ մի քանի օր առաջ: Շատ էինք քայլեցնում քեզ:
-Բայց այդ օրը Լիլոյի (զարմուհուս) ձեռքից բռնած եմ գնացել, չէ՞: Հետո էլ ինքը զգույշ թողելէ, ու ես արդեն ինքնուրույն քայլել եմ,-ավելացրեցի ես:
-Մամ, իսկ բացի բժիշկը, ինձ ի՞նչ մասնագետ կուզեիր տեսնել,- տվեցի ես թեմայից դուրս հարց՝ հիշելով, որ ինձ այդ հարցն իրոք շատ է հուզում:
-Երևի թարգմանիչ, երգչուհի էլ կուզեի: Մյուս հարցն էլ քո ուզածը, ինչ կուզեիր դու ինքդ:
-Լավ, ապրես, մամ,- ասացի ես և բավարարված պատասխաններով գնացի սենյակ` մեր զրույցը գրի առնելու:
Հայկական էտյուդներ. Ճամբարակ
Ձյուդոն` որպես հոբբի
Մեզանց շատերը, եթե ոչ բոլորը, մանուկ հասակում ունեցել ենք մեր հերոսները: Իմ հերոսները շատ էին` «Սարդ մարդը», «Հալկը», «Հզոր ռենջերները» և այլն: Ցանկանում էի լինել հզոր, ինչպես Հալկը, կամ խիզախ Սարդ մարդու պես, և հաճախ նմանակում էի նրանց: Երբ դարձա ութ տարեկան, հասկացա, որ ես եմ իմ հերոսը և սկսեցի հետաքրքրվել, թե ինչպես «ուժեղ տղա» դառնալ: Այդ ժամանակ մեր գերդաստանում գործում էր չգրված մի օրենք` բոլոր տղաները պետք է զբաղվեին սպորտով, իսկ ավելի կոնկրետ` ձյուդոյով: Եվ քանի որ ես բացառություն չէի, նույնպես սկսեցի զբաղվել ձյուդոյով: Առաջին տպավորություններս այնքան էլ հուսադրող չէին, որովհետև նորեկ էի և բոլորին թե’ ֆիզիկապես, թե’ տեխնիկապես զիջում էի: Սակայն նոր ընկերներս ինձ ոգևորում էին և հույս տալիս, որ դա դեռ սկիզբն էր:
Անցնում էին օրեր, շաբաթներ, ամիսներ, և ամեն անգամ ավելի ուժեղ էի ինձ զգում: Հիշում եմ, մի անգամ մեր խմբակի առաջատարներից մեկին հաղթեցի և ամբողջ պարապմունքի ընթացքում այնքան ոգևորված էի, որ կարծես օլիմպիական չեմպիոն էի դարձել:
Անցնում էին տարիներ, մեր խմբակ շատերը հաճախեցին, շատերը ձյուդոյից հեռացան, սակայն ներկայիս խումբը տարիների ընթացքում հավաքվեց, և Հրազդանում շարունակում է սպորտային ոգին վառ պահել:
Ձյուդոյի հիմնադիրը Ճապոնացի Ձիգարո Կանոն է: Ձյուդոն ճապոներենից թարգմանվում է որպես ճկուն ճանապարհ, սակայն այստեղ միայն ճկունությունը բավարար չի, հարկավոր են ֆիզիկական տվյալներ, և ամենակարևորը` հարգանք դիմացինի նկատմամբ; Եթե քեզ բնորոշ չէ հարգանքը, ուրեմն դու ձյուդիստ չես կարող համարվել: Այս առիթով Ձիգարո Կանոն ասել է. «Չհարգելով դիմացինիդ` նվաստացնում ես քեզ»:
Ներկայում ձյուդոյով զբաղվելու պայմանները Հրազդանում համեմատաբար լավ են, քան նախկինում, սակայն գրեթե բացակայում է պետական ֆինանսավորումը, որը իր հետևանքներն է ունենում: Ճիշտ է, կան չեմպիոններ ովքեր ֆինանսավորում են ստանում, սակայն երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մրցանակակիրները այն չեն ստանում: Վատ վիճակում է գտնվում նաև մարզասրահի գույքը: Սակայն այս ամենը չի խանգարում մեզ մարզվել և զբաղվել սիրած սպորտաձևով: Մեր խմբակը տվել է Հայաստանի, Եվրոպայի, Աշխարհի և ամենակարևորը` օլիմպիական բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ:
Տարիներն անցնում են, տարիների հետ ձյուդոյից հեռանում են շատերը, բայց մի բան հաստատ է. ինչպես բնության մեջ ոչինչ հենց այնպես չի անհետանում, այլ մեկը փոխարինվում է մյուսով, այդպես էլ Հրազդանում միշտ կհայտնվեն ձյուդոյի նոր սիրահարներ…
Դասամիջոց

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի
Զանգը հնչեց, ու դասաժամի թվացյալ լռությունը միանգամից ցրվեց:
-Միլե՜ն,- կանչեց Սեդան:
-Հը՞,- միանգամից երեք հոգի արձագանքեցին:
-Ադամյա՛ն, քո հետ եմ, արի՛, թռանք բուֆետ,- ժպտալով պատասխանում է Սեդան:
-Մի՜լ, կգա՞ս գնանք գրադարան,- հարցնում է ինձ մյուս Միլենան:
-Իհարկե,- պատասխանում եմ ես ու ընկերուհուս ձեռքը բռնած դուրս վազում դասարանից:
-Սպասեք, ես էլ եմ գալիս,- կանչում է Մերին ու գալիս մեր ետևից:
Մենք գնում ենք գրադարան, վերցնում մեզ անհրաժեշտ գրքերը, հետո ուղևորվում բուֆետ՝ Սեդայենց հետևից: Հասնելով բուֆետ՝ փորձում ենք գտնել Սեդային ու Ադամյանին միլիոնավոր հերթի միջից: Ու պարզվում է, որ նրանք դեռ չեն էլ որոշել, թե ինչ պետք է գնեն:
-Milky Way առնե՞նք թե՞ Nesqweek,- քննարկում են նրանք:
-Աա՜, պրծեք, գնանք, հեսա զանգը կհնչի,- ասում եմ ես:
-Սե՛դ, դու կարաս, դավայ,- հուսադրում ենք Սեդային:
-Լավ: Գեղեցի՛կ տատիկ, մեզ 2 հատ Milky տվեք,- վերջապես կողմնորոշվում են նրանք, վերցնում իրենց շոկոլադը և մի կերպ դուրս թռչում բուֆետից, և մենք հինգով՝ կատակելով ու ծիծաղելով, ուղևորվում ենք դասարան: Եթե անջատված ու դանդաղ չենք քայլում, հասցնում ենք մեր 10 րոպեի վերջին րոպեները դասարանում անցկացնել, իսկ դասարանում սովորաբար այնպիսի աղմուկ է, որ դժվար է լինում հավատալ, որ այնտեղ սովորում են 23 հոգի, 23-ն էլ՝ աղջիկ:
Դասարանի տարբեր անկյուններից լսվում են տարբեր երաժշտություններ. Մեկը՝ հայկական է պարում, մյուսը՝ ժամանակակից, մեկը երգում է, մեկ ուրիշը՝ նկարվում: Սոնան ինչպես միշտ նստած է իր տեղում, Լիլիթն ինչպես միշտ խաչապուրի է ուտում և Օլյայի հետ խոսում իրենց ամենասիրելի Supernatural ֆիլմից, Տաթևիկն ու Ջուլիետան ինչպես միշտ կռվում են, Անահիտն ինչպես միշտ զբաղված է իր Ipad-ով, Քրիստինեն էլ ինչպես միշտ facebook-ում է: Դե մնացածն էլ կամ դաս են կրկնում, կամ տնայիններն արտագրում: Մեր աղմուկին խառնվում են զուգահեռ դասարանների ակտիվիստները, ասենք Նարան կամ Տոման, ովքեր գալիս են մեր դասարան՝ տաքանալու ու մեզ տեսնելու համար:
Դասամիջոցի ավարտն ազդարարող զանգը ոչինչ չի փոխում, որովհետև կամ չենք լսում դրա ձայնը, կամ, օգտվելով ուսուցչի ուշանալուց, շարունակում ենք մեր դասամիջոցային արկածները: Հետո, երբ մտնում է ուսուցչուհին, մենք միանգամից տեղավորվում ենք մեր տեղերում՝ չհասցնելով ուտել շոկոլադի վերջին կտորը և պատասխանել վերջին նամակին: Հինգ րոպե հետո մենք ամբողջովին մտնում ենք դասի մեջ, իսկ 40 րոպե հետո նորից սկսվում է նույն պատմությունը…
Ճանապարհը մեկուսացնում է գյուղը

Լուսանկարը՝ Էլեոնորա Բալյանի
Մեր գյուղը՝ Կալավանը, շատ փոքր է, բայց դա չի խանգարում ունենալ խնդիր, որը լուծում է պահանջում:
Ճանապարհները դժվարանցանելի են և վտանգավոր՝ ձմռանը երթևեկելու համար: Բնակիչների համար դժվար է 7 կիլոմետր անցնել գյուղից դուրս գալու համար: Մոտ 6 տարի առաջ աշխատում էր ավտոբուս, և մարդիկ իրենց բերքն ու բարիքը տանում էին քաղաքում վաճառելու:
Հիմա ամեն ինչ փոխվել է, անցուդարձը պակասել է, գյուղը կամաց-կամաց մեկուսանում է՝ չունենալով ելքի և մուտքի ավելի լավ ճանապարհ: Իսկ ճանապարհների վիճակը օր օրի ավելի ու ավելի է վատանում ձնհալքների և անձրևների պատճառով:
Մի որոշ ժամանակ առաջ անընդհատ գալիս ու խոստանում էին վերանորոգել ճանապարհները: Բնակիչները սրտի տրոփով սպասում էին շինարարական աշխատանքներին, բայց դրանք այդպես էլ մնում էին թղթերի վրա և իրականություն չէին դառնում:
Ամեն ինչ փոխվել է, մարդիկ արդեն չեն հավատում սուտ ու փուչ խոսքերին, որոնք թղթից դուրս ընդամենը անձրևի կաթիլներ են, որ արևի ջերմությունից գոլորշիանում են:
Ապրում ենք, էլի
Ֆիլմը նկարահանվել է Չարենցավան քաղաքի հանրակացարաններից մեկում:
Իջեւանյան դեմքեր
- Լուսանկարը՝ Մարեիտա Բաղմանյանի
- Լուսանկարը՝ Լիանա Ծովանյանի
- Լուսանկարը՝ Անի Խուդավերդյանի
- Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
- Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի



















