Էլլա Ղազարյանի բոլոր հրապարակումները

ella ghazaryan shirak

Դու կլինես առաջինը

Եկեք պատկերացնենք, որ մենք ապրում ենք օվկիանոսում և ապրում ենք լողալով՝ օվկիանոսի տարբեր շերտերում: Ամեն մարդ լողում է իր համար, իր մակարդակում: Գրեթե չեն առանձնանում շերտերը. մարդիկ իրար մոտ են: Բայց կան մարդիկ, ովքեր չեն ուզում լողալ բոլորի հետ, բոլորին հավասար: Նրանք ուզում են առանձնանալ և բացահայտել օվկիանոսի գաղտնիքները՝ նրա հատակը: Չէ որ օվկիանոսը շատ խորն է, և ոչ բոլորը կարող են հասնել և բացահայտել հատակը: Նրանցից շատերը կես ճանապարհից հետ են կանգնում և այլևս չեն շարունակում ճանապարհը: Մյուսները համառությամբ առաջ են ընթանում, թվում է, թե նրանց ոչինչ չի կանգնեցնի, բայց ավաղ, նրանք խեղդվում են ալիքներից և սեփական համառությունից: Եվ վերջապես, շատ քչերը դանդաղ, բայց ճիշտ քայլերով առաջ են գնում: Նրանց թվում է, թե իրենք էլ կխեղդվեն, և երբ քիչ է մնում խեղդվելուն, նրանց մոտ բացվում է «երկրորդ» շնչառությունը:

Երկրորդ շնչառությունը բացվում է միայն ուժեղ մարդկանց մոտ՝ դու այդպիսին ես: Երկրորդ շնչառությունը բացվում է նաև մի խոսքից, մի մարդուց, մի մտահղացումից, բայց ամենակարևորը, որ դու ուժեղ ես: Ինձ մոտ այն բացվեց, երբ հասա իմ երազանքին: Երազանքին հասնելու ամենալավ տարբերակը այն նպատակ դարձնելն է: Կարողացել է մեկը՝ կկարողանաս նաև դու: Չի կարողացել ոչ ոք՝ դու կլինես առաջինը: Հավատա ինքդ քեզ:

ella ghazaryan

Հաջորդ համերգը

Երազանքներ բոլորս էլ ունեցել ենք… 7 տարեկանում, ինչպես բոլորը, ես նույնպես հաճախում էի պարի: Այն ինձ համար ուղղակի ուրախ ժամանց էր: Երբ քույրս ընդունվեց համալսարան, ես ինքս ինձ հարցրեցի՝ իսկ ի՞նչ մասնագիտություն եմ ընտրելու ես: Սկսեցի մասնակցել մասնագիտական կողմնորոշման դասընթացների։ Ամեն ինչ ձանձրալի էր, և ոչ մի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն չէր առաջանում: Իսկ պարի դասերին սկսեցի հաճախել ավելի սիրով և պատասխանատվությամբ: Այդ սերը իմ մեջ առաջացրեց առաջին պարուսույցս՝ Ռոզմարի Հակյանը: Նա ոչ միայն առաջացրեց սեր պարարվեստի նկատմամբ, այլև դարձավ օրինակ, որին ուզում էի նմանվել:

Պարը դարձել էր օրվա բաղկացուցիչ մաս: Ամենօրյա քրտնաջան աշխատանքները չէին հոգնեցնում և ձանձրացնում: Վերադառնոմ էի տուն այն անհագ ցանկությամբ, թե երբ է լույսը բացվելու, որ ես կրկին գնամ պարասրահ: Եվ այսպես, որոշեցի, որ պարը պետք է դառնա մասնագիտությունս:

Միշտ հետևում էի «Բերդ» անսամբլի ելույթներին: Մի օր, Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվելով անսամբլի մենահամերգին, որոշեցի, որ սա վերջինն է լինելու, որ համերգին հետևեմ դահլիճից: Մոտենում էին ընդունելության քննությունները, ես սկսեցի պարապել ավելի խորացված: Ամեն անգամ, երբ չէր ստացվում այս կամ այն շարժումը, ես փորձում էի այնքան, մինչև ստացվեր: Հետզհետե առաջացավ հավատ սեփական ուժերիս հանդեպ: Այդ հավատն իմ մեջ սերմանեց Տիգրան Նորատյանը: Վեց ամիսների ընթացքում, կարելի է ասել, արեցինք անհնարինը: Ամեն անգամ, երբ չէր ստացվում, ընկեր Տիգրանն ասում էր. «Դու կարող ես»: Եվ ես ամեն ինչ անում էի, որ արդարացնեմ նրա սպասելիքները: Ընդունվելուց մեկ ամիս անց սկսեցի պարել «Բերդ» անսամբլում: Հաջորդ մենահամերգին ոչ թե նստած էի հանդիսատեսի աթոռին, այլ պարում էի բեմի վրա…

Վառվեցին բեմի լույսերը, հայտարարեցին պարի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով մեծերի վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և մտա բեմ: Պարում էի այնպես, ասես ինձ ոչ ոք չէր նայում։ Ավարտվեց պարը, լսվեցին բարձր ծափահարություններ… Ես սթափվեցի և հասկացա, որ երազանքս կատարվել է: Երազանքները կատարվում են, պետք է միայն հավատալ ուժերին, աշխատել և պայքարել: