syuzanna kharatyan

Կիկոսի մահը

Երբ տանը մենակ ես լինում, ինչ խենթություն ասես, որ մտքովդ չի անցնում:

Մտածում ես, պատկերացնում ու որոշում օր և ժամ, որ իրագործես նպատակդ, հաճախ դու չես որոշում այդ օրը, քանի որ դա տոն է, և ոչ միայն դու ես նշում, այլ քեզ նման հազարավոր մարդիկ։ Այդ օրը, որի մասին մտածում, երազում և պատկերացնում էի, մեր վերջին զանգի օրն է, որը ոչ հեռու ապագայում է՝ ընդամենը 3 տարի հետո (դե, ես մտածում եմ, որ 3 տարին շատ շուտ կանցնի): Արդեն նաև համացանցն էի փորփրել, թե ինչ համազգեստ պետք է հագնենք աղջիկներով և այլն… Բայց այս ամենից զատ պարզվեց, որ իմ դասընկերներն էլ են ամեն օր մտածում վերջին զանգի մասին, ու այդ խենթ միտքը ամառ օրով մեզ հավաքեց իրար գլխի: Սկսվեցին բուռն քննարկումները: Դե, մեր ժամանակներում «իրար գլխի հավաքվելը» հանդիպումը չէր, այլ ֆեյսբուքը և դասարանական զրուցարանը։ Տեսաֆիլմեր էինք միմյանց ուղարկում, քննարկումներ անում։

-Կարանք էս վիդեոն մեր օրինակով անենք:

-ՉԷ՛, դա հարմար չի, էս մեկն ավելի լավն ա:

Նմանատիպ շատ երկխոսություններ ունեցանք։ Դա էլ հերիք չի, սկսվեցին հեռախոսազանգերը: Զանգում էինք հատկապես նրանց, ովքեր այդ պահին օնլայն չէին։ Նրանք էլ միացան մեզ ու սկսվեց նոր մտքերի շարանը:

Հետո խելքի եկանք ու հասկացանք, որ մինչև 2020 թվականը դեռ այնքան ժամանակ կա, որ կհասցնենք մտածել, փորփրել ու իրագործել:

Ու այդպես մի վայրկյանում անհետացան մեր վառ երազանքներն ու մտածմունքները, որոնք կապել էինք մեր վերջին զանգի հետ: