laura sekoyan

Տվեք բողոքի գիրքը

Վերջերս սկսել եմ շատ մտորել և մտորումներիս հաջորդ թեման մարդիկ են, որոնք միշտ բողոքում են։ Ինչպես ուսուցիչներն են ամեն ծնողական ժողովի բողոքելու մի բան ունենում, այնպես էլ այս մարդիկ տարբեր առիթներով միշտ բողոքում են։

Կան մարդիկ, որոնք ունեն զգեստապահարան, որի դուռը բացելիս հագուստները թափվում են իրենց վրա, բայց հաջորդ քայլափոխին բողոքում են, որ հագուստ չունեն։ Ամեն չնչին բանից բոլորը բողոքում են։ Բարև ես տալիս՝ բողոքում են, բարև չես տալիս՝ նորից բողոքում են։

Բողոքում են նաև աշակերտները։ Բողոքում են, որ պետք է քննություն հանձնեն, բայց բարեհաջող հանձնելուց հետո կրկին բողոքում են։

Կանայք բողոքում են, որ իրենց տան տղամարդիկ քիչ են վաստակում, բայց երբ շատ աշխատավարձ են ստանում, կամ չեն ասում դրա մասին,կամ նորից բողոքում են։

Երբ հարևանները գալիս են հյուր, սուրճ ես առաջարկում ու հարցնում ես՝ սուրճը դառն են խմում, թե քաղցր, նրանք անպայման ասում են, որ սուրճը լինի իրենց կյանքի պես դառը և անսեր։ Սուրճը խմելու ընթացքում բողոքում են, որ չեն կարողանում քնել ու կես ժամ հետո նորից սուրճ են խմում։

Մարդիկ, չգիտես՝ ինչու, սկսել են իրենք իրենց հակասել։ Նրանք ասում են մի բան, բայց անում են հակառակը, ու այդ ամենը դառնում է բողոքելու պատճառ։ Բայց իրենց բողոքներում չեն նշում իրենց անունը, բոլոր անհաջողություններում մեղավոր է ինչ-որ երրորդ անձ։

Մարդիկ դարձել են վատատես։ Վատատեսությունը հայերին բնորոշ չէ, բայց միշտ բողոքելը դարձել է ազգային նկարագիր: