Գյուղամեջ

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Գարնանային արևոտ օր էր: Ես որոշեցի մի փոքր մարզումներիցս զատ վազել։ Ստացվեց այնպես, որ ճանապարհս անցնում էր գյուղամիջով։

Տաք եղանակը նպաստել էր նրան, որ գյուղի հոգսերից թեթևանալ ցանկացող գյուղի մեծահասակները հավաքվել էին իրենց համար հատկացված հավաքատեղիում, այսպես կոչվող կանգառում: Զրուցում էին տարբեր թեմաներից. քաղաքական հարցերից մինչև գյուղատնեսական խնդիրներ, լրատվական ծրագրերից մինչև համացանցային նորություններ և այլ հարցեր: Ոմանք էլ թղթախաղ էին խաղում, իսկ ամենատարեցները ոգևորությամբ հիշում էին հին ու լավ օրերը։

Այդ պահին շատ ուրախացա նրանց ակտիվությունից, բայց միևնույն պահին խոր ցավ ապրեցի` տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ հավաքվել էին նրանք։ Չնայած ես դուրս էի եկել վազելու մտադրությամբ, սակայն այդ ամենը ինձ այնքան հետաքրքրեց, որ որոշեցի մոտենալ նրանց և լսել նրանց զրույցը։

Մոտեցա, բարևեցի և լուռ նստեցի նրանց կողքին:

Այս անգամ հավաքատեղիում հյուր էին ընդունել: Ես առաջին անգամ էի տեսնում այդ տարեց մարդուն, բայց մի փոքր ժամանակ անց պարզեցի, որ հարևան գյուղից էր` Բարեկամավանից:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Ինչպես արդեն ասել էի, նրանց զրույցները բազմազան են: Այս անգամ խոսակցության թեման մեր գյուղի Կոթի անվան մասին էր: Թե ինչու են գյուղը կոչել Կոթի, պատմում էր մեր գյուղացի Բագրատը։

-Անվանումը ստացել ա դեռ հին ժամանակներից: Ասըմ են, թե մարդիկ ըստի կետնափոր տներըմ են ապրելիս ելել, հետո կրակն էլ տան կես տեղն են վառելիս ըլմ, որ տըքանան, բայց դե ծոխը դուս գալու տեղ չի ունեցել: Հետո տեհել են, որ փուչ ծառեր կա, ծառերի էդ կոթը դրել են տնակների ծխնելույզի տեղը, որ ծուխը լավ քաշե: Տենց էլ անվանում ա ստացել` Կոթի:

Հետո սկսեցին բանավիճել, չհամաձայնել, ամեն մեկն իր տարբերակն էր առաջ քաշում:

Մեր գյուղի «շուլուղչի» (կատակասեր) Սուրենն էլ էր հավաքատեղիում: Նրա հումորները անսպառ են, այս անգամ էլ պատմում էր մի պատմություն։

-Մեր էս Սիմոնը րիգունը լավ խմած գնըմ ա, որ հըվանոցի դուռը փագե, փագըմ ա, դու մի ասա, աղվեսն էլ մըջին ա ըլըմ, նկատըմ չի: Ետա տենց դուռ փագըմ ա, աղվեսը սաղ քշեր քեֆ ա անըմ: Ռավոդ արդեն օյաղ գնամ ա, որ հավերին դուս անե, աղվեսը կերած-խմած դուս ա թռչըմ: Ենա վազ ա տալի` հրացան բերե, որ սպանե, մի հատ կրակըմ ա, տալի հավերի ջրամանը տրքացնըմ: Երկրորդն էլ, որ կրակըմ ա, աղվեսի փորին տալիս ա, բլբուլնին սաղ օդն ա բրձրանըմ: Տենց հավերը սաղ վարի ա գնըմ:

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Լուսանկարը՝ Տիգրան Մամյանի

Էն մեր հարևան գյուղացին էլ պատմությունը լսելով կատակով ասում էր.

-Մենք հավին մորթըմ ենք էն վախտ, երբ կամ հավն ա հիվանդ ըլըմ, կամ էլ մենք ենք հիվանդ ըլըմ։

Նստելով նրանց կողքին, լսելով նրանց ուրախ պատմությունները, բայց միաժամանակ տեսնելով անբարենպաստ պայմանները, որտեղ անց են կացնում իրեն ազատ ժամանակը,շատ տխրեցի: Հավաքատեղին լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ես շատ կցանկանայի, որ վերանորոգվեր, բարեկարգվեր, նոր ու գեղեցիկ նստարաններ դրվեին: Գյուղի մեծերը զբաղմունք չունեն, եթե գոնե մի փոքրիկ ու հարմարավետ սենյակ լիներ, ցուրտ օրերին էլ կարող էին իրար տեսնել, զրուցել, ժամանակ անցկացնել: Իսկ հիմա միայն հանդիպում են տաք եղանակին։

Ի՞նչ եք կարծում, արժանի չե՞ն սահմանում ապրող մարդիկ այդ չնչին թվացող օգնությանը։