«Սկսեցի կարդալ այն ժամանակ, երբ ինքս էի ուզում». Էդգար Կոստանդյան

– Էդգար, երբ մտովի վերադառնում եք մանկություն, ձեզ ինչպե՞ս եք հիշում, ինչպիսի՞ երեխա եք եղել:  

– Աշխույժ, հետաքրքրասեր, ինձ ամեն ինչ հետաքրքիր էր այդ ժամանակ: Ես մտովի չեմ գնում, ինձ մոտ այնքան առարկայական է, շոշափելի, ես մանկությունը չեմ առանձնացնում ինձնից: Իմ կյանքում կարևոր բաղադրիչ է:

– Ձեր մանկության ամենագեղեցիկ հուշը: 

– Չեմ կարող հիմա որևէ բան հիշել, ամբողջ մանկությունս գեղեցիկ է եղել:

– Մենք բոլորս, մանկությունից մի կամ մի քանի սովորություն ենք մեզ հետ բերում, դուք ի՞նչ սովորություն եք բերել մանկությունից:

– Սովորությու՞ն, հա, ծխելը (ծիծաղում է):

– Մի բառով կնկարագրեք ձեզ:

– Չէ, ես ինձ ո՞նց նկարագրեմ, մի քիչ անշնորհակալ գործ է:

– Ի սկզբանե գիտե՞ք, ինչ եք գրում, թե ինչ-որ բաներ նպաստում են գրելուն:

– Շատ բաներ են նպաստում, ի սկզբանե գիտեմ` ինչ է լինելու, բայց ոնց կավարտվի, չգիտեմ, կամ գիտեմ` ոնց կավարտվի, բայց ոնց կսկսվի` չգիտեմ:

– Ե՞րբ հասկացաք, որ պետք է գրեք:

– Ուսանողությունից մեկ-երկու տարի առաջ, հասուն տարիքում:

– Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ մինչև 14 տարեկանը գիրք կարդալ չէիք սիրում, չէիք ուզում տեսնել: 

– Հա, ատում էի գիրքը: Սկսեցի կարդալ այն ժամանակ, երբ ինքս էի արդեն ուզում, այսինքն չստիպեցին ինձ, ծեծելով գիրք չեն կարդացրել, սկսեցի կարդալ, ու դուրս եկավ, բայց եթե ստիպեին, հետո կարող է դուր չգար:

– Ինչու՞ եք գրում: 

– Դե դա է իմ գործը, ի՞նչ անեմ:

– Բանաստեղծություններ երբևէ գրե՞լ եք, թե՞ ամեն դեպքում արձակը ավելի մոտ է ձեզ:

– Երբեմն, ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, այնտեղ պրոֆեսիոնալ չեմ, բայց փորձեր արել եմ:

– Գրողը մարզիկի նման միշտ պետք է լավ մարզավիճակում լինի, ոչ թե սպասի ներշնչանքի բարեհաճությանը: Համաձա՞յն եք այս մտքի հետ:  

– Հա, իհարկե, եթե սպասես ներշնչանքին, չգիտես, երբ կգա, կամ կարող է չգալ:

– Կա՞ ինչ-որ բան, որը ձեզ խանգարում է ստեղծագործել:

– Հա, վատ աղմուկը, որ մեր շուրջ կա, նաև շրջակա միջավայրի տրամադրությունը:

– Ի՞նչն է անհետաքրքիր ձեզ համար, որի մասին չարժի էլ գրել:

– Չկա ինձ համար անհետաքրքիր բան, ցանկացած անհետաքրքիր բան կարելի է հետաքրքիր դարձնել:

– Ո՞վ է ձեր առաջին քննադատը: 

– Ես, երևի:

– Ձեր ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելիս նկատեցի, որ ձեր ընկերների հետ հաճախ եք լինում, լուսանկարներ տեղադրում, ի՞նչ դեր ունեն նրանք ձեր կյանքում:

– Ամենակարևոր, ամենաառաջնային, թեև ես վախենում եմ շփվել այն մարդկանց հետ, որոնք անընդհատ փոխում են իրենց շրջապատը, այսինքն ես նոր ծանոթություններին չեմ դեմ, այլ անընդհատ շրջապատը փոխող մարդկանց: Օրինակ, ես նախկին ընկերներ չունեմ, իմ բոլոր ընկերները երբվանից ընկերս են եղել, մինչև հիմա ընկերս են:

– Ո՞վ կարող է լինել ձեր ընկերը:

– Չգիտեմ, երևի ինչ-որ ընդհանուր բան պիտի ունենանք, բայց օրինակ, տարբեր ենք ես և իմ ընկերները, պիտի ինչ-որ տարբերություններ լինեն, թե չէ անհետաքրքիր կլինի:

– Վերջին հարցազրույցում, ձեր կինը` դերասանուհի Անի Պետրոսյանը, ասաց, որ մի տարի է ամուսնացած եք, մինչ այդ դուք երբեք չեք խոսել, բայց Անիի հետ շուրջ 10 տարվա մտերիմ ընկերներ եք եղել: Ինչպե՞ս ստացվեց, որ ձեր տարիների ընկերությունը վերածվեց սիրո:

– Գուցե վերածվել էր, մենք չէինք հասկանում:

– Ի՞նչ ասելիք ունեք, որի մասին դեռ չեք գրել:

– Վատ բան եմ ասում, բայց ինձ թվում է, մարդկանց ասելիքն էլ է արդեն սպառվել, մենք այնպիսի ժամանակներում ենք հիմա ապրում, որ ամեն ինչ շատ «ուղիղ» է, ասելիքի չեն սպասում, ինչ-որ ուղիղ բաների են սպասում, այնպես են անում, որ ասելիքդ չուզես տեղ հասցնել, բայց, չէ, շատ ասելիք  ունեմ:

– Էդգար, հարցին, թե ով է այսօրվա հերոսը, տարիներ առաջ պատասխանել եք, որ հերոս չկա, հիմա փոխվե՞լ է որևէ բան, կա՞ հերոս: 

– Ոչ:

– Ի՞նչ եք կարդում հիմա:

– Չեմ կարդում հիմա, շատ ծանրաբեռնված է գրաֆիկս, այս տարի ընդհանրապես չեմ կարդացել, բայց կկարդամ:

– Ձեզ համարու՞մ եք երջանիկ մարդ:

– Եթե փոքր իմաստով` ընտանիք, ընկերներ և այլն, ապա այո, եթե գլոբալ իմաստով` մյուսների երջանիկ չլինելն է խանգարում, որ դու քեզ լիարժեք երջանիկ զգաս: Չես կարող անընդհատ երջանիկ լինել, կամ անընդհատ երջանիկ չլինել, հատուկ բան չի երջանկությունը, սովորական զգացողություն է, մրսել, շոգել, երջանիկ զգալ, ավելի շատ ֆիզիկական զգացողություն է:

– Այսօր այն կետո՞ւմ եք, որին ձգտել եք:

– Եթե հիմա ես համարեմ, որ այն կետում եմ, որին ձգտել եմ, էլ ոչ մի բան չեմ անի: Բայց այն, ինչ պատկերացրել եմ, որ այսօր պիտի լինի, այդ առումով  այդ կետում եմ:

– Նոր ստեղծագործություն սպասե՞նք ձեզնից: 

– Այո, հույս ունեմ աշնանը կլինի: