Ռուզաննա Գևորգյանի բոլոր հրապարակումները

ruzanna gevorgyan1

Հանգիստը և անհանգիստը

Արդեն մեկնարկել են ամառային արձակուրդները: Երեք ինքնաթիռի արագությամբ սլացող ամիսներ, որոնք յուրաքանչյուր երեխա փորձում է այնպես ապրել, որ որոշ օրեր հետո հիշվող լինեն:

Օրինակ, գյուղացի երեխան իր հանգիստը ուրիշ կերպ է պատկերացնում, իսկ քաղաքի երեխան՝ միգուցե ուրիշ:
Ինձ ու իմ հասակակիցների համար ամառային արձակուրդը միշտ հիշվում են բակային խաղերով:
Մենք ցերեկային ժամերին՝ 2-ից մինչև ժամը 6-ը, արևի ճառագայթներից պատճառով տանն ենք մնում և զբաղվում ենք տնային գործերով կամ դպրոցում հանձնարարված գրքերն ենք կարդում:
Իսկ արդեն երեկոյան ժամերին բակի երեխաներով հավաքվում և սկսում ենք խաղալ բակային խաղեր՝ «այգեպանից» մինչև «գործնագործ», բռնոցից մինչև ֆուտբոլ:
Գյուղի երեխաների, մասնավորապես տղաների ամառային հանգիստը շատ հարաբերական է: Տղաներից շատերի հայրերը Հայաստանում չեն, ու տան ամբողջ հոգսը նրանց ուսերին է. հողամաս ցանել, սրսկել, ջրել և այլն: Նրանցից շատերն էլ ստիպված աշխատանքի են ընդունվում, որպեսզի թեթևացնեն իրենց տան հոգսը:
Ու այսպես է անցնում գյուղի երեխայի ամառային արձակուրդը՝ հանգիստը և անհանգիստը:

ruzanna gevorgyan1

Արդեն տասը տարի է…

Ապրիլից մինչև նոյեմբեր հայրս մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Մի խոսքով` տարվա կեսը և մի քիչ ավել մեզ հետ չի լինում: Փոքր ժամանակվանից հայրիկիս հիշում եմ կարոտով… Այդ ամիսների ընթացքում տան ամբողջ ծանրությունը մայրիկիս ուսերին է լինում: Հայրս այնտեղ աշխատում է, որ մենք այստեղ բարեկեցիկ կյանքով ապրենք: Հայրս կատարում է շատ ծանր աշխատանքներ, որ ես և եղբայրս ինչ-որ բաների հասնենք: Նա ուզում է, որ մենք անպայման ուսում ստանանք, որ իր նման չտանջվենք, այլ կարողանանք արժանապատիվ վաստակել մեր հացը:

Ամեն անգամ, հորս գնալու օրը ես շատ տխուր եմ լինում, բայց որպեսզի հայրս էլ չտխրի, փորձում եմ թաքցնել: Երբ հայրս գնում է, կարծես ամեն ինչ միապաղաղ է դառնում: Այդ ամիսների ընթացքում մայրս կատարում է և’ տղամարդու, և’ կնոջ գործեր: Տեսնելով մորս ու հորս տանջանքը` իմ առջև նպատակ եմ դրել` հասնել մեծ հաջողությունների, որպեսզի իմ ծնողները հպարտանան ինձանով, որ գոնե այդպես ուրախացնեմ ծնողներիս և իմաստավորեմ իրենց տանջանքը: Միշտ մտածում եմ, որ մեր երկիրը այնքան շատ պիտի զարգանա, որ մենք մեր Հայաստանում ապրենք ու աշխատենք: Մեր Հայաստանը այնքան բարգավաճի, որ մեր հայրերը ստիպված չլինեն գնալ արտագնա աշխատանքի: