hasmik vardanyan

1990 թվականի հունվարյան այս օրերին

Հարցազրույց 1990 թվականի Բաքվի ջարդերի ժամանակ փախստական դարձած Թամարա Աբրահամյանցի հետ

-Հորաքո՛ւյր Թամարա, մի քիչ կպատմե°ս  քո մասին։

-Ես ծնվել ու 45 տարի ապրել եմ Բաքվում: Այնտեղ  եմ դպրոց գնացել, բարձրագույն ուսում ստացել, աշխատել:

-Իսկ որտե՞ղ և ինչքա՞ն ժամանակ ես աշխատել։

-Աշխատել եմ նավթի գործարանում, որպես ինժեներ-մեխանիկ, մինչև 1990 թվականի հունվարի 10-ը:

-Բայց այդ ժամանակ ջարդերն արդեն սկսվել էին, չէ՞: Բա քեզ համար վտանգավոր չէ՞ր աշխատել այդ տարիներին:

-Այո՛, սկսվել էին։ Բայց ես կարողանում էի հանգիստ դուրս գալ փողոց, քանի որ սլավոնական արտաքին ունեի։ Նույնիսկ մի անգամ՝ գործի գնալիս, տեսա, թե ինչպես են փողոցում հայերին սպանում, դեմքերը դանակով վնասում, թե ինչպես են հայ աղջիկներին փողոցում բռնաբարում։ Շատ դաժան տեսարաններ էին, մինչ օրս մոռանալ չեմ կարողանում: Իսկ աշխատանքիս վայրում ինձ՝ որպես հայի, շատ լավ էին վերաբերվում, նույնիսկ փորձում էին օգնել:

-Իսկ քո կարծիքով ի՞նչը եղավ ջարդերի պատճառը, ո՞ւմ էր ձեռնտու, կային մարդիկ, ովքեր փորձում էին կանխել այդ արյունահեղությունը:

-Հստակ պատճառ չեմ կարող ասել: Բայց երբ այդ լուրերը տարածվեցին, դեռ 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցող իրադարձությունների մասին, մենք չէինք պատկերացնում, որ կոմունիստները կթողնեն վիճակը այդպես ծայրահեղ դառնա, և մարդիկ ստիպված կլինեն թողնել իրենց քրտինքով ձեռք բերած ունեցվածքը և փախչեն երկրից երկիր: Բայց մի օր լսեցինք, որ Սումգայիթում մեծ ջարդեր են սկսվել: Ես այդ ժամանակ քրոջս աղջկա հետ հիվանդանոցում պառկած էի, երբ նկատեցինք, որ հիվանդանոցում վիճակը շատ խառն է, բժիշկները այս ու այն կողմ են վազում: Մոտեցանք` հարցնելու, թե ի՞նչ է պատահել, և իմացանք, որ Սումգայիթից վիրավոր մարդիկ են բերում: Հետո նաև իմացանք, որ կոտորում են անխտիր բոլորին, բոլոր հայերին: Այդ ժամանակ Բաքվում դեռ վիճակը այդպես ծայրահեղ չէր, բայց այն տները, որտեղ հայեր էին ապրում, երեկոյան ժամերին անհանգստացնում էին. վախեցնում:

-Իսկ ձեզ հետ ի՞նչ եղավ, ո՞վ օգնեց, ինչպե՞ս հասաք Հայաստան:

-Այն փողոցում, որտեղ մենք էինք ապրում, մեր հարևանները մեզ պաշտպանում էին: 1990 թվականիի հունվարի 12-ին արդեն պետք է վերադառնայինք Հայաստան: Բայց քանի որ վտանգավոր էր անմիջապես Հայաստան գնալու ճանապարհը, պիտի Բաքվից գնայինք Թբիլիսի, հետո Հայաստան: Ու հունվարի 12-ին ես եղբայրս, եղբորս կինը, իմ ընկերուհին և իր տղան, մեր հարևանի օգնությամբ, գնացինք կայարան: Երբ հասանք, եղբայրս և հարևանը գնացին՝ տեսնելու, թե ամեն ինչ ապահով է, որ մենք էլ գնանք: Բայց երբ մոտեցել էին գնացքին, տեսել էին, թե ինչպես են գնացքների միջից հայերին հանում և կոտորում: Եկան մեքենայի մոտ, պատմեցին և որոշեցինք, որ պետք չի գնալ և հետ գնացինք տուն:

-Բա հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս հասաք Հայաստան:

-Եկանք տուն, հարևանները ասացին, որ տնից դուրս չգանք, լույսերը չվառենք, մի խոսքով՝ այնպիսի տպավորություն ստեղծենք, որ տանը մարդ չի ապրում: Իսկ հարևանները դուրս եկան, դարպասները փակեցին և կավիճով դարպասներին գրեցին, թե տունը վաճառված է: Այդ օրերին մենք նույնիսկ վախենում էինք վառարանը վառել: Շատ դաժան օրեր էին, մեկ շաբաթ այդպես մնացինք: Հետո մեր հարևանները մեզ տարան Մառլնեուլի, այնտեղից գնացինք Վրաստան ու հասանք Հայաստան:

-Իսկ ինչպե՞ս ընդունեցին ձեզ Հայաստանում:

-Երբ հասանք Երևան, պետությունը մեզ հատկացրեց 300-400 ռուբլի գումար՝ առաջին անհրաժեշտության իրերը գնելու համար։ Հետո ամեն մեկս մի տեղ տեղավորվեցինք, կեսը հանրակացարաններում, կեսը՝ մանկապարտեզներում: Հետո յուղ, բրինձ, մթերք տվեցին:

-Իսկ ի՞նչ եղավ եղբորդ ընտանիքի հետ:

-Եղբայրս ինձ հետ 4 տարի ապրեց Հայաստանում, իսկ հետո, ինչպես շատ-շատերը, գնաց Ռուսաստան:

-Իսկ դու ինչո՞ւ չգնացիր, ինչպե՞ս կարողացար ինքնուրույն ինքնահաստատվել:

-Ես այդ տարիների ընթացքում արդեն աշխատում էի կարի արհեստանոցում։ Հետո սկսեցի կրպակում սեղանիկի վրա ապրանք վաճառել, այդպես փորձում էի ապրել: Այդ ամենից հետո որոշեցի, որ ինչ էլ լինի՝ պետք է ունենամ իմ սեփական տանիքը, անգամ, եթե դա լինի հանրակացարանի սենյակ: Անգամ անկողնու սպիտակեղեն էի կարում, վաճառում։ Այդպես հավաքեցի գումար և գնեցի հանրակացարանի սենյակը ու մինչ օրս ապրում եմ այնտեղ:

-Կցանկանա՞ս կրկին վերադառնալ Բաքու:

-Դե, իրականում՝ այո՛, քանի որ ես այնտեղ եմ թողել ինձ համար ամենաթանկը՝ ծնողներիս ու եղբորս գերեզմանը: Ճիշտ է, այսքան դժվարությունների միջով եմ անցել, կորցրել տունս, ընկերներիս, այն աշխատանքը, որը սիրով էի անում, ինձ այնքան չեն ցավեցրել, ինչքան այն փաստը, որ ես հեռու եմ ծնողներիս գերեզմանից և գոնե տարվա մեջ մեկ անգամ չեմ կարող այցի գնալ…

Հարցազրույցը վարեց Հասմիկ Վարդանյանը