Աննա Անդրեասյանի բոլոր հրապարակումները

Anna Andreasyan

Դեպի Տաթև տանող ճանապարհը

Արդեն երկար ժամանակ է, որ ուզում էի գնալ Տաթև: Անընդհատ ծրագրում էի, բայց միշտ մի խանգարող բան էր հայտնվում, և այն հետաձգվում էր: Իսկ Ամերիկայում, Հայաստանը ներկայացնելիս միշտ խոսելով Տաթևի մասին և այն ներկայացնելով՝ շատ ուզեցի գնալ: Շատ էի ուզում տեսնել վանական համալիրը և նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որով օտարերկրացիների մոտ այդքան հպարտանում էի:

Եվ այսպես, մի քանի օր առաջ վերջապես ստացվեց ընտանիքիս հետ գնալ: Հաշվի առնելով, թե ինչքան երկար էի սպասել Տաթևը տեսնելուն՝ շատ ոգևորված էի:

Առավոտյան ճանապարհ ընկանք: Նախ ասեմ, որ երբեք Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզ չէի գնացել, հետևաբար անծանոթ էի դեպի Տաթև տանող ճանապարհին: Արարատի մարզում, երբ արդեն շատ մոտ էինք սահմանին, երևում էր Արարատ լեռը: Իհարկե մեր գյուղից էլ է այն շատ գեղեցիկ երևում, բայց Արարատից շատ ավելի մոտիկ էր: Կարծում եմ, կարիք չկա ավելին ասելու, Արարատը, որտեղից էլ նայես՝ հիացմունքի արժանի լեռ է: Ավելի առաջանալով՝ աչքիս առաջ հառնեցին հայոց լեռները՝ իրենց աննկարագրելի գեղեցիկ տեսքով: Իսկ արդեն Սյունիքի բնությունը, գեղեցիկ ու բարձր սարերը՝ ամբողջովին կանաչով պատված, ճոպանուղին, հինավրուց վանական համալիրը, որին կարելի է ժամերով նայել ու հիանալ դրա գեղեցկությամբ՝ արդարացնում են այն երկար ճանապարհը, որը տանում է Տաթև:

Սա իհարկե մեր փոքրիկ ճամփորդության դրական կողմն էր: Ու այս ամենի մեջ չեմ կարող չնշել այն անհարմարությունները, որ առաջանում էին ճանապարհին: Նախ նեղ ու անբարեկարգ ճանապարհը՝ այդ 3-4 ժամը դարձնում էին ոչ այնքան հարմարավետ: Բացի ճանապարհի անբարեկարգ լինելուց, ինձ նաև շատ զարմացրեց ճոպանուղու՝ միանգամից 30 մարդ տեղափոխելը: Մարդիկ խիտ էին կանգնած ու մեջտեղում կանգնածները գրեթե ոչինչ չէին տեսնում այն գեղեցիկ տեսարանից, որ բացվում էր ճանապարհին:

Այս ամենը անհարմարություններ էին, որ ինձ մի փոքր հիասթափեցրին, բայց մի բան կար, որ ինձ խորապես տխրեցրեց: Անցնում ես այդ երկար ճանապարհով և այնքան քիչ են բնակավայրերը, շինությունները, մարդիկ: Այնքան տեղեր կան, որ ո՛չ մշակված է, ո՛չ էլ բնակեցված: Միայն դատարկ հողեր էին՝ տեղ-տեղ փոքրիկ գյուղերով ընդատված, որ ծվարել էին այս կամ այն հարթավայրի վրա: Այնքան խաղաղություն կար այդ փոքրիկ գյուղերում՝ աշխարհից կտրված, բայց և աշխարհի մի մասը:

Խառը տպավորություններով լի էր այդ ճանապարհը, բայց միանշանակ լավը գերակշռում էր: Բացահայտեցինք գեղեցկություններով լի Հայաստանիս զարդերից մեկն էլ:

Anna Andreasyan

Տարածությունն ու ժամանակը

Վերջերս սկսել եմ հաճախ մտածել այն մասին, թե ինչպես են տարածությունը և ժամանակը փոխում մարդկանց և նրանց հարաբերությունները: Մենք բոլորս սիրում ենք ինքներս մեզ համոզել և հավատալ, թե ինչքան էլ հեռու լինենք իրարից ու թե ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույնն է, ոչինչ չի փոխվի մեր մեջ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում այդ երկու գործոնները՝ տարածությունն ու ժամանակը, շատ բաներ կարող են փոխել:

Պատկերացրու՝ գնում ես հեռու այն միջավայրից, որտեղ ապրել ես ամբողջ կյանքում, այն խորին համոզմունքով, որ չեն փոխվելու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ում շրջապատում ապրել ես մինչ այդ պահը: Սկզբում կապ ես պահպանում բոլորի հետ, ու դեռ ամեն ինչ նույնն է: Բայց անցնում է որոշ ժամանակ, և աստիճանաբար սկսում են քչանալ խոսակցությունները թեմաների սղության պատճառով: Մի պահ մտածում ես՝ ո՞ւր կորան այն բազմաթիվ թեմաները, որի մասին մի ժամանակ այդքան երկար խոսում էինք: Իսկ հետո հասկանում ես, թե իրականում կենցաղը ինչքան բան է փոխում: Դուք գնում եք տարբեր ուղիներով, ու ամեն մեկիդ մոտ հետագա դեպքերն ու իրադարձությունները տարբեր ձևերով են զարգանում: Ու գալիս է մի պահ, երբ՝ «ո՞նց ես» կամ «ի՞նչ կա-չկա»-ից ավել ուրիշ էլ ոչինչ չես կարողանում ասել, և բացի «բան չկա, լավ եմ, դու ասա»-ից ուրիշ պատասխան էլ չես ստանում:

Սա բոլորովին չի նշանակում, թե էլ կարևոր չեք իրար համար, ո՛չ, սա ընդամենը այն անդունդի մասին է, որ գոյացել է ձեր միջև ժամանակի ընթացքում իրարից հեռու լինելու և տարբեր ուղիներով գնալու պատճառով:

Բայց գիտե՞ս՝ մի տարբերակ կա, որ նույնիսկ այս հանգամանքներում թույլ չի տալիս, որ այդ անջրպետը գոյանա։ Դա կենցաղից վեր, ինչ-որ այլ բանով իրար հետ կապված լինելն է: Դա կարող է լինել ընդհանուր գաղափար, հետաքրքրություն ու նմանատիպ այլ բան: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մարդիկ կան, որոնց հետ կապված էիր հանգամանքների բերումով, որովհետև ամեն օր իրար տեսնում էիք կամ այդպես մի բան: Եվ կան մարդին, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեք ու ինչպիսի հանգամանքներում, միշտ կապ եք պահպանում, որովհետև ձեր՝ իրար հետ մոտ լինելը ոչ թե հանգամանքների բերումով, այլ ձեր իսկ գիտակցված ընտրությամբ է եղել: Հասկանում ես, որ կենցաղը, վայրը, որտեղ բնակվում եք, մարդիկ, որ շրջապատում են ձեզ, չեն կարող փոխել ոչինչ, որովհետև ձեր հարաբերությունները երբեք էլ հիմնված չեն եղել վերոնշյալ պայմանների վրա, այլ գաղափարի, համամարդկային բաների վրա, որ որտեղ էլ լինես, արդիական են ու արժանի քննարկելու:

Anna Andreasyan

Մասնակցից դեպի դասընթացավար

Ինչ Ամերիկայից եկել եմ, հաճախ եմ այցելում ԱԶԿ (Արմավիրի զարգացման կենտրոն): Մասնակցում եմ տարբեր սեմինարների, որոնք այնտեղ անցկացվում են: Բացի սեմինարներից այնտեղ նաև անցկացվում են ճամբարներ՝ տարատեսակ թեմաներով: Ճամբարներից առաջինը, որին մասնակցեցի արդեն որպես դասընթացավար, «Grow» բնապահպանական ճամբարն էր: Այն տևեց 4 օր՝ բավականին հագեցած օրակարգով:

Իրականում այս ամենը պատմում եմ ցույց տալու համար, որ այդ ճամբարով սկսվեց կյանքիս այն փուլը, երբ արդեն ես էլ եմ դաս վարում: Իհարկե, ես չէի սկսի դաս վարել, եթե Ֆլեքսի այն մեկ տարին չլիներ, որ ամեն ինչ փոխեց ու ավելի հասուն դարձրեց ինձ:

Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է մտածելակերպդ փոխվում, երբ արդեն հասկանում ես, որ միայն սպասելով, թե ինչ-որ բան կփոխվի, կամ այս խնդիրը կլուծվի, ոչինչ էլ չի փոխվում: Հասկանում ես, որ հենց դու կարող ես լինել մեկը այն մարդկանցից, ովքեր ինչ-որ բան են փոխում: Հիմա ավելի ամուր կապ եմ զգում իմ ու համայնքիս միջև: Մի տեսակ մեծ ցանկություն կա մի բան փոխելու, այն ավելի լավը դարձնելու համար: Այդ ցանկությունը ասես պարտականություն լինի, որ ինքս եմ ինձ վրա դրել սեփական կամքով:

Սա այն օգտակար ու շատ կարևոր բաներից մեկն է, որ սովորել եմ Ֆլեքսից: Այնպես որ, մոտ ապագայում սպասեք իմ ծրագրերին:

Anna Andreasyan

40+℃

Բարև սիրելի բարեկամ, էլի ես: Ամառը այնքան էլ հագեցած ու զբաղված չի անցնում իմ գյուղում, ինչպես ես կուզեի: Բոլորը զբաղված են գյուղատնտեսական գործերով, իսկ մնացածը շոգի ձեռքը չգիտեն՝ ինչ անել: Կարծում եմ արդեն հասկացար, որ ես երկրորդ խմբին եմ պատկանում: Էլի սկսվեց ուշ արթնանալը, ամբողջ օրը հոգնած լինելը՝ չգիտես էլ, թե ինչից: Բայց այս ամենի մեջ մի լավ բան կա՝ ազատ ժամանակ ես ունենում զբաղվելու սիրածդ բաներով՝ գրել, կարդալ, նկարներ անել: Միակ խնդիրը չափազանց շոգ եղանակն է:

Անցյալ տարի, երբ սարսափելի ցուրտ ձմեռ ունեցանք, որը էլ չի լինում մոռանալ,  ես իմ հոդվածներում շատ էի անդրադառնում դրան ու մի գլուխ բողոքում: Եվ ինչպես այդ հոդվածներիցս հասկացար, գերադասում եմ շոգ եղանակը՝ ցրտից: Բայց հիմա պետք է մի քիչ էլ շոգից, եթե ոչ՝ բողոքեմ, ապա ուղղակի խոսեմ:

Մեր տան բոլոր սենյակներում միշտ շոգ է լինում ամռանը: Իսկ մեր հարևանի տանը՝ հյուրասենյակում շատ հով է ու իդեալական տեղ է ամռան շոգից խուսափելու համար: Հորեղբորս ասած՝ այստեղ էլ բախտներս չբերեց: Բայց դե ես ամեն օր գնում եմ այնտեղ մի քիչ հովանալու: Ի միջի այլոց մեր հարևանը նաև մեր բարեկամն է, այնպես որ հանգիստ կարող եմ գնալ այնտեղ հովանալու:

Բայց լավ ասենք այնտեղ մի կես ժամ մնացի, բա հետո՞: Գալիս եմ տուն ու արդեն որերորդ անգամ նայում, թե որքան է ջերմաստիճանը Արմավիրում:

-Հըն, ինչքան ա ցույց տալիս,-լսվում է մորս հարցը:

-Էս պահին 41 ա,-պատասխանում եմ ես:

Այնպիսի տպավորություն է ասես հենց այդ պահին է որոշվում, թե ինչքան լինի ջերմաստիճանը: Ու մենք հույսով սպասում ենք, որ գոնե 35℃ լինի:

Եվ հենց այստեղ է, որ ես սկսում եմ կարոտել Ամերիկան իր հարմարավետություններով: Երբ դեռ այնտեղ էի ու օդորակիչ էին միացնում, միշտ բողոքում էի, որ արևի ջերմությունից զուրկ ենք մնում: Բայց հիմա հասկանում  եմ, որ դա իսկական փրկություն էր շոգ եղանակին:

Պատկերացրեք ինչքան եմ շոգում, որ տաք թեյ էլ չեմ խմում (ես սովորաբար օրը մի քանի անգամ թեյ էի խմում):

Վայ, հենց նոր հիշեցի, որ վաղը Վարդավառն է՝ իմ ամենասիրելի տոնը: Այդ օրը երկու բան եմ ուզում, որ հանկարծ տաքություն չունենամ ու լավ շոգ լինի: Բայց թարսի պես վաղը համեմատաբար հով է լինելու: Գոնե տաքություն չունենամ:

Մի խոսոքով շոգ է, բոլորս էլ նեղվում ենք, բայց չնայած այս ամենին ամառը մնում է իմ ամենասիրած եղանակը:

Anna Andreasyan

Հիպիների պատմությունը

Հոգնած օրվա դասերից՝ քայլերս ուղղում եմ դեպի հաջորդ դասը՝ յոթերորդը: Եթե նույնիսկ օրվա հոգնածությունից չնայեի՝ ուր եմ գնում, երաժշտության հնչյունները ինձ կտանեին այդ դասարան: Ահա և ներս եմ մտնում, զբաղեցնում իմ տեղը, մի քանի վայրկյանից  ուսիս զգում եմ իմ իտալացի ընկերուհու ձեռքը, ինչն ազդարարում էր՝ ինքն արդեն դասարանում է: Նրա անունը Լեա է, ինչպես արդեն նկատեցիր, կողքս է նստում, փոխանակման աշակերտ էր՝ Իտալիայից: Մի բան ասեմ թեմայից դուրս՝ փոխանակման աշակերտները, որ երկրից էլ որ լինեն, միշտ գտնում են իրար ու ամեն հարցում հասկանում են իրար շատ ավելի լավ, քան ուրիշ մեկը երբևիցե կարող էր:

Լավ, շարունակեմ սկսածս թեման մի շատ յուրահատուկ դասաժամի մասին, որ իմ ամենասիրելին էր: Երբ նոր էի սկսել անցնել այդ առարկան, մի տեսակ այնքան էլ գոհ չէի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան տարբերվող էր այն ամեն ինչով: Խոսքս պատմություն առարկայի մասին է: Բայց ոչ սովորական պատմություն, որ մեր դպրոցներում ենք անցնում: Այն 60-70-80-ակաների պատմությունն էր, որ բոլորս անվանում էինք «հիպիների պատմություն»: Նախ ասեմ, որ երբեք հետաքրքրված չեմ եղել նրանց պատմությամբ ու երաժշտությամբ: Իսկ թե ինչպես էի հայտնվել այդ դասին, պատասխանը պարզ է՝ դպրոցում խորհրդատուս վստահեցրեց, որ ուրախ և բոլորի կողմից սիրված դասաժամ է:

Հիմա կասես՝ այսքան խոսեց, վերջը չասաց, ինչն էր այդքան յուրահատուկ այդ դասաժամի հետ կապված: Հիմա ասեմ՝ ամեն ինչը: Այն մթնոլորտը, որ այդ դասարանում էր ուրիշ ոչ մի տեղ չէիր գտնի: Ուսուցչիս մշտական սրախոսությունները ու աշակերտների՝ իրենց սիրելի երաժշտության ժամանակաշրջանով հետաքրքրված լինելը, այն հաճելի էր դարձնում: Մի տեսակ, ասես, դաս չլիներ, այլ նույն հետաքրքրություններով ու իրար հասկացող մարդկանց խումբ, որոնք ուսումնասիրում էին իրենց սիրելի թեման ու լսում իրենց սիրելի երաժշտությունը: Այդ դասաժամը ասես բոլորիս համար փախուստ լիներ օրվա ծանրաբեռնված ու անընդհատ լարված ռեժիմից:

Իմ ամենասիրելի հիշողություններից մեկն այն էր, երբ ուսուցիչս՝ իրեն հատուկ դերասանական տաղանդով, պատմում էր, թե ինչպես էր հայտնի հիպիներից մեկի ճամպրուկները տարել հյուրանոցի համար, երբ այնտեղ էր աշխատում: Պետք է ուղղակի ներկա լինեիք մեր ուրբաթներին, այդ օրերին ամբողջ ժամին երաժշտություն էինք լսում և իրենց հետ հավասար ու ավելի բարձր մենք էլ էինք երգում: Ամբողջ միջանցքում լսվում էր մեր երաժշտությունը, մեր ուրախ դասի հնչյունները:

Այս ամենը պատմելուց հետո մի գաղտնիք բացեմ, հիմա նոր եմ հասկանում, թե իրականում ինչքան շատ էի սիրում այդ դասաժամը, ու ինչքան հարազատ էր դարձել այն ինձ համար: Հիմա, հենց այդ ժամանակաշրջանի երգերը լսում եմ, հիշում եմ իմ սիրելի դասաժամը իր բոլոր ուրախ հիշողություններով:

Հ.Գ. Իհարկե, մենք այդ ժամին դաս էլ էինք անում, ուղղակի դասը հենց այս ամենն էր, ինչի մասին պատմում էի:

Anna Andreasyan

Խառը տպավորություններ

Ինչպես արդեն գիտեք, կամ գուցե դեռ չգիտեք, արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում եմ: Բայց մինչև հիմա չեմ պատմել իմ առաջին տպավորությունների մասին, երբ տուն հասա: Հիմա ժամանակն է: Գիտես, երբ տանը չես լինում, անընդհատ մտածում ես, որ այս կամ այն բանը կանեիր, եթե տանը լինեիր: Կամ ասում ես, որ կարոտել ես ամեն ինչ, նույնիսկ այնպիսի բաներ, որ միշտ տանել չես կարողացել:

Եվ այսպես, իմ առաջին տպավորութունները բողոքների ու մեկ-մեկ էլ գոհունակության տեսքով են:

Ուրեմն, մեր երկար ու հոգնեցուցիչ թռիչքներից հետո, 14 ժամ Վիեննայում սպասելուց հետո վերջապես Երևան բերող օդանավի մեջ ենք: Ու նույնիսկ այդ պահին մի տեսակ դեռ չէի գիտակցում, որ այս անգամ կապող թռիչք չէ, այլ իրոք տուն էի հասնում: Իհարկե, ամեն ինչ ավելի հավատալի դարձավ, երբ հեռվից երևացին Երևանի լույսերը: Չես պատկերացնի՝ ինչ տարօրինակ զգացում էր: Բոլոր հայերով իրար ձայն ենք տալիս, թե՝ տեսեք, Երևանի լույսերն են: Հետաքրքիր էր տեսնել օտարերկրացիների հայացքները մեզ այդպես ոգևորված տեսնելիս: Մեզ համար Երևան հասնելը, մեկ տարի տնից հեռու լինելուց հետո, հայրենիքը այդքան կարոտած լինելուց և այդքան շատ մեր երկրի մասին ուրիշների մոտ խոսելուց հետո վերջապես տուն հասնելն էր: Հասնել այն հայրենիքը, որով հպարտանում էինք օվկիանոսից այն կողմ:

Վերջապես վայրէջք կատարեցինք: Չեք հավատա, որ ասեմ՝ վազում էինք դեպի բոլոր անցակետերը, որ վերջապես դուրս գանք մեզ դիմավորող բազմության մեջ: Եվ չնայած մեր այդքան ոգևորությանը, կար որոշակի հիասթափություն:

Հենց մտանք «Զվարթնոց» օդանավակայան, արդեն պարզ էր, որ Հայաստանում ենք: Չնայած մեր պայծառ ու ժպիտով լի դեմքերին, բոլորը շատ ջղային էին թվում: Հիմա հասկանում եմ, որ դա ուղղակի նրանց դեմքի մշտական արտահայտությունն է: Օդանավից դուրս գալուն պես արդեն սկսվեցին. «էս ինչ շոգ ա» բողոքները, որը արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են ամեն օր, մինչդեռ ԱՄՆ-ում մտածում էի, թե ինչքան կարելի է օդորակիչը միացրած պահել, մի քիչ էլ արևի ջերմությունը վայելեք: Այս ամենի հետ էլ մամային անընդհատ թվում էր, թե ես մրսում եմ:

Հետո մի քանի օր անցնում է, ու հասկանում ես, որ Հայաստանում այդպես էլ հերթ կանգնել չսովորեցին, իսկ ճշտապահությունը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ու հենց այստեղ հասկանում ես, որ մշակութային շոկի մեջ ես:

Բայց դա մեկ-երկու շաբաթվա հարց է: Հետո արդեն այդքան սթրեսի մեջ չես ընկնում, այլ ուղղակի նյարդայնանում ես հարևան տատիկի հարցաքննություններից, տրանսպորտի մշտական ուշացումներից ու բոլորի անժպիտ հայացքներից:

Դե ինչ արած, սա էլ մեր հայրենիքն է՝ իր թերություններվ հանդերձ, որ միևնույն է, թանկ է ու հարազատ, որին այդքան կարոտել էինք:

Anna Andreasyan

Տուն՝ օվկիանոսից այն կողմ

Մեկ տարի առաջ այս ժամանակ անհամբերությամբ սպասում էի Ամերիկա գնալուս: Մտքումս պատկերացնում էի ամեն ինչ՝ հյուրընկալող ընտանիքիս, ապագա դպրոցս ու քաղաքս: Այդ ամենի մեջ այնքան ոգևորություն կար, անհամբերություն և մի տեսակ անհանգտություն:

Իսկ հիմա արդեն անցել է մեկ տարի: Նորից տանն եմ: Այնպիսի տպավորություն է, կարծես երազի մեջ եղած լինեի: Գիտե՞ս ինչն է հետաքրքիր և մի քիչ էլ տարօրինակ, երբ տուն էի գալիս, նույն զգացողությունները ունեի, ինչ տանից գնալիս: Այնքան անհանգստություն կար, որ մի տեսակ անբացատրելի էր: Իհարկե, գնալիս, երբ պետք է հյուրընկալող ընտանիքիս հանդիպեի, դա բնական էր, որ անհանգիստ էի: Բայց հետաքրքիր և զարմացնող էր, որ վերադառնալիս էլ նույն զգացումներն ունեի: Հարցն այն է, որ դու ընտելանում և սովորում ես այն միջավայրին, որում ապրում ես: Եվ հենց դա է դառնում սովորականը, որտեղ դու հարմարավետ ես զգում:

Ապրելով այդ մարդկանց հետ մեկ տարի, այդ միջավայրում, հենց դա է կարծես դառնում հարազատ, այն տեղը, որտեղ քեզ հանգիստ ես զգում:

Մինչ այնտեղ գնալս միշտ մտածում էի. Ինչպե՞ս կարող են անծանոթ մարդիկ՝ տարբեր ազգերից, տարբեր մտածելակերպով ու հայացքներով, ապրել ինչպես ընտանիք: Ինչպե՞ս կարող ես քեզ այդքան հարմարավետ զգալ ու հարմարվել բաների, որ մի ժամանակ անհեթեթ էին թվում: Հետո հասկանում ես, որ աշխարհի որ ծայրում էլ լինենք, ինչքան էլ տարբեր լինենք մեր մշակույթով, սովորույթներով ու հայացքներով՝ մեր նմանությունները ավելի շատ են, քան տարբերությունները, և հենց դա է մեզ բոլորիս միավորում:

Գիտես, մի ժամանակ Ամերիկա ասելով՝ պատկերացնում էի Նյու Յորքի երկնաքերերը և Լոս Անջելեսի գեղեցիկ լեռները: Հիմա Ամերիկա ասելով նախ և առաջ հիշում եմ այն պարզ և հասարակ մարդկանց, որ ինձ համար ընտանիք էին դարձել: Հիշում եմ այն փոքրիկ քաղաքը՝ շրջապատված եգիպտացորենի դաշտերով, որ տուն էր դարձել արդեն:

Եզրափակելով մտքերս՝ ուզում եմ ուղղակի ասել, որ ընտանիքը և տունը դա այնտեղ է, որտեղ կա սեր, ջերմություն և հոգատարություն միմյանց նկատմամբ: Եվ դա այնտեղ է, որտեղ դու քեզ հանգիստ և հարմարավետ ես զգում:

Հեղափոխության՝ օվկիանոսից այս կողմ անցած ոգևորությունը

Լուսանկարը՝ Անի Թադևոսյանի

Լուսանկարը՝ Անի Թադևոսյանի

Վերջապես եկավ այն Հայաստանը, որին այսքան երկար ժամանակ է՝ սպասում էինք ողջ ազգով։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ամենագեղեցիկ և ոգեշնչող բանն է, որ տեսել էի ծնվածս օրվանից։ Մեր ժողովուրդը, որ միշտ հպարտանում էր իր փառավոր անցյալով ու պատմությամբ, այսօր արդեն իրավունք կունենա հպարտանալ իր ոչ պակաս փառավոր ներկայով՝ ապացուցելով, որ մենք այն նույն ազգի զավակներն ենք, որ մի օր ծովից ծով Հայաստան է ունեցել։

Ինչպես գիտես, սիրելի՛ բարեկամ, հիմա Հայաստանում չեմ, չնայած այն բանին, որ այս պահին աշխարհում ամենաշատը այդտեղ կուզեի լինել։ Բայց հավատա, որ տեղյակ եմ ամեն անցուդարձից, քեզ հետ միասին ապրում եմ բոլոր զգացումները։ Քեզ հետ միասին մերժում եմ, քեզ հետ միասին ոգևորվում, հուզվում ու ըմբոստանում։

Շարժման առաջին օրվանից սկսած՝ այն ոգևորությունը, որ սփռված էր Հայաստանում, անցավ օվկիանոսը և ինձ էլ հասավ։ Հավատա՝ ամբողջ կյանքում այսքան ուշադրությամբ ու ոգևորությամբ լուրերին չէի հետևել, ինչ վերջին մեկ ամսում, երբեք ժամերով նստած ուղիղ եթեր ու ԱԺ պատգամավորների ելույթներ չէի նայել ու սրտի թրթիռով քվեարկության արդյունքների չէի սպասել։

Գիտե՞ս՝ շատ դժվար է, երբ սիրտդ մի տեղ է, դու՝ ուրիշ։ Իմ սիրտը մեր հայրենիքում է, քո կողքին, բայց մեր միջև է ընկած հսկայական օվկիանոսը, որը այս պահին անհնար է դարձնում իմ՝ ֆիզիկապես կողքիդ լինելը։ Կուզեի այդտեղ լինել և քեզ հետ միասին դասադուլ անել, ճանապարհները փակել, հրապարակում ժամերով կանգնել ու հանրահավաքի մասնակցել։

Մտքումս բացի հեղափոխությունից ուրիշ ոչինչ չկա։ Տանեցիների հետ խոսելիս անընդհատ նույն թեման եմ բացում։ Բայց էլ ի՞նչ ուրիշ թեմայի մասին է խոսքը, երբ հայրենիքումդ կատարվում է այդքան բաղձալին ու անհավանականը։

Մոտ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի 22-24-ին, Չիկագոյում էի 50-ից ավելի այլ փոխանակման աշակերտների հետ՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած։ Մեր տարեվերջյան հանդիպումն էր՝ տարին ամփոփելու և հավաստագրեր ստանալու համար։ Առաջին բանը, որ 23-ի առավոտյան արեցի, արդեն սովորություն դարձած լուրերը նայելն էր։ Եվ այն, ինչ տեսա, կյանքում առաջին անգամ ինձ ստիպեց ուրախությունից լացել․ դա ժողովրդի հաղթանակն էր։ Ուրախությունից բոլորին պատմում էի, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Իսկ օրվա ընթացքում մեր կազմակերպության նախագահը ինձ կանչեց իրենց սեղանի մոտ և ցույց տվեց մեր հաղթանակի մասին հոդվածը։ Ես հպարտորեն ժպտացի ու ասացի, որ գիտեմ ու ամբողջ օրը այդ լուրերին եմ հետևում։ Հետո, երբ պատրաստվում էի նորից վերադառնալ ընկերներիս մոտ, լսեցի կոորդինատորիս՝ ասելիս․

-Փաստորեն, մարդիկ փողոց դուրս գալով իրոք կարողանում են մի բան փոխել։

Սիրելի՛ բարեկամս, այն, ինչ անում ես հիմա Հայաստանում, բոլորի հետ միասին մեզ ամբողջ աշխարհի համար օրինակ է դարձնում։

Հ․ Գ․ Հիացմունքս ու ոգևորությունս առաջին հերթին ժողովրդիս կամքի ու ուժի համար է, և հետո միայն՝ քաղաքական առումով։

Anna Andreasyan

Դպրոցական առարկաների տարբերությունները Ամերիկայի և Հայաստանի դպրոցների միջև

Նորից ես: Ինչքան հետաքրքիր է, չէ՞. մեկ տարի առաջ տանը նստած էի, իսկ այսօր արդեն օվկիանոսի մյուս կողմում եմ, հազարավոր կիլոմետրեր հեռու տնից: Բայց լավ, ուրիշ բանի մասին էի ուզում գրել, ուղղակի ինչպես միշտ թեմայից շեղվեցի: Ուրեմն այսպես՝ Ամերիկայի ու Հայաստանի դպրոցների տարբերությունների մասին բազմիցս խոսվել է: Եվ այդ տարբերություններից մեկի մասին էլ այսօր ես կխոսեմ: Խոսքս առարկաների բազմազանության մասին է: Այն, որ այստեղ բազմաթիվ և տարբեր մակարդակների առարկաներ կան, կարծում եմ շատերը գիտեն: Բայց այստեղ ի տարբերություն մեր դպրոցների, ավագ դպրոցներում կան այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ նկարչություն, 3D դիզայն, փայտագործություն, մետաղագործություն, կար, երաժշտություն և այլն: Ի դեպ երաժշտության ժամերին ոչ միայն երգել, այլ նաև տարբեր երաժշտական գործիքներ նվագել են սովորեցնում: Դրանք բոլորը առանձին առարկաներ են:

Իհարկե, Հայաստանում էլ ենք անցել այս առարկաներից որոշ բաներ, բայց միայն տարրական կամ միջին դպրոցում: Եվ սովորաբար մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում այդ առարկաներին, մի տեսակ «մատների արանքով» ենք նայում: Մեզ համար «լուրջ» առարկաներ են մաթեմատիկան, լեզուները, գրականությունը և այլ՝ այդ դասին պատկանող առարկաներ: Իհարկե, դրանք շատ կարևոր են, բայց երեխաների բազմակողմանի զարգացման համար, կարծում եմ, պետք է սկսենք ուշադրություն դարձնել նաև այն առարկաներին, որոնց մասին քիչ առաջ խոսում էի:

Եթե նկարչությունը կամ երաժշտությունը, կամ այդ առարկաներից մեկը ժամերով կարդալ ու գրել չեն պահանջում, դա դեռ պատճառ չի՝ դրանք ուշադրությունից դուրս թողնելու համար: Մենք հավելյալ պարապմունքների ենք գնում այդ ամենը սովորելու համար, իսկ այստեղ ավագ դպրոցը ավարտելով, արդեն տիրապետում ես այդ ամենին, իսկ եթե հետո ուզես, իհարկե, կարող ես խորացնել հմտություններդ այդ ոլորտներում:

Դպրոցը տրամադրում է բոլոր պայմանները՝ երեխաներին ապահովելու այդ ամենով: Ունենալով հիմնական հմտություններ այդ ամենից, ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչի մեջ ես ուզում խորանալ, ինչն է քեզ մոտ ավելի լավ ստացվում, ինչը՝ ոչ:

Հ. Գ. Ի միջի այլոց, կիսամյակայիններ գրելու շաբաթն է այստեղ, այնպես որ, ինձ հաջողություն մաղթեք:

Anna Andreasyan

Ընտանի կենդանիների դերը Ամերիկայում

Հուսով եմ, հիշում եք, որ իմ հոդվածներից մեկում գրել էի շների և նրանց հանդեպ իմ անսահման վախի մասին։ Ճիշտ են ասում, էլի, որ ինչքան մի բանից վախենում ես, այնքան հավանականությունը մեծ է, որ կբախվես այդ խնդրին։ Ես էլ ինձ համար ուրախ-ուրախ պատրաստվում էի ԱՄՆ գալուն, երբ իմ հյուրընկալ ընտանիքի ֆեյսբուքյան էջում տեսա շների նկարներ, ընդ որում, նրանցից մեկը ամերիկյան բուլդոգ, դե, չափսերը պատկերացնում եք։ Հիմա մի պահ պատկերացրեք իմ վիճակը։ Ես վախեցած մտածում էի, թե ինչպես եմ ապրելու այդ շների հետ նույն հարկի տակ այն դեպքում, երբ հեռվից հեռու շուն տեսնելիս վախից դողում էի։ Կարծում եմ, էլ կարիք չկա շարունակելու նկարագրել իմ վիճակը և վախերը։ Անցնենք առաջ։

Եվ այսպես, ես Ամերիկայում եմ և առաջին անգամ հանդիպեցի մեր շներին՝ Թենքին և Բեթսիին։ Խոստովանում եմ՝ վախեցած էի, բայց ոչ այնքան, որքան պատկերացնում էի՝ կլինեմ։

Հենց  առաջին օրը պարզվեց, որ նրանք այնքան էլի վախենալու չեն։ Իսկ մի օր հետո արդեն Բեթսիին գիրկս՝ ֆիլմ էի դիտում։ Ես էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի սիրել այդ շներին, ու ի զարմանս ինձ, հիմա արդեն ընդհանրապես չեմ վախենում նրանցից։ Հիմա արդեն մի տեսակ ինձ մեղավոր եմ զգում ու զարմանում ինքս ինձ վրա. ինչպես կարող էի հեռվից հեռու վախենալ այդ անվնաս շներից, որոնք ավելի շատ վախենալու պատճառ ունեն մարդկանցից, քան մարդիկ՝ իրենցից (խոսքս բոլոր շներին չի վերաբերվում, ես նույն կարծիքը չունեմ մեր գյուղի շների մասին): Իրար կողք նստում ու ֆիլմ ենք դիտում։ Դա մի ուրիշ տեսարան է, թե ինչպես է Թենքը (հսկա ամերիկյան բուլդոգը) նստում իմ գիրկը, մոռանալով, որ ինքը փոքրիկ շունիկ չէ և որ չափից դուրս մեծ և ծանր է՝ ինչ-որ մեկի գիրկը նստելու համար։

Բայց շների թեման սկսեցի ոչ միայն ձեզ պատմելու իմ հաջողության և այդ վախից ազատագրվելու մասին, այլ նաև պատմելու, թե ինչպես են ամերիկացիները վերաբերվում շներին և, առհասարակ, ընտանի կենդանիներին։

Այստեղ երևի թե չկարողանաս գտնել մի ընտանիք, որտեղ ընտանի կենդանիներ չլինեն, առնվազն մեկը պետք է լինի (հիմնականում շուն): Մենք՝ հայերս էլ ենք, իհարկե սիրում ընտանի կենդանիներին, բայց ամերիկացիների հետ համեմատվել անգամ չենք կարող այս առումով։ Նրանք շատ, չափից շատ են սիրում իրենց կենդանիներին, ընտանիքի անդամի պես։ Եթե ուզում ես ինչ որ պատմությամբ հուզել դիմացինին՝ գերադասելի է, որ պատմությունը լինի ընտանի կենդանիների մասին։ Այդ դեպքում, վստահ եղիր, հաջողությունդ ապահովված է։

Ես ոչ մի բան չունեմ ընտանի կենդանիների դեմ։ Ինքս էլ կողմ եմ, որ ընտանի կենդանի պահելիս պետք է լավ խնամք հատկացնել նրանց, բայց չեմ կարողանում ընդունել այդ չափից շատ կարևորությունը ու դերը, որ տալիս են նրանց։

Ահա մի օրինակ, որով կավարտեմ այս հոդվածս։ Նկարչության ժամին կողքս նստող աղջկան հարցրեցի, թե ինչ է ուզում անել դպրոցից հետո և ստացա հետևյալ պատասխանը․

-Ուղղակի ապրելու եմ բոլորից հեռու, իմ կենդանիների հետ։

Կարծում եմ արդեն պատկերացնում եք։

Հ․Գ․ Իհարկե նաև չեմ կարող չնշել, որ ոչ բոլորն են այսքան ծայրահեղ այս հարցում։