- Լուսանկարը՝ Մարեիտա Բաղմանյանի
- Լուսանկարը՝ Լիանա Ծովանյանի
- Լուսանկարը՝ Անի Խուդավերդյանի
- Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
- Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
Ես դարձել եմ դետեկտիվ: Ինչպե՞ս: Մի օրվա ընթացքում կատարել եմ 11 առաջադրանք:
1. Բացելով մայրիկի դարակը գտա իմ նոր վզնոցը (դե, մայրիկը արդեն ասել էր, որ գնել է այն, միայն Նոր տարվա գիշերը կտա): Իհարկե, փաթեթը չբացեցի, դա անակնկալ է:
2. Ես նստած էի հյուրանոցում և իմ ֆոտոապարատի ֆոտոներն էի նայում: Սենյակից լսվեց մայրիկի ձայնը.
-Գեղամն էլ Արամի համար պլանշետ ա առել… 80 000 դրամով… Ի՞նչ… Բա դու ի՞նչ ես առել…
Ես շատ լավ հասկացա, որ հայրիկի նվերը 5-րդ դարակում է: Բացեցի դարակը և գտա այն: Մայրիկը իմացավ, որ գտել եմ և ասաց, որ Արամին (եղբորս անունն է) չասեմ: Ես էլ լռեցի մինչև Ամանոր:
3. Ես գնում էի մայրիկի սենյակ և հանկարծ լսեցի տատիկի ձայնը.
-Ելե՛ն, մի հատ արի:
Մայրիկը գնաց մեր սենյակ: Տատիկը դուռը կողպեքով փակեց: Ես էլ մտածեցի, որ նվերներն է ցույց տալիս: Նվերների տեղը իհարկե իմացա, բայց չէի ուզում անակնկալը փչացնել և այս անգամ չնայեցի, թե ինչ կա այնտեղ:
4-10-րդ առաջադրանքները չեմ հիշում, բայց հիշում եմ, երբ ժամը 21:00 հայրիկի և եղբորս հետ ոտքով գնացինք հորեղբորս տուն… Միայն թե մի անհանգստացեք, մենք ապրում ենք 2-րդ զանգվածում, իսկ նրանք ապրում են Ավանում: 2-րդ զանգվածը և Ավանը իրար շատ մոտ են:
Կներեք մոռացել էի ասել, որ ինձ դետեկտիվ նշանակեցի այն բանից հետո, երբ մեր բոլոր «ԼՈԼՈ» ամսագրերի պատռված թղթերը դրեցի իրենց տեղերը, հետո հայտնաբերեցի, որ կան թղթեր, որոնցով մեկ ամսագիր է կազմվում, որի կեսը կորցրել ենք: Դրանից հետո բոլոր ամսագրերը դասավորեցի ճիշտ կարգով:
Ճիշտ է, մեկն էլ հիշեցի: Երբ եղբորս օգնեցի մատերի Twister պատրաստել… Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես են Twister խաղում: Twister խաղալու համար պետք է խաղադաշտ և պտուտակ: Մեկը պտտեցնում է պտուտակը, և որ ոտքի կամ որ ձեռքի, որ գույնի վրա է ընկնում, դա ասում է: Օրինակ՝ ձախ ձեռքը` կապույ
տ: Ձախ ձեռքը կապույտի դեպքում ձախ ձեռքը դնում են խաղադաշտի կապույտ գույնի շարքի որևէ կետի վրա: Ով չի կարողանում դիմանալ այդ վիճակում, նա պարտվում է: Այսինքն, եթե քո ձախ ձեռքը երկրորդ կապույտի վրա է, աջ ձեռքը վերջին կանաչի, աջ ոտքը առաջին դեղինի, իսկ ձախ ոտքը նախավերջին դեղինի, և դու չես դիմանում ու ընկնում ես, ապա պարտվում ես: Ով առաջինն է ընկնում, նա պարտվում է: Այս խաղը խաղում են երկուսից ավելի հոգի, իսկ մատերի Twister-ը նույն բանն է, միայն թե մատներով:
Լավ հիմա դուք իմացաք կամ վերհիշեցիք Twister-ի կանոնները: Հա, ի՞նչ էի ասում… Այդ խաղը պատրաստելու ժամանակ ես և եղբայրս փոքրիկ զրույցի բռնվեցինք:
-Դու դետեկտիվ չես,- ասաց եղբայրս:
-Չէ, ես դետեկտիվ եմ, իսկական դետեկտիվ: Դե, իհարկե ես միայն 3-րդ կարգի առաջադրանքներ եմ կատարում: 2-րդ կարգի առաջադրանքները կատարում եմ շանս հետ:
Ինձ միայն 5 քայլ է մնացել իսկական դետեկտիվ դառնալու համար: Ես ավելի շատ վերծանող դետեկտիվ եմ,- հպարտ ձայնով ասացի ես, իսկ մի քանի վայրկյան անց ավելացրեցի,- մինչև Նոր տարվա վերջ կմնամ այստեղ:
-Հիմար, դու դետեկտիվ չես:
-Դետեկտիվ եմ:
-Չէ:
-Այո:
-Ոչ:
-Այո:
-Ոչ:
…Անցավ մոտավորապես 10 այո-ոչ ասելով, և ես ավելացրեցի.
-Ես քեզ այդքան էլ չեմ վստահում… Հա՛,-ասացի ես` ոտքով գետնից բարձրացնելով սիլիկոնի ապարատը,-դու քո բնավորությամբ ինձ մի փոքր հիշեցնում ես իմ մշտական հակառակորդին՝ Ռիոյին:
-Հա, ճիշտ ես ասում, ես Ռիոն եմ:
-Դե լավ, դու սովորական տղա ես:
-Չէ, ես Ռիոն եմ… Վահահա…
Տեսնելով կպչուն ժապավենը սեղանի վրա, ես այն թաքուն կպցրեցի եղբորս մատին, որպեսզի մատնահետքը վերցնեմ և ասացի.
-Առաջին երեք քայլն արել եմ «Շերլոք Հոլմս» կարդալով, իսկ մյուս 6 քայլը` Star Wars դիտելով:
-Լավ, ուրեմն դու ասում էիր` դետեկտիվները ամուր ձեռք ունեն:
-Ես այդպիսի բան չեմ ասել:
-Ուզո՞ւմ ես` ստուգեմ:
-Ոչ:
-Չէ, ուզում ես,- ասաց եղբայրս և ձեռքս ուժեղ սեղմեց:
-Աաաաաաախ… Ես վերծանող դետեկտիվ եմ, ոչ թե… Նախավերջին քայլին եմ ամուր ձեռք ունենալու…
-Լավ, դետեկտիվները սուր աչք պետք է ունենան, դու լավ չես տեսնում:
-Ինձ որտեղի՞ց գիտես:
-Գիտեմ, քո անունը Լիլիթ ա:
-Ինչպես ուզում ես ինձ անվանիր, բայց իմ իսկական անունը չես իմանա:
-Մի հատ պահի էլի,- ասաց եղբայրս ցույց տալով սիլիկոնի ապարատը:
-Լավ:
-Հա թուղթն էլ տուր: Կանաչը բացիր:
-Ընդամենը մի փոքր այստեղից բացում ենք և … Եվ, վուալյա,- ասացի ես վարպետությամբ հանելով թուղթը տուփի միջից:
Լավ, այստեղից արդեն դադարեցնենք, քանի որ մեր խոսակցությունը տևեց մեկ ժամ, և ես այդքանը հիշել չեմ կարող:
Ի դեպ, ես գրական հայերենով էի խոսում, որպեսզի ավելի խորհրդավոր թվայի:
Կարճ ասած, ես դետեկտիվի դերում մնացի մինչև Նոր տարվա վերջը, ինչպես խոստացել էի: Ընդամենը կարող եմ ասել, որ դետեկտիվ լինելը հրաշալի է, բայց ավելի լավ է, երբ դու ինքդ քեզ ես նման:
-Իսկ ի՞նչ է բույրը,- հարցրի ես օծանելիքագործին:
-Երջանկություն:
-Այդ ի՞նչպես:
-Փորձիր հիշել մի բույր ու զգա հոտը: Չի ստացվի:
-Ե՞վ:
-Երջանկությունն էլ է այդպես, դու միայն նկարագրել կարող ես կամ հազվադեպ հիշել պահը, բայց եթե անգամ շատ ցանկանաս, այն միայն քոնն է: Դու երբեք չես կարող քո երջանկությունը երգելով մարդանց զգացնել տաս: Ճիշտ և ճիշտ ինչպես երջանկությունը, այնպես և բույրը:
-Այսինքն դու երջանկություննե՞ր ես պատրաստում:
-Ես ընդամենը հնարավորություն եմ տալիս:
-…
-Ես հնարավորություն եմ տալիս կարճել հեռավորություններն ու վերացնել անցյալի ու ներկայի մեջ եղած անդունդը: Օծանելիքի դատարկ սրվակներ:
-Եվ ի՞նչ պետք է ես անեմ:
-Տուր քո օծանելիքի դատարկ սրվակը այն հեռացողին, ով քեզ կկարոտի: Ու համոզված եղիր, կարևոր հրաժեշտից առաջ օծանելիքը միշտ վերջանում է: Ինչպես երջանկությունը` երբ նա հեռանում է քեզնից, միանգամից սկսվում է մի նոր երջանկություն, օծանելիքի մի նոր բույր:
-Իսկ լինո՞ւմ են մարդիկ, ովքեր նոր օծանելիք չեն օգտագործում:
- Դե, իհարկե, չեն լինում, ուղղակի հաճախ սխալ օգտագործման պատճառով երկար ժամանակ բույրը չի տարածվում:
Ժամը 8-ին աչքերս սովորության համաձայն բացվեցին: Ոչ միայն սովորության, այլ նաև հայրիկիս խոսելու պատճառով, բայց այս անգամ հայրիկս միապաղաղ ոչ թե ասում էր` Գոհար, այլ Վահագն:
-Վահագ, լավ էլի, վեր կաց, գնա, թող հանգիստ քնեմ,-քնաթաթախ ասացի ես:
Լռություն…Քունս շարունակվեց…
-Բլա-բլա, աղլու-աղլու:
Էլի ինչ-որ մեկը իմ քունը խանգարեց, բայց այս անգամ ես ուրախ էի, որ քունս խանգարվեց, որովհետև երկար քնելուց գլուխս սկսում է պտտվել:
-Վայ, Հասո, ոնց եմ ես քեզ սիրում:
Ահա անջատված հայացքով հերթով սենյակները մտնելով հասա ճաշասենյակ: Հեռուստացույցը միացրած էր, գնում էր անհետաքրքիր հաղորդում: Գնացի սենյակս ու երկար, լուռ պառկեցի անկողնուս վրա: Որ ասեմ` ինչ-որ բանի մասին էի մտածում, սուտ կլինի, ուղղակի լուռ պառկել էի:
-Աղու-աղու, վը~ֆ:
Մայրիկս քույրիկիս գրկած բերեց մոտս: Գրկեցի և սկսեցի հետը գզուզվել: Երկար ծիծաղի ձայներ էին լսվում սենյակից: Ապա քրոջս հանձնեցի մայրիկին ու նստեցի համակարգչի դիմաց: Այդպես մի քանի ժամ…
Բայց դուք չմտածեք, թե ես ամբողջ շաբաթ համակարգիչ եմ խաղալու, իսկ դասերը վերջին օրն եմ թողել: Չէ: Այս գարնանային արձակուրդները ես կօգտագործեմ հօգուտ ինձ: Ուրբաթ, շաբաթ, կիրակի ես կանեմ իմ բոլոր դասերը: Իսկ այսօրվանից ես ունեմ լիարժեք հանգստանալու իրավունք:
Ճիշտն ասած, սիրում եմ լավ կազմակերպված արձակուրդներ:

Լուսանկարը՝ Էրիկ Բադալյանի
Իմ ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս և ես: Մեր ընտանքի պաշտպանը՝ հայրս՝ Տիգրան Միրզոյանը, ծնվել է Բերդ քաղաքում 1972 թվականին, ունի երկու մասնագիտություն՝ կաթի և կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգ և իրավագետ: Նա շատ խելացի է և ինձ միշտ օգնում է ամեն հարցում: Նա երբեք իմ հարցերը, որոնք չափից շատ են, անպատասխան չի թողնում: Նա մեր տան սյունն է: Մեր տան մյուս սյունը՝ մայրս՝ Լուսինե Ստեփանյանը, ծնվել է Կոթի գյուղում` 1975 թվականին: Մասնագիտությամբ բանասեր է: Նա է, որ ամեն վայրկյան մեր կողքին է, իր քնքշությամբ ու ջերմությամբ ողողում է ամբողջ տունը: Իմ հետ անընդհատ բանավեճերի մեջ մտնողը՝ քույրս՝ Անին, ծնվել է 1996 թվականին Բերդ քաղաքում: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնոււմ, թե ինչ կանեի առանց նրա: Որպես մեծ՝ շատ բան է սովորեցրել ինձ: Իսկ մեր բանավեճերը հիմնականում դպրոցական առարկաների ու աշխարհի վերաբերյալ են: Եթե անգամ ես հասկանում եմ, որ նա է ճիշտ, մեկ է, շարունակում եմ պնդել իմ տեսակետը: Բայց եթե մի օր բանավեճ չլինի, իմ օրը օր չի լինի: Եղբայրս՝ Տարոնը, ծնվել է 2005 թվականին Իջևանում: Նա մեր տան փոքրիկն է, և, անկեղծ ասած, բոլորը նրան երես են տալիս, բայց ամեն դեպքում շատ խելոք տղա է: Ես պաշտում եմ իմ ընտանիքը, որտեղ տիրում է փոխադարձ սեր, հարգանք:
Սաշա. այդպես էի ես անվանել նրան, որովհետև չգիտեի` տղա՞ է, թե՞ աղջիկ: Նա ապրում էր մեր դպրոցից մի քանի մետր հեռու` իմ ճանապարհի վրա: Մենք հաճախ նրան Սաշոկ էինք անվանում և ամեն օր խաղում հետը: Նա փողոցում էր ապրում, բայց բոլորի կողմից շատ սիրված էր և միշտ ուտելու բան ունենում էր: Նա ուղղակի ընդունակ չէր ինչ-որ մեկին կծել, կամ վախեցնել: Անգամ հաչելիս նրան երբեք չէի տեսել: Նա մուգ էր և ուրախ աչքեր ուներ: Միշտ վազվզում էր իմ ու ընկերուհուս հետ:
-Սաշ, պրիվետ,- ասում էի ես ամեն անգամ և թփթփացնում նրա գլխին: Նա պտտվում էր շուրջս և ձեռքս լպստում: Հետո ես մեկնում էի ձեռքս նրան և ուրախ բացականչում.
-Սաշ, թաթիկդ: Թաթիկդ տուր, դե տու~ր… Իսկ հիմա մյուսը:
Նա, առջևի թաթերն ինձ տալով, կանգնում էր երկու ոտքերի վրա և ուրախ բացում բերանը: Երևի պոչն էլ կշարժեր, եթե ունենար պոչ: Նրա պոչն ու ականջները կտրված էին:
-Իրան տենց ավելի լավ ա,- ասում էր ընկերներիցս մեկը,- փողոցի շներինը կտրում են, որ մյուս շները չքաշքշեն…
Արդեն մենք հին ընկերներ էինք դարձել, ամեն անգամ, երբ ինձ տեսնում էր, վազում էր մոտս ու թաթերով բարձրանում վրաս: Իսկ երբ քնած էր լինում և չէր տեսնում ինձ, ես շոյում էի նրա գլուխը, որ դանդաղ արթնանա, հանկարծ չվախենա:
Մի օր դասերս ուշ վերջացրի և չհասցրի Սաշոկին տեսնել: Երբ տուն եկա և մտա ֆեյսբուք, անմիջապես ընկերուհուցս հաղորդագրություն ստացա.
-Մար, Սաշոկին տարել են:
-Ի՞նչ: Ո՞ւր, ո՞վ:
-Բակի մյուս շների հետ: Ինչ-որ մեծ մեքենա էր, վրան գրած էր «Պայքար փողոցային շների դեմ» կամ ինչ-որ տենց բան:
Աչքերիս առջև մի պահ սևացավ: Փորձեցի ինձնից հեռու վանել այն մտքերը, որ դեռևս անտուն շների ոչ մի կացարանի մեր երկրում չեմ հանդիպել: Ուրեմն ի՞նչ են անելու Սաշոկիս: Ընկերներիցս ոմանք ինձ երկար համոզում էին, որ նրան պարզապես ինչ-որ դեղ են սրսկելու և հետ բերեն, կամ բաց թողնեն: Միևնույնն է, նա հոտառությամբ կվերադառնա: Բայց գիտակցությանս մեջ մի գորշ միտք էր ծանրանում, որը բարձրաձայնեց ընկերուհիս.
-Մար, լավ էլի, երեխա՞ ես, ի՞նչ հետ բերել…
Չգիտեմ, նրանցից ով է ճիշտ, բայց փաստը մնում է փաստ, Սաշան դեռ չի վերադարձել: Ես հիմա չգիտեմ էլ, թե ու՞ր է նա, ո՞ղջ է արդյոք, բայց փողոցային շների նկատմամբ այդ վերաբերմունքը շատ մեծ սխալ է, որի արմատները շատ-շատ խորն են մեր հասարակության մեջ: Չէ՞ որ «Փողոցային շների դեմ պայքարին», կամ էլ ինչպես որ կոչվում է դա, չգիտեմ, ինչ-որ մեկը զանգահարել և կանչել էր: Ինչ-որ մեկը, ում անհասկանալի անհանգստություն էր պատճառել լրիվ անվնաս ու բարի այդ կենդանին:

Լուսանկարը՝ Աստղիկ Իսրայելյանի
Լույսը նոր էր բացվել, և ընտանիքիս անդամները բոլորը աշխատում էին: Ես հինգ տարեկան էի: Այդ ժամանակ ես շատ հետաքրքրասեր էի, և ամեն աշխատանք ինձ հետաքրքիր էր: Պապիկս ինչ-որ գործ էր անում, իսկ ես աստիճանների ճաղավանդակից մտցրի գլուխս, որպեսզի տեսնեմ, թե նա ինչ է անում: Երկար ժամանակ նայում էի, բայց երբ փորձեցի գլուխս հետ տանել, զգացի, որ չեմ կարողանում: Սկսեցի լաց լինել, իսկ երբ լաց եղա քթիցս արյուն եկավ. փոքր ժամանակ քթիցս հաճախ էր արյուն գալիս: Պապիկս արդեն գնացել էր տրակտորի մոտ և տրակտորի ձայնը չէր թողնում, որ նա ինձ լսեր: Երբ տրակտորի ձայնը կտրվեց, բոլորը լսեցին իմ ձայնը և եկան ինձ մոտ: Մեր հարևանը գնաց և մի երկաթ բերեց, որպեսզի ծռեր ճաղավանդակը և ազատեր իմ գլուխը, բայց ես կարծել էի, թե նա ինձ ուզում է ծեծել այդ երկաթով և սկսեցի ավելի բարձր գոռալ: Գլուխս հանել էին ճաղավանդակից, բայց ես դեռ լացում էի: Ճիշտ է, անցել են շատ տարիներ, բայց ես այդ հարևանին չեմ սիրում և նրանից վախենում եմ: Իսկ աստիճաններով բարձրանալիս անպայման հիշում եմ այս դեպքը:
Ես ունեմ մեկ անձնական և մեկ աշխատանքային բլոգ: Իմ անձնական բլոգը կոչվում է «Ութոտնուկ», որի հասցեն է՝ www.utotnuk.wordpress.com : Սա «Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց ծրագրի» արդյունքում է բացվել, որի ժամանակ իմ ծրագիրը հաղթեց և դրա հիման վրա բացվեց այս բլոգը: Բլոգում շատ պատմություններ կան, որտեղ քննարկվում են կոռուպցիայի օրինակներ, կան նկարներ, տեսանյութեր և այլն: Այս բլոգը ղեկավարում եմ ես` չնայած որ ունեմ յոթ հոգուց բաղկացած աշխատանքային թիմ:
Եթե առաջին բլոգը իմն է, ապա երկրորդ բլոգում ուղղակի աշխատում եմ: Բլոգը կոչվում է «Ես ուզում եմ փոխել իմ կանքը», որի հասցեն է՝ www.dprocakan.wordpress.com: Այս բլոգը բացվել է մրցույթային ծրագրի հիման վրա, որը տևելու է վեց ամիս: Ես այստեղ հեղինակ եմ, գրում եմ այն հարցերի, խնդիրների մասին, որոնք առկա են դպրոցում: Նախագծի ավարտին պարզ կլինի, թե ով է շահել գլխավոր մրցանակը, և ամեն ամսվա հաղթող ով է ճանաչվելու:
Ես շատ եմ սիրում իմ երկու բլոգները և հաճույքով եմ աշխատում:

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի
Երբ սկսեմ աշխատել, պատրաստվում եմ ֆինանսական աջակցություն ցույց տալ աղքատներին: Մի անգամ խանութում ականատես եմ եղել, թե ինչպես է վաճառողուհին կոպտել ֆինանսապես անապահով երեխային, շատ եմ ազդվել և որոշել եմ, որ առաջին կտավս վաճառելուց ստացված եկամուտով փակելու եմ այդ ընտանիքի պարտքերը և հոգալու եմ, որ այդ վաճառողուհին զրկվի իր աշխատանքից: Շատ եմ նյարդայնանում, որ մարդկանց հագուստով են գնահատում: Մտածում եմ, որ վատ հագնված մարդու հոգում ավելի շատ մարդկային հատկանիշներ կարող են լինել թաքնված, քան թանկարժեք հագուստների մեջ քողարկված ինչ-որ մեկի: Ինձ հուզում է իմ համայնքի գործազրկությունը, աշխատավարձերի չափը, անապահով ընտանիքների կեցության մակարդակը, մարդկանց անտարբերությունը: