
Դժվար ուսում
Իմ պապը

Լուսանկարը՝ Լաուրա Խաչատրյանի
Պապիկս՝ Ռոբերտ Քամալյանը, արդեն քառասունչորս տարի է` աշխատում է դպրոցում և դասավանդում է ռազմագիտություն առարկան: Դպրոցն ու հայրենասիրությունը պապիկիս կյանքի անբաժանելի մասն են կազմում: Նա շատ ակտիվ և կենսուրախ մարդ է, երբեք չի հոգնում իր աշխատանքից: Պապիկս շատ է սիրում կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ իր աշակերտների հետ: Նրա միտքը միշտ զբաղված է այդ ուղղությամբ, անընդհատ փորձում է մի նոր ու հետաքրքիր բան մտածել, որպեսզի աշակերտներին նույնպես հաճելի լինի: Պապիկս նաև ինձ է դասավանդել և մեր դասարանի հետ նույնպես կազմակերպել է մի հիանալի միջոցառում՝ նվիրված Մայիսի ինին: Ես մինչև հիմա շատ լավ եմ հիշում լեփ-լեցուն դահլիճի ծափահարություններն ու պապիկիս հպարտ ժպիտը, երբ ամեն ինչ կայացել էր իր ուզած ձևով: Բոլոր աշակերտները կրում էին զինվորական հագուստներ և քայլում էին հպարտ և խրոխտ, կարծես մի մեծ զինվորական ջոկատ: Պապիկիս դասասենյակում ամեն ինչ իր հստակ տեղն ունի, այն կարծես նրա հոգու ամենատաքուկ անկյունը լինի: Պապիկս բազմաթիվ պատվոգրեր, պարգևներ ու շքանշաններ է ստացել Պաշտպանության նախարարության կողմից:
Նրանց տանը ամենուրեք իշխում է հայրենասիրական ոգին: Պապիկի գործն ամենաշատը ցանկանում է շարունակել փոքր տղա թոռնիկը՝ կրտսեր Ռոբերտը: Նա նույնիսկ ատամհատիկին ընտրել է պապիկի մասնագիտությունը: Չնայած երկուսուկես տարեկան է, բայց գիտի գրեթե բոլոր հայրենասիրական երգերը, պապիկի հետ միշտ մասնակցում է միջոցառումներին: Ինքն ու փոքր քույրը քնում են մեր օրհներգի երաժշտության տակ: Պապիկս համոզված է, որ բոլոր մարդիկ պետք է վաղ հասակից դաստիարակվեն հայրենասիրական ոգով:
Շունն ու կատուն
- Լուսանկարը՝ Անի Ալեքսանյանի
- Լուսանկարը՝ Սաթենիկ Վարդանյանի
- Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի
- Լուսանկարը՝ Հասմիկ Դոդոռյանի
- Լուսանկարը՝ Աստղիկ Ղազարյանի
- Լուսանկարը՝ Սիրուշ Մկրտչյանի
- Լուսանկարը՝ Ավետիս Ավետիսյանի
Սառը պատերազմ

Լուսանկարը՝ Բելլա Մելտոնյանի
Յուրաքանչյուրդ ունեք ձեր դասարանը: Միգուցե դուք երբեմն բողոքում եք ձեր դասարանից, դասընկերներից, բայց իսկապես սիրում և հարգում եք ձեր համադասարանցիներին: Շատերդ դպրոց մտնելուց առաջ մտքում ասում եք.
-Երանի այսօր… Օրս դպրոցում լավ անցնի:
Կամ դրա նման ինչ-որ բան: Իսկ ես դպրոց մտնելուց առաջ մտածում եմ. «Երանի այսօր դասարանս համերաշխ լինի, ոչ ոք դուռը ջարդելով չփակի: Վերջապես, այսօր ուսուցիչները ոչ թե անընդհատ գոռան ու ասեն, թե մենք ինչ վատն ենք, ասեն, որ սա լավ դասարան է»: Ես շատ կուզենայի, որ իմ այս մտածմունքը օրերից մի օր իրականանար, թե չէ արդեն հոգնել եմ այն իրավիճակից, երբ բոլորը պատմում են, թե ինչ լավն է իրենց դասարանը, թե ինչքան են ուսուցիչները գովում իրենց, իսկ ես այդ ժամանակ լռում եմ, քանի որ իմ դասարանում չկա «մեկ դասարան» հասկացությունը: Աղջիկները… Դե ինչ, աղջիկները դեռ ոչինչ, համերաշխ են: Մենք կարող ենք աղջիկներով ինչ-որ բան պլանավորել ու անել, իսկ տղաները… Մեկը մյուսին վիրավորում է, մեկը մյուսի մասին վատ բաներ է ասում կամ հանձնում է ուսուցչուհուն, նրանցից ոմանք իրենցից ոչինչ չներկայացնելով, վեր-վեր են թռչում ու անպոչ գդալի պես իրենց ամեն տեղ մտցնում: Սա դեռ առանձին-առանձին աղջիկներն ու տղաները: Իսկ միասին աղջիկներն ու տղաները նույն բանն է, ինչ Ռուսաստանն ու Ամերիկան: Միշտ նրանք իրար դեմ են, հավերժական մրցույթի մեջ: Ու թեկուզ նրանք բաց խաղաքարտերով չեն խաղում, միևնույնն է, ընթացքում մեկը հաղթում է կամ պարտվում: Իսկ եթե այդ երկու կողմերը իրար հետ ինչ-որ բան են պլանավորում, այդ դեպքում պլանավորածը չի իրականացվում կամ իրականցվում է ոչ լրիվ, բացթողումներով: Միևնույնն է, կռիվը շարունակվում է թեկուզ այդ ժամանակ: Իսկ հաղթող կլինի նա, ով ճիշտ մտածելակերպով, խելամիտ քայլերով կկարողանա հասնել իր նպատակին: Չեմ կարող ասել, թե ով է Ռուսաստանը, ով` Ամերիկան, բայց այն, որ այս կռիվը մոտակա մեկ տարին կշարունակվի, դա հաստատ է: Այս հարաբերությունները երկու հակառակ սեռի ներկայացուցիչների միջև կարելի է խաղ համարել և հաշիվ վարել: Տարվա սկիզբ. հաշիվը 0:0 էր, քանի որ ամառային երեք ամիսները ավելի հանդարտեցրին և միգուցե նաև շատ բաներ հիշողությունից ջնջեցին: Սակայն դեռ մեկ շաբաթ էլ չանցած, կռիվը վերսկսվեց: Մինչ այժմ առաջատար էին տղաները, որոնք անընդհատ կարողանում էին դիմադրել աղջիկներին, սակայն մեկշաբաթյա արձակուրդից առաջ աղջիկները կարողացան հասնել տղաներին, իհարկե, ուսմասվար-ուսուցիչ լրացուցիչ ուժերի միջոցով: Սակայն այդ լրացուցիչ միջոցները այնքան անզոր էին առաջին հայացքից անպարտելի տղաների դեմ, որ շուտով դարձան ուսուցիչների հերթական սպառնալիքներից, որոնք այդպես էլ չեն կատարվում: Լուրերը այս պատերազմի մասին օրեցօր, ժամառժամ նորացվում էին: Եվ ըստ վերջին տվյալների, 8բ մարտական դաշտում տեղի ունեցան հարձակումներ կազմակերպված տղաների կողմից: Հենց այդ հարձակումները մահացու դարձան իրենց համար, և կարելի է ասել, հրամանատարները ծանր վնասվածքներով տեղափոխվեցին մյուս դասարաններ: Կարելի է ասել աղջիկները լիարժեք հաղթանակ տարան տղաների նկատմամբ, բայց ես չէի շտապի այդպիսի եզրակացություն անել: Աղջիկներն էլ վնասվածքներ ստացան արցունքների տեսքով: Նրանցից ոմանք ողբում էին, քանի որ, հրամանատարները՝ իրենց ընկերները, ցրվեցին տարբեր դասարաններով: Ոմանք էլ լացում էին, «մեկ դասարան» հասկացության չլինելու պատճառով, իսկ ոմանք էլ լացում էին իրենց անձին ուղղված վիրավորանքներից:
Ինչպիսի քայլեր կձեռնարկեն այս երկու հակառակորդ կողմերը, ինքս էլ չգիտեմ, բայց այն, որ շուտով կռիվ կսկսվի աղջիկների ջոկատում, դրանում ես համոզված եմ 55,9%-ով:
Երբ երազանքը և իրականությունը իրարից հեռու են

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի
Ի՞նչ մասնագիտություն ընտրել, որպեսզի մարզում աշխատես, շատ հետաքրքիր է: Ինչ մասնագիտություն ցանկանում ես, կարող ես ընտրել, այ, աշխատել շատ դժվար է, իսկ եթե ուզում ես քո ընտրած մասնագիտությամբ աշխատել, պետք է շատ լավ ծանոթություն: Վանաձոր քաղաքում գործազրկության մակարդակը շատ բարձր է, և հիմնական պատճառը, ըստ երևույթին, ցածր աշխատավարձն է: Իսկապես հետաքրքիր է` մարդ կարող է աշխատել մի ամբողջ ամիս և արդյունքում ստանալ չափազանց քիչ գումար: Այս պատճառով է, որ շատերը լքում են քաղաքը, այնուհետև հանրապետությունը:
Հարց. ի՞նչ մասնագիտություն ընտրել: Երբ սրա մասին հարցնում ես մեծերին, ասում են՝ երևի այնպիսի մասնագիտություն, որ կարողանաս աշխատանք գտնել, աշխատել: Եվ այս ամենից եզրակացություն, որ պետք է ընտրես ոչ թե այն, ինչ սիրում ես, այլ այն, ինչով կարող ես աշխատել:

Բոլոր սերունդների սիրելի կերպարը
Հունվարի մեկից սկսած ես ամեն օր միացնում էի համակարգիչս միայն մի նպատակով. ստուգելու` արդյոք չի՞ հայտնվել իմ շատ սիրելի սերիալի նոր սերիան: Դե, արձակուրդներ բոլորն ունեն, սերիալիս ստեղծագործական անձնակազմն էլ, բայց նրանք արձակուրդ գնալուց առաջ խոստացել էին իրենց ֆանատների ամանորյա ամենալավ նվերը` երրորդ սեզոնի առաջին սերիան: Ես էլ, ուրիշ ոչ մի նվերի ուշադրություն չդարձնելով, սպասում էի BBC-ի նվերին` «Շերլոկի» նոր սերիային: Մի գեղեցիկ ձմեռային գիշեր ես այցելելով իմ սիրելի կայքը, որով էլ միշտ դիտում էի սերիալս, տեսա, որ երրորդ սեզոն բաժնում հայտնվել է նոր գրություն` «1-ին սերիա»: Ուրախությունից պատրաստ էի գրկախառնվել բոլոր տանեցիներիս հետ և գրել բոլոր դասարանցիներիս տնայինները, բայց բախտս բերեց` տանը բոլորը քնած էին, իսկ դասարանցիներիցս ոչ մեկը չիմացավ պատրաստակամությանս մասին: Հաշվի չառնելով գիշերվա ուշ ժամը` անմիջապես տարվեցի հետաքրքիր ֆիլմով: Հետո, իհարկե, չկարողացա քնել, ամբողջ գիշեր մտածում էի Շերլոկ Հոլմսի առեղծվածային մահվան մասին և փորձում գտնել ճիշտ տարբերակ, թե ինչպես է նա ողջ մնացել: Այդ հարցի պատասխանը ստանալու համար ես սպասել էի մի քանի ամիս, բայց հիմա այդպես էլ չիմացա: Ֆիլմում ներկայացված էին մի քանի տարբերակներ, և հայտնի չէր, թե դրանցից որն է գործել իրականում: Բայց միևնույնն է, ուրախ էի, որ ֆիլմի ստեղծողները ստիպում են ինձ մտածել, ինչպես Արթուր Կոնան Դոյլն էր ստիպում մտածել իր ընթերցողներին: Շերլոկ Հոլմսին ես վաղուց էի ծանոթ` կարդացել եմ գրքերը, դիտել ֆիլմերը: Երբ կարդում էի, չէի մտածում, որ որևէ ֆիլմ կարող է այնքան «ուժեղ» լինել, որ ստիպի ինձ չքնել գիշերը, ինչպես գիրքը: Հատկապես, երբ իմացա, որ «Շերլոկ» սերիալը Հոլմսին տեղափոխում է մեր օրեր, չմտածեցի, որ կարող է ինչ-որ հետաքրքիր բան լինել և թերահավատորեն նայեցի առաջին սերիան: Բայց արդեն ֆիլմի երրորդ րոպեից հասկացա, որ ինչպես միշտ, առաջին տպավորությունս սխալ էր: Եվ այդ օրվանից դարձա «Շերլոկի» հավատարիմ երկրպագուն:
Ուրիշ սերիալներ էլ կան, որ նայում եմ, բայց միայն ազատ ժամանակ, իսկ «Շերլոկի» համար միայն ես ստեղծում եմ ազատ ժամանակ: Ուղղակի շատ եմ սիրում այնպիսի ֆիլմեր, որոնք միշտ լարվածության մեջ են պահում և ստիպում են, որ կոպիտ ասած, աշխատեցնես ուղեղդ և հետաքննես գործը Շերլոկ Հոլմսի հետ միասին:
Քոլեջ թե դպրոց
Սովորում եմ «Եվրոպական քոլեջ հիմնադրամ»-ի Գյումրու մասնաճյուղի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժնում: Երբ քոլեջն ավարտեմ, կստանամ հաշվապահի դիպլոմ: Այստեղ մենք սովորում ենք մասնագիտական առարկաներ, օտար լեզուներ ենք ուսումնասիրում: Համարվում ենք ուսանող: Դա ինձ շատ է դուր գալիս, այդ ուսանողական կյանքը: Քոլեջի ուսխորհրդի նախագահն եմ: Հաճախակի միջոցառումներ ենք կազմակերպում: Բայց պետք է ասեմ, որ այդ պաշտոնն ինձ շատ է նյարդայնացնում, որովհետեւ ուսխորհրդի անդամները լավ չեն աշխատում, ծուլանում են:
Չեմ սիրում, երբ քոլեջի ուսանողներից ոմանք, նաև դասախոսներից, խառնվում են իմ և ընկերուհուս հարաբերություններին: Չեմ սիրում, երբ իմ սանրվածքը կամ հագուկապը դասախոսներիս դուր չի գալիս: Սիրում եմ, երբ դասերից փախչում ենք, չեմ սիրում, երբ դրա համար պատժվում ենք: Փախուստներն էլ միշտ ես եմ կազմակերպում:
Աշխարհը ջրափոսի մեջ
- Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի
- Լուսանկարը՝ Արամ Սարոյանի
- Լուսանկարը՝ Էլեոնորա Սարգսյանի
- Լուսանկարը՝ Էլմիրա Հովհաննիսյանի
- Լուսանկարը՝ Գեւորգ Մարգարյանի
- Լուսանկարը՝Լիլիթ Կարապետյանի