Սյուզաննա Խառատյան (Լոռի)ի բոլոր հրապարակումները

syuzanna kharatyan

Պարող Դսեղ

«Սմայլ» պարային համույթը Դսեղ գյուղի միակ պարային համույթն է, Տաթև Հովսեփյանն էլ գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է: Շատ համերգներ ենք ունեցել պարի խմբով և արդեն 2 տարի է, ինչ այն գործում է: Երկամյակի առիթով հուլիսի 27-ին Դսեղի Մշակույթի տան դահլիճում միջոցառում էր, պարում էին «սմայլիկները»: Միջոցառման ավարտից հետո զրուցեցի պարուսույց Տաթև Հովսեփյանի հետ:

-Պատմեք Ձեր մանկությունից, ինչպե՞ս սկսեցիք պարով զբաղվել, որտե՞ղ էիք պարի հաճախում:

-Դեռ շատ փոքր հասակից երազել եմ դառնալ պարուհի: Դպրոցական տարիներին Դսեղում հաճախել եմ հայկական ժողովրդական և վրացական պարերի, հետագայում նաև Վանաձորի «Գայաննա» կենտրոնի պարային ստուդիա, որտեղ նաև ուսուցանել եմ:

-Ինչպե՞ս որոշեցիք պարուհի դառնալ:

-Ինչպես արդեն նշեցի, դեռ մանկուց եմ երազել պարուհի դառնալու և մեծ բեմեր դուրս գալու մասին: Հիշում եմ, թե ինչքան մեծ էր ցանկությունս հայտնվել «Պարիր, թե կարող ես» նախագծում: Հասկանալով, թե դա ինչ լուրջ և ինչ մեծ պատրաստվածություն է պահանջում՝ ես մեկ է, ուզում էի իմ մասնակցությունն ունենալ: Համոզված էի, որ ի վերուստ տրված պարային ունակություններս կօգնեն ինձ անցնել մի քանի փուլ, սակայն այդ ցանկությունս այդպես էլ անկատար մնաց, քանի որ ընտանիքիս անդամները հավանություն չտվեցին այդ մտահղացմանը:

-Ինչպե՞ս արձագանքեց Ձեր ընտանիքը պարուհի կամ պարուսույց դառնալու որոշմանը: 

-Հայրս միշտ դեմ է եղել, որ ես դառնամ պարուհի՝ ասելով, որ դա ինձ ոչինչ չի տա, ավելի լավ է՝ մտածեմ այլ մասնագիտության մասին: Ինչ խոսք, այդ արգելքը «փշրեց» իմ բոլոր նվիրական երազանքները՝ կապված պարի հետ: Սերս դեպի օտար լեզուներն օգնեց ինձ մասնագիտություն ընտրելու հարցում, բայց ես շարունակում էի ապրել իմ ստեղծած պարային աշխարհում: Մինչև պարուսույցի աշխատանքին անցնելս՝ վերջին զանգերի և հարսի մենապարերի մի քանի բեմադրություններ եմ կատարել, նաև՝ քրոջս հարսանիքին, ինչը հաճելի անակնկալ էր բոլորի համար: Դրանից հետո արդեն հարազատներս էլ էին ցանկանում, որպեսզի ես դառնամ պարուսույց, և այդ փաստն ինձ միանշանակ շատ ուրախացրեց:

-Ձեր մասնագիտություններից առաջինը պա՞րն է: 

-Ոչ, Դսեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի «թարգմանություն և գործավարություն» բաժինը, որն ավարտելուց հետո ընդունվել եմ Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «անգլերեն լեզու և գրականություն» բաժինը: Պարը իմ երրորդ մասնագիտությունն է:

-Պատմեք Ձեր համույթից, ինչպե՞ս ստեղծվեց այն: 

-«Սմայլ» պարային համույթն ստեղծվել է 2015 թ.-ի մարտ ամսին, Դսեղի Մշակույթի տան տնօրեն տիկին Սյուզաննա Խառատյանի աջակցության շնորհիվ: Նրա հետ միասին նաև գնացինք դպրոց և հայտարարեցինք, որ բացվելու է պարի խմբակ, ցանկացողները կարող են հաճախել և սովորել տարբեր ազգագրական, ինչպես նաև՝ ժամանակակից ոճի պարեր: Ի զարմանս ինձ՝ ցանկացողների թիվը շատ էր, մոտ 108 հոգի արդեն գրանցվել էին: Այժմ աշխատում եմ 4 տարբեր տարիքային խմբերի հետ:

-Ո՞րն է Ձեր նախընտրած պարի ոճը: 

-Ինձ համար չեմ կարող առանձնացնել որևէ պարի ոճ, պարը կյանքի իմ ոճն է:

-Պարով զբաղվելիս խանգարող հանգամանքները շատ են լինում: Ի՞նչն է օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները: 

-Յուրաքանչյուր բնագավառում էլ կարելի է հանդիպել շատ դժվարությունների, ինչու չէ՝ նաև հիասթափությունների, և միայն դրանք սիրով և համբերատարությամբ հաղթահարելով ես գնահատում այն ամենը, ինչով մարդը կարող է իրեն երջանիկ ու սիրված զգալ: Երբ շատ ու շատ փորձերից հետո տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը և դրական արձագանքը հանդիսատեսի կողմից, դա իմ՝ դժվարին ուղին հաղթահարելու կողմնացույցն է: Ինձ օգնում են նաև իմ աշակերտները, որոնք միշտ իմ կողքին են: Ես զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, ինչի համար էլ շատ շնորհակալ եմ:

syuzanna kharatyan

Կիկոսի մահը

Երբ տանը մենակ ես լինում, ինչ խենթություն ասես, որ մտքովդ չի անցնում:

Մտածում ես, պատկերացնում ու որոշում օր և ժամ, որ իրագործես նպատակդ, հաճախ դու չես որոշում այդ օրը, քանի որ դա տոն է, և ոչ միայն դու ես նշում, այլ քեզ նման հազարավոր մարդիկ։ Այդ օրը, որի մասին մտածում, երազում և պատկերացնում էի, մեր վերջին զանգի օրն է, որը ոչ հեռու ապագայում է՝ ընդամենը 3 տարի հետո (դե, ես մտածում եմ, որ 3 տարին շատ շուտ կանցնի): Արդեն նաև համացանցն էի փորփրել, թե ինչ համազգեստ պետք է հագնենք աղջիկներով և այլն… Բայց այս ամենից զատ պարզվեց, որ իմ դասընկերներն էլ են ամեն օր մտածում վերջին զանգի մասին, ու այդ խենթ միտքը ամառ օրով մեզ հավաքեց իրար գլխի: Սկսվեցին բուռն քննարկումները: Դե, մեր ժամանակներում «իրար գլխի հավաքվելը» հանդիպումը չէր, այլ ֆեյսբուքը և դասարանական զրուցարանը։ Տեսաֆիլմեր էինք միմյանց ուղարկում, քննարկումներ անում։

-Կարանք էս վիդեոն մեր օրինակով անենք:

-ՉԷ՛, դա հարմար չի, էս մեկն ավելի լավն ա:

Նմանատիպ շատ երկխոսություններ ունեցանք։ Դա էլ հերիք չի, սկսվեցին հեռախոսազանգերը: Զանգում էինք հատկապես նրանց, ովքեր այդ պահին օնլայն չէին։ Նրանք էլ միացան մեզ ու սկսվեց նոր մտքերի շարանը:

Հետո խելքի եկանք ու հասկացանք, որ մինչև 2020 թվականը դեռ այնքան ժամանակ կա, որ կհասցնենք մտածել, փորփրել ու իրագործել:

Ու այդպես մի վայրկյանում անհետացան մեր վառ երազանքներն ու մտածմունքները, որոնք կապել էինք մեր վերջին զանգի հետ:

syuzanna kharatyan

Քանի երեխա կա ձեր բակում

Երբ փոքր էի, մեր բակում իմ հասակակիցների թիվը շատ չէր՝ մենք երեքով էինք: Դե, երեքով այդքան էլ հետաքրքիր չէր խաղալը, իսկ մեր ավագ ընկերներն էլ մեզ չէին թողնում իրենց հետ խաղալ: Եթե անգամ խաղում էինք, միշտ երկրորդական դերում էինք լինում (մեր լեզվով ասած՝ ճուտլիկ): Երբ գնում էին «բաղերը», մեզ չէին թողնում իրենց հետ գնալ, սակայն մենք գաղտնի փորձում էինք գնալ նրանց հետևից: Բնականաբար, չէր հաջողվում: Մենք էլ որոշեցինք միջոցառումներ կազմակերպել և ակտիվ գործունեությամբ զբաղվել: Մեր հարևանի տունը հարմար էր այդ գործունեության համար: Տան դիմաց մի տարածք կար, որն էլ եղավ մեր դահլիճը: Շատ զգեստներ հավաքեցինք և որոշեցինք նորաձևության մրցույթ-ցուցադրություն կազմակերպել: Հրավիրեցինք մեր բոլոր հարևաններին, իսկ մեր ավագ ընկերներին, որոնք մեզ չէին խաղացնում, նշանակեցինք ժյուրիի անդամներ (քույրս էլ էր ժյուրիի կազմում): Մրցույթում հաղթեցի ես, և ընկերներիս թվում էր, թե քույրս կապ ունի իմ հաղթանակի հետ: Հետո տարբեր համերգներ ունեցանք:

Երբ մենք մեծացանք, որոշեցինք միջոցառում կազմակերպել փոքրերի հետ և նրանց մի որոշ ժամանակով կտրել այդ «սառը» էկրաններից: Մեզ դա որոշ չափով հաջողվեց: Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում կազմակերպեցինք, իսկ վերջում ոգևորելու նպատակով նրանց պատվոգրեր բաժանեցինք:

Հիմա շատ երեխաներ այնքան են տարվել համակարգչային խաղերով, որ նույնիսկ չգիտեն, թե քանի երեխա կա իրենց բակում, մոռացել են, թե ինչ է բակային խաղը և անգամ չգիտեն, թե ինչ է նշանակում մանուկ ժամանակ մեծերի կողմից «մերժված» լինելը: