Քնարիկ Համազասպյանի բոլոր հրապարակումները

Մեդիապատերազմներ

Ադրբեջանական քարոզչությունն ուղղված է հասարակությանը կոտրելու, հուսալքելու, ինչպես նաև պառակտելու նպատակին։ Ռազմական գործողությունների ընթացքում հատկապես կրկնապատկվում է քարոզչամեքենաների գործառույթների շրջանակը։ Զարգացում է գնում միանգամից մի քանի թեզերի ուղղությամբ՝ ընդգրկելու ավելի մեծ ծավալով թիրախային զանգվածներ։ Հոգեբան Անուշ Կարապետյանի հետ զրույցում փորձել ենք պարզել հակահայկական քարոզչության ընկալումների մեթոդաբանությունն ու հասարակության վրա դրանց թողած ազդեցությունները։ 

-Ռազմական գործողությունների ժամանակ ի՞նչն է նախևառաջ ստիպում հուսալքվել հասարակությանը։ 

-Հասարակությանը նախևառաջ ստիպում են հուսալքվել վատ լուրերը, քանի որ հասարակության մոտ պատերազմի պատկերը ձեռք է բերում այս կամ այն հուզական երանգավորումը՝ կախված նրանից, թե որքանով է հաջող, ում տարածքում են անցկացվում ռազմական գործողությունները, և իրենց երկրի բնակչության որ մասն է մասնակցում ֆիզիկապես և հոգեբանորեն: Պատերազմների փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ այն զինված ուժերը, որոնց զինվորները թշնամուն տեսնում են որպես կատաղի և ատելի թշնամի, ավելի հաճախ են հաղթում: Ռազմական դրության ընթացքում գերագույն տերության, ռազմական անձնավորության մարդկանց, ինչպես նաև ազդեցիկ մարդկանց հայտարարությունները և հայտարարությունները մեծապես ազդում են հասարակության տրամադրության վրա: Եվ, իհարկե, նման լուրերը՝ զգալի զոհերի կամ հողերի կորուստների մասին,  չեն կարող  չհիասթափեցնել հասարակությանը: Այդ պատճառով պետք է տեղեկատվական ոլորտը խիստ հսկողության տակ լինի,  թշնամու կողմից տարածվող տեսանյութներն էլ կայծակնային արագությամբ մեզ մոտ չտարածվեն։

-Երբ ռազմական գործողությունների ժամանակ բացում ենք որևէ հայկական լրատվական, ին՞չն է սկզբնապես ընկալում մարդը՝ լուսանկարնե՞րը, վերնագրե՞րը։

- Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը` 70−90%, մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողական զգայարանի և ուղեղի կողմից ավելի հեշտ և արագ է մեծ պատկեր որսալ, վերնագիրը նախ ընթերցվում է, հետո վերծանվում և այլն, իհարկե դա վայրկյանների տարբերությամբ է լինում: Դա է պատճառը, որ գովազդներում էլ մեծմասամբ շեշտը դնում են պատկերների, այնուհետև նոր տեքստերի վրա։ Հասարակության համար նորություններ կազմելիս, իհարկե, մասնագետները հաշվի են առնում էջի գույնը, տառատեսակը և դիրքը՝ ավելի շատ ընթերցողներ գրավելու համար, այս մասին նաև գիտություն կա: Թեպետ առաջինը մարդն ընկալում է պատկերը, քանի որ դա հեշտ է և ակնթարթային, պետք է նաև փաստել, որ որքան մարդ մտավոր զարգացած է, այնքան նրան ավելի շատ գրավում է տեղի ունեցող լուրերի մասին նյութը, քան պատկերները։

 -Արդյո՞ք լրատվական նյութերում կարևոր են և պետք է մտածված լինեն անգամ լուսանկարների օգտագործումը։

-Անշուշտ, պետք է նախապես մտածել ամեն հնարավոր խնդրից խուսափելու մասին` սկսած անձի մասին տեղեկատվություն հաղորդելուց, մինչև հարազատի հույզերի չարաշահումը: Իհարկե, կարևոր է նաև պատերազմում շարունակվող գործողությունների մասին լուրերի փոխանցումը: Հեռարձակվող նորությունները պետք է նախապես մշակվեն հենց լրատվամիջոցների աշխատողների ` սոցիոլոգների, հոգեբանների կողմից` հաշվի առնելով հասարակության վիճակը: Քանի որ հասարակությունը չի կարող չտեղեկանալ առանց պաշտոնական լուրերի:

-Ի՞նչ կարող է առաջացնել մարդկանց ներաշխարհում նմանօրինակ լուսանկարների չարաշահումը։ 

-Թշնամու առաջնորդի մեծ ու պայծառ լուսանկարների չարաշահումը, իհարկե, մեծացնում է ագրեսիան, չարությունը, հայրենասիրությունը, պատերազմին մասնակցելու խանդավառության ակտիվությունը: Առաջացնում է հուսալքություն, ընկճվածություն, կարող է թևաթափ անել, հարազատին խորը ցավ պատճառել և այլն:

 -Ըստ Ձեզ, ադրբեջանական հակահայկական քարոզչությունը ինչի՞ն է ուղղված հատկապես։ 

-Հակահայկական քարոզչությունը, կարծում եմ, ուղղված է հատկապես մեր կամքի ուժը կոտրելուն, ինչպես նաև ներքին մասնատման, երկիրը ներսից թուլացնելուն։ Նրանք փորձում են սեփական երկրի ներսում բնակչության մոտ ձևավորել օտարության, դժգոհության պատկերներ։ Ադրբեջանական քարոզչությունը հանգեցնում է նրան, որ կրկին շրջանառվում է հայ ժողովրդի ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հողերին տիրելու մասին թեմատիկան։

 -Հասարակական ո՞ր խավերն են առավել հաճախ հայտնվում ադրբեջանական քարոզչության թիրախում։

-Կարծում եմ, ամենից առավել ադրբեջանական քարոզչության թիրախակետում հայտնվում է հենց ժողովուրդը: Նմանատիպ խորամասշտաբ հարցերում ընտրվում է ինչու հենց ժողովուրդը, քանի որ նրա միջոցով կարելի է շատ բաներ փոխել` հեռացնել առաջնորդի, նորին նշանակել, կարգեր փոխել և այլն: Ժողովրդին կարծեցյալ շահավետություն խոստանալով կարելի է ստանալ նրա աջակցությունը ուղիղ և անուղղակի ձևով: Պաշտոնյային ավելի բարդ է մանիպուլացնել, քանի որ նա ամեն բան ավելի լավ գիտի բուն աղբյուրներից, իսկ եթե սեփական շահն է հետապնդում, առավել անիմաստ է դառնում, այդ դեպքում ավելի արդյունավետ կլինի «գնել» նրան:

-Լրատվական նյութերն ընթերցելիս ի՞նչն է հատկապես թողնում իր ազդեցությունը։

-Այն ամենը, ինչը բուռն բացասական հուզականություն է առաջացնում` մարդկային, տարածքային կորուստների մասին լուրերը, հուշակոթողների ոչնչացման մասին, առանձնակի դաժանության ցուցաբերման և այլն: Եթե մենք ընթերցում ենք, որ մեր մեր զինվորներին կամ գերիներին տանջել կամ սպանել են առանձնակի դաժանությամբ, դա միանգամից թողնում է հստակ իր ազդեցությունը․ մեկ այլ է, երբ ընթերցում ենք, որ հայկական կողմն ունի այսքան զոհ, մեկ այլ բան է, երբ մենք ընթերցում ենք, թե ինչպես կամ ինչ պայմաններում են սպանվել նրանցից յուրաքանչյուրը։

 -Հոգեբանական տեսանկյունից տեղի՞ն է պատերազմական իրավիճակում հակառակորդ երկրի ղեկավարի խոսքի մեջբերումը։

-Լրագրողական նյութերում հակառակորդ երկրի որևէ ներկայացուցչի հայտարարությունները, քաղաքական որոշիչ կարևոր հանդիպումները, իրենց մեջ ներառում են ուժի և ուժի ցուցադրումները այն երկրի նկատմամբ, որի հետ ռազմական իրադարձություններ են անցկացվում: Նման ցուցադրական հոդվածների հայտարարությունները ջնջում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքական անգրագիտությունը, որոնք նման են փոքր խոսակցությունների։ Իհարկե, այդ հայտարարությունների դրդապատճառն է ՝ ստիպել թշնամու իշխանություններին բանակցել հուզական տեսանկյունից: Նման հոդվածները այլ կերպ են ազդում պատերազմական կողմերի քաղաքացիների վրա, մի կողմից՝ հուզական ագրեսիան, մյուս կողմից՝ ներշնչում։

-Լուսանկարներ, վերնագիր և բովանդակություն. Ինչպե՞ս կդասակարգեք վերը նշվածները ըստ իրենց ներազդման գործառույթի։ 

-Հիմնականում առաջինը աչքի է հառնում լուսանկարը, այն որևէ ուշադրության կենտրոնացում չի պահանջում։ Մարդն ինքն էլ չի հասցնում ազդանշան ուղարկել գլխուղեղին` պատկերներն ընկալելու համար, դրանք շատ արագ գտնում են իրենց ընկալումը և ներազդում են։ Հատկապես պատերազմական վիճակներում լրահոսը հայկական լրատվադաշտի ողողված է Ադրբեջանի նախագահի լուսանկարներով։ Դրանք հիմնականում արտահայտում են խիստ կեցվածք, բավականին կոկիկ և պատշաճ հագուկապ և առանց բացառության գերակշռող ադրբեջանական դրոշի պատկերում։ Դա ստեղծում է զգոնության, ինչպես նաև զգուշավորության անհրաժեշտություն։ Ներազդման գործառույթով պայմանավորված դասակարգման առաջին տեղում լուսանկարներն են։ Երկրորդ տեղում ես կառանձնացնեմ վերնագրի գործածությունը, քանի որ դրանք հիմնականում գրված են լինում մեծ տառատեսակներով և ավելի մգեցված՝ ուշադրություն գրավելու համար։ Իհարկե, այստեղ պետք է նշեմ, որ եթե լուսանկարները չեն պահանջում որոշակի ընկալում, վերնագրի դեպքում այլ է։ Ընթերցելու և դրա իմաստն ընկալելու համար վերնագրերը պահանջում են ուշադրության կենտրոնացում։ Թե որքան արդիական և տեղին է նյութը, պարզ է դառնում վերնագրից, և եթե այն մեզ համար պարզ է, մտնում է մեր հետաքրքրության շրջանակներ, մենք կսկսենք ծանոթանալ բովանդակությանը, որը մեզ մոտ արդեն երրորդ տեղում է: Այն արդեն պահանջում է խորացված ուշադրություն և մանրակրկիտ ընկալում։ Եթե նյութը ծավալուն է կամ շարադասված է բարդ բառերով, երկար նախադասություններով, մենք կարող է չցանկանանք ընթերցել, կամ ընթերցենք մի քանի անգամ դա ընկալելու համար։ Եթե օրինակ, թեման պատերազմական տարածքների գրավման մասին է և ներկայացվում է քարտեզներ կամ տեղանուններ, նմանօրինակ նյութը ներազդման տեսանկյունից կարող է ունենալ մասնակի ներազդում կամ ընկալում, եթե ես երբեք չեմ եղել այդ տարածաշրջանում և չեմ կարողանում պատկերացում կազմել տարածքների վերաբերյալ, այդ նյութը ինձ համար կլինի դյուրըմբռնելի։

«Պետք է դադարի կապիտուլյացիոն վարչակարգի հակաազգային քարոզչությունը, իսկ դրա միակ ձևը ինստիտուցիոնալն է»

Արցախյան երկրորդ պատերազմն իր օրինակով ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը նպատակին հասնում է և կարող է հասնել միմիայն մեդիագրագիտության թերի ընկալման և տիրապետելու դեպքում։ Այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի հետ, ում համոզմամբ Հայաստանում թերի մեդիագրագիտությամբ բնակչության  զանգվածը բավականին մեծ է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք պատերազմյան շրջանում հայկական լրատվականների աշխատանքը։

-Պետք է հաշվի առնել մի բան, որ պատերազմի ժամանակ գործել են պետականորեն օրենքով դրված սահմանափակումներ ռազմական դրության ընթացքում, որոնք վերաբերվել են լրատվականների աշխատանքին, ըստ այդմ, ինչ որ առանձին գնահատական տալ լրատվականների աշխատանքին այդքան էլ տեղին չէ, որովհետև ինքնուրույն խմբագրական քաղաքականություն վարելու իրավունք մեծ հաշվով իրենք չեն ունեցել՝ վերատարածել են այն, ինչ օրենքով կարելի էր, այլ հարց է այսօրվա իրականությունը, քանի որ լրատվական ասվածի սահմանումը խճողվել է, նայած ինչը կամ ում ենք համարում լրատվական։ Օրինակ, կար հայտնի ֆեյք օգտատեր, ընդդիմադիր կեցվածքով Գագիկ Սողոմոնյանը, որը գրում էր բաներ, որոնք մեծ հաշվով ճշմարիտ էին, բայց օրենքով արգելված էին։ Ես վարում էի ռազմահոս շարքը, ինքս օրենքով դրված սահմանը չէի խախտում, կարողանում էի ի շարս այն ամենի, ինչը պետականորեն ասվում էր, մի փոքր բացված ներկայացնել՝ լուսավորչական մոտեցմամբ: Բայց դասական լրատվականներին անիմաստ է քննարկել, որովհետև իրենք առանձին խմբագրական քաղաքականություն չէին կարող վարել։

-Արդյո՞ք համակարգված էր պաշտոնական աղբյուրների կողմից տրվող տեղեկատվության հոսքերը:

-Մեծ հաշվով, համակարգված չէր, բացի բրիֆինգներից արծրունյան, որոնք նաև արտահայտում էին ընդհանուր պետական քարոզչությունը։ Օրինակ, Արցախում տեղեկատվության հոսքերի համակարգումը տեղի էր ունենում խիստ անկազմակերպ, այդ թվում նաև այն օղակներում, որոնք պետք է պետականորեն աշխատեին․ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և ՊՕԱԿ-ի կողմից շատ թերի էր կազմակերպվում։ Երբեմն նյութեր էին դրվում, որոնք չպետք է դրվեին, իսկ հետո արդեն հանվում կամ չէին հանվում։ Վերադառնալով առաջին հարցին, պետք է հաշվի առնել նաև, թե ինչն ենք սահմանում լրատվական, քանի որ պետությունը ակտիվ ապատեղեկատվական գործողություն էր ծավալում, ոչ պետական, ոչ պաշտոնական խողովակներով՝ ֆեյքերով, ազդեցիկ ֆեյսբուքյան իրական օգտատերերի միջոցով, որոնք հստակ հանրությանը ապակողմնորոշելու նպատակ ունեին։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեին ռազմական դրություն մտցնելուց հետո, որպեսզի չառաջանար տեղեկատվական վակուում։

-Ի սկզբանե էլ պարզ էր, թե որն է թշնամու նպատակադրումը։ Բայց Հայաստանի ապաշնորհ իշխանությունները ո՛չ պատշաճ կազմակերպեցին պատերազմը, ո՛չ փոխզիջումը՝ արդյունքում երկիրը հասցնելով կապիտուլյացիայի։ Իսկ պատերազմի ժամանակ առաջացած տեղեկատվական վակուումը իրականում պետք է լցվեր, իսկ դրա շրջանակներում ինչ որ մի պահ հայկական կողմն էլ սկսեց քարտեզներ հրապարակել կորուսյալ տարածքների, որն այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը։ Արդեն պարզ է դառնում, որ երբ ստում ես, արդեն ստեղծում ես վակուում, որը պետք է լցնել։ Առաջին պատերազմի ժամանակ, օրինակ, հստակ օր առ օր գրվում էր, որ այս գյուղի մատույցներում ընթացել են ծանր մարտեր, չնայած հայկական ինքնապաշտպանության ուժերի համառ դիմադրությանը, այնուամենայնիվ մերոնք ստիպված են եղել հետ քաշվել․ գրում էին, չէին թաքցնում: Հիմա պետք էր անկեղծություն, բայց քանի որ իշխանությունների համար առաջնահերթը իշխանություն պահելն էր, բուն պատերազմը ստորադասվում էր այդ ամեն ինչին, դրա համար էլ ճիշտ ասելու կարիք չկար։

- Քարոզչական ո՞ր թեզերը հիմնականում օգտագործվեցին ադրբեջանական քարոզչամեքենաների կողմից ռազմական գործողությունների ընթացքում։

-Ադրբեջանական քարոզչամեքենաների կողմից, ըստ իս, ամենաշատը իրականում օգտագործվեց սարսափ տարածելու թեզը՝ այն պատերազմի կարևոր գործիքներից էր և բուն ռազմադաշտում, և նաև քարոզչական ասպարեզում։ Ադրբեջանական ուժերի կողմից հրապարակվող վիդեոները հայկական զինծառայողների տեխնիկայի, ուժերի խոցման և այլնի մասին՝ իրենց սև գործն արեցին։ Ադրբեջանը ներկայացրեց իր երկիրը` մենք պատերազմ չենք ուզում քարոզչական թեզի ներքո։ Այս սկզբունքը կիրառվում էր ինչպես պատերազմի նախապատրաստական, այնպես էլ պատերազմը սկսելու սկզբնական փուլում, իսկ հասցեատերը հիմնականում արտաքին լսարանն էր՝ միջազգային հանրությունը և միջազգային հաստատությունները։ Բայց սրա հետ մեկտեղ, Ադրբեջանը ներկայանում էր նաև ինքնապաշտպանական գործառույթներով։ Կարող ենք ասել, որ դա մեկ քարոզչական ուղերձ էր կրում, որ մենք չենք պատերազմում, բայց եթե գաք մեզ հետ պատերազմելու, մենք ձեզ կոչնչացնենք․ դա էր հիմնական քարոզչական թեզը։

-Ինչպե՞ս էր իրականացվում ադրբեջանական քարոզչությունը պատերազմյան և հետպատերազմյան շրջաններում։

-Ադրբեջանական քարոզչությունը հիմնականում իրականացվում էր համացանցի միջոցով, այս անգամ հատկապես շատ մեծ ուշադրություն էր դարձվել Տելեգրամ տիրույթին, որպես նոր ծագող սոցցանցային դոմեյն, որը նաև Հայաստանում էր ակտիվ յուրացվում։ Օրինակ, իրենց մոտ էլ հենց պատերազմի ժամանակ բացվեց ադրբեջանի պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիք։ Հատկապես տելեգրամում նաև շատ հեշտ էր մնացած սոցցանցերի կանոնները խախտող վիդեոներ տեղադրել անմարդկային տեսարաններով՝ գլխատման կամ խոշտանգման։ Տելեգրամն այդ առումով ավելի չկանոնակարգված է, և դրանով էլ ներկայացվում էր քարոզչությունը․ գործիքը դա էր։

-Հասարակության ո՞ր խավերն են առավել թիրախավորվում ադրբեջանական քարոզչության կողմից։

-Հասարակության մեծ հաշվով բոլոր խավերն էլ թիրախավորվում էին, բայց այստեղ կա ոսկե կանոն` համակարգի անվտանգությունը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի օղակին, մեր դեպքում այդ մեդիագրագիտության պակաս ունեցող զանգվածն է, որը քանակապես բավականին մեծ է, այսինքն, բնակչության մեծ մասը հեշտ խոցելի է։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հասարակությանը պաշտպանելու համար ադրբեջանական քարոզչությունից։

-Որպես առաջնային քայլ ասեմ՝ նախ, բուն իշխանությունները պետք է հակապետական կամ հակազգային քարոզչություն չվարեն: Ի՞նչ տարբերություն, ադրբեջանցիներն ասեն, որ Քարվաճառը ադրբեջանական է, թե՞ Հայաստանում իշխանության մի որևէ ներկայացուցիչ։ Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության մեջ կա փաստ, որը գուցե կբացատրի, թե ինչու պատերազմը, թեկուզ և դարձյալ մեր կապիտուլյացիայի գնով, բայց չկանգնեցվեց ավելի շուտ։ Պետք է դադարի կապիտուլյացիոն վարչակարգի հակապետական, հակաազգային քարոզչությունը, իսկ առհասարակ դրա միակ ձևը ինստիտուցիոնալն է, այսինքն, պետք է վերականգնվի պետական ինստիտուտների ու լրատվության հանդեպ հավատը, վստահությունը, և հետևողականորեն աշխատանքի միջոցով պետությունը չպիտի թողնի, որ առաջանան վակուումներ կամ խորշեր, իսկ հասարակությունն այն ստիպված լինի լցնել ադրբեջանական աղբյուրներով։ Ամեն ինչը հստակ պիտի լուսաբանվի, ներկայացվի օպերատիվ, որ մարդիկ կարիք չունենան նայելու օտար աղբյուրներին: Եվ սրանից զատ նաև ընդհանուր գրագիտության, այդ թվում նաև մեդիագրագիտության մակարդակը պիտի բարձրացվի. թշնամական քարոզչությունը, ինչպես ասացի, հիմնականում թիրախավորում է այդ խոցելի հատվածը։ Եվ որպես եզրափակում ուզում եմ մեջբերել իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկը մեր հավատի մասին, որը ոչ մի թշնամի չի կարող խլել մեզանից, եթե մենք ինքներս հավատափոխ չլինենք։ Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողներ և հանուն դրա գործողներ։ Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է Հայոց պատմության վերջին էջի, բայց ի հեճուկս և ի զարմանս մեր թշնամիների՝ մենք կա՛նք։