Աննա Անդրեասյանի բոլոր հրապարակումները

Կյանքը մինչ հայրենադարձվելը

Հարցազրույց տատիկիս՝ Ազգանուշ Անդրեասյանի հետ, ով հայրենադարձվել է Պարսկաստանից: 

-Սիրելի տատիկ, որտե՞ղ ես ծնվել, պատմիր մի փոքր քո ծննդավայրի մասին:

-Ես ծնվել եմ Իրանի Սպահան նահանգի Փերիայի շրջանի Հազարջրիբ գյուղում: Այնտեղ տները պատրաստված էին ցեխից: Փողոցները շատ նեղ էին, իսկ տների կտուրները իրար կպած էին: Եվ ձմռանը, երբ ձյունը չափազանց առատ էր լինում, երկու կողմից կտուրները մաքրում էինք փայտե թիակներով և լցնում փողոցը այնպես, որ ձյունը հավասարվում էր կտուրներին և աղբյուրից տուն գալիս,  ավելի հեշտ լինելու համար, մենք այդ ձյան կույտերի վրայով էինք բարձրանում կտուրները և այնտեղից աստիճաններով իջնում էինք տուն:

-Իսկ ի՞նչ է նշանակում ձեր գյուղի անունը:

-Մեր գյուղում ցորենի բերքատվությունը շատ էր, այդ պատճառով կոչվում է Հազարջրիբ, որը բառացի նշանակում է` հազար տոննա: Այնտեղ ամեն մի արտը մոտ հազար տոննա ցորեն էր տալիս:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ինչո՞վ էիք զբաղվում այնտեղ:

-Տղամարդիկ զբաղվում էին հաղագործությամբ և անասնապահությամբ, իսկ կանայք գորգագործությամբ և կարպետագործությամբ: Մենք գորգերի համար բոլոր անհրաժեշտ պարագաները ստանում էինք բնական ձևով: Գույները տարբեր ծաղիկներից ու բույսերից, իսկ թելերը ինքներս էինք մանում: Մեր տան գորգն էլ ինքս եմ գործել:

-Ինչպե՞ս էիք պահպանում ձեր ազգային ինքնությունը:

-Մեր գյուղում կար եկեղեցի, ինչպես նաև դպրոց: Եկեղեցում օրը 2 անգամ ժամերգություն էր, և մեծահասակները միշտ գնում էին, իսկ երիտասարդները` ամեն կիրակի պատարագի ժամանակ: Եկեղեցուն պատկանող հողը, որը մոտ 2 հեկտար էր, անձեռնմխելի էր, և այդ տարածքի ծառներին ոչ ոք ձեռք չէր տալիս: Իսկ եթե երեխաներից մեկը պատահաբար մի ճյուղ պոկեր, ապա նրա ծնողները դա տանում  էին եկեղեցու բակ և ներողություն խնդրում: Իսկ դպրոցը վեցօրյա էր, և սովորում էին մինչև 6-րդ դասարանը:

 -Իսկ աղջիկները դպրոց գնո՞ւմ էին:

-Ցավոք, աղջիկներից ընդամենը 2 հոգի էին այցելում դպրոց, մնացածը տղաներն էին:

-Իսկ արդյո՞ք պահպանում էիք հայկական սովորույթներն ու ավանդույթները:

-Մենք առանց բացառության նշում էինք բոլոր եկեղեցական տոները` Համբարձումը, Զատիկը և մյուս տոները:

-Կներկայացնե՞ս, թե ինչպես էիք նշում Համբարձման տոնը:

-Զատիկից 40 օր հետո Համբարձման տոնն էր: Այն տոնում էինք երկու օր: Առաջին օրը չորեքշաբթի էր, և այդ օրը գյուղի հարուստները իրենց ամբողջ կաթը բաժանում էին աղքատներին, որպեսզի բոլորն էլ կարողանան թխել Համբարձումի թխվածքը, որը կոչվում էր Համբարձումի բաղարջ: Հաջորդ առավոտ գյուղի բոլոր երիտասարդ տղաներն ու աղջիկները երեխաների հետ միասին գնում էին յայլա (սար), որտեղ աղբյուրի մոտ նշում էին Համբարձումը: Իսկ ցերեկը տուն գալիս աղջիկները իրենց գորգերը լցրած ծաղիկներ էին բերում և հերթով բաժանում գյուղի մեծերին, ովքեր ճանապարհին շարված սպասում էին նրանց վերադարձին, իսկ նրանք էլ իրենց հերթին օրհնում էին երիտասարդներին: Երեկոյան աղջիկները հավաքվում էին մեկի տանը, որը կոչվում էր ծաղկատուն և տղաների բերած ծաղիկներով պսակներ էին պատրաստում: Դրանից հետո վիճակ էին գցում և գուշակում աղջիկների բախտը: Իսկ առավոտյան կճուճով ու տոպրակով շրջում էին տներով և ջան-գյուլում երգելով գյուղացիներին էին բաժանում իրենց պատրաստած պսակները` փոխարենը ստանալով կաթ կամ բրինձ, որոնցով ծաղկատանը կաթնով էին պատրաստում: Այն ուտելուց հետո բոլորով նորից գնում էին յայլա և վերադառնալով ավարտում տոնակատարությունը:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ էիք պարսիկների հետ և արդյո՞ք հաստատում էիք նրանց հետ խնամիական կապեր:

-Նրանց հետ շփումը շատ քիչ էր: Կանայք ընդհանրապես շփում չունեին նրանց հետ, իսկ տղամարդիկ նրանց հետ կատարում էին ապրանքափոխանակություն  և առևտուր: Հայերը մեծ հարգանք ունեին նրանց մոտ: Իսկ ինչ վերաբերում է խնամիական կապերին, այդպիսի բան երբեք չէր լինում: Այն ընտանիքը, որը այդպիսի բան աներ, կվտարվեր գյուղից;

-Իսկ կապերը սե՞րտ էին հայկական գյուղերի միջև:

-Իհարկե, բոլոր գյուղերը իրար կապված էին բարեկամական կապերով: Ինչպես նաև գյուղերի միջև կար առևտուր:

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

-Ե՞րբ և ինչու՞ որոշեցիք վերադառնալ հայրենիք:

-Մենք վերադարձանք 1969թ.-ին: Դեռ մանկուց մենք երազում էինք վերադառնալ հայրենիք և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ վերադարձանք:

-Իսկ ի՞նչն էր քեզ ամենից շատ դուր գալիս այնտեղ: 

-Ազնվությունը: Այնտեղ բոլորն անկեղծ էին, և մեծ հավատ կար մեր մեջ: Եվ կարող եմ ասել, որ մենք ավելի ամուր էինք պահում մեր ավանդույթները և ավելի հավատարիմ էինք մեր արմատներն:

anna andreasyan

Ամառը

Ահա վերջապես եկավ բոլորի կողմից շատ սիրված ամառը: Տարվա այն եղանակը, որի շուրջ պլաններ են կազմվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում: Ուսումնական տարվա ընթացքում մտածում եմ՝ երբ է գալու վերջապես ամառը, որ կարողանամ պլաններս իրագործել: Բայց այդ պլաններից միայն գիրք կարդալն է, որ իսկապես իրագործվում է: Պատճառն այն է, որ ես գրքեր շատ եմ սիրում և ինչքան էլ զբաղված լինեմ՝ միշտ ժամանակ եմ գտնում կարդալու: Իսկ մյուս պլանները այդպես էլ օդում են մնում:

Բանն այն է, որ ինչքան շատ գործ ես ունենում անելու, այնքան ամեն ինչ հասցնում ես: Օրինակ, գարնանը, երբ ես զբաղված էի դասերով,միջոցառումներով, պարապմունքներով և օլիմպիադաներով, ինչ-որ անհասկանալի ձևով ամեն ինչ հասցնում էի:

Իսկ հիմա, որ գրեթե ոչինչ չունեմ անելու, եթե մի հանձնարարություն է պատահում, ես միշտ վերջին վայրկյանին եմ այն կատարում, ու ինձ թվում է, թե չեմ հասցնի:

Այնպես որ, ինչ որոշում եմ՝ պետք է անեմ զբաղված ժամանակ, թե չէ` հենց ազատ եմ լինում, ծուլանում եմ և ոչինչ էլ չեմ անում:

Միգուցե պետք է ամառային գրաֆիկ էլ կազմել: Պարապությունը ծուլացնում է:

anna andreasyan

Մի ստիպեք

Կցանկանայի խոսել ինձ շատ հուզող մի թեմայի մասին: Իմ կարծիքով, դա շատերի համար է ընդհանուր, և իմ բնավորության տեր մարդիկ ինձ շատ լավ կհասկանան:

Ընդհանրապես հարսանիքների, ծնունդների և այլ խնջույքների ժամանակ ես ատում եմ, երբ ինձ ստիպողաբար մեծերը ուղարկում են պարելու: Կամ պարողներից մեկը գալիս ու թևիցս այնպես է քաշում, որ ինձ թվում է, եթե վեր չկենամ՝ թևս կպոկի: Ինձ միշտ զարմացրել է նրանց համառությունը: Ամեն գնով փորձում են համոզել, որ պարեմ: Մեկը լինի հարցնող, թե ձեզ դրանից ի՞նչ օգուտ, ի՞նչ հաճույք եք ստանում, երբ մեկին ստիպողաբար հանում եք պարելու: Եվ միևնույն է, դրանից հետո կպարեմ, թե ուղղակի կկանգնեմ, կարևորը նրանք իրենց «առաքելությունը» կատարեցին՝ ինձ տարան պարողների ամբոխի մեջ: Չեմ հասկանում, մի՞թե պարզ չէ այս հասարակ բանը, որ եթե ուզենամ պարել` ոչ մեկի ասելուն կամ հրավերին չեմ սպասում:

Ես շատ եմ սիրում պարել, բայց միայն այն ժամանակ, երբ ինքս եմ ուզում: Չէ որ պարը միայն մեխանիկական շարժումներ չէ, պետք է նաև պարելու տրամադրություն և ոգևորություն լինի: Իհարկե, նորմալ է, երբ ընկերուհիս ինձ համոզում է, որ իր հետ գնամ պարելու, և ես վերջ ի վերջո տեղի եմ տալիս: Ինձ դու չի գալիս, որ նստածներն են ինձ ուղարկում պարելու, մեկը լինի ձեզ ասի՝ դուք ինչո՞ւ չեք պարում, մեկ էլ նրանք, ովքեր ուղղակի տեղից հանում են և հոգ չեն տանում քեզ հետ պարելու մասին:

Եվ ամեն անգամ հենց հասնում է պարելու պահը, և երբ ես պարելու տրամադրություն չեմ ունենում, ինչը հաճախ է լինում, արագ դուրս եմ փախչում կամ մի աննկատ տեղ գտնում, որտեղ ոչ ոք ինձ չի նկատի:

Ախր, դուք պարում եք՝ պարեք, ոչ ոք ձեզ չի արգելում,  բայց ուրիշներին էլ մի պարտադրեք անել դա: Եվ ամեն անգամ մի տեղ գնալիս ես տանեցիներիս նախօրոք զգուշացնում եմ, որ ինձ չստիպեն պարել, երբ չցանկանամ: Բայց դա էլ չի օգնում:

anna andreasyan

Կորցնելուց հետո

Երեկ մեր դպրոցում վերջին զանգի արարողությունն էր: Ես էլ, ինչպես միշտ, ընկերուհուս հետ գնացի նայելու այն: Երբ հասանք դպրոց, միջոցառումն արդեն սկսվել էր: Ուշացել էինք: Բայց չեմ կարծում ինչ-որ մեկը նկատեր դա, քանի որ բոլորի ուշադրությունը շրջանավարտներն էին: Նրանք փայլում էին:

Մոտեցանք: Հավաքվածների կեսը նստած էին, իսկ մենք էլ, ինչպես միշտ՝ կանգնած: Դե, մեր ուսուցիչների անձրևանոցները մեզ երբեք էլ չեն թողել հանգիստ դիտել: Եվ ես անընդհատ այս ու այն կողմ էի գնում` մի հարմար տեղ գտնելու համար: Վերջապես գտա և սկսեցի հանգիստ ուսումնասիրել շրջանավարտներին: Բոլորը շատ գեղեցիկ էին:

Նրանք ներկայացնում էին մեր ուսուցիչների ամենահաճախ կրկնվող արտահայտությունների թոփ տասնյակը: Ես դրանց հետ լիովին համաձայն էի: Բոլորս մի լավ ծիծաղեցինք, բայց այդ պահին ես մի տեսակ տխրեցի` հիշելով, որ ընդամենը երկու տարի հետո ես էլ եմ ավարտելու դպրոցը: Այն արտահայտությունները, որոնք նրանք թվարկում էին, այնքան ծանոթ էին ու հարազատ: Եվ այնքան հաճելի էր այն զգացումը, որ ես դեռ չեմ ավարտել, որ իմ սիրելի դպրոց դեռ երկու տարի էլ պետք է գնամ:

Դպրոց հաճախելու ընթացքում բոլորն էլ անհամբեր սպասում են վերջին զանգին, բայց հենց մոտենում են ավարտելու օրերը, սկսում են կարոտել դպրոցը: Հասկանում ես, որ դպրոցական տարիները կյանքիդ ամենաանհոգ ու երջանիկ տարիներն էին;

Չէ որ մենք միշտ կորցնելուց հետո ենք գնահատում մեր կորցրածի իսկական արժեքը:

anna andreasyan

Ավազը, ցեխը և մեր գյուղի չեղած ասֆալտը

Առհասարակ մարդկանց հուզում են տարբեր խնդիրներ: Դրանք կարող են լինել համամարդկային, անձնական, համայնքային և այլ թեմաներով: Երբ կարդացի վերնագիրը, առաջինը մտքովս անցան համամարդկային տարբեր խնդիրներ: Բայց հետո մտածեցի, որ համամարդկային խնդիրներից խոսում են գրեթե բոլորը, և բացի այդ, մեր համայնքն էլ պակաս խնդիրներ չունի, որոնք ինձ հուզում են: Այնպես որ, ես այսօր կխոսեմ մեր համայնքին վերաբերող խնդիրներից մեկի մասին, որն ինձ շատ է հուզում: Դա մեր գյուղի անբարեկարգ ճանապարհների խնդիրն է:

Երբ մոտենում է գարունը, և սկսվում է ձնհալի շրջանը, առաջացած հսկայական ջրափոսերը և ցեխը անանցանելի են դարձնում ճանապարհները: Փոքր ժամանակ ինձ այդ ջրափոսերը հաճախ լճեր էին հիշեցնում:

Ամեն անգամ տանից դուրս գալիս ես մտածում էի. «Ինչ լավ կլիներ, եթե օդով ճանապարհ լիներ, և ես ստիպված չլինեի ցեխոտվել»: Երբ շատ էր անձրև գալիս, փողոցները վերածվում էին ճահիճների: Մաքուր կոշիկներով տանից դուրս էինք գալիս, և մինչև հասնում էինք դպրոց, կոշիկների տակ այնպիսի ցեխ էր կուտակվում, որ դպրոցի բակում ստիպված էինք լինում երկար ժամանակ ծախսել, մինչև դրանք մաքրեինք: Մի անգամ էլ պոլիէթիլենային տոպրակներով փաթաթեցի կոշիկներս, բայց դա էլ չօգնեց: Մենք գյուղի բնակիչներով միշտ մտածում էինք, որ գոնե ավազով պատեին փողոցները: Կարծում էինք՝ դա ինչ-որ չափով հարցին լուծում կտա:

Եվ այսպես, մի գեղեցիկ գարնանային արևոտ օր, դպրոցից տուն գալիս, անսովոր աշխուժություն նկատեցինք մեր փողոցում: Բոլորը դրսում էին: Նրանք հարթեցնում էին իրենց բակի դիմացի ավազի կույտերը: Մենք շատ էինք ոգևորվել, և ես շատ ուրախացա, որ վերջապես գյուղում մի տեղաշարժ եղավ, թեկուզ և փոքր:

Կարծեցինք, թե վերջապես լուծվեց այդ խնդիրը: Այո, դա ինչ-որ չափով լուծվեց, բայց մի նոր խնդիր առաջացավ: Գրեթե անհնար էր ավազի վրայով քայլելը: Այնպիսի տպավորություն էր, որ քայլում, քայլում էինք, բայց այդպես էլ տեղ չէինք հասնում: Եվ ես հաճախ մտածում էի, որ գոնե մի քիչ շատ անձրև գար, որ ավազը իրեն ինչ-որ ձևով արդարացներ: Միևնույնն է, ավազը չի կարող փոխարինել ասֆալտին: Հուսով եմ մի օր դրա հերթն էլ կգա:

Եվ, ընդհանրապես, մենք միշտ բողոքելու մի առիթ գտնում ենք: Այդպիսին են մարդիկ, նրանք միշտ մի բանից դժգոհ են և անընդհատ ձգտում են ավելիին: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: