2017 թիվն էր. մտանք Ծաղկաձոր…

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

-Ո՞ւր կերթաք, ավտոբուսները հոս են:

Ավտոբուսները արդեն շարժվեցին. Ծաղկաձորը սպասում էր մեզ: Գնացինք…
200 ջավախքցի երիտասարդների մի հարկի տակ պատկերացնո՞ւմ եք, այն էլ Ծաղկաձորում. եթե այո, ուրեմն լավ երևակայություն ունեք:
Սկսեմ սկզբից ու պատմեմ, թե ինչպես ջավախքցիների մի մեծ խումբ որոշեց «նվաճել» Ծաղկաձորի սպորտային բազան: Բայց ինձնից լավ կպատմի նա, ով անձամբ ստանձնել էր կազմակերպման բարդ աշխատանքը: Որոշեցի մի քանի հարց տալ «Ջավախք ուսանողական միության» նախագահ, «Ջավախք հայրենակցական միության» երիտասարդական հարցերի գծով ծրագրային համակարգող Էդկար Չախոյանին, հասկանալու համար նախաձեռնության էությունը:
-Էդկա’ր, մի քիչ պատմիր գաղափարի մասին:
-Նախաձեռնությունը ենթադրում է 3–օրյա ակտիվ հանգիստ ջավախքի ուսանողների համար (փետրվարի 24-26-ը): Նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է հետաքրքիր կազմակերպելու իրենց հանգիստը և միաժամանակ նոր ընկերներ ձեռք բերել, ինչը կարևոր դեր ունի ջավախահայության միավորման գործում, քանի որ Ջավախքը ակտիվ և գիտակից երիտասարդների կարիք շատ ունի: Այս ծրագիրը իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
-Կազմակերպչական աշխատանքների հատկապես ո՞ր մասն էր դժվար իրականացնել:
-Հիմնական դժվարությունը 200 մասնակիցների՝ այն էլ ջավախքցիների, համակարգելն էր, որպեսզի հանգիստը լինի կազմակերպված, և յուրաքանչյուրը մաքսիմալ հաճույք ստանա այն ժամանակից, որ անց է կացրել այս 3 օրերի ընթացքում:
-Նման ծրագրերը շարունակական կլինե՞ն:
-Հուսանք՝ այո: Մասնակիցների հետ հանդիպման ժամանակ թե’ «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը, թե’ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեցին, որ նման ծրագրեր նորից կկազմակերպվեն և նոր հետաքրքիր տարբերակներ կմշակվեն: Նոր ծրագրեր կիրականացվեն նաև «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ:
Սա լրագրողական մասն էր, հիմա պատմեմ իմ սպասումների, զգացածի ու տպավորությունների մասին:
Ինձ համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ են, ովքեր իրենց ջերմությամբ կյանք են տալիս այն հողին, որի վրա ապրում են: Որևէ նոր տեղում հայտնվելով՝ տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ չմոռանաք փորձել ճանաչել մարդկանց, ովքեր ապրում են այդտեղ: Օրինակ, ճանաչելու համար Ջավախքը պետք է ճանաչել ջավախքցուն: Ջավախքը ուրիշ ջերմությամբ եմ սիրում, ամեն այցս տոն է, նոր տպավորությունների աղբյուր: Հերթական փնտրտուքների մեջ եմ… Փնտրում եմ ջավախքցու նոր կերպարներ, որ հետս կտանեմ անցնող օրերից հետո: Կերպարներ շատ կան, մեկը մյուսից հետաքրքիր ու յուրահատուկ… Ջավախքը գունեղ է իր երիտասարդներով՝ իրարից տարբեր ու իրար շատ նման, իր անուշ բարբառով, որով խոսել ամաչում էի կամ էլ վախենում էի սխալվելուց: Բազմակետերը ավելանում են խոսքիս մեջ ու այն դարձնում կցկտուր, մտքերս մի պահից մյուսն են գնում, մի կադրը փոխվում է մյուսով, իսկ բառերը նույն արագությամբ չեն նկարագրում զգացածս:
Կհասկընա՞ք: