Էլլա Մնացականյանի բոլոր հրապարակումները

Լուսանկարը՝ Սերյոժա Առաքելյանի

Երևան՝ սիրո քաղաք. Էրեբունի-Երևան 2799

ella mnacakanyan yerevan

Յոգա-մոգական կամ մոգական յոգա

-Նամաստե,- ձեռքերի ափերը խաչում ու գլուխը փոքր-ինչ խոնարհում է Անահիտը:
-Նամաստե,- նույնը մեխանիկորեն կրկնում եմ ես:

Նա նայում է դեմքիս ու թերևս կռահում, որ առանց հասկանալու կրկնեցի ժեստը:
-Նամաստե, այսինքն՝ իմ ներսի ադամանդը ողջունում է քո ներսի ադամանդին:
Ես ժպտում եմ: Իմ պատկերացմամբ՝ ներսիս ադամանդը պիտի ժպտերես լինի: Ես ժպտում եմ՝ չնայած իմ ներսի ադամանդը ներկաներից միակն է, որ յոգայից բոլորովին գլուխ չի հանում: Սկսում ենք մեր յոգա-մոգական դասը:
Հայաստանում յոգայի մասին պատկերացումները, եթե դրանք կան առհասարակ, շատ խառն ու ցաքուցրիվ են: Ու իմ պատկերացումներն էլ այս առումով բացառություն չեն: Չէին: Համենայնդեպս, պատկերացում չունեի, որ միայն քեզ մտացածին ոսկով օծելով կամ «ճիշտ» շնչել-արտաշնչելով կարող ես մի լավ լիցքաթափվել լարված օրվանից հետո ու ներդաշնակություն գտնել ինքդ քեզ հետ:

Երևի հարց ծագեց՝ ի՞նչ ասել է «ճիշտ» շնչել-արտաշնչել: Բանաձևն ասե՞մ: Պարզապես պիտի կարողանաք շունչ վերցնել ձեր կյանքի լավագույն օրվանից՝ ա՜յ, այն մեկից, երբ երջանկությունից թվում էր՝ յոթերորդ երկնքում եք: Իսկ հիմա փորձե՛ք մոխրագույն օձի մեջ ամփոփել ձեր ներսի չարությունն ու բացասական լիցքերը կամ ալ կարմիր աքաղաղի մեջ՝ խանդն ու նախանձը: Ստացվե՞ց: Դե՛, հիմա այն ամենալա՜վ ու երջանիկ օրվանից վերցրած շունչն արտաշնչեք՝ պատկերացնելով, թե քթից դուրս եք հանում մոխրագույն օձին կամ ալ կարմիր աքաղաղին: Մի բան ստացվե՞ց: Եթե ոչ, ապա ոչի՜նչ, նորից փորձեք, ինձ մոտ էլ սկզբում ոչինչ չէր ստացվում: Անահիտը՝ մեր յոգա-մոգական դասի՝ պրոֆեսիոնալ որակավորում ունեցող ուսուցչուհին, ասում էր, որ կարևորն առանց հուսահատվելու փորձելն է. մի փոքր պրակտիկա, ու ամեն ինչ կստացվի: Անահիտի յոգան իսկապես մոգական էր, ու ստիպեց ինձ մի պահ կտրվել աշխարհից ու հայտնվել մեկ այլ՝ առանց կաղապարների ու սահմանների իրականությունում, որտեղ ենթագիտակցությունը գերիշխում էր միշտ զգոն գիտակցությանս:

ella mnacakanyan yerevan

Կասկադը՝ ժամանակակիցի ու ազգայինի խաչմերուկ

Կասկադը Երևանում ինձ ամենահարազատ վայրերից է միշտ եղել: Իսկ մայիսից սեպտեմբեր ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը այն դառնում է նաև ամենասիրելին՝ չնայած մարդաշատությանն ու աղմուկին: Այդ օրերին Կասկադը վերածվում է մի խաչմերուկի, որտեղ «բախվում» են ժամանակակիցն ու հին ազգայինը՝ ազգագրական երգն ու պարը: Արդեն երկու տարի է, ինչ ես նույնպես մասնակից եմ դառնում ամենամսյա այս տոնին, որն իրար շուրջ է հավաքում թե՛ արտաքնապես, թե՛ կենսակերպով ու թե՛ էությամբ ամբողջապես տարբեր մարդկանց, որոնց միավորում է միայն մեկ բան՝ սերը հայկական մշակույթի հանդեպ: Ինչո՞ւ չնշեցի միևնույն ազգային պատկանելիությունը: Որովհետև, ի ուրախություն ինձ, ամեն ամիս կտրուկ աճում է նաև այն զբոսաշրջիկների թիվը, ովքեր այդ օրերին գալիս են Կասկադ ու այնպիսի մեծ ոգևորությամբ են փորձում սովորել հայկական ազգագրական պարերը, որ ինքդ ես ամաչում, երբ հասկանում ես, որ դու էլ լավ չես տիրապետում դրանց:

Ես ինքնուս եմ: Պարերը սովորել եմ ամեն անգամ Կասկադ գալով ու համառորեն փորձելով կրկնել կողքիններիս շարժումները, որոնց անընդհատ խանգարում էի իմ՝ պարել չիմանալով: Բայց չէ՜, այնտեղ ինձ հանդիպած մարդիկ միշտ այնքա՜ն բարեհամբույր ու պատրաստակամ են եղել՝ օգնելու սովորել պարերը, ու քաջալերել են, երբ ինչ-որ շարժում շարունակ չի ստացվել: Ու այդ հանգամանքն այն մագնիսն է, որ երկաթի նման ինձ ամեն անգամ ձգում, քաշում է դեպի Կասկադ ու նույնիսկ ոգևորում այնքան, որ երկու անգամ համարձակվել եմ ինձ հետ օտարերկրացիների բերելու: Այս տարվա վերջին բացօթյա համերգին՝ սեպտեմբերի 30-ին, թեև հետս դրսից հյուրերի չէի բերել, բայց այնքան էի հպարտանում, որ պարողների մեջ գրեթե ամեն երրորդը ծանոթ ու հարազատ էր՝ մեծամասամբ համալսարանից: Մինչդեռ վերջերս, երբ կրթական ծրագրի շրջանակներում հյուր էինք երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, վերջինս պնդում էր, թե Հայաստանում Ֆրանսիական համալսարանը թեև տալիս է որակյալ մասնագիտական կրթություն, բայց կաղում է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում: Այդ ժամանակ շատ տխրեցի այդ խոսքերից, բայց ոչ մի հակափաստարկ չկարողացա ներկայացնել: Իսկ հիմա վստահորեն կարող եմ ասել, որ մեր համալսարանը եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում մնացած բուհերին ռազմահայրենասիրական կրթությամբ: Չնայած՝ դա արդեն կարևոր էլ չէ…
Կարևորն այն է, որ ամսեամիս Կասկադում մարդիկ շատանում են, պարելու տեղը՝ փոքրանում, մթնոլորտը դառնում է ավելի ջերմ, իսկ ոգին՝ ավելի հայկական:

ella mnacakanyan yerevan

Ուսանողական բողոքներ

Երևի ցանկացած դիմորդի ծանոթ է այն երջանիկ պահը, երբ վերջապես հանձնում ես վերջին քննությունդ (ընդ որում, կապ չունի՝ լավ, թե վատ) և մտնում տուն ազատության այնպիսի զգացումով, ասես ողջ կյանքիդ ընթացքում ուսերիցդ կախված մի ծանր բեռից ես ազատվել: Հաղթահարում ես շտեմարաններդ իսպառ այրելու երկու տարվա անհագ ցանկությունդ՝ մտածելով, թե սա վերջն էր, այլևս նման դժոխքում չես հայտնվի, բայց… Բայց քեզ համար շատ անսպասելիորեն պարզվում է, որ հունիսից ընդամենը երկու ամիս հետո գալիս է սեպտեմբերը, և երկու աներևակայելի կարճատև ամիսներին հաջորդում է մի նոր՝ ավելի ծանր դժոխք: Դե՜, հա՜, երևի հասկացաք, որ խոսքը համալսարանում հայտնվելու մասին է: Բայց բողոքս ոչ թե համալսարանին կամ բուն կրթությանն է վերաբերում, այլ այն եղանակին, որի միջոցով «կազմակերպվում» է կրթական պրոցեսը: Իսկ դա, սիրելի՛ ընթերցող, ինքնակազմակերպումն է:

Չէ՜, անկեղծ, ինչպե՞ս եք պատկերացնում՝ ո՞նց պիտի ինքնակազմակերպվի շուրջ 80 ուսանողներից կազմված կուրսը, որտեղ ոչ ոք ոչ ոքի գրեթե չի ճանաչում: Ես ասում եմ՝ ուսանող, դուք հասկացեք՝ երեկվա աշակերտ, որը սովոր է, որ իրեն պիտի ուղղորդեն, ցույց տան, սովորեցնեն, որն առաջին անգամ է համալսարանում ու բացարձակապես գլուխ չի հանում համալսարանական կյանքից: Աշակերտ, ով ուներ 30 հոգանոց դասարան, դասղեկ ու ավագ, հիմա չունի ո՛չ լսարան, ո՛չ կուրսղեկ, ո՛չ ավագ: Ի՞նչ անել: Այո՛, փորձեցինք ինքնակազմակերպվել:
Համալսարանական առաջին շաբաթն այն աստիճան խառն ու փնտրտուքների մեջ է անցնում, որ թվում է՝ դասի գնալուդ օրվանից ոչ թե մեկ շաբաթ է անցել, այլ մեկ ամբողջ տարի: Հիմա արդեն մեկ ամիս է անցել այն օրվանից, ինչ սկսել ենք համալսարան գնալ, բայց, փառք Աստծո, ամբողջ մեկ տարվա զգացողությունը չի կրկնապատկվել: Բայց, դե այնպես չէ, որ նվազել է: Դեռ կայուն է: Միայն հուսանք, որ մեր ստացած կրթությունը ու դրա դերը մեր կյանքում կարդարացնեն մեր բոլոր սպասելիքները ու կստիպեն մի օր խոստովանել, որ չէ՜, զուր էինք այսքան բողոքում:

ella mnacakanyan yerevan

Երանի՜ ինձ

Այս տարվա սեպտեմբերի 1-ն իսկապես ուրիշ էր իմ կյանքում: Չէ՛, չէ՛, մի՛ շտապիր փակել նյութիս պատուհանը, չեմ պատրաստվում ծեծված ու սրտակեղեք խոսքեր գրել այն մասին, որ ավարտել եմ դպրոցը, որ ցավո՜ք էլ երբեք աշակերտ չեմ լինի: Չեմ ստելու, թե կարծես երեկ լիներ, որ մայրիկիս ձեռքը բռնած՝ առաջին անգամ եկա դպրոց: Ի՜նչ երեկ, կարծես մի հավերժություն է անցել այդ օրվանից, ու որ ճիշտն ասեմ՝ առհասարակ չեմ հիշում՝ կոնկրետ ում ձեռքն էի բռնել տանեցիներից: Մի խոսքով, դա կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ այդ փաստաթղթերում՝ 12, իսկ իրականում՝ 11 տարիներն արդեն անցյալում են, և ես ուսանող եմ: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ն արտասովոր էր այնքանով, որ այս անգամ, հակառակ օրինաչափությանը, ոչ թե ես էի ուշանում սեպտեմբերի 1-ից, այլ այն՝ իմ կյանքից: Չէ՛, այնպես չէ, որ ես այլ ժամային գոտում եմ գտնվում, կամ ինձ որևէ կերպ հաջողվել է կանգնեցնել ժամանակը, պարզապես այս տարի իմ համալսարանը որոշել էր մի քանի օրով երկարեցնել ամառը՝ այդպիսով, համոզված եմ, դառնալով ամենասիրելին իր առաջին կուրսեցիների շրջանում: Ու մինչ Գիտելիքի օրվա նախօրեին բոլոր ընկերներս զբաղված էին, պատրաստվում էին գալիք օրվան, մի կերպ փորձում պայմանավորվել վարսահարդարների հետ, որոնց ժամերն այդ օրվա համար, ի դեպ, դեռ 1-2 շաբաթ առաջվանից էին ֆիքսված, ընտրում էին իրենց հագուստները, ես սպանում էի երեկոն համակարգչի էկրանի դիմաց՝ ինչպես և նախորդող երեք ամիսներին: Դե՜, հետո սկսվեց ֆեյսբուքյան սրտաճմլիկ ու կիսահումորային ստատուսաշարը՝ ամառվա վերջին օրվա ու աշնան սկզբի մասին, իսկ ես այդ ամենին այնքա՜ն անհաղորդ էի: Հաջորդ առավոտյան էլ նամակների ու զանգերի տեղատարափն էր՝ սեպտեմբերմեկյան շնորհավորանքների տեսքով, որոնց ես շարունակ պատասխանում էի.
-Շնորհակալ եմ, բայց իմ սեպտեմբերի 1-ն այս տարի ամսի 4-ից է:
Հետո ստիպված էի լինում բացատրել, թե ինչու կամ ինչ պատճառով, վստահեցնել, որ հաստատ դաս չկար, դրա համար չեմ գնացել ու լսել այդքան հաճելի «երանի՜ քեզ»-ը: Իրոք որ, երանի ինձ, որ այս տարի ամառս երկարեց ևս 3 օրով, բայց հուսանք, որ գարունն էլ սպասվածից 3 օր շուտ կգա իմ կյանք:

ella mnacakanyan yerevan

Արծվաքար

Արծվաքարը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի հարևանությամբ: Չնայած նրան, որ տեղացիները կատակով, իսկ երբեմն էլ լուրջ այն ոչ թե գյուղ են անվանում, այլ Գավառ քաղաքի թաղամաս, միևնույնն է, իմ աչքերում այն շարունակում է մնալ իսկական, հայկական մի գյուղ՝ իր քարքարոտ լեռնաշխարհով ու ավանդապաշտ բնակիչներով: Արծվաքարն իմ հայրենի գյուղը չէ. ես այստեղ չեմ ծնվել: Այստեղ չեն ծնվել նաև ծնողներս: Արծվաքարը պապիս գյուղն է: Չնայած՝ մեծ հաշվով վերցրած՝ պապս էլ իր կյանքի հիմնական մասն անց է կացրել Երևանում ու գուցե ավելի շատ երևանցի է, քան արծվաքարցի: Բայց չէ՛, Արծվաքարը նրան ծնել է ու սնել, ու նրա մանկության լավագույն հիշողություններն էլ, բնականաբար, կապված են հենց իր հարազատ բնօրրանի հետ: Այստեղ կանգուն է նրա հայրական տունը, և մենք տարին ամենաքիչը մեկ անգամ, կտրվելով մայրաքաղաքային թոհուբոհից, գալիս ենք Արծվաքար՝ վայելելու մեզ հոգեպես ու արյան կանչով հարազատ գյուղի ջերմությունը: Չէ՛, խոսքը գյուղի «շոգ» եղանակի մասին չէ, հատկապես՝ գիշերները, երբ թվում է՝ դրսում ջերմաստիճանը հատում է նույնիսկ 0-ի շեմը, այլ այն մարդկային ջերմության, որն ամեն անգամ գտնում եմ իսկական գյուղական անկեղծ շփման ու փոխհարաբերությունների մեջ: Եվ քանզի ժամանակ առ ժամանակ իմ ներսում արթնանում է մի ռոմանտիկ, զգացմունքային էակ, որն ամենապարզի մեջ անգամ ինչ-որ սիմվոլիզմ է տեսնում, թո՛ւյլ տվեք ներկայացնել մի փոքրիկ նկարագրություն իմ լեռնահայրենիքից, որը ծնվեց մտքումս, երբ նայում էի Արծվաքարի քարքարոտ լեռներին:

Մթնշաղ է: Տարվա այս եզակի երջանիկ ամիսներին կանաչով պատվող լեռների ու բլրակների գրկում ծվարած այս բնակավայրում, որ տեղացիները հպարտորեն իրենց հայրենիքն են համարում, օրվա ավարտն է նշմարվում: Իրենց առօրյա հոգսերից վերջապես ազատված (կամ գրեթե ազատված) գյուղացիները փակել են իրենց տան դռներն ու վայելում են երեկոյի խաղաղ հոգնությունը: Քարաշեն տների՝ հպարտորեն դեպի վեր ձգվող մի քանի տանիքների ծխնելույզներից ելնում է նորաթուխ հացի ծուխը, որն ասես վկայում է, որ հարատև է այստեղ ապրողի «հոգսառատ երջանկությունը»: Ցուրտ է, թեպետ դեռ մի քանի ժամ առաջ տապն այնպես էր խեղդում, որ թվում էր, թե ամենաշոգ ամառն այստեղ է լինում: Երկինքն աներևակայելի խաղաղ է: Ամպերի մանր կտորտանքներն ընկղմվել են հորիզոնի հեռվում, որ կարմրավուն երանգ է ստացել մեռնող արևի վերջին ճառագայթներից…
Մթնեց: Երդիկներից ելնող տաք ծուխը մարեց, պատուհաններից երևացող ճրագները հանգեցին: Վաղը՝ լեռների գրկից ծնվող արեգակի առաջին շողերի հետ, մի նոր առավոտ կբացվի այստեղ, ու գյուղը նորից կծնվի ու նորից կապրի իր հին «հոգսառատ երջանկությամբ»:

Ես ուզում եմ, որ Հայաստանի այս մի բուռ անկյունում, որն անչափ հոգեհարազատ է ինձ, ինչպես նաև մնացած բոլոր անկյուններում, որոնք հարազատ ու սիրելի են ուրիշներին, միշտ զգացվի նորաթուխ հացի բույրը ու թևածի «հոգսառատ» երջանկությունը: Ես ուզում եմ, որ Հայաստանը՝ քարտեզի վրա երևացող իր բոլոր կետերով, շարունակ ապրի ու շնչի այն ջերմությամբ, որով իրենց կյանքն են կերտում արծվաքարցիները:

ella mnacakanyan yerevan

Սերունդները փոխարինվում են

-Հը՞ն, Գո՛ռ, դեռ «պավեստկադ» չե՞ն տվել:

Արդեն մի քանի օր էր, ինչ սկսվել էր ամառային զորակոչը, ու նույնքան օր էր, ինչ ես նույն հարցն էի տալիս ընկերներիցս մեկին, որը պիտի ծառայության գնար այս ամռանը: Ու ամեն անգամ ստանում էի բացասական պատասխան: Ծիծաղելով ասում էի.

-Աչքիս մոռացել են քո մասին:

Մի պահ ուրախանում էի, որ դեռ չի գնում, հետո հասկանում՝ միևնույնն է, գնալու է, ուրեմն, ինչքան շուտ՝ այնքան լավ:
Արդեն մի քանի օր էր, ինչ սկսվել էր ամառային զորակոչը, հետևաբար՝ նաև զորացրումը: Արդեն մի քանի օր էր՝ ընկերներիցս մեկին հարցնում էի՝ երբ է գալու, ասում էր՝ բան չմնաց, մի քանի օրից: Ուրախանում էի, որ շուտով գալու է, հետո հիշում էի, որ մյուսն էլ գնալու է, ու խառը զգացողություն էր ներսումս առաջանում: Ստացվում էր՝ ընկերներս փոխարինելու են միմյանց: Ես ասում եմ ընկեր՝ դուք հասկացեք եղբայր ու եղբորից էլ առավել, հասկացեք սյուն ու ապավեն, որոնցում մինչև վերջ վստահ եմ:

Արդեն մեկ-երկու օր էր, որ Գոռին էլ նույն հարցը չէի տալիս, այն օրը դրական պատասխան էի ստացել: Արդեն մեկ-երկու օր էր` ծառայող ընկեր-եղբորս էլ չէի հարցրել՝ երբ է գալու, օրն ասել է: Պարզվում է՝ Գոռը գնում էր նրա վերադարձից մեկ օր շուտ: Փաստորեն, երկու ընկեր չէին հասցնում իրար տեսնել, բայց փոխարինվում են մեկը մյուսով: Փաստորեն, նույնիսկ մեկ օր մեր բանակը չի զրկվում իր սյուներից, ու ես էլի կարող եմ հանգիստ խղճով գլուխս դնել բարձին:

Դե՜ ինչ, բարի ու անփորձանք ծառայություն բոլոր նրանց, ովքեր զորակոչվել են և բարի վերադարձ նրանց, ովքեր պատվով վերադարձել են հայրենի օջախներ:

ellaMnacakanyan

Օրիորդ երջանկություն կամ` Կապույտը

Ասում են՝ հեղինակի համար գիրքը նման է սեփական երեխային: Շատ տարածված ու հայտնի համեմատություն է, երևի լսած կլինեք: Դե՜, տարածված մտքերն էլ միշտ մի տեսակ ձևական են հնչում, բայց այս մեկը վստահաբար բացառություն է: Վստահաբար, որովհետև սեփական փորձով եմ համոզվել դրանում: Իսկապես, երբ ամիսներ շարունակ աշխատում ես մի ստեղծագործության վրա, ակամա անգիր սովորում յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, ինքդ քո մեջ վերծանում ու վերլուծում ես գրածիդ միտքն ու ասելիքը, կապվում կերտածդ հերոսների հետ ու սկսում ինչ-որ պահի ապրել նրանց ճակատագրերով, զգում ես, որ դեռ լույս չընծայված գիրքդ դարձել է այնքան հարազատ, ինչքան դեռ չծնված փոքրիկն իր մոր համար: Միակ տարբերությունն այն է, որ գիրքը սնվում ու ձևավորվում, փոփոխությունների է ենթարկվում նախ գլխումդ, ապա համակարգչիդ ֆայլերում՝ որովայնի փոխարեն: Ու հա՜, միշտ չէ, որ հենց 9 ամսից է լույս աշխարհ գալիս:

Եվ ուրեմն կարելի է ասել, որ ես արդեն կրկնակի մայր եմ, որովհետև պաշտոնապես ծնվել է իմ երկրորդ «մանկիկը»՝ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» անունը կրող գիրքը: Փաստորեն, «Նամակ»-ն արդեն կրտսեր քույր ունի (իմ 2 գրքերն էլ, չգիտեմ ինչու, մի տեսակ իգական սեռի են իմ աչքերում): Եվ այս պահից ի վեր, «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այլևս ոչ միայն իմն է, այլև հանրությանը: Ես հույս ունեմ, որ ընթերցողը կծանոթանա նրա հետ, կկարդա ու կբացահայտի նրա էությունը, գուցե նաև լիովին կընկալի ու կսիրի նրան, բայց ավելի շատ կցանկանամ, որ իր ճիշտ քննադատությամբ, դիպուկ նկատառումներով օգնի դառնալ ավելի լավը եթե ոչ իմ «մանկիկին», ապա գոնե նրա՝ դեռ չծնված «քույր-եղբայր»-ներին, քանզի միայն ու միայն թերությունները շտկելով է հնարավոր կատարելագործվել:

Ձեզ էլ թվա՞ց, որ այս նյութս մի տեսակ տարբեր էր նախորդ նյութերիցս: Ինձ այդպես թվաց: Ուրեմն, թո՛ղ այս անգամվա վերջաբանս էլ տարբեր լինի մնացածից: Որպես վերջաբան՝ պարզապես մի մեծ շնորհակալություն այն մարդկանց, որոնք հավատացին իմ ուժերին ու սատարեցին անիրական թվացող նպատակս իրագործելու ճանապարհին:

Հ.Գ. Քանի որ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այսուհետ ավելի շատ ձերն է, քան իմը, այն կարող եք գտնել Երևանի «Բուկինիստ» գրախանութում:

ella mnacakanyan yerevan

Գիշերային երաժշտություն

Բարև: Էլի ես եմ ու էլի 58 համարի ավտոբուսի մասին եմ խոսելու: Չէ՛, այս անգամ խոսքն անտանելի շոգի ու կաթվածահար երթևեկության մասին չէ՝ չնայած, որ էլի սարսափելի շոգ ու նույնքան սարսափելի երթևեկություն է Երևանում: Այս անգամ պատմելու եմ մի 16-17 տարեկան աղջկա մասին, որն ստիպեց ճանապարհիս կեսը մտորումների մեջ անցկացնել:

Հերթական անգամ երթևեկում էի ավտոբուսով, բնականաբար, կանգնած, երբ, ի ուրախություն ինձ, նստելու տեղ ազատվեց: Ժպտալով նստեցի, որովհետև հիշել էի, որ սիրելի գիրքս մոտս է: Հարմար տեղավորվելուն պես բաց արեցի պայուսակս ու հանեցի գիրքս: Սկսեցի կարդալ: Վերջին շրջանում այնքան զբաղված էի, որ միայն երթևեկելիս էի կարողանում ընթերցել: Աչքերով գտա այն տողը, որի վրա կանգ էի առել անցած անգամ, քանի որ ստիպված էի եղել իջնել իմ կանգառում, ու սկսեցի:

Գրքասերները կհասկանան ընթերցանությունը սկսելուն հաջորդած 4-5-րդ րոպեին առաջացող այն զգացումը, երբ սկսում ես կամաց-կամաց կտրվել քեզ շրջապատող իրականությունից (նույնիսկ աղմկոտ շարժիչով ավտոբուսում գտնվելու դեպքում), եթե իհարկե սյուժեն հետաքրքիր է, ու մտովի հայտնվում ես այնտեղ, որտեղ տեղի են ունենում կարդացածդ գրքի գործողությունները: Հենց այդպիսի մի էյֆորիկ պահի մեջ էի, երբ հանկարծ վեր թռա: Չէ՛, պատճառը ավտոբուսի կտրուկ արգելակումը չէր, այլ մի աղջկա հարցը, որը կանգնած էր իմ նստատեղի մոտ՝ կարծես գլխավերևումս:
-Քուրի՛կ, որ խնդրեմ` էդ գրքի անունը կասե՞ս,- թեթև ռուսական առոգանություն նկատեցի խոսքի մեջ:
Ես, հանկարծակիի եկած, ռեֆլեքսորեն փակեցի գիրքը ու կարդացի կազմի վրա.
-Ночная музыка,- ասացի այնպես, իբր եթե չնայեի կազմին, չէի կարողանա հիշել անունը:
-Մոյեսի՞նն ա:
-Ահա,- պատասխանեցի ես ու անմիջապես վերադարձա ընթերցանությանս. հետաքրքիր մասում էի կանգ առել:
Շարունակեցի կարդալ, կարդացի երկու-երեք տող, հետո զգացի, որ չեմ ընկալում գրվածը, նորից կարդացի, էլի չհասկացա, երրորդ անգամ էլ նույնը: Պատճառն այն էր, որ միտքս զբաղված էր այն աղջկանով, որի տված հարցը զարմանալիորեն մտորումների մեջ էր գցել ինձ: Կտրվեցի գրքիցս, նայեցի աղջկան: Մենակ չէր, հավանաբար ընկերուհու կամ քրոջ հետ էր, որն իրենից տարիքով ավելի մեծ էր թվում ու կարծես հայաստանցի էր: Չէի էլ նկատել, թե երբ ու որտեղ էին ավտոբուս նստել, կամ թե ինչպես էր այդ աղջիկը հայտնվել գլխավերևումս ու քանի րոպե էր հետևում կարդալուս ընթացքին: Գիրքը փակեցի, տեղավորեցի պայուսակումս ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Չգիտեմ՝ ինչու, հոգիս ուրախությամբ էր պատվել այն մտքից, որ հիմա էլ ավտոբուսներում երիտասարդները իրար հարցնում են ոչ թե հագած զգեստի գնից ու խանութից կամ լսած երաժշտությունից, այլ կարդացած գրքից ու երբեմն կազմից անգամ գուշակում են գրքի հեղինակին:

Իսկ ես արդեն գրքի վերջաբանին եմ մոտեցել, տեսնես այդ աղջի՞կն էլ կարդաց գիրքը:

451° ըստ «Մանանայի»

Հիմա մենք քեզ գիտենք. դու, որ վախեցար տողերի քանակից ու արագ փակեցիր էջը և դու, որ չնայած դրան՝ մարտական նստեցիր մի հարմար տեղ ու սկսեցիր կարդալ, քեզ բարի ընթերցում:

Օր 1-ին.

Ժամը 10:10 կանգառում եմ: Ժամը 10:30 է, մեկ է՝ էլի կանգառում եմ: Ըհըն, ավտոբուս երևաց, նստում եմ: Ոչինչ, կվազեմ ու 11-ին էնտեղ կլինեմ: 4-ից 5 անգամ նայում եմ ինձ հայելու մեջ: Չէ, էսպես մի ժպտա, երևում է, որ ամաչելու ես, հանգստացիր, Ամալյա, հանգստացիր: Իջնում եմ, սկսում եմ վազել, 10:57-ին համարյա հասել եմ, բայց հիմա ո՞ւր: Ըհըն, իմ տարիքի երեխեք են կանգնած, երևի «Մանանա» են գնում: Ու, բարեբախտաբար, Լուսինեն եկավ.

-Դու Ամալյան ես, չէ՞:

-Հա,- մի կերպ արտաբերում եմ ես և ուրախանում, որ մեկն ինձ ճանաչում է:

Մտնում ենք ներս, նստում ենք, նայում եմ Աստղին, շատ ծանոթ է դեմքը, թղթակից է երևի, նայում եմ մյուս կողմ ու չեմ գտնում մեկին, ում հետ կարելի է խոսել: Մի երկու բառ իրար եմ կապում ու մի կերպ ներկայանում եմ: Է, Ամալյա, ախր, խոսք էիր տվել չամաչել: Դասընթացի ընթացքում Էլիզաբեթը հարց է տալիս, ես կմկմալով մի կերպ պատասխանում եմ: Իսկ այ վերջում, երբ գնում էի տուն…

-Կանգնիր, ինչի՞ չես կանգնում, ես չեմ հասցնում քեզ նման արագ քայլել,- լսվեց Էլիզաբեթի ձայնը, որը մի կերպ հասավ ինձ ու սկսեց խոսել:

Պարզվեց՝ Էլիզան ճանապարհի կեսը ինձ էր կանչել, իսկ ես այդպես էլ չէի լսել: Ամոթից փակում եմ դեմքս, բայց փորձում նրա հետ խոսել: Ու ամաչած, կարմիր դեմքով վազում եմ տուն:

Ամալյա Հարությունյան

***

«Է՜, Նարեկն ո՞ւր ա, չկա, բա որ ուշանանք ու ներս չթողնեն: Բայց մի րոպե, Նարե՞ն չի էն ականջակալներով աղջիկը, որ էս կողմ ա գալիս: Հա, էլի»:

-Ա՞ստ,- բարևեցինք, գրկախառնվեցինք,- «Մանանա՞» ես գնում, արի՝ տանեմ:

-Նար, Նարեկին եմ սպասում:

«Գնաց, բայց կարո՞ղ ա պիտի Նարեի հետ գնայի, եսիմ»: Մտքերս ցրվեցին մեկի ձայնից: Եկավ, մոտեցավ ինձ, թե բա՝ կներեք, կարո՞ղ ա «Մանանա» կենտրոնի տեղն իմանաք: Չեք էլ պատկերացնի ինչ ոգևորութամբ պատասխանեցի, որ սպասում եմ՝ գան տանեն, ինքն էլ ինձ հետ սպասեց, Մարիամն էր: Բայց մեկ է, վերջում Նարեենց հետ գնացինք: Չգիտեմ, ինչ բառերով բացատրեմ՝ ոնց էի ամաչում, ոտքերս ինձ չէին ենթարկվում, հազիվ հետս «քարշ տալով» նստեցի: Անկեղծ ասած՝ արդեն պատկերացնում էի «Մանանա» կենտրոնը՝ մեծ ու շքեղ շենք, պատին էլ մեծ-մեծ տառերով գրված՝ «Մանանա» կենտրոն: Իսկ այն իրականում Մաշտոցի պողոտայի աչքի չընկնող շենքերից մեկի բնակարաններից մեկն էր՝ բայց ինչքան սիրով լցված: Մարդիկ ամեն օր անցնում են այդ փողոցով՝ արագ կամ դանդաղ, բայց քչերն են իմանում, որ այդ չորս պատի ներսում կյանքը եռում է, սերունդներ են կրթում, շա՜տ սերունդներ: Լավ, վերադառնանք սենյակ: Դե, արի ու դողացող ձայնովդ ներկայացիր, որ վրադ չծիծաղեն: Անունս էի ասել միայն, երբ տիկին Ռուզանը հարցրեց՝ լացո՞ւմ ես: Փաստորեն հուզմունքս թաքցնել չհաջողվեց: Դա դեռ հեչ, երբ Վահեն գրիչներն էր բաժանում, հերթը հասավ ինձ, և նա իր սովորական դիմելաձևով հարցրեց՝ ի՞նչ կա, Զվյոզդ (Վահեին էլ եմ շուտվանից ճանաչում), հուզմունքից մոռացա հարցին պատասխանել, մի բան էլ գրիչը վերցնելիս մի ձեռքով բռնել էի մյուս ձեռքս, որ չերևա՝ ցնցվում է: Լարվածությունս մինչ դասի վերջ էլ չլքեց ինձ…

Աստղիկ Հունանյան 

***

Գետնանցումում հայտնվելով՝ էլի իմ սովորության համաձայն վեց ելքերը փորձելուց հետո վերջապես գտա ճիշտ ճանապարհը։ Մնացածն արդեն հեշտ էր։ Շենքը գտա, հիմա էլ՝ մուտքը, հետո՝ հարկը: «Էնտեղ երեխեք կան կանգնած, կարող ա իրանք էլ են 17-ի համար եկել, հարցնե՞մ, բա որ ուրիշ մարդիկ լինեն լրիվ, լավ է, հարցնում եմ»։

-Երեխեք, 17-ի՞ց եք։

-Հա, դու գիտե՞ս տեղը։

Տեղը գտանք, բարձրացանք, 160 անգամ թակեցինք, էդպես էլ ոչ մեկը չբացեց։ Նորից իջանք, զանգեցինք, ասացին՝ մեզ 12-ին են կանչել։ Ո՞նց թե 12-ին, հիմա մի ժամ ի՞նչ ենք անելու։ Մի ժամ չէ, 1 ժամ 20 րոպե։ Պարզվեց ոչ էլ 12-ին են կանչել: 30 րոպե հետո եկան, ու ամեն ինչ սկսվեց։ Սիրուն ու հավես անցավ ամեն ինչ։ Առաջին օրը մենք հայտեր էինք լրացնում, որոնց մեջ մի քանի տարօրինակ հարցեր կային։ «Սիրած լուսանկարի՞չ։ Ախր, ես սիրած լուսանկարիչ չունեմ, է, ի՞նչ գրեմ»,- մտածեցի ես ու առաջին դասարանցու նման փորձեցի գաղտագողի նայել, թե կողքինս (որ հետո պարզվեց հեչ էլ Մարիամը չէր, այլ Էլիզը) ինչ է գրել։ Գրել էր «չունեմ»: «Ո՞նց չէի ֆայմել, որ կարելի ա գրել «չունեմ»»։ Ինչ շատ են Մարիամները…

Տաթև Չուխուրյան

***

«Դոդի մեկը, հլը հիշի ճանապարհը, անցած անգամ ո՞նց էիր եկել, է։ Հեսա կգնամ, էնտեղ լիքը երեխաներ կլինեն, տենց կհասկանամ, որ էդ ա։ Եկա, ու ի՞նչ, ոչ ոք չկա, լավ, հեսա կգտնեմ»։

-Լավ, ասենք թե գտար, հետո՞,- սկսեց խոսել աջ ուսիս նստած Էլիզաբեթը,- հա, կժպտաս ու ծանոթներ կփնտրես, հարցեր կտաս ու պատասխաններ կտաս, երբ քեզ էլ հարցեր կտան։ Եկա, հասա, անծանոթ դեմքեր շատ կային։ «Վա՜յ, ես ճանաչում եմ իրան, իրան էլ։ Ինքը էն աղջիկն ա, որ մրցանակաբաշխությանը խուլ ու համրերի լեզվով էր խոսում, իսկ ինքը էն մյուսն ա, որ 17-ում նկարի մեջ գլխին էն տերևներով բանից ա դրած»:

«Ի՞նչ տերևներով բան, հավաքի քեզ, լրջացի մի հատ, ապուշի ժպիտը երեսիցդ թաքցրու»,- խոսեց ձախ ուսիս Էլիզան։

«Նրան էլ գիտեմ, էն «պոնչո» թուշիկներով աղջիկն ա»։

Հետո՝ տուն գնալիս, էդ «պոնչո» աղջկա հետ գնացի: Լավ էր, ես ինչպես միշտ զվարթ էի ու էլի չէի ամաչում։

Էլիզաբեթ Հարությունյան

***

«Երևի էս շենքն ա, պիտի բարձրանամ հինգերորդ հարկ: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ… Մի րոպե, վերջացա՞ն հարկերը, բա հինգերորդ հարկն ո՞ւր ա: Է, դե հաստատ մուտքը շփոթել եմ, զանգեմ Լուսինեին»:

-Ես արդեն հասնում եմ, սպասիր, միասին կգնանք:

Լուսինեն եկավ, ասաց Նարեն էլ գա, միասին գնանք: Նարեն էլ եկավ։

-Էնտեղ «Մանանա» եկող էլի երեխեք կան, Նարեկին են սպասում:

-Լավ, միասին կգնանք:

Երբ վերջապես հասանք, շատերն արդեն այնտեղ էին: Առաջին օրը ինձ շատ կաշկանդված էի զգում, որովհետև ոչ ոքի չէի ճանաչում, բայց ամենից շատ ինձ մենակ զգացի լանչին: Չէի համարձակվում ոչ ոքի մոտենալ, ծանոթանալ: Հանկարծ Մարիամը մոտեցավ ինձ ու Ամալյային ու հարցրեց.

-Որտե՞ղ եք սովորում:

Սկսեցինք զրուցել: Ընդմիջումից հետո տրամադրությունս ավելի բարձր էր, ավելի ազատ էի ինձ զգում: Երևի դա նոր ծանոթությունների արդյունքն էր, ինձ էլ մենակ չէի զգում: Դասերն անցնում էին ընկերական մթնոլորտում: Ամենից լավ հիշում եմ շատախոս և հետաքրքրասեր Էլիզային, որին շատ սիրեցի: Բոլոր ուսուցիչներիս շատ սիրեցի հենց առաջին օրվանից: Օրվա ամենատխուր մասը դասերի ավարտն էր: Մի քիչ Մարիամի և Տաթևի հետ գնալուց հետո մեր ճանապարհները բաժանվեցին, սակայն կանգառում, բարեբախտաբար, կրկին Տաթևին հանդիպեցի: Տեղանքին դեռ լավ ծանոթ չէի, և եթե Տաթևը չհուշեր ճիշտ ճանապարհը, չգիտեմ՝ ուր կգնայի: Ստացած դրական տպավորություններից հետո նույնիսկ շոգը չէր զգացվում: Միայն ուզում էի շուտ տուն հասնել, որ մայրիկիս պատմեմ իմ օրվա մասին:

Մարիամ Գրիգորյան

***

Մեքենան կանգնեց.

-Մարիամ ջան, դու ստեղ կիջնե՞ս, գնաս, ուղղակի կանգնելու տեղ չկա ուրիշ։

-Հա, հա, ես տեղը գիտեմ, խնդիր չկա, մերսի շատ, հաջողություն։

«Յա՜, տեղը գիտեմ, բա չէ։ Լավ, կենտրոնացի, Մարիամ, առանց խուճապի, հանգիստ։ Ուրեմն, պոնչիկանոցի դիմացի մայթին. էն պոնչիկանոցն ա, էն էլ՝ դիմացի մայթը։ Դիմացը շենքեր կան ու հավաքված մարդիկ, հաստատ էս ա «Մանանան»։

Ինձնից գոհ-գոհ մոտեցա հավաքվածներին.

-Բարև ձեզ, կներեք, դուք «Մանանա» կենտրոնի տեղը գիտե՞ք:

-«Մանանա», հըմ, հլը սենց բարձրացի վերև։

Ուրախ-ուրախ բարձրանում եմ վերև։ Իրականում ուղղությունն ավելի սխալ էր, քան ես պատկերացնում էի։ Է՜հ, դե արի էս շոգին էսքան էլ իջի ներքև։ Վերջին հույսս մնացել էին «Պոնչիկանոցի» աշխատողները, բայց որոշեցի էդտեղ կանգնած մեկից էլ հարցնեմ։ Մոտեցա.

-Բարև ձեզ, կներեք, կարող ա՞ իմանաք «Մանանա» կենտրոնը որտեղ ա։

-Վայ, մենք էլ ենք «Մանանան» փնտրում, զանգել ենք, հիմա կմոտենան։

Մեր Զվյոզդն էր՝ Աստղը։ Վերջապես «Մանանա»-ում ենք: Նստած ենք, իմ հերթն է ներկայանալու։ Թու՜, էնքան խառնված էի՝ Միլենի ազգանունը սխալ ասեցի։ «Լավ, կլինի՞ դու մի անգամ առանց իրար խառնվելու հանգիստ խոսես, ուֆ՜»։

Լանչի ժամն էր։ «Ես, ախր, միս չեմ ուտում։ Լավ, հիմա քեզ հավաքի ու կեր, ամոթ ա»։

Առաջին օրը մի կերպ կերա միսը։

Մարիամ Պապոյան

***

Քննություններն ավարտված են: Վերջ, կարելի է հանգիստ շունչ քաշել՝ հույս ունենալով, որ քիչ թե շատ նորմալ ամառ կունենաս ու պասիվ հանգիստ: Պասիվ, այսինքն՝ գիշերը հինգին քնել, 18:00-ին արթնանալ, ու վարել քեզ հարազատ արջի կենսակերպը: Բայց մինչ երազանքների գիրկն ընկնելը, արժե սկզբի օրերը ինչ-որ նպատակի ծառայեցնել, չէ՞: Երբ մոտակա մի քանի օրվա ամեն առավոտ կարթնանաս ժամը ութին՝ հասկանալով, որ ոչ թե քննության ես, այլ վորքշոփի: Ի տարբերություն մյուսների՝ ինձ համար սկիզբը հուզումնառատ չէր: Չէի լարվում, չէի հուզվում, հակառակը՝ սպասում էի, թե երբ եմ ներկայանալու և ուրիշների գլուխը տանելու: Արի ու տես, որ ոչ ոք ոչ մեկի գլուխը չտարավ. պարզապես եռման ջերմաստիճանը շատ բարձր էր, բայց այդ ամենը՝ մեր ներսում, իսկ արտաքուստ միայն մի քիչ խառնաշփոթ կար: Փչացել էր աշխատանքային «հարդ դիսկը», ֆլեշը չէր ուզում աշխատել, իսկ հնաբնակ Նարեկն ու Վահեն էլ «ճնշում էին» նորեկներին՝ դառնալով բոլոր պատասխանների «հեղինակավոր տերերը»: Բայց, դե հո չէի՞նք բողոքի: Ինչքան էլ մեզ համոզեցին, որ խոսենք, նորեկների մեջ համարձակներ չգտնվեցին: Փոխարենը լսեցինք ու հավաքեցինք այն, ինչը քիչ թե շատ պիտի օգներ հետագա երկու օրերի աշխատանքին:

Նարե Շարմազանովա

***

Առաջին օրը սովորությանս համաձայն ուշացած հասա վորքշոփին: Դե՜, տեղը չէի գտնում: Դե՜ լավ, մի քիչ էլ ուշ էի տանից դուրս եկել: «Հիմա ի՞նչ կմտածեն իմ մասին, եկած-չեկած ուշանում եմ»,- մտածում էի ես, երբ ինձ ուղեկցող աղջիկը բացեց դուռն, ու ներս մտա: Իսկ իրականում ներսում արդեն իսկ այնքան ջերմ մթնոլորտ էր, որ դժվար թե մեկը կենտրոնանար իմ մասին մտածելու շուրջ: Երևի:

Առաջին օրն ավելի ճանաչողական էր. ծանոթանում էինք միմյանց ու ընդհանուր աշխատելաոճի հետ: Մեզ տրվող բացարտրություններն ու հրահանգները պարզ էին ու հստակ, իսկ դա միանշանակ շատ է հեշտացնում աշխատանքը: Ինքս էլ չնկատեցի, թե ինչպես 5-6 ժամն անցավ, բայց մի բան հստակ գիտեի՝ ուզում էի, որ դասընթացի հաջորդ օրը հնարավորինս շուտ գա:

Էլլա Մնացականյան

Օր 2-րդ 

Էս անգամ էլ ավտոբուսը շուտ եկավ: 10:30 էր, ու ես արդեն հասել էի: «Է, դե, Ամալյա, մի օր չեղավ կարգին ժամանակին գաս»: Քայլում եմ ու զգում, որ մեկն իմ ուղղությամբ է քայլում: Դասընթացի երեխեքից էր, մոտենում է:

-Բարև:

-Բարև,- վախեցած պատասխանում եմ:

-Երեկ ո՞նց հասար:

«Ե՞ս, ո՞նց հասա, երե՞կ, ես երեկ իր հետ չեմ ծանոթացել, էս ի՞նչ հարցեր է տալիս»:

-Դու ինձ հիշո՞ւմ ես,- համարձակությունս ներեց հարցնել:

-Հա, ոնց չէ, Մարիամը չե՞ս:

-Չէ, Ամալյան:

-Վայ, բայց երեկ ասացիր անունդ Մարիամ է:

Ես մի կերպ փորձեցի համոզել, որ ես Ամալյան եմ, ու եթե ճիշտն ասեմ՝ այդքան էլ չստացվեց: Տաթևն էր: ճիշտ է՝ ես երբեք չեմ կարող հասկանալ ինչպես է ստացվել, որ մենք բոլորս իր համար Մարիամ ենք, բայց արդեն սովորել ենք: Բոլորը եկան: Հայացքս գնում է այս ու այն կողմ, «երեկվա աղջկան» (Էլիզաբեթին) եմ փնտրում: Գտա, անցած օրը, երբ քայլել էինք իրար հետ, այնքան էի երջանկացել, ուզում էի մոտենալ, խոսել հետը, ամաչեցի: Գնում ենք ֆոտոարշավի, առաջին օրը մի քիչ էլ երկու Մարիամների հետ էի խոսել, փորձեցի ավելի մտերմանալ, իսկ Տաթևի ծաղիկ քաղելն ու իր մազերի մեջ դնելը դարձավ պատճառ, որ շարունակեմ շփվել հետը: Հա, էսօր ավելի շատ էի խոսում, բայց թե ինչ էի խոսում՝ ես էլ չգիտեի:

-Համ էլ ես քո բոլոր նյութերը կարդացի,- մոտենում էի Էլիզին ու շփման փորձեր անում:

Հետո էլ սկսեցինք ֆոտոներ անել, հանդիպեցինք ամենատարբեր մարդկանց: Ինչ խոսք, դեռ ամաչում էի, բայց մեծ հաշվով կարմրելս բան չփոխեց (բացի նրանից, որ լուսանկարիս մեջ կարմրած էի):

«Հիմա էլ կինոյի դասն է, ու դու, Ամալյա, պետք է մի խումբ անծանոթ մարդկանց մոտ քո կարծիքն ու գաղափարն առաջարկես»: Իմ հերթի ժամանակ էդպես էլ չկարողացա խոսել, իսկ վերջում՝ ստիպված էի: Դասընթացն ավարտվեց: Ես, Մարիամը, Վալենտինան ու Հովհաննեսը իրար հետ մետրոյով տուն գնացինք: Այսօր ավելի անկաշկանդ էի, չեմ բողոքում, ընդամենը երկու հարց էր տանջում՝ «երեկվա աղջիկը» մտածե՞ց՝ ես խենթ եմ, և տեսնես, որ էդքան խառնված խոսում էի, մի բան հասկանո՞ւմ էին:

Ամալյա Հարությունյան

***

«Օր երկրո՞րդ, հա էլի, երկրորդ օրն ա արդեն, չփորձվես նորից ամաչել ու բերանդ ջուր առնել, նստել, Աստղ, կխառնվես երեխեքին (սիրում եմ ինքս ինձ ոգևորել ինչ-որ բանից առաջ)»։ Գիտե՞ք, մյուս օրն ինձ մի քիչ ազատ էի զգում։ Չգիտեմ՝ մթնոլորտի՞ց էր, թե տիկին Ռուզանի անցյալ օրվա խոսքերն էին ազդել վրաս. «Աստղիկ ջան, մի քիչ ազատ եղի, էստեղ ոչ մեկը քեզ չի ուտելու»։ Մի բան ասե՞մ, շատ սիրեցի տիկին Ռուզանին։ Քանի որ առաջին օրը շատ կաշկանդված էի ու վախենում էի, որ հայացքս կհանդիպեր երեխեքի հայացքներին, այսօր միայն կարողացա նորմալ ուսումնասիրել նրանց։ Լավ է, գնացինք թե չէ, ասացին՝ գնում ենք ֆոտոարշավի։ «Աստղ, զսպի ուրախությունդ, խայտառակ չլինես, այ էդպես, շատ ապրես, առանց ուրախության ճիչեր արձակելու հանգիստ դուրս արի ու գնա ֆոտոներ անելու»,- ինքս ինձ հետ խոսելով դուրս եկա շենքից։ Ֆոտոարշավն էլ ուղղակի հոյակապ անցավ։ Սկզբից ամաչում էի նկարներ անել, բայց այ հետո՜, ինչ տեսնում՝ նկարում էի։ Իսկ Նարեն այսօր էլ՝ երեկվա պես, ջանում էր այնպես անել, որ չամաչեմ։ Մի բան էլ պատմեմ. չասեք՝ շատ ա խոսում էս աղջիկը, պատմելու շատ բան ունեմ: Ֆոտոարշավի ժամանակ ծաղիկների մոտ նստած մի տատիկի տեսա, հարցրի՝ կարո՞ղ եմ Ձեզ նկարել, ու մի փոքր տասնյոթը ներկայացրի։ Վե՜րջ, մնացի այնտեղ։ Սկսեց պատմել, թե ինչպես է շատ տարիներ առաջ առանց կառավարության օգնության ամեն ինչի հասել, ինչպես է ապրել, սկսեց բողոքել նախարարությունից և այլն։ Մեկ էլ գլուխս թեքեմ, տեսնեմ՝ մենակ եմ, երեխեքը չկան։ Արագ զանգեցի Նարեկին, որ ինձ սպասեն։ Տատիկին նկարեցի ու արագ վազեցի, հասա երեխեքին։ Հետո հետ եկանք, ու կինոյի դասը սկսվեց։ Այնքան հետաքրքիր էր ու այնքան նոր բաներ իմացա։ Անգամ ամուսնուն բանանի հետևից ուղարկող կնոջ ու հենց ամուսնու մասին ֆիլմի սցենար գրեցինք, անկեղծ ասած՝ ես էլ շատ հետաքրքիր գաղափարներ ունեի այդ սցենարի վերաբերյալ, բայց, դե գրողը տանի, ախր ամաչում էի խոսել։ Օրվա վերջում տիկին Ռուզանի «էսօր ոնց որ ժպտում ես» բառերը լսելուց ու մի լավ ոգևորվելուց հետո նոր գնացի տուն։

Աստղիկ Հունանյան

***

Գնում ենք ես ու «Նեմրան», այսինքն՝ «Նեմրան» նվագում է, ես քայլում եմ դեպի «Մանանա»։ Դե, ինչպես հասկացաք՝ ականջակալներով եմ, բայց դա չխանգարեց, որ Մարիամին նկատեմ, է՜, ասում եմ՝ Մարիամին, Ամալյային։ «Էս աղջկա դեմքը ինչ ծանոթ ա, կարո՞ղ ա երեկվա Մարիամն ա, էն որ ճանապարհն էր կորցրել, հա էլի»։

-Բարև, «Մանանա՞» ես գնում,- հարցրի ես:

-Բարև, հա, դո՞ւ էլ,- բարևեց, կասկած չկա, որ Մարիամն է:

-Հա, էրեկ ո՞նց տեղ հասար։

-Լավ,- ու տարօրինակ նայում է։

Հասանք շենքի մոտ, մեկ էլ.

-Ես էլ քեզ չճանաչեցի, լսի երեկ ակնոցով էիր, չէ՞, երևի դրա համար,- ու նայում եմ դեմքին, որ տեսնեմ՝ ո՞ւր է ակնոցը։ Արևային ակնոցը հարմարեցված էր գլխին։ Չէ՜, հաստատ Մարիամն է:

-Հա երևի, անունս հիշո՞ւմ ես։

-Հա, բա ոնց չէ, Մարիամ։

-Չէ, Ամալյա:

Այ քեզ առեղծված, էսպիսի բան մեկ էլ հետս առաջին կուրսում էր եղել, սեպտեմբերի մեկին։

«Ինչ լավ է՝ ֆոտոարշավով սկսեցինք։ Բայց մի րոպե, հիմա ես ի՞նչ պիտի նկարեմ։ Լավ է, կարևորը մասնակցությունն ա»,- մտածեցի ու առաջ շարժվեցի։ Ճանապարհին էլ ծաղիկ չէր մնացել, որ գլխիս չհավաքեի, Էլիզն էլ գլուխս էր նկարում։ Ճիշտն ասած՝ չէի ուզում ֆոտոարշավը վերջանա։ Ուզում էի անընդհատ քայլենք, նկարենք։ Բայց լրագրության դասն էլ պակաս հետաքրքիր չէր։ Տիկին Ռուզանն էնքան հետաքրքիր բաներ էր պատմում լրագրությունից, կլանված լսում էինք, որ ոչ մի բան բաց չթողնենք։ Դասամիջոց էր։

-Երեխեք, էս «Նեմրութն» ու՞մ wi-fi-ն ա, ծածկագիրը կասե՞ք։

«Ինչ տարօրինակ հարցեր են տալիս, իհարկե, իմն ա, էլ ո՞վ կարա «Նեմրային» էնքան շատ սիրի, որ wi-fi-ի անունը «Նեմրութ» գրի։ Բա լանչը… Ես մի կես ժամ ինչ-որ մեկին համոզում էի, որ մեջը միս չկա։ Համենայնդեպս՝ չկար։ Հա ի՞նչ, բանանով բուլկու մեջ ոչ մի միս էլ չկար…

Տաթև Չուխուրյան

***

«Արդեն երկրորդ օրը պիտի գնամ, ես հիշում եմ՝ մրցանակաբաշխությանը Լիդուշն ու Միլենան ոնց էին ընկերներին դիմավորում, ես էլ եմ էդպես ուզում, բայց ուզելը քիչ է, մի տեսակ՝ չի ստացվում լավ մտերմանալ»։

-Այ անֆայմ, բա բոլորն ամաչկոտ են, ուզում ես մտերմանա՞լ, դե գնա ու խոսի,- ձախ թևիս Էլիզան էլի ճիշտ է։

«Վայ, տեսնում եմ աղջիկներից մեկին, շատ ծանոթ մեջք ունի։ Հա՜, գնաց և գրկախառնությամբ բարևեց «չոլկայով» աղջկան, իսկ ինքը հաստատ 17-ից ա։ Մոտեցա ու բարևեցի, նրանք պետք է սպասեին համակուրսեցուն՝ իր եղբայր Արմանի հետ, դե ես էլ չեմ շտապում։ Գնացինք իմ առաջին ֆոտոարշավին։ Ժամերը թռան, բայց ես դեռ առույգ էի և, ինչ մեղքս թաքցեմ, նաև անչափ սոված։ Լանչին Թամարան մոտեցավ ինձ և սկսեցինք զրուցել։ Տուն վերադառնալու ճանապարհին կրկին նրանց հետ էի, ում հետ եկել էի։ Չեմ ուզում երրորդ օրը գա, որ չվերջանա մեր վորքշոփը։

Էլիզաբեթ Հարությունյան

***

Երկրորդ օրը մի քիչ ուշացա, բայց ճանապարհը հեշտ գտա: Լավ, ժամանակին հասա, միանգամից ներկա-բացակա արեցին, բաժանվեցինք թիմերի, և ճամփորդությունը սկսվեց: Սկզբում ինձ տպավորեց Թամարան: Մինչ գրեթե բոլորը մտածում էին, թե ինչ նկարեն, նա ամեն քայլափոխի հետաքրքիր կադրեր էր գտնում և անմահացնում: Բայց քիչ անց, մտաբերելով Դիանայի և Լիլիթի խորհուրդները, բոլորս էլ սկսեցինք հետաքրքիր կադրեր ստանալ: Ամենալավ կադրերի «հովանավորը» Վահեն էր: Օրը շատ հետաքրքիր անցավ, այդ օրվանից մնացել են վառ տպավորություններ: Ֆոտոարշավին հաջորդեցին լրագրության և կինոյի դասերը: Ամբողջ ընթացքում ականջներս սրած լսում էի, որ տիկին Ռուզանի և պարոն Արայի խորհուրդները բաց չթողնեմ: Երանի դպրոցի ուսուցիչներն էլ նրանց նման լինեին:

Մարիամ Գրիգորյան

***

Էլի երկար դեգերումներից հետո հասա «Մանանա»։ Մտա։ Արդեն քիչ թե շատ ծանոթ դեմքեր կային։

-Ֆոտոարշավի ենք գնում։

-Ուռա՜, ինչ հավես ա լինելու։

«Հա, շատ հավես կլինի ֆոտոներ անելը, բա էս շոգից մեռնելն ինչ հավես կլինի»,- ինքս ինձ ասացի։ Բայց սխալ էի մտածում։ Էնքան հավես ու ընկերական մթնոլորտում անցավ ֆոտոարշավը, որ շոգն էլ էդքան չզգացինք։ Կատակ եմ անում. լա՜վ էլ զգացինք, բայց մեկ ա՝ օրն ընտիր անցավ։ Հետո հետ եկանք։ Նստեցինք ժուռնալիստիկայի դասին։ Արդեն ձայնս քիչ էր դողում։ Տիկին Ռուզանն ասաց, որ իմ նյութը հավանել են ու կտեղադրեն կայքում։ Նյութս կարդում է տիկին Ռուզանը, էդ ընթացքում ես, խնձորի բոլորը գույները դեմքիս ստանալով, վերջապես ալ կարմիրի վրա կանգ եմ առնում։

«Մարիա՛մ, ձայնը դողացնել ու կարմրել չկա (ինքս ինձ հանգստացնում եմ, էլի)»։

Լանչի ժամանակ էլ համարձակությունս ներեց՝ միսը հանեցի սենդվիչի մեջից։

Մարիամ Պապոյան

***

Սկսվեց երկրորդ բաղձալի օրը: Բաժանվեցինք երկու խմբի՝ յոթ-յոթ հոգով: Չեմ ուզում մանրամասն նկարագրել՝ ինչ արեցի, ոնց: Անհետաքրքիր կստացվի, առավել ևս, որ մշուշոտ եմ հիշում: Բայց կասեմ, որ հին Երևանում էինք, ու աչքս չէի կարողանում կտրել շենքերից: Հատկապես պիտի շեշտեմ Օրիորդաց գիմնազիան (շնորհակալություն Դիանային՝ ցույց տալու համար), որը ցնցեց ճարտարապետական լուծումներով, ու այսօրվա բարձիթողի վիճակով: Սիրուն ա հնչում՝ Օրիորդաց գիմնազիա, պատկերացնում եմ ինչ նազանքով, շորորանքով, ճեմել են նրանք այս գեղեցիկ շենքի հարկաբաժիններում: Իսկ գուցե ըստ արժանվույն հագած-կապած փեսացուներն էլ դրսո՞ւմ էին սպասում… Ինչևէ, մենք 21-րդ դարում ենք, օրիորդները՝ չկան, շենքի դարպասները փակ են: Մուտքի մոտ ընկած երկաթե ճաղերը բանտարկեցին հարսնացու օրիորդների և սիրահար փեսացուների մասին երազանքները: Կիսատ մնաց:

Նարե Շարմազանովա 

***

Երկրորդ օրն ավելի շատ հիմնված էր տեսական գիտելիքները գործնականում կիրառելու վրա: Դեռ երկու օր առաջ իրար չճանաչող անծանոթներն արդեն մի դրական թիմ էին դարձել, որտեղ յուրաքանչյուրի կարծիքն ու դիտարկումը ուշադրության էր արժանանում ու քննարկվում: Վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկն ու դրա շուրջ մտածելու հանձնարարությունն էլ ավելի ոգևորեց ինձ: Ուրախ էի, որ մասնակցում եմ դասընթացին:

Էլլա Մնացականյան 

Օր 3-րդ 

Մտքերը, որ այսօր վերջին օրն է, ստիպում են դանդաղ քայլել: էսօր էլ Վալենտինային հանդիպեցի ճանապարհին: Կրկին փակ էր դուռը, շուտ էինք եկել: Կանգնում ենք շքամուտքում ու սկսում խոսել: Երկրորդ ֆոտոարշավ: Այս անգամ արկածները շատ էին: Գնացել էինք ֆոտո անելու, բայց 2 ժամում այնքան բան հասցրինք անել: Տարօրինակ մարդիկ այնքան շատ էին հանդիպում: Ամենուրեք ծխախոտով տատիկներ էին, անսովոր հայացքով մարդիկ, դե էլ չասեմ, որ մի տատիկ էլ մեզ ինչ ասես չասաց՝ իրեն լուսանկարելու համար: Ֆոտո անելու հետ մեկտեղ՝ ես, Էլիզան ու Վալենտինան հասցնում էինք խոսել ամեն ինչից, ծիծաղել, մենք ինքներս նկարվել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, ու պիտի խոսովանեմ, որ մեկ-մեկ էլ բարկացնում էինք՝ անընդհատ հետ մնալով խմբից: Բայց ես հուսով եմ, որ մեզ կներեն, որովհետև էլիզի, Վալենտինայի ու մյուսների հետ անցկացրած պահերն անմոռանալի էին: Ամբողջ ընթացքում միայն մի բան էի կրնկում.

-Ինձ չեք մոռանա, չէ՞:

Լանչն էլ էր արտասովոր այսօր: Ինձ մենակ զգալու ու ամաչելու փոխարեն անընդհատ խոսում էի: Հետո՝ լրագրություն: «Մի բան հարցնեմ, իմ նյութը լա՞վն էր» հարցիցս հետո որոշեցին, որ պիտի բարձրաձայն կարդան նյութս: Է, Ամալյա, այս ինչ արեցիր, դե արի ու մի ամաչի: Բայց վերջում արձագանքներից այնքան ուրախացա: Վերջին դաս: Սկսեցի ատել այս բառը, երանի ամեն օր գայինք վորքշոփի, երանի ամեն օր տեսնեի երեխեքին ու երանի ամեն օր գրկեի նրանց: Նստած եմ Էլիզայի կողքին ու կռվում եմ ինքս ինձ հետ: Ես նրա հետ նկար եմ ուզում: «Հա, բայց ամոթ ա, չէ, չեմ ասի»: Ու ես էլ չհասկացա՝ ոնց.

-Էլիզ, ես քեզ հետ նկար եմ ուզում:

Էլիզի դրական պատասխանը երջանկացրեց ինձ: Դուրս եկանք, նկարվեցինք, բայց տուն գնալ չէինք ցանկանում: Ես, Տաթևը, Էլիզն ու Մարիամը գնացինք պաղպաղակ ուտելու հետքերով: Ես դեռ հազարավոր օրեր կքայլեմ Օպերայում, բայց ամեն պահի Տաթևը նկարվել չի ուզի, Մարիամը ուրախությունից չի թռվռա, Էլիզը պաղպաղակը չի գցի, ես էլ ամբողջ ընթացքում չեմ ժպտա: Ես դեռ հարյուրավոր մարդկանց հետ կծանոթանամ ու կփորձեմ ճանաչել նրանց, բայց չեմ կարծում, որ հենց առաջին օրվանից զգամ այն ջերմ էներգիան, որը նրանցից էր գալիս: Շնորհակալ եմ, «Մանանա», մեր շփումն ապագա ունի:

Ամալյա Հարությունյան

***

Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր զգում այն աղջիկը, որը առաջին անգամ էր մեն-մենակ երթուղայինով ինչ-որ տեղ գնում, այն էլ՝ Երևանի շատ ու տարբեր փողոցներով: Ես էլ չեմ կարող բացատրել, թե ինչ էի զգում, բայց դրան ավելացել էր այն, որ վորքշոփի վերջին օրն էր, որ էլ խելագարի պես չէի «փորձելու» բոլոր շենքերը, մինչև «իսկական» շենքը գտնեմ: Ինչևէ, դա չեմ եկել պատմելու: 10:30 էր, «Մանանա» կենտրոնում էի, չէ, ներսում չէ, դռան հետևում կուչ եկած մի քանի հոգու հետ սպասում էինք գային, դուռը բացեին: Ներս մտանք, թե չէ, ասացին՝ էլի ֆոտոարշավ: Մի քանի րոպե անց բոլորով ներքևում էինք, արդեն խմբերի բաժանված, հանձնարարություն ստացած ու պատրաստ՝ ֆոտոարշավի գնալու: Պետք է շոգող մարդկանց նկարեինք: Ի՞նչ վատ էինք է շոգում, կանգնեինք, մեկս մյուսին նկարեինք, գնայինք կինոյի դասին, էլի: Համենայնդեպս ծխող տատիկներից, գրավաճառներից ու «մոդել» պատշարից հետո մեզ դա էլ մնաց անելու: Ցայտաղբյուրի բացակայության պատճառով էլ Վահեի ու Դիանայի գլխավորությամբ բոլորս լցվեցինք խանութ՝ ջուր գնելու: Այս անգամ արդեն համարձակությունս ներում էր մարդկանց խնդրել, նկարել: Մի փոքր նստարանի մեջ մի կերպ տեղավորված մի քանի պապիկի նկարելուց նրանցից մեկից «լրիվ չամիչով բուլկի ա էս աղջիկը» բառերն էլ մոռացնել տվին շոգը: Մի փոքր էլ գլուխ գովեմ: Մինչ երեխեքը մի անձրևանոցով կին էին գտել ու փորձում էին նկարել, ես մի սիրահար զույգի տեսա, դե կանգնեցի՝ նկարեմ, տղան էլ մռայլ ու բարկացած դեմքով նայեց, ես էլ փախա: Հավատացեք, դաս քաղեցի: Երբ «Մանանա» էինք վերադառնում, էլ ավելի հավես սիրահար զույգ տեսա: Բայց դե հո չէի՞ կանգնի անցյալ անգամվա պես նկարեի, մեկ է՝ չէին թողնի, ես էլ դիմեցի խորամանկության: Փողոցն անցա ու թաքուն նրանց հետևից նկարեցի. պահ, դե մի թողեք: Կինոյի դասն էլ անչափ հետաքրքիր անցավ, արդեն հարցեր էի տալիս ու բավականին սպառիչ պատասխաններ ստանում: Իսկ այ վերջում մի կարճամետրաժ ֆիլմ նկարեցինք, դե Նարեկը նկարեց, իսկ մենք «խաղացինք» ֆիլմում: Բայց վերջում շատ դաժան էր, բոլորի խորհուրդները լսելուց հետո դուրս եկանք, իսկ դա շատ տխրեցնող էր, կուզեի ողջ ամառ վորքշոփներ լինեին, ես էլ մասնակցեի: Վերջում աղջիկներից մի քանիսն ինձ ճանապարհեցին մինչև կանգառ ու վերջ, գնացի տուն: Վե՞րջ, ի՞նչ վերջ, մեր աշխատանքն ու ընկերությունը շարունակվում է՝ էլ ավելի ամրացած:

Աստղիկ Հունանյան

***

«Չէ, չեմ ուզում գնալ, լավ էլի (չէ, ձանձրալի չի, ոչ էլ հոգնել եմ, ուղղակի էս վերջին օրն ա, պատկերացնում եմ՝ էլ չենք գնալու, էսօր էլ, ու վերջ, ինչի՞ ա ամեն լավ բան էսքան շուտ ավարտվում)»: Վերջապես հավաքում եմ ինձ ու ճամփա ընկնում դեպի «Մանանա»։ Վերջին օրն ավելի հետաքրքիր անցավ։ Մեզ ավելի ինքնավստահ էինք զգում, որովհետև արդեն հասցրել էինք լավ մտերմանալ։ Վերջում, երբ արդեն պիտի հրաժեշտ տայինք, որ գնայինք, մտածեցի. «Լավ, էն աղջկան էլ գնամ հաջող անեմ, բայց ի՞նչ էր է անունը, հա, Մարիամ» ու գոռում եմ.

-Մարիամ, Մարիամ, սպասի բան եմ ասում,- իրականում ես Էլիզին էի կանչում, բայց կողքին էլ Մարիամն էր կանգնած, ու երկուսով ինձ նայեցին։ Ինձ թվաց, թե ճիշտ եմ ասել անունն ու գնացի նրանց մոտ, բայց Էլիզը ոչ էլ սպասեց, որ տեսնի՝ ինչ եմ ասելու: Փոխարենը Մարիամը նայեց վրաս ու.

-Ինձ բա՞ն էիր ասում։

«Վայ,- կայծակնային արագությամբ հիշում եմ, որ էն աղջկա անունը Էլիզա էր, ոչ թե Մարիամ,- լավ, բա հիմա Մարիամին ի՞նչ ասեմ»:

-Հա, ես էն աղջկան էի կանչում, ուղղակի բոլորին Մարիամ եմ ասում,- «Տաթև, լավ էլի՜»։

Երբ իջանք, երեխեքի մի մասը դեռ շենքի մոտ էր։ Քանի որ վերջին օրն էր, որոշեցինք մի փոքր ավելի երկարացնել ու ես, Էլիզան, Ամալյան ու Մարիամը (չէ, իրոք Մարիամն էր, չեմ սխալվում) գնացինք զբոսնելու։ Էնքան լավ էր, որ չէինք ուզում տուն գնալ, բայց եկավ 8-ը ու տարավ Էլիզին, հետո Ամալյան գնաց մետրոյով, 41-ն էլ եկավ Մարիամի հետևից, հետո՝ իմ 46-ը, ու ամեն ինչ վերջացավ: Բայց էդպես էլ չհասկացա, դրանով ամեն ինչ վերջացավ, թե դա ինչ-որ մի նոր բանի սկիզբն էր…

Տաթև Չուխուրյան

***

«Տեսնես՝ գոնե այսօր կստացվի՞ մտերմանալ նրանց հետ»։ Դե, ես արդեն տեղում եմ, ու էլի մենք ֆոտոարշավի ենք գնում։ Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ ես մտերմացա էնպես, ինչպես ուզում էի, ինձ սիրեցին, և ես սիրեցի նրանց։ Ողջ օրը բոլորով երազում էինք, որ օրը չվերջանա։ Իսկապես այսպիսի ընկերներ ձեռք բերելու համար արժեր անել ամեն բան։ Ֆոտոարշավ, որը մտերմացրեց հատկապես ինձ, Վալենտինային և Ամալյային, տատիկի անեծքով։ Դե, մեզ մի տատիկ անիծեց, որովհետև մենք նրան նկարեցինք։ Հետո՝ լանչ, որը մտերմացրեց մեզ նաև Մարիամներին, Մարիամներին սիրող Տաթևիկին, Աստղիկին, որը դարձավ մեր «Զվյոզդը» և մյուսներին… Շնորհակալ եմ այս դասընթացների համար, ես գտա լավ ընկերներ և ստացա գիտելիքներ, որոնք խոստանում եմ, որ կկիրառեմ:

Էլիզաբեթ Հարությունյան

***

Դասընթացների վերջին օրը հենց առավոտվանից ինձ լավ չէի զգում: Սկզբում ցանկանում էի զանգել, զգուշացնել, որ չեմ գնալու, սակայն հիշելով նախորդ երկու օրերից ստացած տպավորությունները՝ որոշեցի գնալ: Չէ՞ որ վերջին օրն էր, դեռ երկար ժամանակ չենք հանդիպելու: Հետո էլ, չէի ուզում դասերը բաց թողնել: Որոշ ժամանակ ինձ շատ վատ էի զգում, շոգն էլ՝ մի կողմից, բայց ֆոտոարշավի ժամանակ խմբի տրամադրությունը ինձ էլ փոխանցվեց, և մոռացա գլխացավիս մասին: Ինչպես նախորդ օրը, ֆոտոարշավը շատ ուրախ անցավ: Հանդիպում էինք տարբեր մարդկանց. մի մասը չէին ուզում, որ իրենց նկարենք, մյուսները ուշադրություն չէին դարձնում, մի քանիսն էլ իրենք էին ասում, որ նկարենք, պնդելով, որ շատ «ֆոտոգենիչնի» են: Երբ վերադարձանք, արդեն լանչի ժամն էր: Ինձ էլ մենակ չէի զգում, արդեն ընկերացել էի շատերի հետ՝ Մարիամի, Աստղիկի, Ամալյայի, Էլիզայի, Վալենտինայի և Տաթևի, որը բոլորին Մարիամ էր ասում: Անիմացիոն մի քանի ֆիլմ դիտել էի և միշտ ցանկանում էի իմանալ և մասնակցել ստեղծման ընթացքին, չգիտեի, որ այդքան հետաքրքիր և զվարճալի է: Դասընթացի ավարտին բաժանումը դժվար էր, հասկանում էի, թե ոնց եմ կարոտելու բոլորին: Մրցանակաբաշխության ժամանակ տեսա տիկին Ռուզանին, ուզում էի մոտենալ, գրկել, բայց ամաչեցի, իսկ այս անգամ սխալս ուղղեցի: Վերջ, դուրս եկանք… Այնպիսի դատարկություն էի զգում, կարծես ինձնից մի մասնիկ թողել էի «Մանանա» կենտրոնում: Դասերի ավարտից հետո չէինք կարող միանգամից տուն գնալ: Օրը ավելի վառ և հիշարժան դարձավ Էլիզայի գեղեցիկ ֆոտոների, պաղպաղակ գնելու երկու անհաջող փորձերի և Երիտասարդականը փնտրելիս կատարած շուրջերկրյա ճանապարհորդության շնորհիվ: Որոշ ժամանակ անց դժվարությամբ հրաժեշտ տվեցինք իրար: Ավտոբուսի մեջ ամփոփում էի այս երեք օրը, որոնք ամենահիշարժանը կլինեն այս ամառվա ընթացքում: Դեռ երկար կհիշեմ Էլիզայի փայլող աչքերը, Ամալյայի փոքրիկ, ամաչող աչքերը և ժպիտը, Տաթևի մեկ գրկախառնությունը, որը ազատեց ինձ բոլոր կոմպլեքսներից: «Ինչ լավ արեցի, որ եկա, թե չէ էսքան բան բաց կթողնեի»,- օրվա վերջում մտածեցի ես:

Մարիամ Գրիգորյան

***

Առանց մոլորվելու «Մանանան» գտա։ Ջրի ճամփա էր դարձել։ «Արդեն վորքշոփի վերջին օրն ա, լավ ա տեղը սովորեցիր վերջապես, Մարիամ»։ Էլի ֆոտոարշավի էինք։ Արդեն անհամբերությամբ էի սպասում արևի տակ այրվելուն։

-Մարիա՜մ,- լսվեց Տաթևի ձայնը։

Ուրախացած շրջվեցի. «Ուռա՜, ինչ-որ մեկն անունս հիշում ա»,- մտածեցի։

-Հա, Տաթ ասա։

-Ես քո հետ չէի, ես Մարիամի հետ էի։

Դե, դեմքս պատկերացնում եք, չէ՞։ Հիասթափված էի, ինչ խոսք։ Մերոնք տասնհինգ տարի շարունակ հավատացրել են, որ անունս Մարիամ ա։

-Չես հավատա, բայց Մարիամը ես եմ:

-Չէ, է, ես էն աղջկա հետ էի,- ու ցույց տվեց Էլիզաբեթին։

Էլիզաբեթի դեմքն էլ պատկերացրիք, չէ՞։ Իսկ արդեն վորքշոփից հետո, երբ մտերմացել էինք, Տաթևն ասաց.

-Երեխեք, ես էնտեղ ոչ մեկիդ անունն էլ չէի հիշում, դրա համար էլ, բացի տղաներից՝ բոլորին Մարիամ էի ասում։ Համ էլ՝ «Էլիզաբեթ» մինչև ասեի, օրը կպրծներ։

Հիմա Տաթևն արդեն մեր անունները հիշում է։ Մենք էլ արդեն իրար համար հատուկ «նիքնեյմեր» ունենք։ Երրորդ օրն էր, որ «Մանանա»-ում էինք, բայց էնքան էի կապվել, որ մի տեսակ դժվարությամբ էի պատկերացնում առավոտյան արթնանալն ու չգալը, չմոլորվելը ու արևի տակ ֆոտոներ չանելը։ Երևի մթնոլորտից էր, գիտեք։ Իսկ գիտեի՞ք, որ էդ խուճուճ-մուճուճ փողոցների մեջ կա մեկը, որի իրար կողք շարված շենքերից մեկի վերջին հարկի բնակարանն էդքան ջերմություն ունի իր մեջ:

Մարիամ Պապոյան

***

Կիսատ էր նաև երրորդ օրը. կիսատության զգացումը մինչև վերջ էլ մնաց: Երեք օր, 18 ժամ միասին: Հավատացեք, չհերիքեց իրար բացահայտելու, լիարժեք գիտելիք ստանալու, վորքշոփը մինչև վերջ վայելելու համար: «Մանանայի» մանանան ինձ համար, մեղքս ինչ թաքցնեմ (չկարծեք՝ գուրման եմ), տիկին Ռուզանի թաբուլեն էր: Կարոտեցի… Կսպասեմ:

Նարե Շարմազանովա

***

Երրորդ ու ամենավերջին օրը լի էր իրադարձություններով: Սկզբում ֆոտոարշավը, որի հիմնական թեման շոգն էր, ամենաարդիականն այդ պահին: Ընդամենը 1-1,5 ժամում շատ հետաքրիր կադրեր ֆիքսեցինք քաղաքի կենտրոնում: Լուր, ակնարկ, հարցազրույց, ֆելիետոն… Գրեթե բոլոր ժանրերի մասին խոսեցինք, ու վստահ պիտի ասեմ, որ յուրաքանչյուրի մասին էլ հստակ պատկերացում կազմեցինք, հասկացանք, թե որ ոճով ենք ուզում գրել: Յուրաքանչյուր թեմա ներկայացվեց հասկանալի օրինակներով, քննարկեցինք նաև մեր գրած նյութերը: Հա՜, մեզնից գուցե նաև լրագրողներ դուրս գան: Ի սրտե շնորհակալ եմ «Մանանա» կենտրոնին՝ մեգահետաքրքիր դասընթացի, նոր ծանոթությունների ու տրված հնարավորությունների համար:

Էլլա Մնացականյան 

***

Կադրից դուրս.

-Երեխեք, բայց ես ինձ ամենաշատը լանչին էի մենակ զգում:

-Վայ, ես էլ:

-Երեխեք, ես էլ:

-Չեք պատկերացնի, բայց ես էլ:

-Բա, այ դեբիլներ, մեկիդ խելքին չփչե՞ց մոտենար:

Կան օրեր, որոնք չեն ջնջվի հիշողությունիցդ, ուզում ես ունեցիր կրկնակի լավերը, անցկացրու հազարավոր ուրիշ պահեր, մեկ է՝ օրեր կան, որ մխրճվում են էն ամուր պատրաստված փոքրիկ պահեստում ու արգելում իրենց անգամ մի պահ չմտաբերել:

Հեղինակներ` Ամալյա Հարությունյան, Աստղիկ Հունանյան, Տաթև Չուխուրյան, Էլիզաբեթ Հարությունյան, Մարիամ Գրիգորյան, Մարիամ Պապոյան, Էլլա Մնացականյան, Նարե Շարմազանովա, Նարեկ Բաբայան