«Պետք է դադարի կապիտուլյացիոն վարչակարգի հակաազգային քարոզչությունը, իսկ դրա միակ ձևը ինստիտուցիոնալն է»

Արցախյան երկրորդ պատերազմն իր օրինակով ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը նպատակին հասնում է և կարող է հասնել միմիայն մեդիագրագիտության թերի ընկալման և տիրապետելու դեպքում։ Այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի հետ, ում համոզմամբ Հայաստանում թերի մեդիագրագիտությամբ բնակչության  զանգվածը բավականին մեծ է։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք պատերազմյան շրջանում հայկական լրատվականների աշխատանքը։

-Պետք է հաշվի առնել մի բան, որ պատերազմի ժամանակ գործել են պետականորեն օրենքով դրված սահմանափակումներ ռազմական դրության ընթացքում, որոնք վերաբերվել են լրատվականների աշխատանքին, ըստ այդմ, ինչ որ առանձին գնահատական տալ լրատվականների աշխատանքին այդքան էլ տեղին չէ, որովհետև ինքնուրույն խմբագրական քաղաքականություն վարելու իրավունք մեծ հաշվով իրենք չեն ունեցել՝ վերատարածել են այն, ինչ օրենքով կարելի էր, այլ հարց է այսօրվա իրականությունը, քանի որ լրատվական ասվածի սահմանումը խճողվել է, նայած ինչը կամ ում ենք համարում լրատվական։ Օրինակ, կար հայտնի ֆեյք օգտատեր, ընդդիմադիր կեցվածքով Գագիկ Սողոմոնյանը, որը գրում էր բաներ, որոնք մեծ հաշվով ճշմարիտ էին, բայց օրենքով արգելված էին։ Ես վարում էի ռազմահոս շարքը, ինքս օրենքով դրված սահմանը չէի խախտում, կարողանում էի ի շարս այն ամենի, ինչը պետականորեն ասվում էր, մի փոքր բացված ներկայացնել՝ լուսավորչական մոտեցմամբ: Բայց դասական լրատվականներին անիմաստ է քննարկել, որովհետև իրենք առանձին խմբագրական քաղաքականություն չէին կարող վարել։

-Արդյո՞ք համակարգված էր պաշտոնական աղբյուրների կողմից տրվող տեղեկատվության հոսքերը:

-Մեծ հաշվով, համակարգված չէր, բացի բրիֆինգներից արծրունյան, որոնք նաև արտահայտում էին ընդհանուր պետական քարոզչությունը։ Օրինակ, Արցախում տեղեկատվության հոսքերի համակարգումը տեղի էր ունենում խիստ անկազմակերպ, այդ թվում նաև այն օղակներում, որոնք պետք է պետականորեն աշխատեին․ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի և ՊՕԱԿ-ի կողմից շատ թերի էր կազմակերպվում։ Երբեմն նյութեր էին դրվում, որոնք չպետք է դրվեին, իսկ հետո արդեն հանվում կամ չէին հանվում։ Վերադառնալով առաջին հարցին, պետք է հաշվի առնել նաև, թե ինչն ենք սահմանում լրատվական, քանի որ պետությունը ակտիվ ապատեղեկատվական գործողություն էր ծավալում, ոչ պետական, ոչ պաշտոնական խողովակներով՝ ֆեյքերով, ազդեցիկ ֆեյսբուքյան իրական օգտատերերի միջոցով, որոնք հստակ հանրությանը ապակողմնորոշելու նպատակ ունեին։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեին ռազմական դրություն մտցնելուց հետո, որպեսզի չառաջանար տեղեկատվական վակուում։

-Ի սկզբանե էլ պարզ էր, թե որն է թշնամու նպատակադրումը։ Բայց Հայաստանի ապաշնորհ իշխանությունները ո՛չ պատշաճ կազմակերպեցին պատերազմը, ո՛չ փոխզիջումը՝ արդյունքում երկիրը հասցնելով կապիտուլյացիայի։ Իսկ պատերազմի ժամանակ առաջացած տեղեկատվական վակուումը իրականում պետք է լցվեր, իսկ դրա շրջանակներում ինչ որ մի պահ հայկական կողմն էլ սկսեց քարտեզներ հրապարակել կորուսյալ տարածքների, որն այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը։ Արդեն պարզ է դառնում, որ երբ ստում ես, արդեն ստեղծում ես վակուում, որը պետք է լցնել։ Առաջին պատերազմի ժամանակ, օրինակ, հստակ օր առ օր գրվում էր, որ այս գյուղի մատույցներում ընթացել են ծանր մարտեր, չնայած հայկական ինքնապաշտպանության ուժերի համառ դիմադրությանը, այնուամենայնիվ մերոնք ստիպված են եղել հետ քաշվել․ գրում էին, չէին թաքցնում: Հիմա պետք էր անկեղծություն, բայց քանի որ իշխանությունների համար առաջնահերթը իշխանություն պահելն էր, բուն պատերազմը ստորադասվում էր այդ ամեն ինչին, դրա համար էլ ճիշտ ասելու կարիք չկար։

- Քարոզչական ո՞ր թեզերը հիմնականում օգտագործվեցին ադրբեջանական քարոզչամեքենաների կողմից ռազմական գործողությունների ընթացքում։

-Ադրբեջանական քարոզչամեքենաների կողմից, ըստ իս, ամենաշատը իրականում օգտագործվեց սարսափ տարածելու թեզը՝ այն պատերազմի կարևոր գործիքներից էր և բուն ռազմադաշտում, և նաև քարոզչական ասպարեզում։ Ադրբեջանական ուժերի կողմից հրապարակվող վիդեոները հայկական զինծառայողների տեխնիկայի, ուժերի խոցման և այլնի մասին՝ իրենց սև գործն արեցին։ Ադրբեջանը ներկայացրեց իր երկիրը` մենք պատերազմ չենք ուզում քարոզչական թեզի ներքո։ Այս սկզբունքը կիրառվում էր ինչպես պատերազմի նախապատրաստական, այնպես էլ պատերազմը սկսելու սկզբնական փուլում, իսկ հասցեատերը հիմնականում արտաքին լսարանն էր՝ միջազգային հանրությունը և միջազգային հաստատությունները։ Բայց սրա հետ մեկտեղ, Ադրբեջանը ներկայանում էր նաև ինքնապաշտպանական գործառույթներով։ Կարող ենք ասել, որ դա մեկ քարոզչական ուղերձ էր կրում, որ մենք չենք պատերազմում, բայց եթե գաք մեզ հետ պատերազմելու, մենք ձեզ կոչնչացնենք․ դա էր հիմնական քարոզչական թեզը։

-Ինչպե՞ս էր իրականացվում ադրբեջանական քարոզչությունը պատերազմյան և հետպատերազմյան շրջաններում։

-Ադրբեջանական քարոզչությունը հիմնականում իրականացվում էր համացանցի միջոցով, այս անգամ հատկապես շատ մեծ ուշադրություն էր դարձվել Տելեգրամ տիրույթին, որպես նոր ծագող սոցցանցային դոմեյն, որը նաև Հայաստանում էր ակտիվ յուրացվում։ Օրինակ, իրենց մոտ էլ հենց պատերազմի ժամանակ բացվեց ադրբեջանի պաշտպանության նախարարության տելեգրամյան ալիք։ Հատկապես տելեգրամում նաև շատ հեշտ էր մնացած սոցցանցերի կանոնները խախտող վիդեոներ տեղադրել անմարդկային տեսարաններով՝ գլխատման կամ խոշտանգման։ Տելեգրամն այդ առումով ավելի չկանոնակարգված է, և դրանով էլ ներկայացվում էր քարոզչությունը․ գործիքը դա էր։

-Հասարակության ո՞ր խավերն են առավել թիրախավորվում ադրբեջանական քարոզչության կողմից։

-Հասարակության մեծ հաշվով բոլոր խավերն էլ թիրախավորվում էին, բայց այստեղ կա ոսկե կանոն` համակարգի անվտանգությունը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել ամենախոցելի օղակին, մեր դեպքում այդ մեդիագրագիտության պակաս ունեցող զանգվածն է, որը քանակապես բավականին մեծ է, այսինքն, բնակչության մեծ մասը հեշտ խոցելի է։

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հասարակությանը պաշտպանելու համար ադրբեջանական քարոզչությունից։

-Որպես առաջնային քայլ ասեմ՝ նախ, բուն իշխանությունները պետք է հակապետական կամ հակազգային քարոզչություն չվարեն: Ի՞նչ տարբերություն, ադրբեջանցիներն ասեն, որ Քարվաճառը ադրբեջանական է, թե՞ Հայաստանում իշխանության մի որևէ ներկայացուցիչ։ Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության մեջ կա փաստ, որը գուցե կբացատրի, թե ինչու պատերազմը, թեկուզ և դարձյալ մեր կապիտուլյացիայի գնով, բայց չկանգնեցվեց ավելի շուտ։ Պետք է դադարի կապիտուլյացիոն վարչակարգի հակապետական, հակաազգային քարոզչությունը, իսկ առհասարակ դրա միակ ձևը ինստիտուցիոնալն է, այսինքն, պետք է վերականգնվի պետական ինստիտուտների ու լրատվության հանդեպ հավատը, վստահությունը, և հետևողականորեն աշխատանքի միջոցով պետությունը չպիտի թողնի, որ առաջանան վակուումներ կամ խորշեր, իսկ հասարակությունն այն ստիպված լինի լցնել ադրբեջանական աղբյուրներով։ Ամեն ինչը հստակ պիտի լուսաբանվի, ներկայացվի օպերատիվ, որ մարդիկ կարիք չունենան նայելու օտար աղբյուրներին: Եվ սրանից զատ նաև ընդհանուր գրագիտության, այդ թվում նաև մեդիագրագիտության մակարդակը պիտի բարձրացվի. թշնամական քարոզչությունը, ինչպես ասացի, հիմնականում թիրախավորում է այդ խոցելի հատվածը։ Եվ որպես եզրափակում ուզում եմ մեջբերել իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկը մեր հավատի մասին, որը ոչ մի թշնամի չի կարող խլել մեզանից, եթե մենք ինքներս հավատափոխ չլինենք։ Հայաստանը հավերժ է, քանի կան այդ հավերժության գաղափարին հավատացողներ և հանուն դրա գործողներ։ Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է Հայոց պատմության վերջին էջի, բայց ի հեճուկս և ի զարմանս մեր թշնամիների՝ մենք կա՛նք։