Առաջին սեր

Բոլորն ունեն առաջին, իրական, ամենամաքուր ու միամիտ սեր: Ոմանց սերն անպատասխան է, ոմանցը` փոխադարձ, ոմանցն էլ` անհասկանալի: Ահա վերջինիս էր պատկանում և իմ առաջին սերը, իմ անհասկանալի, իմ մի բուռ անսահման սերը: Քչերն են սիրում խոսել իրենց անհասկանալի սերերի մասին: Ես նրանց շարքերից չեմ: Դժվար թե հետաքրքրի, թե ի՞նչ էր իմ առաջին սիրո անունը կամ ազգանունը: Ինչ էլ որ լիներ, ես պաշտում էի նրան: Ես անգամ քունս էի կորցրել: Կողքին անգամ նրա կարոտում էի նրան: Ես նրան լուռ և առանց ակնարկի անգամ սիրեցի 2 տարուց ավելի: Իսկ հետո ես խոսել ստիպված էի: Ես չգիտեմ, թե ինչ էի մտածում, ինչ էի անում և ինչու էի անում, բայց հիշում եմ, որ սկսել էր դաշնամուրի գնալ: Վեր կացա ես էլ գնացի: Վեցն անց տասնչորս դուրս եկավ, լավ եմ հիշում: Խնդրեցի հետս բարձրանալ գրադարան և այնտեղ հենց որոշեցի խոսել: Չէ, չեմ ափսոսում: Խոսեցի, որովհետև պետք էր: Գրադարանում ես նրան ասացի, որ սիրում եմ իրեն ու չթողեցի խոսել հավելելով, որ երեք օրից կհանդիպեմ: Այդ երեք օրը ինձ համար երեք տարվա պես անցավ` աչքս չէի կտրում ժամացույցից, դե հանդիպումն էլ սովորական չէր լինի: Որոշեցի հանդիպել հենց մեր հնարած կասկադում, որտեղ մենք այնքան երջանիկ էինք: Պատրաստեցի հինգ հազար թղթե նավակներ: Իսկ նավակների մեջ շոկոլադներ, որոնք նա այնքան էր սիրում: Առավոտյան 7:30 արդեն ամեն ինչ վերջացրեցի քնից շուտ արթնացած ընկերներիս օգնությամբ: Երբ արդեն ամեն ինչ տեղում էր, ես զանգեցի նրան, իսկ նա… Իսկ նա հանդիպման անգամ չեկավ…

Խնդիր, որի լուծումը ընդամենը երազանք է

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Լուսանկարը՝ Արփինե Խոջայանի

Ես ապրում և սովորում եմ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Գյուղն ունի բազում խնդիրներ: Ամենացավալին այն է, որ չունենք արվեստի և արհեստագործական դպրոցներ: Մեր  դպրոցում կան շատ տաղանդավոր երեխաներ: Նրանք չունեն հնարավորություն ցույց տալու իրենց գիտելիքները և դրանք հարստացնելու: Այդ պատճառով նրանք լքում են գյուղը: Շատերը սովորելուց հետո աշխատանք են գտնում և այդպես էլ չեն վերադառնում: Ոչ բոլոր ընտանիքները հնարավորություն ունեն իրենց երեխայի ուսումը կազմակերպելու: Տաղանդավոր երեխաները մնում են աննկատ ու այդպես էլ չեն կարողանում դրսևորել իրենց տաղանդը: Ինչով են մեղավոր այդ երեխաները: 

Այնքան կուզեի, որ մեր գյուղն էլ երևար բարյացկամ և բարեգործ մարդկանց գործունեությունը ծավալող աշխարհագրական քարտեզում:

Նորա տատիկը

 

Լուսանկարը՝ Մանե Տոնոյանի

Լուսանկարը՝ Մանե Տոնոյանի

Իմ շրջապատի ամենահետաքրքիր մարդը մեր հարևան Նորա տատիկն է: Նա շատ լավ բնարավորություն ունի, սիրում է իր թոռնիկներին և մեր բակի գրեթե բոլոր երեխաներին: Նա առաջ աշխատում էր դպրոցում, իսկ հիմա՝ ոչ: Մենք, երբ բակում միջոցառում պետք է կազմակերպենք, միշտ դիմում ենք Նորա տատիկին: Նա շատ է մեզ օգնել, և մենք միշտ շնորհակալ կլինենք նրան: Նորա տատիկը ունի այգի, որը լի է ծաղիկներով, մենք միշտ օգնում ենք նրան ծաղիկները խնամելու գործում: Լինում է նաև, որ միջոցառումների վերջում նա մեզ իր ծաղիկներից է նվիրում: Նա շատ խելացի, բարի և հետաքրքիր տատիկ է: Նորա տատիկի ամուսինը՝ Վաչագան պապիկը, մահացել է, նա նույնպես շատ լավ մարդ էր: Նրանք միշտ համերաշխ էին, ես հիշում եմ, երբ փոքր էի ու իրենց ինչ-որ գործում օգնում էի, նրանք միշտ ինձ կոնֆետներ էին տալիս: Ես հիշում եմ, երբ դեռ Վաչագան պապիկը չէր մահացել, մեր վերջին միջոցառումը նվիրված էր ծերերին, ու այդ միջոցառման վերջում բոլոր տատիկներն ու պապիկները կանգնեցին և մեզ ծափահարեցին, իսկ մենք շատ հուզվեցինք: Ես միշտ կհիշեմ նրանց ու նրանց օգնությամբ կազմակերպված միջոցառումները:

Հայաստանը

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

Լուսանկարը՝ Վահե Սուքիասյանի

-Ասում եմ, ա’յ Սեդա ջան, ընչի՞ ես մուննաթ գալի, ասում ա` որովհետև դու չես քնում, շու’ռ արի քնի: Ընչի՞, որ մնացած էրեխեքը քնում են, իրանք ուզո՞ւմ են քնեն: Էն էլ` չէ: Ինչ արի, էս Սեդան` մեր դաստիարակը, էլի, իրա էդ մուննաթով խոսալը չփոխեց: 

Որոշել եմ. «խանութվան» դառնամ: Ի՞նչ վատ կըլնի որ։ Էս Սվետուլենց խանութի մոտ մի խանութ կբացենք, ավտոն կգա «մայոժնի» կառնեմ, ծամոն կառնեմ ու կծախեմ, մինչև որ Հայաստան ինձ տանեն: Դյանից հետո ուզում եմ զինվոր դառնամ: Դե կայողա թղթերը կորեն, համ էլ ես սիրում եմ, որ գտնում եմ թղթերը:

-Իսկ կարո՞ղ է բժիշկ դառնաս:

-Կարող է դոկտոր դառնամ, կամ էլ պալիկլինիկայի բժիշկ, էրեխեքի ատամ հանող: Բայց ուզում եմ սամայոտի քշող էլ դառնամ:

-Իսկ դու գիտե՞ս ինչ են ասում սամալյոտի քշողին:

-Չէ’:

-«Լյոդչիկ»:

-Իի՜, չէ,- ու սկսեց ծիծաղել: -Չէ’, լավ էդ չեմ դառնալու: Բայց ամենից շատ Հայաստան եմ ուզում գնամ, էէէէ՜……

Սրանք չորսամյա Միլենայի մանկական երազանքներն են, որոնցից մեկը երևի կիրականանա ըստ իր ցանկության, բայց այն, որ Միլենան ապրում էր Հայաստանում, բայց ուզում էր Հայաստան գնալ, շատ տարօրինակ էր, և հետաքրքրություն առաջացրեց Վանաձոր գնացող բոլոր ուղևորների մոտ, ու ես փորձեցի պարզել ամեն ինչ… Հետաքրքիր է այն, որ Միլենայի համար Հայաստանը, որը հենց Վանաձորն էր, սկսվում էր Գյումրի-Վանաձոր ճանապարհի թունելից այն կողմ…Սկզբում, երբ լսեցինք նրա խոսքերը, ամենքս մեր հերթին փորձում էինք ինչ-որ գեղեցիկ տեսարան գտնել ու ապացուցել, որ Հայաստանը հենց դա է, բայց չէ. բոլորս էլ մի պատասխան էինք ստանում.

-Է՜, չենք հասել Հայաստան էլի, սպասե’ք, որ հասնենք ցույց կտամ, ու կտեսնեք Անո տատիս Հայաստանը…

Անցավ որոշ ժամանակ: Մեր ավտոբուսը կանգ առավ Միլենայի Անո տատի շենքի մոտ: Տեսնելով տատին՝ Միլենայի աչքերը այնպես էին շողում, նա այնքան երջանիկ ու ոգևորված էր, որ ես մի պահ մտածեցի, որ գուցե ես եմ ուրիշ տեղ ապրում ու երբևէ չեմ եղել Հայաստանում:

Իմ քույրը

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Ես տասը տարեկան էի, երբ ինձ հասավ այն լուրը, որ ես պետք է քույր ունենամ։ Շատ ուրախացա և ամբողջ օրը ժպիտով շրջում էի տան մեջ։ Մենք որոշել էինք, որ քրոջս անունը պետք է դնենք Լիլիա, բայց հետո հայրս հակառակվեց և անունը դրեցինք Լիլիթ։ Երբ քրոջս հայրիկիս մեքենայով տուն էինք տանում, նա աչքերը բացեց և նայեց ինձ, ես շատ ուրախացա և գրկեցի նրան։ Նա շատ փոքրիկ էր, նրա աչքերը մուգ շագանակագույն էին։ Քույրս այդ ժամանակ շատ էր սիրում լողանալ։ Հետո անցան օրեր, և քույրս ատամ հանեց ու ատամնահատիկ արեցինք։ Այդ ժամանակ նա վերցրեց գումար, ներարկիչ և ատրճանակ։ Առաջին տարին մի քիչ վատ էր, բայց երբ սկսեց խոսել, ճանաչել, ավելի ուրախ դարձավ մեր կյանքը։ Հետո քույրս արեց իր առաջին քայլերը։ Այդ ժամանակ ես մի կրիա ունեի, որը բավականին մեծ էր, որոշեցի տալ քրոջս, նա շատ էր սիրում այդ կրիային, երբ նստում էր կրիայի վրա, նա գնում էր և ամեն կերպ փորձում էր գցել նրան իր վրայից։ Քույրս սկսեց արդեն վազել, այնպիսի օր չէր լինում, որ նա չընկներ։ Հետո կրիան փախավ: Ճիշտ է, Լիլիթը տխրեց, բայց կրիան ազատվեց Լիլիթից։ Հետո ինձ ընկերս նվիրեց 2 ճագար։ Քույրս նույնպես մտերմացավ ճագարների հետ, բայց երբ մեծացավ, ճագարների ականջներից բռնում և նետում էր օդ։ Ճագարներին դա դուր չէր գալիս, և երբ քրոջս տեսնում էին, արագ թաքնվում էին։ Մի օր էլ քույրս այդպիսի բան արեց, բայց ավարտվեց Լիլիթի լացով, որովհետև ճագարը մի լավ դաս էր տվել նրան։ Ճագարը ցատկել ու ճանկերով վնասել էր քրոջս ձեռքը։ Այդ օրվանից քույրս վախենում է ճագարից։

Իմ քույրը մի օր վիրավորեց ինձ և նեղացած գնաց։ Ես միտումնավոր մի շոկոլադե ձողիկ գնեցի և տարա տուն, որպեսզի քույրս տեսնի։ Ինձ շատ հետաքրքիր էր՝ այդ ձողիկը տեսնելով կշարունակի՞ նեղացած մնալ, թե կգա ինձ հետ ընկերություն կանի։ Եվ երբ նա տեսավ ձողիկը, արագ վեր թռավ և եկավ ինձ մոտ։ Նայեց ինձ ու ասաց.

-Էս ձողիկը կտա՞ս, ապեր ջան։

-Դու ինձ ապուշ ես ասել։

-Չէ, ապեր ջան, էլ չեմ ասի, կտա՞ս ձողիկը։

-Վերցրու։

Եվ երբ կերավ և վերջացրեց, գնաց մի քիչ հեռու և գոռաց.

-Վալե՜ր, ապու՜շ։

Ու փախավ։

Ես ընկա հետևից և բռնեցի նրան, երբ ուզում էի դաս տալ նրան, նա ինձ ասաց.

-Չէ, ապեր, ես քեզ չասեցի, ես ինձ ասեցի։

Ես ջղայնացա, բայց իմ քրոջը ես չէի կարող ապտակել, քանի որ այնպիսի անմեղ դեմք ունի, որ կարծես հրեշտակ լինի։ Ես շատ եմ սիրում իմ քրոջը։

Ահա և ես

Կանաչ, մեծ աչքերով, անընդհատ պոչով, բաց վարդագույն կծմծոտած շրթունքներով, նիհարած այտերով այդ աղջիկը ես եմ։ Երբեք չեմ սիրել ինքս ինձ բնութագրել։ Երևի նրա պատճառով, որ չեմ կարողանում դա լավ անել։ Դե ինքներդ դատեք՝ տեսնում եմ իմ դիմացինին, շրջապատս, ձեռքերս և քայլելաձևս, իսկ դեմքիս արտահայտությունը, տեսքս միշտ չէ, որ կարողանում եմ տեսնել։ Բայց երբեմն դիմում եմ ռիսկի և ինձ բնութագրում։ Դե ինչ, սկսենք մազերիցս։ Բարակ, մի փոքր ալիքավոր, խճճված, մուգ շագանակագույն այս մազերս ես չեմ սիրում։ Նրանք ինձ չեն ենթարկվում։ Ոչ կարողանում եմ հարթեցնել, արդուկել, ոչ էլ խուճուճացնել, դրա համար անընդհատ պոչ եմ կապում կամ էլ հավաքում եմ։ Երբեմն լինում է, որ երեկոյան մազերս արձակելով դրանք ցավում են և կանգնում ինչ-որ արտասովոր ձևով։ Սիրում եմ կրել գլխարկներ, տարբեր ձևի և չափի։ Դրանք ինձ սազում են։ Աչքերս կանաչ են, երբեմն մուգ, երբեմն բաց, իսկ երբեմն էլ դրանք դառնում են կապույտ։ Տատիկս ասում էր, որ իմ աչքերի գույնը փոխվում է հագածս զգեստի գույնի հետ։ Ես էլ, որ փոքր էի զարմանում էի ու հարցնում.

-Իսկ եթե կարմիր հագնեմ, աչքերս էլ կարմիր կլինե՞ն։

Տատիկս ծիծաղում էր և շոյում գլուխս։ Փոքր ժամանակ աչքերս ավելի շատ կապույտ երանգի էին, իսկ այժմ մուգ կանաչ։ Իսկ երբ ծիածանաթաղանթս վերջանում է, սկսվում է ինչ-որ մուգ գիծ։ Շատերը ասում են, որ կարծես այդ գիծը մատիտով ընդգծված լինի։ Աչքերիս չափը այժմ մի քիչ փոքրացել է։ Երեխա ժամանակ, ինչպես եղբորս և մայրիկիս մոտ, դրանք մեծ են եղել, զարմացած։ Ի դեպ, եթե այժմ ես մի փոքր վախենամ, զարմանամ, աչքերս ինքնըստինքյան մե՜ծ կբացվեն։ Թարթիչներս երկար չեն, բայց խիտ են ու հաստ։ Աչքերիս տակ մուգ պարկեր կան, քիչ քնելու պատճառով։ Դրանք լինում են մանավանդ դասերի ժամանակ։ Այտերս վերջերս նիհարել են իրենց կամքով, և ես ոչ մի միտումնավոր բան չեմ արել։ Շրթունքներս բաց վարդագույն են, փոքր չեն, բայց մեծ էլ չեն։ Արդեն ռեֆլեքս է դարձել այն կծմծելը, դրա համար հետքեր են մնում։ Իսկ դրսում, ցուրտ ժամանակ, դրանք չորանում են և ուռում։

Ահա և ես՝ մի աղջիկ կանաչ աչքերով, կապած մազերով նստած գրում եմ իմ մասին։ 

Լուսանկարը՝ Արփինե Վերանյանի

Հայոց մեծերը

Ամեն մարզ գնալիս, ամեն քաղաք ու գյուղ, ամեն բակ մտնելիս, նրանք առաջինն են մեզ դիմավորում.

-Բարև, բալիկ ջան, բարով ես եկել… Ի՞նչ կա-չկա աշխարհում…Ի՞նչ գործով ես եկել…,- ողջունում են մեզ մեր ազգի մեծերը` մեր տատիկները և պապիկները: Թվում է, միշտ նստած են իրենց տեղում, ոչ մի տեղ չեն գնում և ոչ մի տեղից չեն գալիս, սակայն գիտեն աշխարհի բոլոր նորությունները, բոլոր հոգսերը, և թե ինչ է սպասվում առջևում: Այսպիսին են նրանք` մեր կյանքի պահապանները:

Եկ հաշտվենք, որ մոլորակը հանգիստ շնչի

Լուսանկարը՝ Լենա Մանուսարյանի

Լուսանկարը՝ Լենա Մանուսարյանի

2020 թվական, ապրիլի 24…..

Գնացքը սկսեց շարժվել… Ուղևորվում ենք դեպի «պայծառ ապագա» հայրենիք:

Մտքումս  հազար ու մի մտքեր են պտտվում…Ապրիլի 24: Եղեռն: Մեծ եղեռն: 105 տարի:

Հանկարծ բացվեց խցիկի դուռը և ներս մտավ մի անծանոթ «նա»:

«Նա»-ն բարձրահասակ էր, զինվորական համազգեստով, վարսերը հավաքած, մռայլված դեմքով:

Ինձ մի պահ թվաց, թե ես ինձ եմ տեսնում իմ առջև կանգնած, բայց…

Բայց կային շատ տարբերություններ, «նա»-ի հայացքը, աչքերը ոչինչ չունեին թաքցրած, իսկ իմը…

Իմ աչքերը ցավ են տեսել, պայքարել են, արցունք են թափել ու այդ բոլորը թշնամու պատճառով:

- Բարի երեկո,- հանկարծ լսվեց խլացնող լռության միջից այդ անծանոթ «նա»-ի ձայնը:

- Բարև,- հանկարծ թռավ իմ շուրթերից:

- Որտեղի՞ց ես…

Ես շարունակում էի մտածել «ցեղասպանության», ոսոխի անսիրտ արարքների մասին: Նաև «նա»-ի մասին… Նրա համազգեստը ծանոթ է, որտե՞ղ, որտե՞ղ եմ տեսել:

Չպատասխանեցի նրա տված հարցին: Կրկնվեց:

- Որտեղի՞ց ես:

- Հայ եմ: Հայաստանից:

Այս խոսքերն  ասելուց հետո այնպիսի մի դող ու հպարտություն զգացի… Նկատեցի, որ գունատվեց:

- Ի՞նչ պատահեց,- հարցրեցի քաղաքավարությունից ելնելով:

- Հա’յ…. ոչ հա’յ:

- Ի՞նչ է կատարվում, դու քեզ լավ չես զգում:

- Ես… Ես թուրք եմ:

Երազ, սա երազ է: Ասես կայծակնային հարված: Սիրտս սկսեց թպրտալ:

Արագ վերցրեցի զենքս, որպեսզի կարողանամ հարկ եղած դեպքում պաշտպանվել: Այնպես կուզեի կրակել… Կրակել ու դատարկել սրտիս դառնությունը, ավաղ….

Անցավ մի քանի ժամ: Այդ ժամերի ընթացքում մենք խոսում էինք, իսկ վերջում:

- Նշանակություն չունի, թե ես թուրք եմ, դու` հայ, մենք միս ու արյունից ենք՝ մարդ ենք:

Ամեն ինչ պարզաբանեցինք:

- Եկ հաշտվենք,- ասաց նա:

- Որպեսզի, մոլորակը հանգիստ շնչի,- ասացի ես:

«Եկ հաշտվենք, որպեսզի մոլորակը հանգիստ շնչի», – հնչեց երկուսիս բերանից էլ: