Գողացված Ֆեմիդան

Հոգնեցրել էին այդ խանութի փափուկ խաղալիքներն ու անիմաստ շարված գունավոր տետրերը: Բայց սկզբից մի անտարբեր հայացքով շոշափեցի, իսկ հետո մոտեցա ու սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրել արձանը: Այդ արձանի մետաղե դեմքը ծանոթ էր, չնայած աչքերը փակված էին «մետաղե լաթով» : Մի քանի վայրկյան ևս և…
- Ֆեմիդա˜ն…,-բարձր ու զարմացած ճչացի ես:
Սկզբից մայրս մոտեցավ, հետո աշխատակիցները:
-Մա՛մ, մա՛մ նայիր, Ֆեմիդան, արդարության Ֆեմիդան…
-Ի՞նչ Ֆեմիդա, ո՞ր Ֆեմիդան…
Ես մատնացույց արեցի գեղեցիկ արձանը:
- Արդարության, օրինականության Ֆեմիդան:
Մորս վախվորած աչքերը լցվեցին ուրախությամբ, որովհետև ես ուրախացել էի. գտել էի երկու շաբաթ փնտրած Ֆեմիդային:
-Սա Ֆեմիդան չէ, սա կշեռք համաստեղությունն է:
-Ի՞նչ կշեռք, սա Ֆեմիդան է , աստվածուհի է, հասկանո՞ւմ եք…
Ու երկար-բարակ սկսեցի պատմել Ֆեմիդայի մասին: Բայց աշխատակցի անտարբեր հայացքից հասկացա, որ նա արձանի մեջ միայն կշեռքն է նկատել, իսկ Ֆեմիդայի մասին չի հասցրել կարդալ…
-Դե՛, մի երկարացրու , ես սա գնում եմ քեզ համար, ուղղակի նվեր…
-Չէ՛, մամ , ես սա իմ փողերով պետք է գնեմ:
-Դու չես աշխատում, չէ՞:
-Բուֆետի փողերը  չեմ ծախսի, կհավաքեմ:
-Իսկ դպրոցում սոված կմնա՞ս, առողջությանդ հետ խա՞ղ ես անում:
-Առավոտյան կուտեմ, կքայլեմ, առողջ ապրելակերպ, և կխնայեմ նաև տրանսպորտի փողը:
-Իսկ ինչքա՞ն է արձանը:
-2000 դրամ, 10 աշխատանքային օր, 2 շաբաթ, հա մա՛մ , խնդրում եմ, արդարության աստվածուհու արձանը մայրիկիդ փողերով չէ , որ պետք է գնես:
-Լավ, լավ, լավ…
Խանութը դադարեց լսել մեր խոսակցությունը, և շարունակվեց այնտեղ տիրող անառևտուր լռությունը:
«Երկու շաբաթ: 2000 դրամ: Ամեն ինչ ճիշտ է»:
Ուրախ, առողջ, և որ ամենակարևորն է, նպատակասլաց երկու շաբաթ: Ամենադժվարը երկուշաբթին էր. մի քիչ հոգնեցուցիչ, բայց հարմարվեցի 200+200+200…=2000: Այդ երկու շաբաթվա ընթացքում Ֆեմիդան այնքան սիրալիր հայացքներ ստացավ, որ երբևէ չէր ընդունել: Ինչ լավ է , որ նրա աչքերը փակ էին, թե չէ մետաղե արձանը կշիկներ…
…-Բուֆետ կգա՞ս:
-Չէ՛, բուֆետ չէ,- ասացի ես ու կիսաուրախ, կիսահեգնական նայեցի դրամապանակիս 2000 դրամին:
-Գոնե դուրս գանք՝ մաքուր օդ շնչելու:
-Լավ, լավ գնացինք:
Եթե չլսեի ընկերուհուս և դուրս չգնայի  կամ եթե դրամապանակս սեղանին չթողնեի, ապա այդ օրը տուն վերադառնալիս կգնեի Ֆեմիդայի արձանը: Բայց ամեն ինչ այդպես չեղավ, ու դրամապանակս այդ օրը դատարկվեց գողության պատճառով: Չհետաքրքրվեցի, թե ով է վերցրել, չէի ուզում ինչ-որ մեկին մեղադրել գողության մեջ…
Խանութի կողքով անցնելիս Ֆեմիդայի վրա մի արհամարհական հայացք էի ձգում…Ինչ լավ էր, որ աչքերը փակ էին , և ավելի լավ էր, որ աչքերը փակ էին «մետաղե լաթով»: Մանկական պատկերացումներս կյանքի արդարության մասին բախվեցին անարդար կյանքին…Անարդար կյանք, որտեղ Ֆեմիդան ոչինչ փոխել չի կարող:

Վանաձոր

Ես ապրում եմ Վանաձորում: Վանաձորը մեծությամբ  3-րդ քաղաքն է հանրապետությունում: Ի տարբերություն միայն քսաներորդ դարում կառուցված քաղաքների, Վանաձորը հարյուրամյակներ առաջ է հիմնադրվել: Իմ քաղաքն ունեցել է մի քանի անուն` 13-րդ դարում  քաղաքը անվանել են Ղարաքիլիսա, որը նշանակում է Սև եկեղեցի, հետո 1935-ին վերանվանվել է Կիրովական, իսկ 1991-ից` Վանաձոր: Ոչ բոլորը  կարող են պարծենալ, որ իրենց քաղաքը և’ առողջարանային, և’ արդյունաբերական կենտրոն է: Իմ բնակավայրը չեմ կարող ասել, որ թերություններից զերծ մնացած քաղաք է, մանավանդ 1988-ի երկրաշարժից հետո Վանաձորը նույնպես դարձավ աղետի գոտի, և մինչև այսօր էլ կարող եք տեսնել երկրաշարժից հետո մնացած փլատակներ, բազմաթիվ տնակավաններ, որտեղ դեռևս շարունակում են ապրել աղետյալ ընտանիքներ: Ասացի` արդյունաբերական քաղաք, բայց երևի սովորույթի ուժով, քանի որ այսօր չեն աշխատում նաև գործարանները, ու նախկին բանվորներն ու ինժեներները կամ զբաղվում են մանր առևտրով, կամ վաղուց բռնել են արտագաղթի ճամփան: Մենք` վանաձորցիներս, չնայած այս ամենին, սիրում ենք մեր քաղաքը և կարծում ենք, որ ցանկացած մարդ այցելելով Վանաձոր, հեռանում է լավ տպավորություններով: Վանաձորը հարուստ է հնագիտական հուշարձաններով: Վանաձորում գործում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություն: Չնայած դրան, երիտասարդների մեծ մասը ձգտում է գնալ մայրաքաղաք սովորելու: Մեղմ կլիման և զովաշունչ բնությունը Վանաձորը դարձնում է բուժման և հանգստի համար ցանկալի վայր: Հատկապես ամառվա ամիսներին քաղաքը աշխուժանում է, երիտասարդանում, քանի որ Վանաձոր են վերադառնում ուսանողները, արտագաղթած վանաձորցիների երեխաները, ինչպես նաև բազմաթիվ հովեկներ, որոնք երեկոյան խումբ-խումբ զբոսնում են, զրուցում, ծիծաղում: Երանի միշտ այդպես լիներ:

Պատանի թղթակիցներն աշխատելիս

Լուսանկարները՝ Անի Կարապետյանի, Աննա Այվազյանի, Արմենուհի Ունուսյանի, Արսեն Մկրտչյանի, Արշակ Խուդավերդյանի, Աշխեն Ճաղարյանի, Հրաչ Արզումանյանի, Տաթևիկ Սարգսյանի, Լիլիթ Մկրտչյանի, Ծովինար Տալյանի, Հովնան Բաղդասարյանի, Լիլիթ Կարապետյանի

«ՈՒրախ» ավտոբուս

-Վերջապես,- վեր թռա տեղիցս  անսպասելի ճիչով, այնպես, որ կողքիս կանգնած մարդը մի պահ կարծեց, թե խելագար եմ: Երևի նա այստեղից չէր, որովհետև Հրազդանում նման ռեակցիան լրիվ բնական է համարվում, երբ կես ժամ անընդմեջ սպասելուց հետո, հանկարծ հայտնվում է այդքան ցանկալի ավտոբուսը: Մեր մոտ նրան սպասում են ինչպես …ասենք, Նոր տարվան կամ ծննդյան տարեդարձին: Դուք երևի կարծում եք, թե խոսքս Հրազդան-Չինաստան (եթե իհարկե կա այդպիսին) ավտոբուսի մասի՞ն է: Ո՛չ, չարաչար սխալվում եք: Ես խոսում եմ սովորական ներքաղաքային տրանսպորտի մասին: Լավ, ինչևէ, չշեղվենք թեմայից:

Բարձրացա ավտոբուս: Ի՜նչ երջանկություն: Հասարակ մահկանացուս սրանից մեծ բախտ դեռ չէր ունեցել: Ավտոբուսը դատարկ էր, և ես այս անգամ բալետի պարուհու նման մի ոտքի վրա կանգնած չէի երթևեկելու: Այդպիսի երևույթ (համենայն դեպս Հրազդանում) հազար տարին մեկ է լինում, և դա, համաձայնվեք, իրոք հրաշալի առիթ է` ուրախանալու համար:

Կողքիս նստած էր մի անիմաստ հայացքով տղամարդ, դիմացս՝ ջղային դեմքով մի տատիկ, որ թվում էր, թե հիմա ձեռնափայտը գլխիս կկոտրի, եթե շունչս պահած չնստեմ տեղս: Ընդհանրապես այդ  «ուրախ» ու «բախտավոր» ավտոբուսը այսօր լիքն էր դժգոհ դեմքերով: «Ա՜խ, Աստված իմ, մի՞թե  այս մարդիկ  չեն  գնահատում այս  «ուրախ»  պահը: Չէ՞ որ այդպիսի բան շատ քիչ է լինում: Հնարավոր է նրանք սովոր չեն «ազատ» ավտոբուսներին և ուզում են այն վարունգի թթվի պահածոյի բանկայի նման սեղմված լինի: Գիտե՞ք, տատիկս միշտ դրանից փակում է ու ասում է, որ վարունգներին  պետք է մի լավ սեղմել, որ բանկայի մեջ օդ չմնա, թե չէ կփչանան: Ինձ թվում է, թե այս ավտոբուսի «վարունգները» փչացել են, որովհետև  «բանկայի» մեջ օդ է անցել,  ու նրանց դեմքերից  հիմա ահավոր նեխածի հոտ է գալիս:  Ֆու… »:

Մինչ ես մտովի փիլիսոփայում էի, ավտոբուսը մոտեցավ կանգառին: Դուռը բացվեց, ու քիչ էր մնում այդ «ուրախ» ավտոբուսը լցվեր ուրախ երեխաներով, բայց…

-Տոմս հանելո՞ւ եք,- լսվեց ավտոբուսի վարորդի կոպիտ ձայնը:

Վարորդը հազիվ 25-30 տարեկան կլիներ, ո՛չ ավելի: Նրա դեմքը շատ վախենալու տեսք ուներ: Չնայած երիտասարդ տարիքին՝ շատ փնթփնթանն էր երևում:

Ուղևորները, որոնց մասին ասացի, 10-12 տարեկան երեխաներ էին՝ վտիտ ու փոքր-մոքր կառուցվածքով: Երբ վարորդը հարցրեց տոմսի մասին, նրանք վախեցած ասացին.

«Ոչ», հետո` «այո», հետո էլի`« ոչ»: Մի խոսքով, «ոչ»:

-Դե, ուրեմն, հելեք ըստից,- հետևեց վարորդի «նուրբ» պատասխանը,-ասել ենք` չէ, 7-ից բարձր սաղ պըտի վճարեն:

Երեխաներից հինգը իջան, իսկ մեկը՝  երկար տատանումներից հետո, ձեռքը տարավ գրպանը ու այնտեղից հանեց մի բուռ տասը դրամանոցներ: Հազիվ հաշվեց, դասավորեց ու 100 դրամը պատրաստեց: Փողը տվեց վարորդին նախօրոք (չնայած, կարգը այդպես չէ) ու նստեց ավտոբուսի վերջում: Դրանից երևի այդ ծերուկ-փնթփնթանը իրեն բավարարված զգաց: Ախր, դրանից նա ոչինչ չէր կորցնում:

Այն ընթացքում, երբ տեղի էր ունենում վարորդի ու երեխաների միջև այդ տհաճ խոսակցությունը, հանկարծ մեջս ցանկություն առաջացավ վճարել նրանց փոխարեն: Դրանից ես ո՛չ կհարստանայի, ո՛չ էլ կաղքատանայի, բայց մի լավ բան արած կլինեի: Ձեռքս տարա պայուսակիս գրպանը: Եթե հանեի իմ գնալու ու գալու, գրախանութից գնվելիք գրքի փողերը, ուրեմն, մնում էր 300 դրամ: Փաստորեն չէի կարող բոլորի համար վճարել: Արագ քրքրեցի գրպաններս: Ոչ մի կոպեկ: Ախր, փոքր ժամանակ միշտ լինում էր, որ վերարկուիս ծակ գրպանից միշտ փող էի գտնում, բայց այսօր ձեռքս հայտնաբերեց, որ ո՛չ գրպանս է պատռված, ո՛չ էլ փող կա այնտեղ: Խորապես հիասթափվեցի գրպանիցս: Մինչ ես տատանվում էի ծախսել, թե՝ ոչ գրքիս համար նախատեսված փողը, մեքենան շարժվեց: Իմ՝ գիրք կրծողի ու ծույլ մարդու ինքնասիրությունը, չհամաձայնվեց հրաժարվել ո՛չ այդ գրքից, ո՛չ էլ համաձայնվեց երկրորդ անգամ տուն գնալ, նորից փող վերցնել ու վերադառնալ: Ես նայում էի ավտոբուսի հետևից նայող այդ խեղճ երեխաների տխուր դեմքերին, ու սիրտս ճմլվում էր: Երևի նրանք մի կես ժամ սպասել էին ավտոբուսի , ու … ի՞նչ եղավ…

Վարորդը դեռ չէր հանգստացել ու ինչ-որ բաներ էր փնթփնթում քթի տակ: Նրա հայհոյախառն ժարգոնը երեխաների ու նրանց՝ մեզ համար անհայտ  ծնողների հասցեին, սարսափելի ազդում էր բոլորի վրա, բայց միայն դիմացս նստած տատիկը, որի մասին վերը նշել էի, համարձակվեց խոսել:

-Ընչի՞ չթողիր էդ էրեխեքին նստեին: Հըմի էն էրեխեն փող ուներ` նստավ, ընդոնք էլ՝ չունեին, պըտի սաղ օրը ընդե կանգնած մնան:

-Մորքուր ջան (Չեմ սիրում մեր հասարակության որոշ շերտերի մոտ տարածված հարգանքի այս արտահայտման ձևը ),  հիցուն հազար հարկ են դրե վրես: Պըտի տա՞մ, թե՞ չէ…,- փորձեց արդարանալ վարորդը:

-Մարդ կա` մի քանի էրեխա ունի, ո՞նց սաղի համար ամեն օր էդքան փող տա: Հացի կարոտ մարդիկ են սաղ: Հետո էլ ասում են `էրեխա բերեք էս երկրի համար, թող ազգը շատանա: Ո՞նց պահեն,  հնարավորություն չկա, բան չկա…

Վերջին խոսքերը նա արտասանում էր ինձ նայելով: Կարծես ինձնից ինչ-որ բան էր սպասում: Երևի ուզում էր, որ ինչ-որ բան ասեմ, օգնեմ իրեն, իր գաղափարներով կիսվեմ, բայց ես խուսափեցի նման պատասխանատվությունից ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Ինչպես երևում էր` ես չարդարացրի նրա սպասելիքները, քանի որ մի քանի րոպե հետո նա արդեն ուրիշի հետ էր խոսում, ով նույնպես փորձում էր անտարբեր ձևանալ:

Ամբողջ ընթացքում վարորդը անգիր արածի նման կրկնում էր.

-Հիցուն հազար պարտք եմ, հիցուն հազար….

Եվ՛ վարորդը, և՛ կինը չէին լսում միմյանց, ու չգիտես, թե ում հետ էին կռվում, որովհետև այդ «ուրախ» ավտոբուսում բոլորը անտարբեր դեմքեր ունեին:

Ես իջա ավտոբուսից մի կանգառ շուտ: Դա ավելի շատ փախուստի էր նման: Վերջին բանը, որ ես հիշում եմ,այն է, թե ինչպես էր կինը պատմում, որ միակ որդին պատերազմում  հաշմանդամ է դարձել,  ու որ իր ընտանիքը խիստ կարիքի մեջ է: Դրան զուգահեռ հիշում եմ վարորդի քարացած նախադասությունը պարտքերի մասին, ու նաև էլի մի քանի ոչինչ չասող դեմքեր:

Համոզված եմ, սրանից կանցնեն շատ տարիներ, շատ բան կփոխվի թե՛ իմ կյանքում, թե՛ այդ ավտոբուսի մարդկանց, բայց այս պատմությունը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից:

Այդ օրը ես միայն հասկացա, որ իմ քաղաքում ուրախ ավտոբուսներ չկան: Դրանք երևի վերացել են դինոզավրերի հետ միասին, բայց….ԻՆՉՈՒ՞:

Նրանք ամենուր են

Հետաքրքիր է, դուրս ես գալիս, քայլում ես ու անկախ քեզնից ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը ձգում կամ վանում է: Իմ հազվագյուտ վախերից մեկը վատ մարդկանց աչքերն են: Դեռ փոքր հասակից ես վախենում էի վատ մարդկանց նույնիսկ ինձ ժպտացող աչքերից: Ոնց ասեմ, մի տեսակ դաժանություն կար, որ վախեցնում էր ինձ: Հակառակն էր լավ մարդկանց դեպքում` նայում էի ու սիրահարվում նրանց աչքերի բարությանը: Դա այն ժամանակ է, երբ ես ապրում էի երկիր մոլորակում, բայց դեռ 8-9 տարեկանում տեղափոխվեցի արեգակնային համակարգից դուրս ու տիեզերքի անսահմանության չափ ազատ մի մոլորակ` ինտերնետ: Նոր մոլորակս ինձ շատ էր դուր գալիս, որովհետև ինձ այնտեղ ամեն ինչ թողնում էին, իսկ արգելքներ շրջացելը չափազանց հեշտ էր: Երբ նոր բնակիչ էր ինտերնետում, չէի էլ պատկերացնում, թե դա ինչ է: Հա, մոռացա ասել` Էդ վիթխարի մոլորակում, լիքը երկրներ կային` մեծ, փոքր, միջին, բոյով, կոլոտ, ինչ ասես կար:  Դե, ես էլ ոչ տարա, ոչ բերեցի, միանգամից գերտերության քաղաքացիություն ստացա, հետո երկքաղաքացի դարձա, հետո եռաքաղաքացի ու էսպես այնքան, մինչև բոլոր անձնագրերս կորցրեցի ու մնացի իմ գերտերության գերության մեջ: Էստեղ կյանքս տրամաբանական զարգացում ունեցավ: Ընկերներս մեկից երկու դառան, երկուսից` երեք ու հասան արդեն հարյուրների, ու մի պահ հասկացա, որ սկսում եմ քիչ թե շատ ճանաչվել: Համենայնդեպս, իմ գերտերության համարյա բոլոր գերիները ինձ պրոֆիլով գիտեին, հաստատ անցել էին կողքովս ինչ-որ մեկի թայմլայնում: Մտահորիզոնս էլ փոխվեց ժամանակի հետ, մի քիչ էլ գոռոզացա` դե, ինձ ահագին հանրահայտ մարդիկ էին ընկերություն առաջարկում: Էէէհ, էլի մոռացա ասել. մի ինքնավար հանրապետություն էի բացել. ստեղծագործում էի, ու էդ հանրահայտները կողքի ինքնավար հանրապետություններից էին: Ես զարգանում էի գերտերության մեջ` զարգացնելով իմ սեփական ինքնավար հանրապետությունը: Բայց դե եկավ մի պահ, երբ հասկացա, որ ամեն ինչ իրականում այդքան էլ հեքիաթ չի, ու ես ունեմ նաև թշնամիներ: Օհօօօ… Վախեցա, որովհետև շատ նման էին երկիր մոլորակի վատ մարդկանց, հետո հասկացա, որ հենց իրենք են, որ կան` իմ հին թշնամիներն են արտագաղթել ինտերնետ. պրոֆիլներն ուսումնասիրեցի… Այ մարդ, ճիշտ են էլի ասում` կարմիր կովը կաշին չի փոխի…

Իմ պապը ռոք երաժիշտ է

-Ես Մայիս Դավթյանն եմ, ծնվել եմ Կապան քաղաքում 1951 թվականին: Նախնական կրթությունը ստացել եմ Կապանի No3 դպրոցում, այնուհետեւ սովորել եմ երաժշտական քոլեջում ջութակի բաժնում ավարտել եմ 1974 թվականին: Աշխատել եմ Քաջարանի երաժշտական դպրոցում որպես ջութակի դասատու: Այնտեղ աշխատել եմ նաեւ Քաջարանի Մշակույթի պալատում, որպես էստրադային խմբի ղեկավար:

-Պապ, իսկ երբվանի՞ց ես կիթառ նվագել:

-Սկսել եմ նվագել մոտ 14 տարեկանից, երեւի 1965 թվականից:

-Իսկ ե՞րբ որոշեցիք ստեղծել ձեր խումբը:

-Խումբը կոչվում էր «Կապան», ռոք խումբ էր, ստեղծվել էր 1970 թվականին:

-Իսկ ինչո՞ւ «Կապան»:

-Որովհետեւ մտածել ենք, որ դա մեր քաղաքի հին անունն է: Այդ ժամանակ Կապանի մասին ոչ մի խոսք էլ չկար: Քաղաքը կոչվում էր Ղափան, իսկ մենք գիտեինք պատմությունից, որ քաղաքի իսկական անունն է դա, հին քաղաքի անունն է:

-Իսկ ովքե՞ր էին խմբի անդամները:

-Խմբի անդամները… Այնքան շատ երաժիշտներ են մեր խմբով անցել եւ նվագել, տեղափոխվել ուրիշ խմբեր… Խմբի կորիզը կազմում էին Վալտեր Բալայանը` նա խմբի ղեկավարն էր, իհարկե ես, Սամվել Սահրադյանը, Սերյան Սարգսյանը: Հետո մեզ միացան շատ հայտնի երաժիշտներ. Սերժ Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Սամվել Ալեքսանյանը, Ջեյմս Վարդանյանը եւ այլն: Շատ մարդիկ են նվագել մեր խմբում, որոնք ցավոք սրտի այսօր այստեղ չեն, տեղափոխվել են այլ երկրներ եւ նվագում են այնտեղ:

-Իսկ ի՞նչ էիք նվագում:

-Երգացանկը այնքան հարուստ էր: Նվագումէինք թե հայ,թե օտարազգի կոմպոզիտորների երգեր: Անձամբ ես շատ էի կատարում Ռոբերտ Ամիրխանյանի «Այնպես ուզում եմ» երգը: Հանդիսատեսը շատ էր սիրում իմ այդ կատարումը: Եվ ոչ միայն հայ հանդիսատեսը: Ես այդ երգը բազմիցս կատարել եմ նաեւ հյուրախաղերի, միջազգային փառատոների ժամանակ…

-Պապ, ես տեսել եմ քո լուսանկարները: Այնտեղ այնքան երիտասարդ ես: Ընկերներս զարմանում են, որ ասում եմ պապս ժամանակին հայտնի ռոք-երաժիշտ է եղել… Իսկ ի՞նչ հաջողությունների եք հասել:

-Հաջողությունները շատ մեծէին: Սկսած 1971 թվականից «Կապանը» ներկայացել էր մի քանի համամիութենական եւ միջազգային փառատոների, որտեղ ներկայացրել ենք Հայաստանը եւ շատ մեծ հաջողություններով վերադարձել ենք: Հետո այնքան էինք սիրում ռոք- երաժշտությունը, որ մեծ հաճույքով նվագում էինք ամեն տեղ:

- Որտե՞ղ էիք տալիս ձեր համերգները:

-Հիմա համերգներ չենք տալիս, որովհետեւ 2000 թվականին խումբը ցրվել է: Արդեն 14 տարի է մեր խումբը չի գործում: Մարդիկ իրենց գործերով, հոգսերով… Շատերն աշխատանք գտնելու հույսով արտագաղթել են: Բայց ժամանակին համերգներտալիս էինք Հայաստանի բոլոր քաղաքներում, Ռուսաստանում, Լիտվայում, Լատվիայում, եղել ենք արտասահմանում եւ այլն:

-Պապ, Կապանում սիրո՞ւմ էին ռոքը:

-Դե, երեւի, ինձ թվում է, որ մեր ժամանակվա երիտասարդությունը, շատ էր սիրում թե լսել, թե նվագել: Շատերը ազատ ժամանակ կիթառ նվագել էին սովորում թեկուզ ընկերական շրջապատում նվագելուեւ ընկերներով երգելու համար: Հիմա ես չեմ տեսնում, որ երիտասարԲայց Կապանում իննչպես ես դները կիթառ նվագեն երեկույթների ժամանակ, երգեն… Ինչ ասեմ, եթե սիրեին, հիմա Կապանում գոնե մի ռոք խումբ կլիներ: Վերացել է ռոքը:

-Պապ, իսկ ինչո՞ւ քո երեխաները երաժիշտ չդարձան:

-Իմ երեխաները բոլորն էլ երաժշտական տաղանդ ունեին, սակայն ես ինքս չեմ ուզեցել, որ գնան այդ դժվար ճանապարհով: Այն ժամանակ պետությունը հովանավորում էր երաժիշտներին, իսկ հիմա դա շատ դժվար ու անշնորհակալ աշխատանք է, այն էլ Կապանի նման փոքր քաղաքում:

Ծառայում եմ հայրենիքիս

Հետաքրքիր է մարդկանց առեղծվածը. ծնվում են գիտնականներ, գրողներ, դյուցազուններ, բժիշկներ: Մեկը փայլում է խելքով, մյուսը` ուժով և համառությամբ:

Իմ շրջապատում ևս կան հետաքրքիր, խիզախ և ազնիվ մարդիկ, որոնք երբեք չեն սիրում հպարտանալ, ցույց տալ իրենց կատարած սխրագործությունները: Նրանք երբեմն չափից դուրս համեստ ու բարի են, իսկ մի՞թե դա ավելի հետաքրքիր չէ և ուշադրության արժանի: Ահա այդպիսի մի մարդ է իմ պապիկը՝ Աղասի Չիլինգարյանը: Նա ողջ կյանքում անշահախնդիր ծառայել է իր հայրենիքին: Երկար ու ձիգ տարիներ պաշտպանել է հասարակական կարգը, պայքարել հանցագործների ու գողերի դեմ: Անհրաժեշտության դեպքում չի վախեցել խուլիգանների և հանցագործների մահափորձերից, իսկ Արցախյան ազատամարտի ժամանակ նա առանց վարանելու վերցրել է զենքը և անտառների ու ձորերի միջով հասել շրջափակման մեջ գտնվող իր հայրենի Արծվաշեն: Նա վերջինն է եղել այն մարդկանցից, ով դուրս է բերել խաղաղ բնակչությանը շրջափակումից և այլևս օգնության հույս չունենալով, հետ նահանջել հարազատ գյուղի դիրքերից: Իսկ երբ մենք նրան հարցնում ենք այդ մասին, նա համեստորեն ժպտում է, կարծես թե ոչինչ չի կատարվել: Ականատեսները նշում են, որ երբ շրջանի ղեկավարությունը գնում էր բանակցությունների, նրանք իրենց հետ անպայման վերցնում էին նաև պապիկիս, երևի թե նա իրոք հավատ և ուժ էր ներշնչում իրեն շրջապատող մարդկանց:

Արդեն 60 տարվա շեմին, երբ հանրապետության նախագահը նրան էր հանձնում խիզախության համար հայրենիքի բարձր պարգևը նա արտասանեց ընդամենը երկու բառ.

-Ծառայում եմ հայրենիքիս:

Մի՞թե նա արժանի չէ դասվելու հետաքրքիր մարդկանց շարքերը, որոնք անվերապահորեն նվիրված են հայրենիքին:

Ճակատագրին հակառակ

Ես ձեզ կներկայացնեմ երկու հետաքրքիր մարդկանց մասին պատմություն, որոնց ճակատագրերը վերջ ի վերջո միահյուսվում են: Նրանք միասին ստեղծում են իրենց համատեղ կյանքի պատմությունը: Նրանց կյանքը նման էր հեքիաթի: Այս պատմության գլխավոր հերոսը՝  Սարգիսը, ուներ վեց երեխա, որոնցից ամենափոքրը երեք տարեկան էր, երբ կինը մահանում է: Ամուսինը փորձում էր երեխաների համար երկրորդ մայր գտնել, սակայն երկար ու ձիգ տարիներ հալալ կաթնակեր նրան չի հանդիպում: Եվ ի վերջո, ավագ որդու միջնորդությամբ նա ամուսնանում է չորս անչափահաս երեխաների մայր Նարգիզի հետ, որը նոր էր վերադարձել աքսորից: Նարգիզին աքսորել էին, քանի որ նրա ամուսինը՝ Մեժլումը, եղել էր Վլասովի բանակի մարտիկ: Նարգիզը և Սարգիսը համատեղ կյանքի ընթացքում ունեցան երկու դուստր: Նրանց տասներկու երեխաներն էլ իրար  հետ մեծացան: Բոլորին հավասար աչքով էին նայում, բոլորին հավասար էին սիրում, և նրանցից ոչ մեկը երբեք խորթություն չի զգացել: Վաղուց չկան Նարգիզն ու Սարգիսը, սակայն նրանց ստեղծած ընտանիքի անդամները միշտ վառ են պահում ծնողների հիշատակը: Այսքանից հետո ուզում եմ ասել, որ Սարգիս Սարգսյանը իմ հայրիկի պապիկն է: